ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐ (աշխարհաբար)

ՔԱՀԱՆԱՆ
 
ձեռքերը տարածելով՝ աղոթում է ծածուկ.
 
Սրանով շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն ողջ աշխարհին, Սուրբ Եկեղեցուն և բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին, աշխարհի թագավորներին, իշխաններին, ժողովուրդներին, ճանապարհորդողներին, նավորդողներին, [գերության մեջ] կապվածներին, վտանգվածներին, աշխատանքով խոնջացածներին և նրանց, ովքեր պատերազմների մեջ են բարբարոսների դեմ:
Սրանով նաև օդերին շնորհիր բարեխառնություն, և դաշտերին՝ պտղաբերություն, և պես-պես ցավերով ու ախտերով հիվանդացածներին՝ փութապես առողջություն:
Սրանով հանգիստ պարգևիր ի սկզբանե բոլոր ի Քրիստոս ննջածներին՝ նախահայրերին, նահապետներին, մարգարեներին, առաքյալներին, վկաներին, եպիսկոպոսներին, երեցներին, սարկավագներին և Քո Սուրբ Եկեղեցու բոլոր ուխտյալներին, և բոլոր աշխարհական կարգից հավատքով վախճանված արանց ու կանանց:
 
բարձրաձայն
 
Որոնց հետ մեզ էլ այցելիր, բարերար Աստված, աղաչում ենք:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Հիշիր, Տեր, և ողորմիր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի, Ստեփանոս Նախավկայի և մեր Սուրբ Հոր՝ Գրիգոր Լուսավորչի և բոլոր Սրբերի հիշատակը թող կատարվի այս Սուրբ Պատարագի մեջ, աղաչում ենք:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Հիշիր, Տեր, և ողորմիր:
 
–––––––––––––––
 
Ա.
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնյա՜լ, գովյա՜լ և փառավորյա՜լ, հրաշալի և աստվածազարդ Հարությանը (կամ՝ Ծննդյանը, կամ՝ Գալստյանը, կամ՝ Համբարձմանը, կամ՝ ... ) Քրիստոսի երկրպագում ենք:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Փա՜ռք Քո Հարությանը (կամ՝ ... ), Տեր:
 
Բ.
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնյա՜լ, գովյա՜լ և փառավորյա՜լ, հրաշալի և աստվածազարդ Տերությանը Քրիստոսի երկրպագում ենք:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Փա՜ռք Քո Տերությանը, Տեր:
 
Գ.
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Սուրբ և աստվածահաճո (Մարգարեի, Առաքյալի, Հայրապետի, Մարտիրոսի, ... , Ա.Ա.), որի հիշատակն այսօր կատարեցինք, հիշատակը թող կատարվի այս Սուրբ Պատարագի մեջ, աղաչում ենք:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Հիշիր, Տեր, և ողորմիր:
 
–––––––––––––––
 
ՔԱՀԱՆԱՆ
 
ծածուկ
 
Հիշիր, Տեր, և ողորմիր, և օրհնիր Քո Սուրբ, Ընդհանրական և Առաքելական Եկեղեցին, որին փրկեցիր Քո Միածնի պատվական արյամբ և ազատեցիր Սուրբ Խաչով. շնորհիր նրան անսասան խաղաղություն:
Հիշիր, Տեր, և ողորմիր, և օրհնիր բոլոր ուղղափառ Եպիսկոպոսներին, որոնք ուղիղ վարդապետությամբ մեր մեջ քարոզում են ճշմարտության խոսքը:
 
բարձրաձայն
 
Եվս առավել մեր Սրբազան Պապին՝ Տեր Ա.Ա. Քահանայապետին, և մեր Գերերջանիկ Պատրիարքին՝ Տեր Ա.Ա. Կաթողիկոսին, և մեր Արհիապատիվ Առաջնորդին՝ Տեր Ա.Ա. Արքեպիսկոպոսին, երկար ժամանակով շնորհիր մեզ ուղիղ վարդապետությամբ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Շնորհիր, Տեր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
ծածուկ
 
