Սրբերն ու Երանելիները Ամենասուրբ Հաղորդության մասին – Գրադարան – Mashtoz.org

Սրբերն ու Երանելիները Ամենասուրբ Հաղորդության մասին

([1])

 

Մեր մարմինները նույնպես, երբ ստանում են Ամենասուրբ Հաղորդությունը, այլևս ապականացու չեն, քանի որ ունեն հավիտենական հարության հույսը:

Սբ. Իրենեուս Լուգդունացի (130-202)

 

Որպեսզի, հետևաբար, դառնանք այդպիսին [միայն մեկ մարմին Քրիստոսի հետ], հաղորդվե՛նք այդ Մարմնին. իսկ դա կատարվում է այն կերակուրի միջոցով, որը Նա պարգևել է մեզ, կամենալով ցույց տալ մեզ այն սերը, որ տածում է մեր հանդեպ: Նա խառնվեց մեզ և Իր Մարմինը միահյուսվեց մեր մարմինների հետ, որպեսզի միայն մեկ էակ լինեինք:

Սբ. Հովհան Ոսկեբերան (344/354-407)

 

Բոլոր քայլերը, որ մարդն անում է Սուրբ Պատարագի մասնակցելու գնալու համար, Հրեշտակի կողմից հաշվվում են, և Աստծուց [դրանց փոխարեն] գերագույն պարգևներ են տրվելու այս կյանքում և հավիտենության մեջ:

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430)

 

Ամենասուրբ Հաղորդությունը դա այն սերն է, որ գերազանցում է բոլոր սերերին երկնքում և երկրի վրա:

Սբ. Բեռնարդոս (1090-1153)

 

Նա [Հիսուսը] Վեհագույն Հոր գրկից ամեն օր իջնում է Խորանի վրա, քահանայի ձեռքերի մեջ, և ինչպես որ Սուրբ Առաքյալներին հայտնվեց ճշմարիտ մարմնի մեջ, այնպես էլ այժմ հայտնվում է մեզ Սրբազան Հացի մեջ:

Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացի (1181/1182-1226)

 

Այս Խորհուրդը մեզ փոխակերպում է Քրիստոսի Մարմնին, այնպես, որ դառնում ենք ոսկոր Իր ոսկորներից, մարմին Իր Մարմնից, անդամ Իր անդամներից:

Սբ. Ալբերտ Մեծ (1206-1280)

 

[Աստվածասեր] հոգին, ճաշակելով Ամենասուրբ Հաղորդությունը, բռնկվում է այնպիսի ջերմեռանդությամբ, որ որևէ գաղջություն ու մարմնասիրություն կործանելով՝ միանում է այս կերակուրին միայն, փոխակերպվելով նրան, և այդ ժամանակ զգում է, որ քաղցր է Տերը, փորձառությամբ զգում է, որ Նրա Հոգին ավելի քաղցր է, քան մեղրը:

Սբ. Բոնավենտուրա (1217/1221-1274)

 

Ինչպես որ մարմնական կերակուրը անհրաժեշտ է կյանքի համար, այն աստիճան, որ առանց դրա անհնարին է ապրել, [...] նմանապես՝ հոգևոր կերակուրն է անհրաժեշտ հոգևոր կյանքի համար, այնպես, որ առանց դրա հնարավոր չէ պահպանել հոգևոր կյանքը:

Սբ. Թովմա Աքուինացի (1225-1274)

 

[Տեր Հիսուս Քրիստոսը կամուրջ է Աստծո և մարդկանց միջև:] Կամուրջը կառուցված է ողորմության շաղախով, և նրա վրա գտնվում է Սուրբ Եկեղեցու պարտեզի փուռը, որը պահպանում ու բաշխում է Կյանքի Հացը և ըմպել է տալիս Արյունը, որպեսզի մարդիկ՝ պանդուխտ անցորդները, հոգնած, ճանապարհին ուժասպառ չլինեն: Սրա համար է Հայր Աստծո սերը տնօրինել, որ նրանց տրվեն Մարմինն ու Արյունը Իր Միածին Որդու, Ով ամբողջովին Աստված է և ամբողջովին մարդ:

Ո՜վ [Հիսուս], Սիրո Խելագար, Քեզ բավական չեղավ մարդանալը, այլ՝ կամեցար նաև մեռնել: [...] Քո ողորմությունն եմ տեսնում, որ հարկադրում է Քեզ է՛լ ավելին տալու մարդուն, այսինքն՝ թողնել Քեզ որպես կերակուր, որպեսզի մենք՝ տկարներս, մխիթարություն գտնենք, և հիշողությունը կորցրած տգետներս չկորցնենք Քո բարեարարությունների հիշատակը:

[Սրբուհի Կատարինեն, եթե մի քանի օր մնում էր առանց Ամենասուրբ Հաղորդության, տրտմությամբ լի հոգով մոտենում էր իր հոգևոր առաջնորդ քահանային ու ասում.] Հա՜յր իմ հոգու, սովա՜ծ եմ:

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380)

 

Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան Սուրբ Ընթրիքին հրավիրված ես ինչպես մի մուրացիկ՝ հարուստի կողմից, և չես կարող փոխհատուցել սույն բարեգործությանը, եթե ոչ միայն՝ խոնարհվելով ու երախտագիտություն հայտնելով: Դու արա՛ այն, ինչ կարող ես, ջանասեր խնամքով. ո՛չ սովորությունից մղված, և ո՛չ էլ ստիպված, այլ՝ երկյուղով, մեծարանքով ու սիրով ընդունիր սիրեցյալ Տեր Աստծուդ Մարմինը: [Լսի՛ր Քրիստոսի ձայնը, Ով քեզ ասում է.] «Ես ինքս կանչեցի քեզ և ես ինքս պատվիրեցի քեզ կատարել սա. ես ինքս կլրացնեմ այն, ինչ պակասում է քեզ: Ե՛կ, ընդունիր ինձ»:

Թովմա Գեմբացի (1380-1471), «Գիրք Նմանության Հիսուս Քրիստոսի»

 

Դուք ինձ ընդդիմախոսում եք բոլոր այն պատճառաբանություններով, որոնք ինձ ընդհակառակն՝ է՛լ ավելի են համոզում ընդունելու Ամենասուրբ Հաղորդությունը ամեն օր: Իմ ցրվածությունը մեծ է, և Հիսուսի հետ ես սովորում եմ ամփոփվել: Աստծուն վշտացնելու առիթները բազմաթիվ են, և ես ամեն օր Իրենից ստանում եմ դրանցից խուսափելու ուժը: Մտքի լույսերի ու խոհեմության կարիքն ունեմ՝ մեծապես դժվարին գործեր ի կատար ածելու համար, և ամեն օր կարող եմ խորհրդակցել Հիսուսի հետ Ամենասուրբ Հաղորդության մեջ. Նա իմ մեծագույն Ուսուցիչն է:

Սբ. Թոմաս Մոռ (1478-1535)

 

Հավատքի և սիրո մեծ ոգով մերձենանք Սրբազնասուրբ Խորհրդին. և, կարծում եմ, միայն մեկ Հաղորդությունն արդեն բավական է մեզ հարստացնելու համար: Եվ ի՞նչ կարող ենք ասել բազմաթիվ Հաղորդությունների մասին: Թվում է, թե Տիրոջը մերձենում ենք սոսկ արարողակարգի համար. ահա՛ թե ինչու սակավ արդյունք ենք քաղում: Ո՜վ թշվառ աշխարհ, որ կուրացնում ես նրան, ով իր հայացքը դեպի քեզ է ուղղում, [...] որպեսզի չթողնես նրան տեսնել այն գանձերը, որոնք կարող էր ունենալ Աստծո մեջ:

Սբ. Թերեզա Ավիլացի (1515-1582)

 

Ցորենի հացը, որ սնուցում է մեր մարմինները, հոգնատանջ աշխատանքով չի պատրաստվում սոսկ այն նպատակով, որպեսզի նայենք նրան. այն պատրաստվում է ուտելու համար: Նմանապես Կյանքի Հացը, Հրեշտակների Հացը, չի ներկայացվում միմիայն մեր պաշտամունքին և մեր երկրպագությանը, այլ՝ տրվել է մեզ որպես կերակուր: Գնա՛նք, ուրեմն, և այս կերակուրով սնուցենք և կազդուրենք մեր հոգիները:

Սբ. Ռոբերտ Բելլարմինո (1542-1621)

 

Երբ հիվանդներն ընդունում են Ամենասուրբ Հաղորդությունը, մենք նրանց հորդորում ենք հոգու աչքերով հայել Տիրոջը, Նրանից ներում հայցել, և Նրան այլևս երբեք չվշտացնելու շնորհը: Պատարագից անմիջապես հետո եկող ժամանակը ամենանպաստավորն է Աստծուց շնորհներ հայցելու համար:

Սբ. Քամիլլո դե'Լելլիս (1550-1614)

 

Ամենասուրբ Հաղորդությանը հետևող րոպեները ամենաթանկարժեք պահերն են, որ մենք ունենք մեր կյանքում. ամենահարմար պահերն են, մեր կողմից՝ Աստծո հետ զրուցելու համար, իսկ Աստծո կողմից՝ Իր սերը մեզ հաղորդելու համար:

Սբ. Մարիա Մագդաղենա դե'Պացցի (1566-1607)

 

Միայն մեկ լավ կատարված Հաղորդությունն անգամ ի զորու է մեզ սուրբ ու կատարյալ զգացնելու:

Սբ. Ֆրանցիսկոս Սալեզացի (1567-1622)

 

