ԲՈՒՆ ՊԱՏԱՐԱԳ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ԲՈՒՆ ՊԱՏԱՐԱԳ (աշխարհաբար)

ՔԱՀԱՆԱՆ
 
ծածուկ
 
Մարմնական ախտերով և ցանկություններով բռնվածներիցս ոչ ոք արժանի չէ մոտենալու Քո Սեղանին, կամ սպասավորելու Քո արքայական փառքին, քանի որ Քեզ ծառայելը մեծ և ահավոր երկնավոր զորություններին է հատուկ: Սակայն Քո անչափ բարերարությանդ մղմամբ՝ անպարագրելի Բանդ Հոր դարձար մարդ և մեզ իբրև Քահանայապետ հայտնվեցիր, և որպես Տեր բոլորի՝ այս սպասավորության և անարյուն զոհաբերման քահանայությունը մեզ ավանդեցիր: Քանի որ Դու ես մեր Տեր Աստվածը, որ տիրում ես երկնավորների և երկրավորների վրա. որ քերովբեական գահի վրա ես բազմում, ո՜վ սերովբեների Տեր և Թագավորդ Իսրայելի. որ միակդ ես Սուրբ և Սրբերի մեջ բնակված. աղաչում եմ Քեզ, միակ Բարերար և [աղոթքները] հեշտությամբ Լսող, հայացքդ ուղղիր իմ՝ Քո մեղանչած ու անպիտան ծառայի վրա, և սրբիր իմ հոգին և իմ միտքը չարի բոլոր պղծություններից. և Սուրբ Հոգուդ զորությամբ կարող դարձրու ինձ, որ օժտված եմ քահանայական շնորհով, կանգնելու այս Սուրբ Սեղանի առաջ և քահանայագործելու Քո անարատ Մարմինդ և պատվական Արյունդ:
Քո առաջ խոնարհեցնելով պարանոցս՝ աղերսում եմ, Երեսդ մի՛ դարձրու ինձնից և մի՛ հեռացրու ինձ Քո ծառաների կարգից, այլ՝ արժանացրու մատուցել Քեզ այս ընծաները իմ՝ Քո մեղանչած և անարաժան ծառայիդ ձեռքով, քանի որ Դո՛ւ ես, որ մատուցում ես և մատուցվում ես, և ընդունում ես և տալիս ես, Քրիստոս Աստված մեր, և Քեզ փա՜ռք ենք մատուցում անսկիզբ Հորդ և ամենասուրբ ու բարերար Հոգուդ հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ապա լվանում է իր ձեռքերի մատներն՝ ասելով.
 
Սրբությամբ կլվանամ ձեռքերս և կքայլեմ Քո Սեղանի շուրջը, ո՜վ Տեր:
 
ապա բազկատարած աղոթում է ծածուկ.
 
Տեր Աստված զորությունների և Արարիչ բոլոր գոյությունների, որ ամեն բան անէությունից երևան հանելով գոյացրեցիր. որ մեր հողեղեն բնությունն էլ մարդասիրաբար պատվելով՝ այսպիսի ահավոր և անպատում Խորհրդի սպասավոր կարգեցիր: Դու, Տեր, Ում մատուցում ենք այս Պատարագը, ընդունիր մեզնից այս Ընծաները և ամբողջացրու սա Միածնիդ Մարմնի և Արյան խորհրդականությամբ. ճաշակողներիս որպես մեղքերի թողության դեղ պարգևիր այս Հացն ու Գավաթը:
 
բարձրաձայն
 
Շնորհներով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որի հետ Քեզ՝ Հորդ, միաժամանակ նաև Սուրբ Հոգուն, վայել է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Խաղաղությո՜ւն բոլորին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Նաև քո հոգուն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Երկրպագենք Աստծուն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Քո առաջ, ո՜վ Տեր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Ողջույն տվեք միմյանց սրբության համբույրով, իսկ դուք, որ չեք կարող հաղորդվել այս Աստվածային Խորհրդին և դրսում եք, աղոթեցեք:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Քրիստոսը մեր մեջ հայտնվեց,
Աստված, որ Էն է, այստեղ բազմեց:
Խաղաղության ձայնը հնչեց,
Սուրբ ողջույնի հրաման տրվեց:
Եկեղեցիս մեկ անձ եղավ,
Համբույրն այս՝ որպես կատարելության զոդ տրվեց:
Թշնամությունը հեռացավ,
Սերը բոլորի մեջ սփռվեց:
Արդ, պաշտոնյաներ, բարձրացրեք ձեր ձայները
և միաբերան օրհնություն տվեք
Միասնական Աստվածությանը,
Որի սրբությունը փառաբանում են սերովբեները:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Ահով կանգնենք, երկյուղով կանգնենք, բարվոք կանգնենք, և զգուշությամբ նայենք:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Քեզ են ուղղված, Աստվա՜ծ, [մեր անձերը]:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Պատարագվում է Քրիստոսը՝ Աստծո Գառը:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
[Որպես] Ողորմությո՜ւն և խաղաղությո՜ւն և Պատարագ օրհնությա՜ն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Շնորհները, սերը և աստվածային սրբացնող զորությունը Հոր և Որդու և Սուրբ Հոգու, թող լինեն ձեր բոլորիդ հետ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն: Նաև քո հոգու հետ:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Դեպի վեր բարձրացրեք ձեր մտքերը աստվածային երկյուղով:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Դեպի Քեզ ենք ուղղում, Տե՜ր Ամենակալ, [մեր մտքերը]:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Եվ գոհություն հայտնեցեք Տիրոջը ամբողջ սրտով:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Արժանի և իրավացի է [Տիրոջը գոհություն հայտնելը]:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
ձեռնամած աղոթում է ծածուկ
 
