« ՔԵ՛Զ ԵՄ ԱՍՈՒՄ, ՊԱՏԱՆԻ. ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԻՐ» – Գրադարան – Mashtoz.org

« ՔԵ՛Զ ԵՄ ԱՍՈՒՄ, ՊԱՏԱՆԻ. ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԻՐ»

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Ճառեր », 98.

 

[...] Գտնում ենք [Ավետարանում գրված], որ Տիրոջ կողմից հարություն տրվեց երեք մեռյալի՝ տեսանելի կերպով, բայց մի մեծ բազմության՝ անտեսանելի կերպով։ Բայց ո՞վ կարող է իմանալ, թե քանի՞ մեռյալների Նա հարություն տվեց տեսանելի կերպով։ [...]

Հարություն տվեց ժողովրդապետի մեռած դստերը (Մրկ 5, 22֊24.35֊43), Նաիմի այրի կնոջ որդուն (Ղկս 7, 11,17) և Ղազարոսին (Հվհ 11, 1֊46)։ [...]

Այս երեք տեսակ մեռյալները ներկայացնում են երեք տեսակ մեղավորներ, որոնք դեռ այսօր էլ հարություն են առնում Քրիստոսի միջամտությամբ։ Ժողովրդապետի մեռած դուստրը տակավին տան մեջ էր գտնվում, [...] պատանին, մինչդեռ, այլևս իր տան մեջ չէր, – ճիշտ է, – բայց այդուհանդերձ դեռևս գերեզմանի մեջ չէր, [...] Ղազարոսը արդեն թաղված էր։ [...]

Կան, հետևաբար, այնպիսիք, որ մեղքն իրենց սրտի մեջ ունեն, բայց ո՛չ դեռևս գործի մեջ, [...] [մեղքին] համաձայնություն են տվել իրենց սրտի մեջ. մեռյալին ունեն իրենց մեջ, նրան դեռ գերեզման չեն տարել։ Եվ ինչպես որ սովորաբար պատահում է, [...] և ինչպես որ կարելի է փորձառությամբ տեսնել մեր մեջ ամեն օր, նման դեպքերում, Աստծո խոսքը լսելուց հետո, կարծես Տերն ասեր. «Ոտքի՛ ել». այդ ժամանակ դատապարտում ենք չարին տրված համաձայնությունը, նորից տենչում ենք փրկության ու սրբության։ [...]

Ա՛յլ անգամներ, մինչդեռ, ցանկությանը համաձայնություն տալուց հետո, հասնում են մինչև գործը, կարծես տանեին մեռածին թաղելու. այդ կերպ, ինչը որ ծածկված էր գաղտնիքի մեջ, երևում է հայտնապես։ Այսպիսիների համար, որ հասել են կոնկրետ արարքին, մի՞թե այլևս հույս չկա։ Այն պատանուն մի՞թե չասվեց. «Ես եմ քեզ ասում. Ոտքի՛ ել»։ Մի՞թե նա էլ չվերադարձվեց իր մորը։ Այսպես, ուրեմն, նաև մեկը, որ արդեն կատարել է մեղանչական գործը, եթե պատահում է, որ խրատվում է և իրեն մղված է զգում ճշմարտության խոսքի կողմից, Քրիստոսի ձայնը լսելով հարություն է առնում և վերադարձվում է կյանքի։ Մղվել է մինչև գործը, բայց չի հասել հավիտենական կորստին։

Նրանք, մինչդեռ, ովքեր անելով այն, ինչը որ վատ է, ընկնում են նաև չարաղետ սովորության մեջ, այնպես՝ որ չարին վարժվելով չեն կարողանում անգամ տեսնել, որ դա չար է, դառնում են իրենց չար արարքների պաշտպանները և զայրանում են, երբ հանդիմանություն են ստանում, [...] նման անձինք, չարաղետ սովորության լծի տակ, նմանվում են թաղված մեռելների։ [...] Գերեզմանի վրա դրված ծանր քարը պատկերում է սովորության տանջալի զորությունը, քանի որ ճնշում է հոգին և նրան թույլ չի տալիս ո՛չ ոտքի կանգնել, ո՛չ էլ շնչել։ [...]

Լսենք, ուրեմն, սիրելիներս, այս ճշմարտություններն այնպես, որ նրանք, ովքեր ողջ են, շարունակեն ողջ մնալ, իսկ նրանք, ովքեր մեռած են, վերադառնան կյանքի։ [...] Թող որ բոլորը ապաշխարեն։ [...] Նրանք, ուրեմն, ովքեր ողջ են, թող որ շարունակեն ողջ մնալ, մինչդեռ նրանք, ովքեր մեռել են, մահվան այս երեք տեսակներից ո՛ր մեկի մեջ էլ գտնվելու լինեն, թող որ այնպես անեն, որ հնարավորինս շուտով հարություն առնեն։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։