ԿԱՆՈՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՐԴԻ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ԿԱՆՈՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՐԴԻ (աշխարհաբար)

ԿԱՆՈՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՐԴԻ
 
Երբ քահանան համաձայնվում է լսել հավատացյալների խոստովանությունը,
փորուրար հագած՝ նստում է խոստովանության ատյանում.
և ապաշխարողը մոտենում է նրան, և ծնրադրում է ատյանի որոշված տեղում,
և կնքում են իրենց անձերը Սուրբ Խաչի նշանով։
 
Եվ ապաշխարողն ասում է.
 
Խոստովանում եմ ամենակարող Աստծո, և երանուհի Մարիամ միշտ Կույսի, երանելի Միքայել Հրեշտակապետի, երանելի Հովհաննես Մկրտչի, Սուրբ Առաքյալներ Պետրոսի և Պողոսի, և մեր Սուրբ Հայր Գրիգոր Լուսավորչի և բոլոր Սրբերի առաջ, և քո առաջ, Հայր Սուրբ, որ սաստիկ մեղանչել եմ մտքով, խոսքով և գործով. վա՜յ ինձ, վա՜յ ինձ և հավետ վա՜յ ինձ:
 
Եվ ապա, զղջացած սրտով, հստակ կերպով, զատ-զատ խոստովանում է իր մեղքերը։ Իսկ քահանան, իր չորս պաշտոնների համաձայն, - որպես հայր, դատավոր, ուսուցիչ և բժիշկ, - ընդունում է քաղցրությամբ և մարդասիրությամբ, քննում է և դատում առանց ակնածության, ուսուցանում է իմաստությամբ և ճշտությամբ, դարմանում է ըստ կարիքի և խոհեմությամբ։
Եվ երբ նրան գտնում է արձակման շնորհին արժանի, կամ նրան տրամադրելուց հետո՝ ստանալու արձակումը, դնում է նրա վրա պատշաճ ապաշխարություն՝ ըստ հանցանքների չափի և որպիսության, և ըստ հանցավորի կարողության, որն ապաշխարողը պարտավոր է հանձն առնել և կատարել անթերի։
Որից հետո ապաշխարողը կրկնում է իր զղջումն ու առաջադրությունը՝ գրաբար կամ աշխարհաբար լեզվով ասելով զղջման ներգործությունը։
Դյուրության համար այստեղ դրվում է զղջման ներգործության մի ձև։
 
Ո՜վ Աստված իմ, քանի որ Դու անչափ բարի ես, և որովհետև ես սիրում եմ Քեզ ամեն ինչից վեր, անկեղծ սրտով զղջում և ցավում եմ, որ վշտացրել եմ Քեզ. և հաստատ կամքով առաջադրում եմ Քո սուրբ օգնությամբ այսուհետև այլևս չվշտացնել Քեզ, և հատկապես՝ խուսափել մեղքերի առիթներից:
 
Ապա քահանան տալիս է արձակում մեղքերից՝ ասելով բանաձևն այսպես.
 
Թող որ ողորմի քեզ մարդասերն Աստված, և թողություն շնորհի քո բոլոր հանցանքներին՝ խոստովանածներիդ և մոռացածներիդ: Եվ ես ըստ կարգիս քահանայական իշխանության, և աստվածային հրամանի համաձայն, որ ասաց, թե. «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում». նույն խոսքի զորությամբ ես արձակում եմ քեզ քո մեղքերի բոլոր կապանքներից, մտքերից, խոսքերից և գործերից, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն:
Եվ նորից վերադարձնում եմ քեզ Սուրբ Եկեղեցու խորհուրդների ընդունմանը, որպեսզի ինչ բարի գործ որ գործես, դա քեզ որպես բարեգործություն համարվի և փառավորի քեզ հանդերձյալ կյանքում: Ամեն:
 
Եթե ինչ որ մի ծանր պատճառ՝ մահվան վտանգ, աճապարանք պարտադրի, քահանան կարող է կրճատել արձակման բանաձևն այսպես.
 
Ես արձակում եմ քեզ բոլոր դատակնիքներից և մեղքերից հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն:
 
Եթե քահանան բացահայտի, որ ապաշխարողը գտնվում է դատակնիքների կամ վերապահությունների ներքո, որոնցից ինքը չի կարող արձակել նրան, չպետք է նրան արձակում տա իր վերադասից անհրաժեշտ իշխանությունը ստանալուց առաջ, բացառությամբ՝ եթե ապաշխարողը մահվան կետում է։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։