« ԻՄ ԲԱՐԻՔԸ ԱՍՏԾՈՒՆ ՄԻԱՆԱԼՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՄ ԲԱՐԻՔԸ ԱՍՏԾՈՒՆ ՄԻԱՆԱԼՆ Է »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, « Աստծո քաղաքի մասին », 10, 18.

 

[...] Մեր այս ներկա աշխատությամբ, որի տասներորդ գիրքն(1) ունենք մեր ձեռքի տակ, նպատակ չունենք հերքել [գաղափարները] նրանց, ովքեր ժխտում են Աստծո գոյությունը կամ հայտարարում են, թե Նա հոգ չի տանում մարդկային իրողությունների վերաբերյալ, այլ՝ նրանց, ովքեր կարծում են, թե իրենց աստվածներն առավել գերազանց են, քան մեր Աստվածը, Ով սուրբ և ճշմարտապես փառավոր քաղաքի Հիմնադիրն է(2)։

Նրանք, իրոք, չեն անդրադառնում, որ Նա նաև անտեսանելի ու անփոփոխելի Արարիչն է այս տեսանելի ու փոփոխելի աշխարհի, և ճշմարիտ տվողն է երջանկության, որը չի բխում այն բաներից, որոնք Նա ստեղծել է, այլ՝ հենց Իրենից։ Նրա ճշմարտախոս մարգարեներից մեկն ասել է. «Իմ բարիքը Աստծուն միանալն է» (Սղմ 72, 28)։

Փիլիսոփաների միջև բանավեճ կա բարու նպատակակետի վերաբերյալ [...] ։ Մարգարեն չի ասել. «Իմ համար հարստություններով բեռնված լինելն է բարիքը», կամ. «ծիրանի հագած լինելը և արքայական գահիսոնով ու թագով տիրապետելը»։ Չի ասել այն, ինչը որ փիլիսոփաներից ոմանք չեն ամաչում ասել. «Իմ համար բարիքը ֆիզիկական հաճույքն է»(3). կամ այն, ինչը որ նրանց մեջ ազնվագույններից ոմանց ամենաազնիվը թվաց, որ կարելի է ասել. «Իմ համար բարիքը իմ խղճի արժանապատվությունն է»(4)։

Ասել է, մինչդեռ. «Իմ բարիքը Աստծուն միանալն է»։ Դա նրան ուսուցանել էր Նա, Ում միայն պետք է զոհեր մատուցվեն [...] ։ Մարգարեն էլ, ուրեմն, Նրան ընծայված զոհ էր դարձել, որովհետև այրվում էր՝ Նրա իմացական հրով բռնված, և մի սուրբ ցանկությամբ մղվում էր դեպի Նրա հետ անճառելի ու աննյութական գրկախառնումը։ [...]

(1) Այսինքն՝ մասը։
(2) Օգոստինոսի նպատակն այստեղ բանավիճելը չէ աթեիստների հետ, այլ՝ բազմաստվածյան հեթանոսության հետ, ցույց տալով արդարների քաղաքի (Աստծո Արքայության) գերազանցությունը, որը վախճանաբանական առումով կողմնորոշված է դեպի հավիտենական խաղաղությունը։
(3) Էպիկուրյան մտահամակարգին համապատասխանող արտահայտություն է։ Հմմտ. Էպիկուր, Նամակ Մենեսեոսին, 129-130.
(4) Ստոիկներին բնորոշ խոսք է։ Հմմտ. Կիկերոն, Տուսկուլանյան բանավեճեր, 4, 17, 37; Սենեկա, Նամակ 31, 8.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։