Սուրբ Պատարագը ա՛յլ Ծեսերում – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Պատարագը ա՛յլ Ծեսերում

Թեև Սուրբ Պատարագն իր աստվածաբանական բովանդակությամբ հարևնման է Առաքելական ավանդության բոլոր մեծ Եկեղեցիների մոտ (ի մասնավորի՝ Հայ, Բյուզանդական և Հռոմեական Եկեղեցիների), այդուհանդերձ՝ նրանցից յուրաքանչյուրը դարերի ընթացքում զարգացրել է ծիսական որոշակի յուրահատկություններ, որոնք այժմ կազմում են Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու ծիսական հարստությունը: Առանց անդրադառնալու մեղեդիների երաժշտական ավանդույթներին, այստեղ նշենք միայն մի քանի յուրահատկություններ.

 

– Արևմտյան Եկեղեցում գործում են ծիսական երկու մեծ ավանդություններ՝ Հռոմեականն ու Ամբրոզյանը, որոնց (հատկապես երկրորդի) հետ Հայկական Ծեսն ունի բազմաթիվ ընդհանրություններ: Հիմնական տարբերությունները կայանում են նրանում, որ Արևմտյան Եկեղեցում Ամենասուրբ Հաղորդությունը աշխարհական հավատացյալներին տրվում է միայն սրբագործված Հացի մասով, մինչ Գինու ճաշակումը վերապահված է միայն քահանաներին. աշխարհականներին Գինին տրվում է միայն բացառիկ տոների կապակցությամբ:

Արևմտյան Եկեղեցում, ինչպես և Հայկական Ծեսի մեջ, Սուրբ Պատարագը մատուցվում է բաղարջ հացով, մինչդեռ Գինու գավաթի մեջ խառնվում է նաև մի քանի կաթիլ ջուր, խորհրդանշելով մեր մարդկային բնության միավորվելը Աստվածային բնության հետ, ինչպես նաև՝ խաչված Քրիստոսի գեղարդախոց կողից բխած ջուրը, որն այլաբանական պատկերն է մեր Մկրտության:

Եթե Հայկական Ծեսում խաղաղության ողջույնը տրվում է Սրբագործումից առաջ, Հռոմեական Ծեսում այն տրվում է Հաղորդության բաժանումից առաջ: Եթե Հայկական Ծեսում Սուրբ Հոգու վերակոչման աղոթքը կատարվում է Սրբագործումից հետո, Հռոմեական Ծեսում այն կատարվում է Սրբագործումից առաջ: Եթե Հայկական Ծեսում ամբողջ Սուրբ Պատարագը կատարվում է բոլորով՝ քահանան և ժողովուրդը շրջված դեպի Խորանը, Հռոմեական Եկեղեցում, ծիսական վերջին փոփոխություններից հետո, Խորանը բերվել է ավելի ետ՝ դեպի ժողովուրդը, այնպես՝ որ քահանան կանգնում է Խորանի ետևում, դեմքով դեպի ժողովուրդը (Խորանը սրբապատկերներ չի կրում, այլ՝ ներկայանում է որպես պարզ Զոհասեղան, ամենահին ավանդության համաձայն, ինչպես որ էր նաև հայկական եկեղեցիներում մինչև 19րդ դարասկզբում հյուսիսային ազդեցությամբ մուտք գործած փոփոխությունները):

Եթե Հայկական Ծեսում, ամենահին ավանդության համաձայն, Քրիստոնեական Սկզբնավորման երեք Խորհուրդները՝ Մկրտությունը, Դրոշմը և Հաղորդությունը կատարվում են միասին, այնպես՝ որ նորածին երեխային անգամ Մկրտությունից անմիջապես հետո տրվում է առաջին Հաղորդությունը, Հռոմեական Ծեսում այդ Խորհուրդները կատարվում են միմյանցից անջատ, այնպես՝ որ երեխաներին Առաջին Հաղորդությունը տրվում է մոտավորապես 10-13 տարեկան հասակում, որպեսզի գիտակից լինեն Խորհրդի իսկությանը:

 

