ԱՎԱՐՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՄ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՄ (աշխարհաբար)

ՔԱՀԱՆԱՆ
 
ապա համբուրելով Սեղանը և տարածելով ձեռքերը՝
ասում է բարձրաձայն.
 
Դու օրհնում ես նրանց, ովքեր օրհնում են Քեզ, Տեր, և սրբացնում ես Քեզ հուսացողներին:
Սպասավորը. – Օրհնյա՜լ է Աստված:
Քահանան. – Կյանք տուր Քո ժողովրդին և օրհնիր Քո ժառանգությունը: Պահպանիր Քո Եկեղեցու ամբողջությունը:
Սպասավորը. – Ամեն:
Քահանան. – Սրբիր սրանց, որ սիրով պատվեցին Քո տան վայելչությունը: Դո՛ւ մեզ փառավորիր Քո աստվածային զորությամբ, և մի՛ լքիր Քեզ հուսացողներին:
Սպասավորը. – Ամեն:
Քահանան. – Քո՛ խաղաղությունը պարգևիր ողջ աշխարհին, եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնյա թագավորներին, և նրանց զինվորագրված երիտասարդներին, և ողջ ժողովրդին:
Սպասավորը. – Ամեն:
Քահանան. – Քանի որ բոլոր բարի ձիրքերը և բոլոր կատարյալ պարգևները ի վերուստ են իջած՝ Քեզնից, որ լույսի Հայրն ես: Եվ Քեզ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
Տիրոջ անունը թող որ օրհնյա՜լ լինի այսուհետև մինչև հավիտյան:
Տիրոջ անունը թող որ օրհնյա՜լ լինի այսուհետև մինչև հավիտյան:
Եվ Տիրոջ անունը թող որ օրհնյա՜լ լինի այսուհետև մինչև հավիտյան:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրենքն ու Մարգարեները հանձինս Քո կատարվեցին, Քրիստոս Աստված Փրկիչ մեր, որ լիուլի կատարեցիր Քո հայրակամ բոլոր տնօրինությունները: Մեզ ևս լցրո՜ւ Քո Սուրբ Հոգիով:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Այս Սուրբ Խաչով աղաչենք Տիրոջը, որպեսզի սրանով փրկի մեզ մեղքերից և կյանք տա շնորհիվ Իր ողորմության:
Ամենակալ Տեր Աստված մեր, կյանք տուր և ողորմիր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Պահպանիչ և հույս հավատացյալների, Քրիստոս Աստված մեր, Քո սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո՝ պահպանիր Քո ժողովուրդը խաղաղության մեջ. փրկիր տեսանելի և անտեսանելի թշնամուց. արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Օրհնելու եմ Տիրոջը ամեն ժամ, ամեն ժամ Նրա օրհնությունն իմ բերանում է լինելու:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
խաչակնքում է ժողովրդին՝ ասելով.
 
Օրհնված եղեք Սուրբ Հոգու շնորհներով, գնացեք խաղաղությամբ, և թող որ Տերը ձեր բոլորիդ հետ լինի: Ամեն:
 
շրջվում է դեպի Խորանը, համբուրում է Սեղանը՝
ցածր ձայնով ասելով.
 
Տեր Աստված, Հիսուս Քրիստոս, ողորմիր ինձ:
 
և մտնելով ավանդատուն՝ հանում է Պատարագի զգեստները,
գալիս է Սեղանի առաջ, երեք անգամ երկրպագում է,
և գնում խաղաղությամբ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։