« ՀԻՍՈՒՍԸ, ՆՐԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՄԲՈԽԻՑ ՀԵՌՈՒ ՏԱՆԵԼՈՎ, ԻՐ ՄԱՏՆԵՐԸ ՆՐԱ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԴՐԵՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍԸ, ՆՐԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՄԲՈԽԻՑ ՀԵՌՈՒ ՏԱՆԵԼՈՎ, ԻՐ ՄԱՏՆԵՐԸ ՆՐԱ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԴՐԵՑ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Սաղմոսների մեկնություն », 102, 5-6 (PL 37, 1319).

 

[...] «Աստված բժշկում է քո բոլոր հիվանդությունները» (Սղմ 103, 3)։ Մի՛ վախեցիր, ուրեմն. քո բոլոր հիվանդությունները բուժվելու են։ Եվ եթե ասում ես, թե դրանք մեծ են, իմացի՛ր, որ ավելի մեծ է Բժիշկը, որ դրանք դարմանում է։ Անսահմանափակ զորության տեր Բժշկի համար գոյություն չունի ոչ մի անբուժելի ախտ։ Դու պետք է միայն թույլ տաս, որ Նա դարմանի քեզ, և չպետք է ետ մղես Իր ձեռքերը, որովհետև Ինքը շատ լավ գիտի, թե ի՛նչ է հարկավոր անել։ Եվ չպետք է գոհունակություն դրսևորես միայն այն ժամանակ, երբ ամոքում է վերքերդ, այլ նաև՝ պետք է համբերությամբ դիմանաս, երբ վիրահատում է. համբերությամբ կրիր դարմանման ցավը՝ մտածելով ապագա բժշկման մասին։

Ուշադրություն դարձրեք, եղբայրներ իմ, թե ինչպիսի՛ և որքա՛ն ցավեր են կրում մարդիկ իրենց մարմնական հիվանդությունների ժամանակ, միայն թե գոնե մի քանի օր ավելի ապրեն։ [...] Տառապանքը, մինչդեռ, որ դու կրում ես, անորոշություն չի ճանաչում, որովհետև չի կարող սխալվել Նա, Ով քեզ խոստացել է բժշկությունը։ [Մարդ] բժիշկը երբեմն սխալվում է, խոստանալով բժշկություն գտնել մարդկային մարմնի միջոցով։ Եվ ինչո՞ւ է սխալվում։ Որովհետև չի բուժում մի բան, որն ինքն է ստեղծել։ Աստված է ստեղծել քո մարմինը, քո հոգին, և հետևաբար՝ Ինքը գիտի վերստին ստեղծելու ձևը այն բանի, որն Ինքն է ստեղծել, և վերստին կերտել այն, ինչը որ Ինքն է ձևավորել։ Բավական է միայն, որ դու վստահես քեզ այս Բժշկի ձեռքերին։ [...]

Հանձնվի՜ր, ուրեմն, Իր ձեռքերին, ո՜վ հոգի, որ օրհնում ես Նրան, և մի՛ մոռացիր Նրանից ստացածդ նպաստները. Նա, արդարև, «բժշկում է քո բոլոր հիվանդությունները» (Սղմ 103, 2֊3)։ Մի՞թե, ուրեմն, չի բժշկի քեզ Նա, Ով քեզ ստեղծել էր, որպեսզի երբեք չհիվանդանայիր, եթե միայն կամեցած լինեիր հարգել Իր պատվիրանները։ Մի՞թե չի բժշկի քեզ Նա, Ով ստեղծել է Հրեշտակներին և մտադիր է հավասարեցնել քեզ Հրեշտակներին, երբ վերստին կարարի քեզ։ Մի՞թե չի բժշկի քեզ, որ ստեղծված ես Իր պատկերով, Նա, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը (Ծնդ 1, 26)։

Վստահաբար կբժշկի քեզ, բայց ամեն դեպքում անհրաժեշտ է, որ դու կամենա՛ս բժշկված լինել։ Աստված անկասկած բժշկում է որևէ հիվանդի, բայց ո՛չ նրան, ով մերժում է բժշկությունը։ [...] Քո առողջությունը Քրիստոսն է։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։