Հոգևոր Հաղորդությունը – Գրադարան – Mashtoz.org

Հոգևոր Հաղորդությունը

Ասելով «հոգևոր Հաղորդություն» հասկանում ենք մի աղոթք, որի ժամանակ հավատացյալը կարող է արտահայտել իր բուռն փափաքը՝ միանալու Քրիստոսին և ընդունելու Նրա Մարմինն ու Արյունը Ամենասուրբ Հաղորդության մեջ, առանց սակայն ֆիզիկապես կատարելու խորհրդական Հաղորդությունը, այսինքն՝ առանց ճաշակելու սրբագործված Հացը, երբ քրիստոնյան գտնվում է ֆիզիկական կամ բարոյական անհնարինության վիճակում՝ ստանալու Ամենասուրբ Հաղորդությունը: Կարող է կատարվել որևէ վայրում և որևէ պահի, նաև բազմաթիվ անգամներ նույն օրվա ընթացքում:

Հոգևոր կյանքի տեսանկյունից դիտված՝ Հոգևոր Հաղորդության պրակտիկան խրախուսվել է բոլոր ժամանակներում և վկայված է բազմաթիվ Սրբերի կողմից, նաև անհատական հայտնությունների կամ միստիկ փորձառությունների միջոցով: Հոգևոր Հաղորդության պրակտիկան տարածած ամենահայտնի Սրբերից կարող ենք հիշել Կատերինա Սիենացուն (1347-1380), Ֆրանցիսկոս Սալեզացուն (1567-1622), Մարգարիտ Մարի Ալաքոքին (1647-1690), Ալֆոնսոս Մարիա դե'Լիգուորիին (1696-1787) և Յոզեմարիա Էսքրիվա դե Բալագերին (1902-1975):

Գրվել են բազմաթիվ աղոթքներ՝ Հոգևոր Հաղորդության պրակտիկան հավատացյալների համար դյուրին դարձնելու նպատակով, բայց քանի որ հիմնական կորիզը դա սեփական բուռն փափաքն արտահայտելն է՝ միանալու Հիսուսին Ամենասուրբ Հաղորդության միջոցով, դրանից հետևում է, որ ամեն ոք կարող է կատարել դա իր սեփական սրտաբուխ խոսքերով, կամ մինչև իսկ առանց խոսքերի, այլ՝ միայն սրտի կամ մտքի վերամբարձմամբ: Հոգևոր արդյունքները կախում ունեն յուրաքանչյուրի ներքին տրամադրվածությունից և սրտի ուղղամտությունից, որով կկատարի այդ պրակտիկան: Այդուհանդերձ, սակայն, զուտ որպես կողմնորոշում, այստեղ մեջբերում ենք երկու հայտնի աղոթք՝ Հոգևոր Հաղորդության համար.

 

«Հիսո՜ւս իմ, ես հավատում եմ, որ Դու ներկա ես Ամենասուրբ Հաղորդության սրբազնագույն Խորհրդի մեջ։ Սիրում եմ Քեզ ամեն ինչից ավելի, և ցանկանում եմ, որ Դու իմ հոգու մեջ լինես։ Քանի որ հիմա չեմ կարող ընդունել Քեզ ֆիզիկապես՝ Սուրբ Խորհրդի միջոցով, գոնե հոգևոր եղանակով ե՜կ իմ սրտի մեջ։ Գիտեմ, որ արդեն իսկ պատասխանեցիր ինձ և եկար. ես փարվում եմ Քեզ և ամբողջովին միանում եմ Քեզ։ Թույլ չտա՜ս, որ երբևէ բաժանվեմ Քեզնից։ Ամեն»։

Սբ. Ալֆոնսոս Մարիա դե'Լիգուորի

 

«Քո առաջ, ո՜վ Հիսուս իմ, երկրպագում եմ և Քեզ ընծայում եմ ցավը իմ զղջացած սրտի, որ խորասուզվում է իր ոչնչության և Քո սուրբ ներկայության մեջ։ Պաշտում եմ Քեզ Քո սիրո Խորհրդի մեջ, ցանկանում եմ ընդունել Քեզ այն աղքատիկ օթևանի մեջ, որ ընծայում է Քեզ իմ սիրտը։ Խորհրդի միջոցով ֆիզիկապես հաղորդվելու երջանկության սպասման մեջ, ցանկանում եմ Քեզ իմ սրտի մեջ ունենալ գեթ հոգևոր եղանակով։ Ե՜կ և բնակվի՜ր իմ մեջ, ո՜վ Հիսուս իմ, որպեսզի ես էլ կարողանամ գալ և բնակվել Քո մեջ։ Թող որ Քո սերը հրդեհի իմ ողջ էությունը, կյանքիս ընթացքում և մահվանս պահին։ Հավատում եմ Քեզ, Դու ես իմ հույսը, սիրում եմ Քեզ։ Ամեն»։

Կարդինալ Ռաֆաէլ Մերրի դել Վալ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։