« ԵՐԲԵՄՆ ՀԱՐՅՈՒՐ, ԵՐԲԵՄՆ ՎԱԹՍՈՒՆ, ԵՐԲԵՄՆ ԵՐԵՍՈՒՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԲԵՄՆ ՀԱՐՅՈՒՐ, ԵՐԲԵՄՆ ՎԱԹՍՈՒՆ, ԵՐԲԵՄՆ ԵՐԵՍՈՒՆ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Ճառեր », 101 (PL 38, 605).

 

[...] Սերմը ցանվել է Առաքյալների ու Մարգարեների ձեռքով. ցանվել է անձամբ Տիրոջ կողմից, քանի որ Նա արդարև Իր Առաքյալների մեջ էր, որովհետև Նա Ինքն էլ մասնակցեց հունձքին, քանի որ նրանք ոչինչ չէին կարող անել առանց Նրա, մինչ Ինքը կատարյալ էր առանց նրանց։ Նա, իրոք, ասաց նրանց. «Առանց ինձ, դուք ոչինչ չեք կարող անել» (Հվհ 15, 5)։

Քրիստոսն, ուրեմն, մինչ սերմը ցանում էր հեթանոսների մեջ, ի՞նչ էր ասում։ «Ահա՛, մի գյուղացի գնաց սերմանելու» (Մտթ 13, 3)։

Մի կողմից հնձվորներն ուղարկվում են հնձելու, մյուս կողմից՝ գյուղացին անհապաղ գնաց սերմանելու։ Ի՞նչ կարևորություն ունի, եթե սերմի մի մասն ընկնում է ճանապարհի վրա, մյուս մասը՝ քարքարոտ հողի վրա, իսկ մի ուրիշ մաս էլ՝ փշերի մեջ։ Եթե վարաներ սերմանել այս նվազ հարմար հողերի վրա, չէր հասնի արգավանդ հողին։ [...]

Ուշադիր լինենք ինքներս մեզ. այնպես անենք, որ սերմը չընկնի ճանապարհի վրա, կամ քարերի, կամ փշերի մեջ, այլ՝ լավ հողի վրա, այնպես՝ որ սերմը երեսնապատիկը, վաթսունապատիկը և հարյուրապատիկը արդյունավորի մեկի փոխարեն. արդյունքը մի տեղ ավելի շատ է, մի տեղ՝ ավելի քիչ, բայց բոլոր դեպքերում էլ ցորեն է։

Թող որ մեր սիրտը չլինի ճանապարհի նման, ուր սերմը կարող է ոտնակոխ արվել և թշնամին, թռչունի նման, կարող է այն հափշտակել։ Թող որ չլինի քարքարոտ տեղանքի նման, ուր չափազանց սակավ հողն իսկույն ծլարձակել կտար սերմին, բայց ծիլը չէր կարողանա դիմանալ արևի տապին։ Թող որ փշեր չլինեն այնտեղ, այսինքն՝ աշխարհային մոլությունները, մտահոգությունները, որ ծնվում են մոլագար կյանքից։ Իրոք որ, ի՞նչ կա ավելի վատ, քան կյանքի համար ապրված մտատանջությունները, որոնք մեզ թույլ չեն տալիս հասնել կյանքին։ Ի՞նչ կա ավելի թշվառ, քան կորցնել կյանքը՝ ցանկանալով մտահոգվել կյանքի համար։ Ի՞նչ կա ավելի տարաբախտ, քան գնալ վերջանալ մահվան մեջ, մահվան վախից մղված։ Թող որ արմատախիլ արվեն, ուրեմն, փշերը, թող որ պատրաստվի հողը, թող որ ընդունվի սերմը, թող որ հասնենք հունձքին, թող որ բաղձանք ցորենի Ամբարը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։