« ՆԵՐՔԵՎՈՒՄ ՓՆՏՐԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉԸ ՈՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆՔ ՎԵՐԵՎՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ՆԵՐՔԵՎՈՒՄ ՓՆՏՐԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉԸ ՈՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆՔ ՎԵՐԵՎՈՒՄ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ճառեր, XXXIV, 2-6 (PL 38, 210-211).
 
 
[...] Մենք սիրում ենք միայն այն ժամանակ, երբ ինքներս նախապես սիրված ենք: Լսեք Հովհաննես Առաքյալին. նա է, որ իր գլուխը հենում էր իր Վարդապետի սրտին, և որ այդ հանգստի մեջ խմում էր երկնային գաղտնիքները: [...] Այս մեծն ներշնչվածը, ա՛յլ գաղտնիքների շարքին, որոնք այնտեղից քաղեց, հայտնեց մեզ նաև այս մեկը. մենք Նրան սիրում ենք, որովհետև Նա Ինքը առաջինը սիրեց մեզ (1Հվհ 4, 10): [...] Փնտրի՛ր, թե մարդն ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, և ուրիշ պատասխան դու չես գտնի, սրանից բացի. Աստված առաջինը սիրեց մեզ: Նա, ում մենք սիրեցինք, նախևառաջ Նա Ինքն է, որ նվիրվել է մեզ: Նվիրվեց, որպեսզի մենք սիրենք Իրեն: Ի՞նչ տվեց մեզ: Պողոս Առաքյալը դա ավելի հստակ կերպով է ասում. «Աստծո սերը հեղվել է մեր սրտերի մեջ»: Ո՞ւմ միջոցով: Գուցե մե՞ր միջոցով: Ո՛չ: Ուրեմն ո՞ւմ միջոցով: «Հոգու միջոցով, որ տրվել է մեզ» (Հռմ 5, 5):
Այս վկայությամբ լի, սիրենք Աստծուն Աստծո միջոցով: [...] Եզրակացությունը մեկն է, Հովհաննես Առաքյալը դա մեզ ասում է է՛լ ավելի հստակ կերպով. «Աստված սեր է, և ով մնում է սիրո մեջ, մնում է Աստծո մեջ, իսկ Աստված՝ իր մեջ» (1Հվհ 4, 16): Բավական չէ ասելը. սերը գալիս է Աստծուց: Բայց ձեզնից ո՞վ կհամարձակվեր կրկնել այս խոսքը. «Աստված սեր է»: Ասվել է ինչ որ մեկի կողմից փորձառությամբ: Ինչո՞ւ են մարդու երևակայությունն ու նրա մակերեսային միտքը պատկերացնում Աստծուն, ինչո՞ւ են մարդկային սրտին համապատասխանող կուռք շինում: [...] Աստված սեր է: [...] Մենք Նրանից ոչինչ չենք տեսնում, և սակայն սիրում ենք Նրան: [...] Ներքևում փնտրենք այն, ինչը որ բացահայտելու ենք վերևում: Սերը, [...] որ կապվում է ֆիզիկական գեղեցկությանը միայն, այդուհանդերձ բարձրացնում է մեզ ավելի խորը զգացումների: Զեխ ու ցանկասեր մի տղամարդ սիրում է հազվագյուտ գեղեցկության մի կնոջ: Տակնուվրա է լինում նրա մարմնի վայելչագեղ հմայքով, բայց նրա մեջ, մարմնից անդին, պատասխան է փնտրում իր գորովին: Իմանում է, որ այդ կինն իրեն ատո՞ւմ է: Այդ հմայիչ արտաքինի կողմից գրգռված ամբողջ տենդը, մոլեգնությունն ամբողջ, վերանում են մի ակնթարթում: Ներկայությանն այն էակի, որն իրեն հմայում էր, այժմ սրտխառնոց է զգում: Հեռանում է և իր տենչանքի առարկան իրեն այլևս ատելություն է ներշնչում: Բայց նրա մարմինը մի՞թե փոխվել է: Նրա հմայքը մի՞թե անհետացել է: Ո՛չ: Այլ՝ այրվելով այն բանի համար, ինչը որ տեսնում էր, նա սրտից սպասում էր մի զգացմունք, որը չէր տեսնում: Տեսնում է, ընդհակառակն, որ սիրվա՞ծ է: Ինչպե՜ս է կրկնապատկվում իր հրայրքը: Կինը տեսնում է տղամարդուն, տղամարդը տեսնում է կնոջը, բայց նրանցից ոչ մեկը չի տեսնում սերը, և սակայն սերն է, որ սիրում ենք, թեև անտեսանելի է մնում: [...]
Դու չես տեսնում Աստծուն. սիրի՛ր Նրան և Նրան կունենաս: [...] Որովհետև Աստված նվիրվում է մեզ միևնույն պահին: Սիրեցե՛ք ինձ, աղաղակում է դեպի մեզ, և կունենաք ինձ: Դուք չեք կարող սիրել ինձ առանց ինձ ունենալու:
Ո՜վ եղբայրներ, ո՜վ որդիներ, ո՜վ ընդհանրական բողբոջներ, սուրբ ու երկնային տնկիներ, դուք, որ վերածնվել եք ի Քրիստոս և ծնվել եք երկնքում, լսե՛ք ինձ, կամ ավելի ճիշտը՝ մի՛ լսեք ինձ, [այլ՝ սաղմոսերգուին]. «Մի նոր երգ երգեցեք Տիրոջը» (Սղմ 149, 1): [...] Եվ թող որ քո կյանքը չվկայի քո լեզվի դեմ: Երգեցեք ձայնով, երգեցեք սրտով, երգեցեք բերանով, երգեցեք կյանքով, «երգեցեք Տիրոջը երգ մի նոր»: Բայց ինչպե՞ս պետք է սիրեք Նրան, ում երգում եք: Որևէ կասկած չկա, որ Նա, ում սիրում ես, Նա է, ում ուզում ես երգել: Դու ուզում ես ճանաչել Նրա փառքը, որպեսզի այն երգես: [...] Դուք ուզում եք ճանաչել Նրա փառքը: «Նրա փառքը հավատացյալների հավաքում է» (Սղմ 149, 1): Փառքը Նրա, ում երգում եք, ա՛յլ բան չէ, քան երգողը: Ուզո՞ւմ եք երգել Աստծո փառքը: Դուք ինքներդ եղեք այն, ինչ երգում եք: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։