Ես կարողությունը չունեմ արտահայտելու ո՛չ զորությունը, ո՛չ էլ քաղցրությունը այն միության, որով հոգիս միանում է Մեր Տիրոջը, գլխավորապես Ամենասուրբ Հաղորդության միջոցով: Եվ, ինչպես պատահում էր սովորաբար, [Սուրբ Պատարագից] հետո ես գնում էի եղբորս գործերը կատարելու, բայց ո՛չ փողոցների ժխորը, ո՛չ էլ գործերը, որոնցով զբաղվում էի, չէին կարողանում տարանջատել ինձ այն ներքին կապից, որ ես ունեի Աստվածության հետ: Ես ինձ զգում էի հոգուս խորքում Աստծո Միությամբ լցված, շնորհիվ Սիրո այս Խորհրդի:

Եր. Մարի Գույար (1599-1672)

 

Մոտեցեք Սրբազան Ընթրիքին այն նույն տրամադրությամբ, որը կցանկանայիք ունենալ Երկնքի Արքայություն մտնելու համար: Չպետք է նվազ հարգանք ունենանք Հիսուս Քրիստոսին ընդունելու ժամանակ, քան այն, որն ակնկալում ենք Նրա կողմից մեր ընդունելության ժամանակ:

Սբ. Ժան Բապտիստ դը Լա Սալ (1651-1719)

 

Արդ, եթե նա [Սիմեոն ծերունին], Աստվածորդուն իր գրկում պահելով ցնծում էր, որքա՜ն ևս առավել պետք է մենք ուրախությամբ լցվենք, երբ Ամենասուրբ Հաղորդության միջոցով ընդունում ենք Քրիստոսին, քանի որ ո՛չ թե մեր գրկի, այլ՝ մեր սրտի մեջ ենք ընդունում Նրան:

Մտածիր Քրիստոսի անհուն սիրո մասին, որը Նա ցուցաբերում է քրիստոնյաների հանդեպ, քանի որ Մարմնի ու Արյան Խորհուրդը հաստատելով՝ կամեցել է անդադար ներկա լինել և լսել մեր աղերսանքները, ճաշակված լինել մեր կողմից և բնակվել մեր մեջ, և միավորել մեզ Իրեն, վճարել մեր պարտքերը և առատորել հեղել Իր շնորհները: Հինգ «Ողջույն» և հինգ «Հայր մեր» ասա՛ ի պատիվ Քրիստոսի հինգ վերքերի, և խնդրի՛ր սրտի մաքրությունը, և տենչա՛ միշտ սրտիդ մեջ կրել Նրան:

 

[Կիրակի]. Արդ, մինչ մասնակցում ես Պատարագին, պատկերացրո՛ւ Քրիստոսին իբրև լուսափայլ Արեգակը, որ փառքով բազմել է Սուրբ Սեղանին, և ասա՛. «Ո՜վ Ճառագայթ Հոր և անմատչելի Լույս, լուսավորի՜ր ինձ և արժանի՜ արա փառավոր հարությանը»:

[Երկուշաբթի]. Պատկերացրո՛ւ [Քրիստոսին] իբրև գեղեցկագունեղ սիրող Փեսա, և ասա՛. «Ո՜վ Հոր փառքի Լույս և Նրա Էության Նկարագիր, միավորի՜ր ինձ Քո հետ, իմ կամքը՝ Քո կամքի հետ, և միշտ սիրով միավորվա՜ծ պահիր ինձ Քո հետ»:

[Երեքշաբթի]. Պատկերացրո՛ւ [Քրիստոսին] իբրև Քաջ Հովիվ, որ միշտ նախախնամելով հովվում ու կառավարում է քեզ, և ասա՛. «Տերը կհովվի ինձ և ինձ ոչինչ չի պակասի»:

[Չորեքշաբթի]. Պատկերացրո՛ւ Հիսուսին իբրև ճարտար Բժիշկ, որ բժշկում է քո բոլոր հիվանդությունները, և ցույց տուր Նրան հոգուդ բոլոր հիվանդություններն ու ցավերը, և ասա՛. «Բժշկի՜ր ինձ, Տեր, և ես կբժշկվեմ, քանի որ Քոնն եմ ես, ո՜վ Տեր հոգեսեր»:

[Հինգշաբթի]. Պատկերացրո՛ւ Տիրոջ Մարմնի ու Արյան Խորհուրդը իբրև Երկնային Մանանան, որ ունի ամեն համ ու քաղցրություն, և իբրև Հրեշտակների Հացը, և ասա՛. «Ո՜վ Հաց կենդանի, հագեցրո՜ւ ինձ Քո քաղցրությամբ, և այնպես արա՜, որ երկրային բոլոր բերկրանքները դառը լինեն իմ համար, և կյա՜նք տուր ինձ այս Հաղորդությամբ, ըստ Քո անսուտ խոստման, թե՝ Ով ուտի իմ մարմինը, կապրի հավիտյան»:

[Ուրբաթ]. Պատկերացրո՛ւ Քրիստոսին իբրև Անարատ Գառը, որ մորթվել է Սուրբ Սեղանի վրա և որի Վերքերն ու Ամենասուրբ Արյունն աղաղակում են դեպի երկինք առ Աստված և թողություն են հայցում մեղքերիդ համար: Պատկերացրո՛ւ, որ [Սուրբ Սեղանն] ամբողջովին ներկվել է քո Փեսայի տերունական Արյամբ, որն իբրև հաշտարար զոհ՝ ընծայվում է Երկնավոր Հորը:

