ՍՐԲԱՍԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ՍՐԲԱՍԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (աշխարհաբար)

ՍՐԲԱՍԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ԾՆՆԴՅԱՆ, ԱՎԵՏՄԱՆ, ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՎ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԵՐԻ
 
Հրեշտակների և երկնային զորքերի բազմությունները Միածին Թագավորի հետ երկնքից վար իջած՝ երգում էին ու ասում. «Սա է Աստծո Որդին»: Բոլորս ասենք. «Ուրախ եղիր, երկինք, և թող որ ցնծան հիմքերն աշխարհի, որովհետև հավիտենական Աստվածը երկրի վրա երևաց և մարդկանց հետ շրջեց, որպեսզի փրկի մեր անձերը»:
 
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ
 
Որ հրանյութ քառակերպ կառքի վրա ես բազմում, անճառելի Բանդ Աստված, այսօր երկնայինների մոտից Քո արարածներիս համար վար իջած՝ հանձն առար սեղան նստել աշակերտների հետ: Եվ Սերովբեներն ու Քերովբեները հիացած զարմանում էին, և վերին զորքերի Պետությունները սքանչացած աղաղակում էին, ասելով. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ, Տեր զորությունների»:
 
ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ԵՎ ԽԱՉԻ ՏՈՆԵՐԻ
 
Ո՞վ է մեր Տեր Աստծո նման. խաչվեց մեր համար, թաղվեց և հարություն առավ. հավատարիմ եղավ աշխարհում և համբարձվեց փառքով: Եկե՛ք, ժողովուրդներ, հրեշտակների հետ օրհնություն երգեցեք Նրան, ասելով. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ ես, Տեր Աստված մեր»:
 
ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻ, ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՏՈՆԵՐԻ
 
Հրեշտակային կարգավորությամբ լցրեցիր, ո՜վ Աստված, Քո Սուրբ Եկեղեցին: Հազա՜ր հազարավոր Հրեշտակապետներ կանգնած են Քո առաջ, և բյո՜ւր բյուրավոր Հրեշտակներ պաշտում են Քեզ, Տեր. և մարդկանցից էլ հաճեցիր ընդունել օրհնություն խորհրդական ձայնով. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ, Տեր զորությունների»:
 
ՊԱՀՔԻ ՕՐԵՐԻ ԵՎ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ
 
Հանգուցյալների հիշատակի համար ընդունիր, ո՜վ Հայր, Սո՜ւրբ, Մարդասե՜ր, այս Պատարագը: Եվ նրանց հոգիները Քո սրբերի թվում դասիր Երկնքի Արքայությանդ մեջ: Մանավանդ [շնորհիր], որ հավատքով մատուցենք այս Պատարագը, որպեսզի հաշտվի Աստվածությունդ և հանգիստ պարգևի նրանց հոգիներին:
 
ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ ՏՈՆԵՐԻ
 
Ո՜վ Սրբերի Սրբություն, Դու մեծ ես և ահավոր: Եվ Հրեշտակների զորքերն օրհնում են Քեզ և ասում. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում և երկրի վրա խաղաղությո՜ւն»:
 
ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ, ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ ՏՈՆԵՐԻ
 
Ամենակալ ես, Տեր զորությունների, որ հավիտենական Թագավոր ես. որ բազմում ես ամենավերին երկնքում և այնտեղից լույս ես ծագում արարածներիդ վրա. որ խոնարհությամբ իջար երկիր. Քեզ ենք մատուցում այս Պատարագը, և փառավորում ենք Քո Սուրբ Անունը, Տեր, որ պսակողն ես Քո (այս անուն) Սրբերի, որովհետև նրանք են մեր համար բարեխոսում, ո՜վ ամենակալ Տեր, Քո Արքայությանդ մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։