– Բյուզանդական Ծեսի Եկեղեցիներում (Հույն, Ռուս, Սլավոնական տարբեր ժողովուրդների, Վրաց, և այլն) Սուրբ Պատարագը կատարվում է թթխմորով խմորված Հացով և կարմիր Գինիով, որին խառնվում է մի քիչ գոլ ջուր: Թթխմորը Աստվածային բնության խորհրդանշանն է, որը մեր մարդկային բնության ''անկենդան ալյուրին'' խառնվելով՝ այն դարձնում է կենդանի զանգված, կենսատու հաց: Ամենասուրբ Հաղորդության համար պատրաստված Հացը կոչվում է « Άμνός  » (Ամնոս - Գառ): Դանակը, որով քահանան Նշխարը բաժանում է մասնիկների, կոչվում է « λόγχη » (լոնխե - գեղարդ): Նշխարի պատրաստման ժամանակ ավելացած կտորները կոչվում են « Ἀντίδωρον » (Անտիդորոն - բառացի՝ «Ընծաների փոխարեն», հայերենում կոչվում են «Մաս»), որոնք չեն սրբագործվում, բայց օրհնվում են, և Սուրբ Պատարագի ավարտին բաժանվում են նրանց, ովքեր զանազան պատճառներով չեն հաղորդվել Տիրոջ Մարմնին ու Արյանը:

Ինչպես Հայկական Ծեսում, Բյուզանդական Ծեսում նույնպես Ամենասուրբ Հաղորդությունը բոլորին, նաև աշխարհականներին, տրվում է երկու տեսակների ներքո՝ Հացով և Գինիով, միակ տարբերությամբ, որ իրենց մոտ Հաղորդությունը տրվում է հատուկ գդալիկի օգնությամբ:

Սլավոնական ավանդության համաձայն՝ նրանք, ովքեր ցանկանում են հաղորդվել, Խորանին մոտենում են ձեռքերի բաց ափերը իրենց կրծքի վրա խաչաձև պահած, իսկ ռումինական սովորության համաձայն՝ հաղորդվողները Խորանին մոտենում են իրենց ձեռքերում վառվող մոմեր պահած:

Պատարագիչ քահանան Սկիհի (գինու գավաթի) հետ միասին իր ձեռքում պահում է կարմիր գույնի թաշկինակ, չորացնելու համար շրթունքները նրանց, ովքեր ստանում են Քրիստոսի Արյունը. սլավոնական ավանդության համաձայն, մինչդեռ, երկու սարկավագներ կամ երկու սպասավորներ Սկիհի տակ տարածված պահում են այդ թաշկինակը, հաղորդության ժամանակ Նշխարի ակամա գետին ընկնելուց խուսափելու համար:

Հաղորդությունը ստանալուց հետո հավատացյալները համբուրում են քահանայի աջը, որպես խորհրդանշանը Քրիստոսի Աջի: Սլավոնական ավանդության մեջ հավատացյալներն համբուրում են Սկիհի ներքևի մասը, որը դիտվում է որպես խորհրդանշանը Քրիստոսի տիգախոց կողի, որից բխեցին ջուր և արյուն: Հունական ավանդության մեջ աշխարհականները չեն համբուրում Սկիհը, քանի որ այդ ժեստը վերապահված է միայն օծված քահանաներին:

Բյուզանդական Ծեսի աղոթքները շատ նման են Հայկական Ծեսի աղոթքներին, քանի որ Հայկական Ծեսի տեքստերը մեծ մասամբ թարգմանվել են հունարենից Սբ. Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտների կողմից:

 

– Ծիսական այս տարբերությունները չպետք է քրիստոնյաներին մեկը մյուսից օտարացնեն, այլ ընդհակառակը՝ զգալ տան Քրիստոսի Խորհրդի ողջ հարստությունը: Տարբեր լեզուներով, տարբեր ծեսերով, տարբեր մեղեդիներով հնչող աղոթքներով, ծիսական տարբեր հանդերձանքով, ճարտարապետական տարբեր ոճերով կառուցված Խորանների վրա միևնույն Քրիստոսն է մատուցում Իր միևնույն Զոհը ողջ մարդկության փրկության համար. Նա, որ նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։