Ստուգապես արժանի է և իրավացի՝ ամենահոժար փութաջանությամբ միշտ երկրպագելով փառավորել Քեզ, Հա՜յր Ամենակալ, որ Քո անզննելի և արարչակից Բանի շնորհիվ վերացրեցիր անեծքների խոչընդոտը. որ Եկեղեցին Իր համար ժողովուրդ վերցնելով՝ Իրենը դարձրեց Քեզ հավատացողներին, և զննելի բնությամբ մարմնանալով Սուրբ Կույսից՝ հաճեց բնակվել մեր մեջ, և նորագործ աստվածապես ճարտարապետելով՝ երկիրը երկինք դարձրեց. քանի որ Նա, Ում առջև չէին կարողանում կանգնել հրեշտակային զորքերը՝ զարհուրելով Աստվածությանդ փայլակնացայտ և անմատույց լույսից, դառնալով այսպիսիդ մարդ՝ մեր փրկության համար, շնորհեց մեզ երկնայինների հետ պարել հոգեղեն պարեր:
 
բարձրաձայն
 
Եվ սերովբեների հետ և քերովբեների հետ միաձայն սրբասացությամբ նվագներ երկնել, և համարձակապես գոչելով աղաղակել նրանց հետ և ասել.
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ, Տե՜ր զորությունների,
Երկինքն ու երկիրը լի են Քո փառքերով.
Օրհնությո՜ւն բարձունքներում:
Օրհնյա՜լ, որ եկար և գալու ես Տիրոջ Անունով.
Օվսաննա՜ բարձունքներում:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
բազկատարած աղոթում է ծածուկ
 
Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ ես ճշմարտապես և ամենասո՜ւրբ, և ո՞վ կարող է պարծենալ, թե կարող է խոսքով բովանդակել մեր հանդեպ Քո անբավ բարեգորովությանդ զեղումները. որ անցյալ ժամանակներում արդեն՝ մեղքի լծի տակ ընկածին զանազան եղանակներով խնամելով սփոփեցիր՝ մարգարեներով, Օրենքի տվչությամբ, քահանայությամբ և ստվերակերպ(1) երինջների մատուցմամբ: Իսկ այդ օրերի ավարտին, մեր բոլոր պարտքերի դատակնիքը կոտրելով՝ տվեցիր մեզ Քո Միածին Որդին՝ որպես պարտապան և պարտք, զոհ և օծյալ, գառ և երկնավոր հաց, քահանայապետ և պատարագ. քանի որ Ինքնդ է բաշխողը և նույն Ինքնդ է, որ մեր մեջ միշտ բաշխվում է առանց սպառվելու. քանի որ ո՛չ թե սոսկ երևութապես, այլ՝ հավաստիորեն մարդ դառնալով և անշփոթ միությամբ Աստվածածին և Սուրբ Կույս Մարիամից մարմնանալով՝ մարդկային կենցաղի բոլոր կրքերի միջով անցավ առանց մեղքերի, և աշխարհին կյանք պարգևելու և մեր փրկության գործն իրականացնելու նպատակով՝ կամովին եկավ խաչվելու:
Վերցնելով հացը Իր սուրբ, աստվածային, անմահ, անարատ և արարչագործ ձեռքերի մեջ՝ օրհնեց, գոհություն հայտնեց, բեկանեց, տվեց Իր ընտրյալ, սուրբ և բազմած աշակերտներին, ասելով.
 