[Շաբաթ]. Պատկերացրո՛ւ Քրիստոսին իբրև Հրավիրող, որ կանչում է քեզ Իր մոտ՝ ասելով. «Արի՛ իմ մոտ, ո՜վ զավակ իմ, և ճաշակի՛ր իմ Մարմինն ու Արյունը, քանի որ հանուն քո սիրո հաստատեցի այս Խորհուրդը: Վերցրո՛ւ ինձ քո սրտի մեջ և զմայլվի՛ր իմ անհուն քաղցրությամբ»:

 

Այսպես [Մոգերի նման] նաև մենք, մանկացյալ Հիսուսին, Ով ամեն օր երևում է մեզ ո՛չ միայն արտաքին պատկերով, այլ նաև՝ մեր առջև տեսանելի է Սուրբ Պատարագի միջոցով, պետք է երկրպագենք սրտի ճշմարտությամբ՝ ընծայելով սիրո ոսկին, աղոթքի խունկը և Քրիստոսի չարչարանքների մասին մտածության զմուռսը: Սրանք են մեծ և Նրան հաճելի նվերները:

Աստծո Ծառա, Երանաշնորհ Մխիթար Սեբաստացի Աբբահայր (1676-1749)

 

Բազմաթիվ քաղցրություններ եմ ճաշակել Ամենասուրբ Հաղորդության մեջ: Սիրելին իմ Աստված տալիս էր ինձ հեղյալ ճանաչողությունն այն բերկրանքի, որ ունենալու է հոգին, երբ կտեսնենք Նրան դեմ առ դեմ:

Սբ. Պողոս Խաչի (1694-1775)

 

Ո՜վ Հիսուս իմ, այս ի՜նչ սիրալի մտահղացում է երբևէ եղել այս Սրբազնասուրբ Խորհուրդը, որ թաքնվում ես հացի արտաքին կերպարանքի ներքո՝ Քեզ սիրել և գտնել տալու համար նրանց, ովքեր Քեզ կամենում են սիրել և գտնել:

Ո՜վ Տեր Հիսուս, որ իսկապես ներկա ես Խորանի Խորհրդի մեջ, գիշեր ու ցերեկ սպասելով մեզ, լի բարությամբ ու սիրով, դեպի Քեզ կանչելով և ընդունելով բոլոր նրանց, ովքեր գալիս են այցելելու Քեզ, ես հաստատապես հավատում եմ Քո այս ներկայությանը, պաշտում եմ Քեզ իմ խեղճությանս անդնդի խորքից:

Սբ. Ալֆոնսոս Մարիա դե'Լիգուորի (1696-1787)

 

Երանի՜ նրանց, ովքեր այսօր ստացել են Քեզ, ո՜վ Հիսուս, Ամենասուրբ Խորհրդի մեջ: Բախտավոր են Եկեղեցու պատերը, որոնց ներսում պահպանվում է իմ Հիսուսի Մարմինը: Երանելի՜ են Քահանաները, որ միշտ մոտ են ամենասիրելի Հիսուսին:

Սբ. Մարիա Ֆրանցիսկա Հինգ Վերքերի (1715-1791)

 

Ես պետք է հաղորդվեմ Քեզ, ո՜վ Հիսուս, որ ներկա ես Ամենասուրբ Հաղորդության մեջ, ի՛նչ վիճակում էլ գտնվելու լինեմ, հոգեկան ցամաքության, վշտի կամ փորձության մեջ, բավական է, որ ես ներկայանամ Քեզ՝ սփոփանք ու մխիթարություն գտնելու համար: [...] Երբ հայտնվում եմ գաղջության մեջ, բավական է, որ հայացքս դեպի Քեզ ուղղեմ, որ Քո Խորհրդի մեջ մարդկանց պարգևում ես մի այսքա՜ն գորովալի սեր:

Սբ. Մագդաղենա Դի Քանոսսա (1774-1835)

 

Մի Պատարագը շա՜տ ավելի արժե, քան մի շաբաթվա աշխատանքն ու հաշիվները: Ամեն բան պետք է այնտեղից բխի. օ՜հ, օրհնյալ է նա, ով ամեն օր մասնակցում է Պատարագի:

Սբ. Հովսեփ Բենեդիկտոս Քոտթոլենգո (1786-1842)

 

Երբ հեռվից մի զանգակատուն եք տեսնում, դուք կարող եք ասել. Այնտեղ ներկա է Հիսուսը, որովհետև այնտեղ մի Քահանա մատուցել է Սուրբ Պատարագը:

Սբ. Ժան-Մարի Բապտիստ Վիաննեյ (1786-1859)

 

Այցելություն տվեք Ամենասուրբ Խորհրդին, երբ կարող եք, և հեռու մի՛ մնացեք Հաղորդությունից: [...] Մոռացության մի՛ մատնեք այցելությունը Ամենասուրբ Հաղորդությանը, որի կարիքն ունեք: [...] Հարատև այցելություն տվեք Ամենասուրբ Հաղորդությանը, որը միակ մխիթարությունն է թշվառությունների այս հովտում:

