« ՀՊՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՊՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Հովհաննեսի Ավետարանի մեկնություն », 121 (PL 35, 1955-1959).

 

[...] Հիսուսը նրան ասում է. «Ինձ մի՛ հպվիր, քանի որ դեռ չեմ բարձրացել Հոր մոտ» (Հվհ 20, 17)։ Կա այս խոսքերում մի բան, որը պետք է քննենք մեծ ուշադրությամբ, նույնիսկ եթե դա կարճառոտ եղանակով անենք։

Այո՛, որովհետև Իր այս պատասխանով Հիսուսը կամենում էր հավատքն ուսուցանել այն կնոջը, ով Իրեն ճանաչել և ահա՛ անվանում էր Վարդապետ. կամենում էր, որպես հմուտ պարտիզպան, նրա սրտի մեջ – իբրև մի արտի – սերմանել մանանեխի հատիկը։ [...] Բայց ինչո՞ւ է նրան ասում. «Ինձ մի՛ հպվիր, քանի որ դեռ չեմ բարձրացել Հոր մոտ»։ [...]

Որովհետև Տերը կամենում էր, որ հավատք տածվեր Իր հանդեպ, այսինքն՝ որ [աշակերտներն] Իրեն հոգևորապես հպվեին, համոզված, որ Ինքն ու Հայրը միայն մեկ են (Հվհ 10, 30)։

Նրա մասին, ով հավատքի մեջ առաջընթաց է ապրել, կարելի է ասել, որ իր հոգու խորքում բարձրացել է Հոր մոտ, քանի որ հասել է ճանաչելու, որ Որդին հավասար է Հորը։ Ով, մինչդեռ, տակավին չի հասել սրան, Նրան չի հպվում վավերական կերպով, քանի որ չի հավատում Նրան այնպես, ինչպես հարկավոր է։

Մարիամը գուցեև հավատում էր Նրան, կարծելով սակայն, թե Նա հավասար չէր Հորը, և այս պատճառով է, որ Նա խոսում է նրան՝ ասելով. «Ինձ մի՛ հպվիր», այսինքն՝ «Ինձ մի՛ հավատա այն գաղափարի համաձայն, որ տակավին ունես իմ վերաբերյալ. մի՛ սահմանափակվիր՝ կանգնեցնելու ուշադրությունդ այն բանի վրա, ինչը որ ես դարձա քո համար, անտեսելով իմ աստվածային բնությունը, որի միջոցով ես դու ստեղծվել»։

Ինչպե՞ս կարելի է ասել, թե նա այլևս կապված չէր Նրան զգայականորեն, եթե տակավին ողբում էր Նրան, կարծես ընդամենը մարդ եղած լիներ։ «Դեռևս չեմ բարձրացել իմ Հոր մոտ». «այն ժամանակ ինձ ճշմարտապես կհպվես, երբ կհավատաս, որ, որպես Աստված, ես Հորից նվազ չեմ»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։