Հիշիր, Տեր, և ողորմիր, և օրհնիր Քո առաջ կանգնած այս ժողովրդին և այս Պատարագը մատուցողներին, և պարգևիր նրանց պիտանի ու օգտակար ամեն ինչ:
Հիշիր, Տեր, և ողորմիր, և օրհնիր Քո Սուրբ Եկեղեցու ուխտավորներին ու նվիրատուներին, և նրանց, ովքեր ողորմածությամբ հիշում են աղքատներին, և հատուցիր նրանց իրենց պարտքերն ըստ բնածին Քո առատաձեռնության՝ հարյուրապատիկ այստեղ և հանդերձյալ կյանքում:
Հիշիր, Տեր, և ողորմիր, և գթա հանգուցյալների հոգիներին, հանգստացրու նրանց և լուսավորիր, և Սրբերիդ հետ դասիր Երկնքի Արքայությանդ մեջ, և արժանացրու Քո ողորմությանը:
 
–––––––––––––––
 
Ա.
եթե ննջեցյալ է.
 
Հիշիր, Տեր, նաև Քո ծառայի (կամ՝ աղախնու)՝ Ա.Ա. հոգին, և ողորմիր նրան ըստ Քո մեծ ողորմության, և Քո այցելությամբ հանգստացրու նրան Քո Դեմքի լույսով:
 
Բ.
իսկ եթե ողջ է.
 
Հիշիր, Տեր, նաև Քո ծառային (կամ՝ աղախնուն)՝ Ա.Ա., և ողորմիր նրան ըստ Քո մեծ ողորմության, և փրկիր նրան հոգու և մարմնի բոլոր որոգայթներից:
 
–––––––––––––––
 
Հիշիր, Տեր, նաև նրանց, ովքեր հանձնարարեցին մեզ հիշատակել աղոթքներում ողջերի և հանգուցյալների. կառավարիր նրանց և մեր խնդրանքների կամքը շիտակ ուղղությամբ, որ լի է փրկությամբ. և վարձատրիր բոլորին անանց ու երանելի բարիքներովդ:
Եվ զտելով մեր մտածումները՝ մեզ տաճար դարձրու՝ ընդունելու մեր մեջ Մարմինն ու Արյունը Քո Միածնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որի հետ Քեզ՝ ամենակալ Հորդ, կենդանարար և ազատիչ Սուրբ Հոգուդ հետ միասին, վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
բարձրաձայն
 
Եվ թող որ ողորմությունը մեր մեծ Աստծո և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, լինի ձեր բոլորիդ հետ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն: Նաև քո հոգու հետ:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
ցածր ձայնով
 
Աստված ճշմարտության և Հայր ողորմության, գոհություն ենք հայտնում Քեզ, որ երանելի Նահապետներից ավելի մեծարեցիր մեր՝ պարտքերով ծանրաբեռնվածներիս բնությունը, քանի որ նրանց համար Աստված կոչվեցիր, իսկ մեր համար հաճեցիր, գթալով, Հայր անվանվել: Եվ այժմ, Տեր, աղաչում ենք Քեզ, Քեզնից պարգևված այս նոր և պատվական անվանադրության շնորհն օրըստօրե պայծառացնելով ծաղկեցրու Քո Սուրբ Եկեղեցում(1):
 
բարձրաձայն
 
Եվ տուր մեզ համարձակաձայն խոսքով բացել մեր բերանները, կանչել Քեզ, երկնավորդ Հայր, երգել և ասել:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Հայր մեր, որ երկնքում ես.
սուրբ թող լինի Քո Անունը.
թող գա Քո Արքայությունը.
թող Քո կամքը լինի երկրի վրա այնպես,
ինչպես որ երկնքում է:
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր:
Եվ ներիր մեզ մեր պարտքերը,
Ինչպես մենք էլ մեզ պարտք եղողներին ենք ներում:
Եվ մեզ միայնակ մի՛ թող փորձության մեջ,
այլ՝ փրկիր մեզ չարից:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
ցածր ձայնով
 
Տերերի Տեր, աստվածների Աստված, հավիտենական Թագավոր, Արարիչ բոլոր արարածների, Հայր մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեզ միայնակ մի՛ թող փորձության մեջ, այլ՝ փրկիր չարից և անվնաս դուրս բեր փորձությունից:
 
բարձրաձայն
 
Քանի որ Քոնն են արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս: Ամեն:

(1) Այսինքն՝ թող որ մարդիկ, և առաջին հերթին՝ քրիստոնյաները, Քեզ որպես Հայր ճանաչելով՝ ճանաչեն միմյանց որպես քույրեր և եղբայրներ, և հետևաբար՝ որպես այդպիսիք ապրեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։