Եր. Պիուս Իններորդ Պապ (1792-1878)

 

Ամենասուրբ Հաղորդության մեջ Հիսուսը Սիրո տիպար օրինակն է. քանի որ մեր հանդեպ Իր վիթխարի սերը մղեց Նրան հաստատելու այս Խորհուրդը և նրանում անդադար ներկա լինելու՝ մեր մխիթարության, օգնության համար, նեցուկ լինելու համար մեզ, զոհելով Իր Անձը ամբողջությամբ, [...] արդ, ի՞նչ կարող ենք անել մենք Իրեն նմանվելով: Սիրե՛նք Հիսուսին, սիրե՛նք մերձավորին, աղքատներին, նեղության մեջ գտնվողներին, հիվանդներին, որոնք Հիսուսի եղբայրներն են յուրահատուկ ձևով. սիրե՛նք նաև նրանց, ովքեր հակառակվում են մեզ:

Եր. Լյուդովիկոս Բիրագի (1801-1879)

 

Երբ հաղորդվում ենք, մենք բոլորս ստանում ենք միևնույն Տեր Հիսուսին, բայց բոլորս միևնույն շնորհները չենք ստանում և Նա ո՛չ բոլորիս հոգիներում է միևնույն արդյունքները հասունացնում: Դրա պատճառը մեր առավել կամ նվազ տրամադրվածությունն է: Այս իրողությունը ձեզ բացատրելու համար մի օրինակ կբերեմ բնությունից. պատվաստումը: Որքան ավելի են բույսերը նմանվում միմյանց, այնքան ավելի հաջող է ստացվում պատվաստումը: Նմանապես, որքան ավելի մեծ նմանություն կլինի հաղորդվողի և Հիսուսի միջև, այնքան ավելի հաջող կլինեն Ամենասուրբ Հաղորդության արդյունքները:

Սբ. Անտոնիո Մարիա Քլարեթ ի Քլարա (1807-1870)

 

Տե՜ր Հիսուս, [...] թող որ ես կարողանամ իմ ինքնազոհաբերմամբ դառնալ Քո պատարագմանդ գահի պատվանդանը: Ամենասուրբ Հաղորդությունը դա անցյալ, ներկա և ապագա Հիսուսն է:

Սբ. Պիեռ Ժուլիեն Էյմար (1811-1868)

 

Ամենասուրբ Հաղորդությունից հետո առնվազն տասնհինգ րոպե աղոթքի մեջ մնացեք՝ շնորհակալություն հայտնելով ստացած շնորհի համար: Հարգանքի մեջ ծանր թերացում կլիներ, եթե Հիսուսի Մարմինը-Արյունը-Հոգին-Աստվածությունը ստանալուց ընդամենը մի քանի րոպե հետո մեկը դուրս գար եկեղեցուց, կամ իր տեղը մնալով հանդերձ՝ սկսեր ծիծաղել, շատախոսել, դատարկ հայացքով այս ու այն կողմ նայել:

Սբ. Հովհաննես Բոսկո (1815-1888)

 

Խորին խոնարհությամբ երկրպագիր քո համար Խոնարհվածին, Ով ահա՛ քո մոտ է՝ տառապած ու հողմակոծ սրտիցդ ներս մտնելու և այնտեղ օթևանելու համար, և որպես նշան մեծ գոհության՝ բարձրացրու Սրբությունն ի տես ներկաների, կամենալով բարձրացնել Նրան ի տես բոլոր արարածների, բոլորին միահամուռ կանչելով մեկառմեկ երկրպագելու օրհնյալ ու փառավորյալ Երեք Անձերին [...] : Իսկ որպես նշան պատարագված Քրիստոսի հանդեպ ունեցած աներկմիտ հավատքիդ և հույսիդ, [...] ազդարարիր և հորդորիր պատրաստվածներին՝ մոտենալ Սեղանին և ճաշակել կենդանարար Խորհրդից, որն այժմ քավություն և թողություն է մեղքերի, իսկ ապագայում՝ հարություն և կյանք հավիտենական:

Հայր Ղևոնդ Ալիշան (1820-1901)

 

Ամենասուրբ Հաղորդության հանդեպ ջերմեռանդությունն ամենաազնվականն է, որովհետև իրեն որպես նպատակ ունի Աստծուն. ամենաօգտակարն է հոգուն, որովհետև մեզ հաղորդության մեջ է դնում շնորհի Հեղինակի հետ. ամենահոգեթովն է, որովհետև քաղցր է Տերը. [...] եթե Հրեշտակները կարողանային նախանձել, կնախանձեին մեզ Ամենասուրբ Հաղորդության համար:

Սբ. Պիուս Տասներորդ Պապ (1835-1914)

 

