ԽՈՍՔԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ կամ ԵՐԱԽԱՅԻՑ ՊԱՏԱՐԱԳ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ԽՈՍՔԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ կամ ԵՐԱԽԱՅԻՑ ՊԱՏԱՐԱԳ (աշխարհաբար)

ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնյա՜լ է թագավորությունը Հոր և Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ԺԱՄԱՄՈՒՏ
 
սպասավորն ընթերցում է Ժամամուտը ըստ օրվա պատշաճի, ապա ասում է.
 
Խաղաղության համար, հատկապես, Տիրոջն աղաչենք. ընդունիր, կյանք տուր և ողորմիր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Խաղաղությո՜ւն բոլորին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Նաև քո հոգուն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Երկրպագենք Աստծուն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Քո առաջ, ո՜վ Տեր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Տեր Աստված մեր, Քո կարողությունն անքննելի է, և փառքդ՝ անհասանելի, Քո ողորմությունն անչափ է, իսկ գթությունդ՝ անբավ: Դու Քո առատ մարդասիրությանդ համաձայն՝ ուղղիր հայացքդ Քո ժողովրդի և այս սուրբ տաճարի վրա, և մեր ու մեր աղոթակիցների նկատմամբ առատորեն գործի դիր Քո ողորմությունն ու գթությունը: Քանի որ Քեզ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ծածուկ
 
Դու, որ մեզ բոլորիս սովորեցրեցիր միաձայն ու միասնական աղոթել, և խոստացար կատարել Քո Անվամբ երկու կամ երեք հոգով միաբանվածների խնդրանքները. Դու այժմ էլ ծառաներիդ խնդրանքներն հօգուտ իրենց կատարիր՝ այս կյանքում շնորհելով մեզ Ճշմարտությանդ գիտությունը, իսկ հանդերձյալում հավիտենական կյանք պարգևելով: Քանի որ բարերար ու մարդասեր ես, ո՜վ Աստված, և Քեզ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
Տեր Աստված մեր, որ երկնքում կարգեցիր հրեշտակների ու հրեշտակապետների դասերն ու զորքերը Քո փառքի սպասավորության համար, այնպես արա այժմ, որ մեր մուտքի հետ մտնեն նաև սուրբ հրեշտակները և սպասավորակից լինեն մեզ ու փառաբանակից Քո բարերարությանդ:
 
բարձրաձայն
 
Քանի որ Քոնն են կարողությունը և զորությունը և փառքը հավիտյանս: Ամեն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ուշադրությո՛ւն:
 
սարկավագներից մեկը բարձրացնում է Սուրբ Ավետարանը,
իսկ դպիրները երգում են Երեքսրբյան Օրհնությունն ըստ օրվա խորհրդի.
 
Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ, ... ... ... , ողորմիր մեզ:
 
Խաչի, Եկեղեցու, Սրբերի տոներին և Պահոց օրերին. – ... որ խաչվեցիր մեր համար ... :
Հարության Զատկի, Հինանց, Կիրակնամուտի և Կիրակի օրերին. – ... որ հարություն առար մեռելներից ... :
Տիրոջ Ծննդյան և Հայտնության օրերին. – ... որ ծնվեցիր ու հայտնվեցիր ... :
Տնօրենության, Ավետման տոներին. – ... որ մարմնացար մեր համար ... :
Տյառնընդառաջին, Ծաղկազարդին և Ավագ ԲՇ., ԳՇ., ԴՇ., ԵՇ. օրերին. – ... որ եկար և գալու ես ... :
Համբարձման. – ... որ փառքով համբարձար Հոր մոտ ... :
Հոգեգալստյան. – ... որ եկար և հանգչեցիր Առաքյալների վրա ... :
Վարդավառին. – ... որ հայտնվեցիր Թաբոր լեռան վրա ... :
Վերափոխման. – ... որ եկար վերափոխելու Քո Մորը և Կույսին ... :
 
ՔԱՀԱՆԱՆ
 
ծածուկ
 
Աստված Սուրբ, որ Սրբերի մեջ ես բնակվում, և երեքսրբյան ձայնով սերովբեները գովում են Քեզ, քերովբեները՝ փառաբանում, և բոլոր երկնային զորությունները երկրպագում են Քեզ. որ անգոյությունից գոյության բերեցիր բոլոր արարածներին. որ ստեղծեցիր մարդուն Քո պատկերով և նմանությամբ, Քո բոլոր շնորհներով նրան զարդարեցիր, և սովորեցրեցիր նրան հետամուտ լինել իմաստությանն ու զգոնությանը. և չանտեսեցիր մեղանչածին, այլ՝ փրկության ապաշխարությունը հաստատեցիր նրա համար. որ արժանացրեցիր մեզ՝ նվաստացած ու անարժան ծառաներիդ, այս ժամին կանգնել Սրբությանդ Սեղանի փառքի առաջ, և օրինավոր երկրպագություն և փառաբանություն մատուցել Քեզ: Դու, Տեր, մեղավորներիս բերանից ընդունիր Երեքսրբյան Օրհնությունը և պահիր մեզ Քո քաղցրությամբդ. ներիր մեզ մեր բոլոր հանցանքները, կամովին գործված լինեն դրանք, թե ակամա. սրբիր մեր հոգին, միտքը և մարմինը. և շնորհիր սրբությամբ ծառայել Քեզ մեր կյանքի բոլոր օրերում, բարեխոսությամբ Սրբուհի Աստվածածնի և Քո բոլոր Սրբերի, որոնք ի հավիտենից Քեզ բարեհաճո եղան: Որովհետև Սուրբ ես, Տեր Աստված մեր, և Քեզ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
Տեր Աստված մեր, Քո ծառաների բազկատարած աղաչանքները վերընդունիր և ողորմիր ըստ Քո մե՜ծ ողորմության: Քո գթությունն առաքիր մեր վրա և ողջ ժողովրդի, որն ակնկալում է Քեզնից առա՜տ ողորմությունդ:
 
