« ՈՉ ՈՔ ՉԻ ԳԱԼԻՍ ՀՈՐ ՄՈՏ, ԵԹԵ Ո՛Չ ՄԻԱՅՆ՝ ԻՄ ՄԻՋՈՑՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՉ ՈՔ ՉԻ ԳԱԼԻՍ ՀՈՐ ՄՈՏ, ԵԹԵ Ո՛Չ ՄԻԱՅՆ՝ ԻՄ ՄԻՋՈՑՈՎ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացու (354-430) « Ճառեր »ից, 142 .
 
 
[...] Քրիստոսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։ Ինչպես եթե ասեր. «Որտեղո՞վ ես ուզում գնալ։ Ես ճանապարհն եմ։ Ո՞ւր ես ուզում գնալ։ Ես ճշմարտությունն եմ։ Որտե՞ղ ես ուզում մնայուն բնակություն ունենալ։ Ես կյանքն եմ»։ Ուստի, վստահ քայլենք ճանապարհի վրա. բայց պետք է զգուշանանք որոգայթներից, որ գտնվում են ճանապարհի կողքին։ Հակառակորդը համարձակությունը չունի որոգայթներ լարելու ճանապարհի վրա, քանի որ ճանապարհը Քրիստոսն է, բայց, անկասկած, ճանապարհի կողքը չի դադարում երբեք։ [...]
Քրիստոս ճանապարհը՝ խոնարհ Քրիստոսը. Քրիստոս ճշմարտությունն ու կյանքը՝ վեհագույնն ու Աստված։ Եթե հետևում ես խոնարհ Քրիստոսին, կհասնես վեհագույնին. եթե, մինչ հիվանդ ես, չես արհամարհում խոնարհին, անհաղթելի կերպով կհաստատվես վերևում։ Արդարև, ո՞րն է Քրիստոսի ինքնախոնարհեցման պատճառը, եթե ոչ՝ քո հիվանդությունը։ Իրոք, տկարությունը ճնշում էր քեզ մեծապես և հույս չթողնելով։ Եվ այս իրավիճակն էր, որ դրդեց քո մոտ գալու այսքա՜ն մեծ բժշկին։ Եթե քո հիվանդությունը գոնե այնպիսին լիներ, որ քեզ թույլ տար անձամբ գնալ բժշկի մոտ, հիվանդությունն ինքնին կարող էր տանելի թվալ, բայց քո համար անհնարին եղավ գնալ Իր մոտ և Ինքը եկավ քո մոտ. եկավ՝ ուսուցանելով խոնարհությունը, որի միջոցով վերագտնում ենք առողջությունը։ Քանի որ հպարտությունը չէր թողնում, որ վերադառնանք կյանքի։ [...]
Աղաղակում է Նա, Ով Իրեն ճանապարհ դարձրեց. «Մտեք նեղ դռնով» (Մտթ 7, 13)։ Ջանում է մտնել, իրեն խոչընդոտում է հպարտությունը։ [...] Թող որ խոնարհության դեղն ընդունի։ Որպես հպարտության հակաթույն թող որ խմի այս դառը, բայց առողջարար թուրմը։ [...] Թվում է կարծես, թե հպարտը հարցնում է. «Որտեղո՞վ պետք է մտնեմ»։ «Ես ճանապարհն եմ», ասում է Քրիստոսը։ «Մտիր ինձնով. դռնով մտնել ցանկանալով՝ չես կարող ա՛յլ ճանապարհի վրա քայլել, քան իմ։ Քանի որ, ինչպես որ ասացի. ''Ես եմ ճանապարհը'', նույնպես ասացի. ''Ես եմ դուռը'' (Հվհ 10, 7)։ Ուրեմն ինչո՞ւ ես այս ու այն կողմում փնտրում, թե որտեղո՛վ վերադառնաս, ո՛ւր վերադառնաս, որտեղո՛վ մտնես»։ Որպեսզի դու չգնաս ինչ որ մի տեղում մոլորվելու, Նա այս բոլոր բաները դարձավ քո համար։ Ուստի քեզ համառոտ ասում է. «Խոնա՛րհ եղիր, հե՛զ եղիր» (Մտթ 11, 19)։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։