Ամենասուրբ Հաղորդության մեջ Քրիստոսին տրված յուրաքանչյուր այցելություն և Իր ներկայությանն ուղղված յուրաքանչյուր հայեցողություն վերադարձ է մեր ճշմարիտ իրականությանը, մեր ապագա վերջնական ճակատագրին. նախաճաշակն են երկնային երանության, ուր մեր էությունը բնակվելու է Աստծո մեջ և մեր հայացքը ձուլվելու է Իր հայացքի հետ:

Սբ. Մարիա Դոմենիկա Մացցարելլո (1837-1881)

 

Սուրբ Պատարագներն անդադար մատուցվում են երկրագնդի այս կամ այն կետում: Ես ինձ միավորում եմ բոլոր այդ Պատարագներին, հատկապես գիշերվա ընթացքում, երբ երբեմն պատահում է, որ չեմ կարողանում քուն մտնել:

Սբ. Բեռնարդեթ Սուբիրու (1844-1879)

 

Շտապե՜նք, ուրեմն, դուստրեր իմ, հաճա՜խ այցելենք Տապանակին, ինչպես ծարաված եղջերուն է վազում դեպի զուլալ ջրերի կենդանի աղբյուրը:

Սբ. Ֆրանցիսկա Սավերիո Քաբրինի (1850-1917)

 

Երբ ցավն ու վիշտը պատում են մեզ, երբ նեղության մեջ հայտնված հոգին ընկղմվում է տրտմության մեջ, Սուրբ Նշխարի առաջ հավատքով և սիրով երկրպագություն կատարելը նշանակում է կազդուրվել և ամրապնդվել կյանքի քայլքի մեջ, որն հաճախ այսքա՜ն դժվարին է: Որքա՜ն կուզենայի, որ մի եկեղեցի անգամ չլիներ, դեպի ուր, կեսօրին, երեկոյան կողմ, չշտապեր մարդկանց մի հոծ բազմություն՝ Հիսուսին Ամենասուրբ Հաղորդության մեջ այցելելու համար:

Եր. Անդրեաս Կարլոս Ֆերրարի (1850-1921)

 

Այն իննը ամիսների ընթացքում, որ Սուրբ Կույսը կրեց քեզ իր արգանդում, նրան ավելի մոտիկ չէիր, քան ինձ, երբ ճաշակում եմ Քեզ Ամենասուրբ Հաղորդության մեջ:

Սբ. Շառլ դը Ֆուքո (1858-1916)

 

Կարիքն ունենք Հիսուս Քրիստոսի: Կարիքն ունենք Հիսուսի: Եվ Հիսուսի կարիքն ունենք ամե՛ն օր. և ո՛չ թե մեզնից դուրս, այլ՝ մեր մեջ, և ո՛չ միայն հոգեպես, այլ՝ խորհրդական կերպով նյութապես: [...] Միմիայն այսպես է, որ միայն մեկ սիրտ կձևավորենք մեր եղբայրների՝ Հիսուսի աղքատների հետ: Բավական չէ մտածել նրանց նյութական հաց տալու մասին: Նյութական հացից առաջ պարտավոր ենք մտածել նրանց Հավիտենական Կյանքի Հացը տալու մասին, որը Ամենասուրբ Հաղորդությունն է:

Սբ. Լյուդովիկոս Օրիոնե (1872-1940)

 

Իր Առաջին Հաղորդության մասին. «Այդ օրն այլևս մի հայացք չէր, այլ՝ միաձուլում. այլևս երկու հոգի չէին, Թերեզան անհետացել էր՝ ինչպես կաթիլը օվկիանոսում»:

Ամենասուրբ Հաղորդության առաջ. «Ա՜հ, Հիսո՜ւս, թույլ տուր ինձ ասել, երախտագիտությանս գերառատության մեջ, թույլ տուր ինձ ասել, որ Սերդ խելագարության աստիճանի է հասնում»:

Աղոթք-տաղ Հաղորդությունից առաջ. «Դո՜ւ, որ ճանաչում ես փոքրկությունս հետին, / անպատվություն չես համարում խոնարհվելն իմ մոտ: / Ե՜կ սիրտս, ձյունափա՜յլ Նշխար, Սե՜ր իմ, / ե՜կ սիրտս, որ հյուծվում է առանց Քեզ: / Ա՜հ, կուզենայի, որ ըստ բարությանդ անվերջ, / թողնեիր ինձ մեռնել սիրո մեջ՝ այս շնորհից հետո: / Հիսո՜ւս, ընդունի՜ր սիրույս պաղատանքը, / ե՜կ, բնակվի՜ր սրտիս մեջ»:

Սբ. Թերեզա Հիսուս Մանկան (1873-1897)

 

Եթե պատկերացնենք, թե Դրախտն իր համալսարանն ունի, այդ համալսարանում միայն մի բան են սովորում. Սիրել: Վարդապետարանը Տապանակն է, Վարդապետը Հիսուսն է, Վարդապետությունը, որ հարկավոր է սովորել, Իր Մարմինն ու Արյունն են:

Սբ. Ջեմմա Գալգանի (1878-1903)

 