բարձրաձայն
 
Քանի որ Դու, Աստված լինելով, ողորմած և մարդասեր ես, և Քեզ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
կարդում է Մեսեդին ըստ օրվա պատշաճի,
ապա ընթերցում է այդ օրվա հատվածը Առաքելական Նամակներից,
որի ավարտին ասում է.
 
Ալելուիա, Ալելուիա, Ալելուիա: ... ... ...
Ալելուիա: Ոտքի՛:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Խաղաղությո՜ւն բոլորին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Նաև քո հոգուն:
Երկյուղածությա՛մբ լսեք:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանն ըստ Մատթեոսի (կամ՝ Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի):
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Փա՜ռք Քեզ, Տեր Աստված մեր:
Ուշադրությո՛ւն:
Աստծո խոսքն է:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է:
(ընթերցում է Ավետարանի հատվածը)
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Փա՜ռք Քեզ, Տեր Աստված մեր:
 
ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
 
Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի ու երկրի, տեսանելիների ու անտեսանելիների Արարչին:
Եվ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, Հայր Աստծուց ծնվածին [որպես] Միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ո՛չ թե արարված, այլ՝ ծնված: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, որով ամեն ինչ ստեղծվեց երկնքում և երկրի վրա, տեսանելիներն ու անտեսանելիները: Որ մեր՝ մարդկանցս, և մեր փրկության համար, իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգու զորությամբ: Որի միջոցով վերցրեց մարմին, հոգի և միտք, և ամեն ինչ, որ կա մարդու մեջ, ճշմարտապե՛ս, և ո՛չ թե սոսկ երևութապես: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք, բազմեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռյալներին: Որի թագավորությանը չկա վախճան:
Հավատում ենք նաև անստեղծ և կատարյալ Սուրբ Հոգուն: Որ խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանների մեջ: Որ իջավ Հորդանան, քարոզեց հանձինս Առաքյալների և բնակվեց Սրբերի մեջ:
Հավատում ենք նաև միայն Մեկ, Ընդհանրական և Առաքելական, Սուրբ Եկեղեցու: Մեկ Մկրտության՝ ապաշխարության և մեղքերի քավության ու թողության համար: Մեռելների հարությանը: Հոգիների ու մարմինների հավիտենական դատաստանին: Երկնքի Արքայությանը և հավիտենական կյանքին:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
բարձրաձայն
 
Եվ մենք փառավորենք Նրան, Ով բոլոր հավիտյաններից առաջ է, երկրպագելով Սուրբ Երրորդությանը և Մեկ Աստվածությանը Հոր և Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ծածուկ
 
Տեր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ մեծ ես ողորմությամբդ, և առատ՝ Քո բարերարությանդ պարգևներով. որ Դու Քո կամքով, մեր մեղքերի պատճառով, այս ժամին համբերեցիր չարչարանքների, խաչի և մահվան, և առատորեն պարգևեցիր Սուրբ Հոգուդ պարգևները երանելի Առաքյալներին. մեզ նույնպես հաղորդակից դարձրու – Տե՜ր, աղաչում ենք Քեզ – աստվածային պարգևներիդ՝ մեղքերի թողությանը և Սուրբ Հոգուդ ընդունելությանը:
 
բարձրաձայն
 
Որպեսզի արժանավոր լինենք գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Խաղաղությո՜ւն բոլորին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Նաև քո հոգուն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Երկրպագենք Աստծուն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Քո առաջ, ո՜վ Տեր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Քո՛ խաղաղությամբ, Քրիստոս Աստված մեր, որ բոլոր մտքերից ու խոսքերից վեր է, ամրապնդիր մեզ և անվախ պահիր բոլոր չարիքներից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, որոնք հոգով և ճշմարտությամբ են Քեզ երկրպագում: Քանի որ Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Օրհնյա՜լ Տեր մեր Հիսուս Քրիստոս:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն: Օրհնի՜ր, Տեր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Տեր Աստված թող օրհնի բոլորին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։