բարձրաձայն
 
ԱՌԵ՛Ք, ԿԵՐԵ՛Ք,
ՍԱ ԻՄ ՄԱՐՄԻՆՆ Է,
ՈՐ ՁԵՐ ԵՎ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ Է ԲԱՇԽՎՈՒՄ,
ՄԵՂՔԵՐԻ ՔԱՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
ծածուկ
 
Նույնպես և բաժակը վերցնելով՝ օրհնեց, գոհություն հայտնեց, խմեց, տվեց Իր ընտրյալ, սուրբ և բազմած աշակերտներին, ասելով.
 
բարձրաձայն
 
ԽՄԵ՛Ք ՍՐԱՆԻՑ ԲՈԼՈՐԴ,
ՍԱ ՆՈՐ ՈՒԽՏԻ ԻՄ ԱՐՅՈՒՆՆ Է,
ՈՐ ՁԵՐ ԵՎ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ Է ՀԵՂՎՈՒՄ,
ՄԵՂՔԵՐԻ ՔԱՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
ծածուկ
 
Եվ սա միշտ Իրեն ի հիշատակ կատարելու պատվիրան ավանդեց մեզ բարերար Որդիդ Քո Միածին, և իջնելով մինչև մահվան ստորին վայրերը՝ մարմնով, որը մեր բնության հետ ազգակից դառնալով վերցրեց, և դժոխքի նիգերը հզորեղապես խորտակելով՝ ճանաչել տվեց մեզ, որ միայն Դու ես ճշմարիտ Աստված, Աստվածդ ողջերի ու մեռյալների:
 
ապա ընծաներն իր ձեռքը վերցնելով՝ ասում է ցածր ձայնով.
 
Եվ արդ մենք, Տեր, այդ պատվիրանի համաձայն կատարելով Քո Միածնի մարմնի և արյան փրկական խորհուրդը, հիշում ենք մեր համար եղած Նրա փրկագործ չարչարանքները, կենսատու խաչելությունը, երեքօրյա թաղումը, երանելի հարությունը, աստվածապես համբարձումը, Քո աջ կողմում բազմելը, ո՜վ Հայր, ահավոր ու փառավորյալ Նրա մյուս անգամ Գալուստը դավանում և օրհնում ենք:
 
բարձրաձայն
 
Եվ Քոնը, մեզնից՝ որ Քոնն ենք, Քեզ ենք մատուցում, ամենքի կողմից և ամենքի համար:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն ինչում օրհնյա՜լ ես, Տեր. օրհնում ենք Քեզ, գովում ենք Քեզ, գոհություն ենք հայտնում Քեզ, աղաչում ենք Քեզ, Տեր Աստված մեր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
բազկատարած աղոթում է ծածուկ
 
Քեզ արդարացիորեն, Տեր Աստված մեր, գովում ենք և Քեզ գոհություն ենք հայտնում ամեն օր. որ մեր անարժանությունն անտեսելով՝ մեզ այսպիսի ահավոր ու անպատում խորհրդի սպասավորներ կարգեցիր: Ո՛չ թե մեր ինչ որ բարեգործությունների համար, որոնցից հույժ թափուր ենք և միշտ ունայն ենք գտնվում հանապազ, այլ՝ Քո բազմազեղ ներողությանդ լիովին ապավինելով է, որ համարձակվում ենք մերձենալ մարմնի և արյան սպասավորությանը Քո Միածնի՝ մեր Տերդ և Փրկիչդ Հիսուս Քրիստոսի, որին վայել է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
բարձրաձայն
 
Խաղաղությո՜ւն բոլորին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Նաև քո հոգուն:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Երկրպագենք Աստծուն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Քո առաջ, ո՜վ Տեր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
խոնարհվում է և ցածր ձայնով ասում.
 
Երկրպագում ենք և աղաչում և խնդրում Քեզնից, բարերար Աստված. առաքիր մեր մեջ և առաջադրված այս ընծաների մեջ՝ Քո մշտնջենավորակից և էակից Սուրբ Հոգիդ.
 
ուղղվելով՝ խաչակնքում է ընծաների վրա և ցածր ձայնով ասում.
 
Որով հացն այս օրհնելով՝ ճշմարտապես մարմինը դարձրու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի.
Եվ բաժակն այս օրհնելով՝ ստուգապես արյունը դարձրու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի.
Որով այս հացն ու գինին օրհնելով՝ ճշմարտապես մարմինն ու արյունը դարձրու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, փոխարկելով Քո Սուրբ Հոգով:
 
բարձրաձայն
 
Որպեսզի լինի սա մեր՝ բոլոր մոտեցողներիս անդատապարտության, մեղքերի քավության ու թողության համար:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ամեն:

(1) Ստվերակերպ, այսինքն՝ ապագա իրականությունը խորհրդանշող:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։