Հոգով սավառնիր Տապանակի առաջ, երբ չես կարող գնալ մարմնով, և այնտեղ արտահայտիր բոլոր սիրավառ իղձերդ և գրկախառնվիր հոգիների Սիրեցյալի հետ: [...] Եթե մարդիկ հասկանային Սուրբ Պատարագի արժեքը, յուրաքանչյուր Պատարագի ժամանակ հարկավոր կլիներ, որ ոստիկանները միջամտեին՝ եկեղեցիների ներսում ամբոխներին կարգուկանոնի մեջ պահելու համար:

Սբ. Պիուս Պիետրելչինացի (1887-1968)

 

Ստացիր Հիսուսին Ամենասուրբ Հաղորդության մեջ և ընդունիր ամեն բան Իր ձեռքերից՝ հոգու այն նույն խոնարհ դիրքորոշմամբ, որով Սուրբ Կույս Մարիամն ընդունեց Նրան Ավետման պահին. «Ահա՛, ես Տիրոջ աղախինն եմ, թող որ կատարվի ինձ խոսքիդ համաձայն»:

Սբ. Մաքսիմիլիան Մարիա Քոլբե (1894-1941)

 

Հավատքը [...] կաթողիկեի վահանն է և խարիսխը, սա՛ է մեր հաղթանակը, մեր նվաճումը: [...] Ամենասուրբ Հաղորդությունը մեր հոգիների աստվածային սնունդն է, որ հենց սա՛ է իրականացնում: Մեզ աճել է տալիս սիրո և շնորհի մեջ, մեզ պատրաստում է Քրիստոսի հետ մնայուն միության կյանքի, և Նրա միջոցով՝ մեզ առաջնորդում է Ամենասուրբ Երրորդության հետ միությանը:

Ամենասուրբ Հաղորդությունը՝ խորհուրդներից ամենամեծն ու ազնվագույնը, Աստծո հետ միության Խորհուրդն է, բայց նաև Խորհուրդն է մեր նմանների հետ միության: Սա մեծ ուժ ունեցող հոգևոր եղբայրություն է: Արտաքին ո՛չ մի տարբերություն՝ ցեղի, մշակույթի և նյութական չափանիշների, չի խոչընդոտում նրա գործադրմանը: Դառնում ենք զավակները միևնույն ընտանիքի, մերձենալով միևնույն սեղանին և ուտելով մեր ընդհանուր կերակուրը, կյանքի ու սիրո միևնույն աղբյուրից: Իմ թանկագին ընկերներ, կարծում եմ բոլորդ համաձայն կլինեք, երբ ասում եմ, որ աշխարհը, այս խեղճ աշխարհը՝ բաժանված ու հակադիր դաշտերի մեջ կազմակերպված, այսօր հուսահատ կարիքն ունի քրիստոնեական եղբայրության այս գաղափարականի:

[Ամենասուրբ Հաղորդության] Խորհրդի մեջ ներկա Հիսուսը Արևն է, ամեն բան պտտվում է Նրա շուրջը. ֆիզիկական արևը լուսավորում է երկրագնդի բոլոր վայրերը, նպաստում է կյանքի զարգացմանը, բերկրանքով ու բանաստեղծությամբ է լցնում մարդկանց սրտերը՝ իր քաղցր ջերմությամբ և լույսերի անհաշվելի աստիճանավորումներով: Այսպես, Խորհրդի մեջ ներկա Հիսուսը կարող է լուսավորել, ջերմացնել, կենագործել Եկեղեցին, զարգացնել գերբնական կյանքը նրա բոլոր զավակների մեջ:

Բանն Աստված եկավ 19 դար առաջ՝ բնակվելու մեր մեջ, դառնալու մարդկության կենտրոնը, հավաքելու և Իր մեջ միավորելու մարդկանց: [...] Քրիստոսը՝ Բանն Աստված, գտնվում է մարդկության ու դարերի կենտրոնում, ճշմարտության ու կյանքի կենտրոնն է բոլորի համար: [...] Աստծո Որդին, մեր միևնույն մարդկային բնությունը ստանձնելով, մարդկանց ընծայեց  Իր հետ հանդիպման ու միության վայրը: Եվ երբ թվում էր, թե Իր ներկայությունն աշխարհում, մարդկանց մեջ, պետք է ավարտվեր, Նա, թաքնվելով, գրեթե կասեի՝ Մարմնացումը ընդարձակեց ժամանակի ու տարածքի մեջ, բազմապատկեց Իր ներկայությունը բոլոր դարերի ընթացքում, բոլոր վայրերում և բոլոր սրտերի մեջ, այնպես՝ որ Ամենասուրբ Հաղորդությունը դարձավ Մարդացած Բանն Աստծո հետ միության վայրը: [...] Մենք և ողջ աշխարհով մեկ ցրված բոլոր հավատացյալները միևնույն ճակատագիրն ունենք: Մի հեռավոր օր, մեր կյանքի արշալույսին, Հիսուսը մեր սրտերի մեջ մտավ [...] , և այդ օրվանից սկսած, քանի՜ անգամներ է եկել: Ուրախության պահերին և ցավի պահերին ... , ասելու համար մեզ խոսքեր ներման, հույսի և մխիթարության: Այնպես, որ մեր կյանքը հոսում է այս երկու հանդիպումների միջև. Առաջին Հաղորդությունը և Վերջին Հաղորդությունը: [...] Այնժամ Հիսուսի կյանքը դառնում է մեր կյանքը, կամ ավելի ճիշտը՝ մեր կյանքը փոխակերպվում է, վեհանում է, դառնում է Հիսուս Քրիստոսի կյանքը: Այնժամ կազդուրվում, զորանում ու աճում են հոգևոր կյանքի բոլոր ուժերը: Այնժամ իրագործվում է ամենասերտ միությունը Քրիստոսի հետ. և Քրիստոսի մեջ՝ Աստծո հետ և մարդկանց հետ. միություն կյանքի, միություն սիրո:

