« ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՆՁ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՄԵՌԱԾ Է, ԿԱՊՐԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՆՁ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՄԵՌԱԾ Է, ԿԱՊՐԻ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Հովհաննեսի Ավետարանի մեկնություն », 49, 15.

 

[...] «Ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մեռած է, կապրի, իսկ ով որ ողջ է և հավատում է ինձ, հավիտյան չի մահանա» (Հվհ 11, 25-26)։ Ի՞նչ է սա նշանակում։ Ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մեռած է, – այնպես՝ ինչպես մեռած էր Ղազարոսը, – կապրի, որովհետև Նա մեռածների Աստվածը չէ, այլ՝ ողջերի (Մտթ 22, 32)։

Այսպես Նա պատասխանեց հրեաներին, ի նկատի ունենալով վաղուց մահացած նահապետներին, այսինքն՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին. «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը. Ես մեռածների Աստված չեմ, այլ՝ ողջերի. նրանք, արդարև, բոլորը ողջ են» (հմմտ. Մտթ 22, 32)։

Հավատա՛, ուրեմն, և նույնիսկ եթե մեռած ես, կապրես. եթե չես հավատում, մեռած ես, նույնիսկ եթե ապրում ես։ Փաստենք։ Ոմն մեկին, որ դանդաղում էր հետևելու Իրեն, ասելով. «Թույլ տուր, որ նախ գնամ հորս թաղեմ», Տերը պատասխանեց. «Թող, որ մեռյալները թաղեն իրենց մեռյալներին։ Դու ե՛կ և ինձ հետևիր» (Ղկս 9, 60)։ Մի մեռյալ կար թաղելիք, և կային մեռյալներ, որ զբաղված էին նրան թաղելու գործով. մեկը մեռած էր մարմնով, մյուսները՝ հոգով։ Ե՞րբ է, որ մեռնում է հոգին։ Երբ պակասում է հավատքը։ Ե՞րբ է, որ մեռնում է մարմինը։ Երբ պակասում է հոգին։ Հավատքը քո հոգու հոգին է։

«Ով հավատում է ինձ», ասում է Նա, «նույնիսկ եթե մեռած է մարմնով, կապրի հոգով», մինչև որ մարմինն էլ հարություն կառնի՝ այլևս չմահանալու համար։ Այսինքն. ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կապրի։ Եվ ով ապրում է մարմնով և հավատում է ինձ, նույնիսկ եթե միառժամանակ մահանում է մարմնի մահով, հավիտյան չի մահանա հոգու կյանքի և հարության անմահության զորությամբ։ Սա՛ է Իր խոսքերի իմաստը. «Իսկ ով որ ողջ է և հավատում է ինձ, հավիտյան չի մահանա»։

«Դու հավատո՞ւմ ես», հարցնում է Հիսուսը Մարթային։ Եվ նա պատասխանում է. «Այո՛, Տե՜ր, ես հավատացի, որ Դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ եկել ես այս աշխարհ (Հվհ 11, 27)։ Եվ այս բանին հավատալով՝ դրանով իսկ հավատացել եմ, որ Դու ես Հարությունը, որ Դու ես Կյանքը. հավատացել եմ, որ ով հավատում է Քեզ, նույնիսկ եթե մեռնում է, ապրում է, և ով ապրում է և հավատում է Քեզ, հավիտյան չի մահանում»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։