Քրիստոսի ներկայությունը – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոսի ներկայությունը

Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը ծիսակատարվում է ձեռնադրված (առաքելական մանդատ ստացած) պաշտոնյայի (քահանայի) կողմից, Սուրբ Պատարագի արարողակարգի ընթացքում. այն կայանում է Խոսքի Պաշտամունքի և Բուն Պատարագի ամբողջության մեջ, որը բացվում է մուտքի արարողություններով և ավարտվում է փակման արարողություններով:

Վատիկանյան Երկրորդ Համամիութենական Ժողովը (1962-1965) վերահաստատում է, որ Քրիստոս Տիրոջ ներկայությունը կարելի է տեսնել Իր Անունով հավաքված ժողովրդի մեջ. «հանձինս Քրիստոսի» ծիսակատարող քահանայի անձում. հռչակվող Աստվածաշնչի մեջ, «քանի որ Ինքն է, որ խոսում է, երբ Եկեղեցին ընթերցում է Սուրբ Գիրքը». Սուրբ Պատարագի Զոհի մեջ, «քանի որ նույն Ինքն է, որ մի անգամ խաչի վրա ընծայվելով՝ Իրեն տակավին ընծայում է քահանաների մատուցած պաշտամունքի միջոցով, հատկապես Ամենասուրբ Հաղորդության մեջ» (Սահմ. «Sacrosanctum Concilium»):

Քրիստոսի իրական ներկայությունը Ամենասուրբ Հաղորդության մեջ մնում է մինչև ճաշակումը, հետևաբար՝ Սրբազնասուրբ Խորհուրդը կարող է պահպանվել Տապանակներում կամ Սրբատուփերի մեջ և ներկայացվել քրիստոնյա ժողովրդի պաշտամունքին ու երկրպագությանը, բայց նաև և հատկապես՝ որպես Սրբազան Պաշար, հիվանդների ու մահամերձների հանկարծակի հաղորդության կարիքի համար (այս դեպքում կոչվում է նաև Սուրբ Թոշակ, այսինքն՝ ճանապարհի համար կազդուրիչ Սնունդ):

Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցում կան յուրահատուկ ծեսեր ու արարողակարգեր Ամենասուրբ Հաղորդության երկրպագության համար: Քրիստոսի Մարմինը դրվում է հատուկ ճաճանչների մեջ և այդպես ներկայացվում է հավատացյալների պաշտամունքին: Քահանան կարող է նաև օրհնել ժողովրդին Ամենասուրբ Հաղորդության սրբագործված Նշխարով (նաև Գինիով սկիհի մեջ), ինչպես կատարվում է յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ, հավատացյալների հաղորդվելուց քիչ առաջ և անմիջապես հետո:

Ընդհանրական Եկեղեցու քահանաներն ամեն օր մատուցում են Սուրբ Պատարագի Զոհը, բացառությամբ ոչ-ծիսական օրերի (Ավագ Ուրբաթ և Ավագ Շաբաթ), իսկ յուրահատուկ հանդիսավորությամբ Սուրբ Պատարագը կատարվում է իր հաստատման օրը՝ Ավագ Հինգշաբթի երեկոյան, մինչ Հոգեգալստյան տոնին հաջորդող շաբաթվա ընթացքում կատարվում է Քրիստոսի Մարմնի և Արյան տոնը, որ հայտնի է իր լատիներեն անվամբ. Corpus Domini («Կո՛ռպուս Դո՛մինի» - «Տիրոջ Մարմին»)[1]:

[1] Խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև « 20 հարց ու պատասխան Ամենասուրբ Հաղորդության մասին » հոդվածը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։