Աստծո Ծառա Գրիգոր Պետրոս Տասնհինգերորդ Պատրիարք-Կարդինալ Աղաջանյան (1895-1971)

 

Երեկ ստացա Ամենասուրբ Հաղորդությունը և այնքա՜ն երջանիկ եմ ու գոհ, որ ինձ թվում է, թե այլևս երբեք չեմ տխրելու, նույնիսկ դժվարությունների մեջ հայտնվելիս:

Եր. Իվան Մերց (1896-1928)

 

Պետք է, նախևառաջ, սիրենք Սուրբ Պատարագը, որը պետք է լինի մեր օրվա կենտրոնը: Եթե լավագույն կերպով ապրում ենք Պատարագը, ինչպե՞ս է հնարավոր, օրվա մնացած մասի ողջ ընթացքում, չունենալ սեփական միտքն Աստծո մեջ, ցանկությունը չունենալ մնալու Իր ներկայությանը՝ աշխատելու համար այնպես, ինչպես Ինքն էր աշխատում, և սիրելու համար այնպես, ինչպես Ինքն էր սիրում:

Սբ. Յոզեմարիա Էսքրիվա դե'Բալագեր (1902-1975)

 

Ամենասուրբ Հաղորդության առաջ անցկացված Սուրբ Ժամը պետք է առաջնորդի մեզ դեպի աղքատների հետ անցկացվող Սուրբ Ժամը: Մեր Գոհաբանությունը թերի է, եթե չի առաջնորդում դեպի աղքատների հանդեպ սերը, նրանց նկատմամբ հոգատարությունն ու ծառայությունը:

Սբ. Թերեզա Կալկութացի (1910-1997)

 

Ամենասուրբ Հաղորդությունը հաստատվել է, որպեսզի մենք դառնանք եղբայրներ. ծիսակատարվում է, որպեսզի մենք մեկս մյուսի հանդեպ օտարության ու անտարբերության վիճակից անցնենք միության, հավասարության ու ընկերության վիճակի. բաշխվում է, որպեսզի անզգա ու անկարեկից, ինքն իր մեջ բաժանված, եթե ոչ՝ ընդդիմադիր, զանգվածից փոխակերպվենք և դառնանք մի ժողովուրդ, որը միայն մեկ սիրտ ունի և միայն մեկ հոգի:

Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ (1920-2005)

 

Ամենասուրբ Հաղորդությունը սրբության բոլոր կերպերի ակունքն է:

Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապ (1927-2022)

 

Ամենասուրբ Հաղորդությունը կյանքի հաց է մեղավորների համար, այլ ո՛չ թե մրցանակ՝ սրբերի համար: [...] Ամենասուրբ Հաղորդության նպատակը ճանապարհի ընթացքում հոգնածներին ու քաղցածներին կերակրելն է, չմոռանա՛նք սա: [...] Աստծո ծարավն ունենալը մղում է մեզ գնալու Խորանի առաջ:

Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ (1936-)

[1] Եկեղեցու Սուրբ Հայրերը դարերի ընթացքում անդադար խորհրդածել են Սուրբ Պատարագի և Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մասին, մեզ ավանդելով Սուրբ Հոգու իմաստությամբ ու գեղեցկությամբ օծուն մտորումներ և ուսուցումներ: Այստեղ մեջբերում ենք սոսկ մի քանի մտքեր՝ որպես պարզ համտես: Նյութը խորացնել ցանկացողներին խորհուրդ ենք տալիս ընթերցել մեծ եկեղեցագետ ու հոգեկիր Օլիվիե Քլեմանի (1921-2009) մեր կողմից թարգմանված և հրատարակված «Ֆիլոկալիա. Սեր Գեղեցկության» հատորի այն գլուխը, որն ամբողջովին նվիրված է Ամենասուրբ Հաղորդության խորհրդին՝ հետևյալ հղմամբ: Վստահ ենք, որ այդ տողերի ընթերցումն ու աղոթքի ժամանակ խորհրդածումը մեծապես օգտակար կլինի Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մեջ ներթափանցելու և նրա անսպառ շնորհներից հոգևոր իրական օգուտ քաղելու համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։