ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԿԱՐԳ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԿԱՐԳ (աշխարհաբար)

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԿԱՐԳ
 
Որ կատարվում է «Որ օրհնես զայնոսիկ» աղոթքից հետո,
Սուրբ Պատարագի վերջավորության, ի Քրիստոս ննջածների
ազգականների կամ բարեկամների խնդրանքով։
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Խաղաղության համար, հատկապես, Տիրոջն աղաչենք. ընդունիր, կյանք տուր և ողորմիր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
բուրվառի մեջ խունկ է դնում՝ ասելով.
 
Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ԴՊԻՐՆԵՐԸ
 
երգում են Ճաշու հանգստյան շարական ԲԿ.
 
Դու, որ գոյություն ունեցող ամենքի և ամեն ինչի ստեղծողն ես անէությունից, Հոր արարչակից՝ Բան Աստված, թողություն շնորհիր Քո ննջեցյալ ծառաներին, երբ գաս դատելու նրանց, որոնց անարատ ձեռքերով ստեղծեցիր:
Դու, որ Հորից առաքվեցիր և մարմնացար Սուրբ Կույսից, թողություն շնորհիր Քո ննջեցյալ ծառաներին, երբ գաս դատելու նրանց, որոնց անարատ ձեռքերով ստեղծեցիր:
Դու, որ խաչի վրա անշնչացար, [և] մահվան իշխանությունը կործանեցիր, թողություն շնորհիր Քո ննջեցյալ ծառաներին, երբ գաս դատելու նրանց, որոնց անարատ ձեռքերով ստեղծեցիր:
Դու, որ թագադրողն ես Քո սրբերի և անվախճան բարիքներ բաշխողն ես, թողություն շնորհիր Քո ննջեցյալ ծառաներին, երբ գաս դատելու նրանց, որոնց անարատ ձեռքերով ստեղծեցիր:
 
կամ էլ՝ Հոգեհանգստյան շարական ԴՁ.
 
Գթա՜, Տեր, մեր ննջեցյալների հոգիներին և հիշի՜ր նրանց ողորմությամբ, քանի որ Քո Սուրբ Արյան գինն են, երբ շեփորի հրաշալի ձայնը լսելով՝ մեռյալները հարություն կառնեն և կկանգնեն Քո ահավոր դատարանի առաջ(1):
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Սուրբ Ավազանից ծննդյամբ լուսավորվածներիս մի՛ նախատիր բարկությամբ և մի՛ հանդիմանիր Քո սրտմտությամբ, երբ շեփորի հրաշալի ձայնը լսելով՝ մեռյալները հարություն կառնեն և կկանգնեն Քո ահավոր դատարանի առաջ:
 
ԴՊԻՐՆԵՐԸ
 
Սաղմոս 129.
 
[Նեղությանս անդնդի] խորքից աղաղակեցի առ Քեզ, Տեր. Տե՜ր, լսի՜ր իմ ձայնը:
Թող որ ականջներդ լսեն ձայնն իմ աղոթքի:
Եթե անօրենություններն իմ քննես, Տեր, Տե՜ր, իսկ ո՞վ կարող է կանգնել Քո առաջ, քանի որ Քեզնից է քավությունը:
Քո անվան համար համբերեցի ես, Տեր, Քո խոսքին սպասեց իմ անձը. հուսաց անձս Տիրոջը:
Վաղ առավոտից մինչև երեկո, վաղ առավոտից հուսաց Իսրայելը Տիրոջը:
Տիրոջից է առատ ողորմությունը, Նրանից է փրկությունը, և Նա փրկեց Իսրայելը նրա բոլոր նեղություններից:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Ալելուիա: Ոտքի՛:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Խաղաղությո՜ւն բոլորին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Նաև քո հոգուն:
Երկյուղածությա՛մբ լսեք:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանն ըստ Մատթեոսի (կամ՝ Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի):
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Փա՜ռք Քեզ, Տեր Աստված մեր:
Ուշադրությո՛ւն:
Աստծո խոսքն է:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ... ... ... :
 
(ընթերցում է Ավետարանի հատվածը)
 
(ԲԿ և ԴԿ. – Մատթեոս 11, 25-30
ԲՁ և ԴՁ. – Մարկոս 4, 26-34
ԱԿ և ԴԿ. – Ղուկաս 12, 32-40
ԱՁ և ԳՁ. – Հովհաննես 12, 24-26)
 
ԴՊԻՐՆԵՐԸ
 
ըստ ձայնի՝ երգում են մի տուն «Անեղ Աստված» երգից, որ շարադրել է
Սբ. Ներսես Շնորհալին ի Քրիստոս ննջած հոգիների համար.
 
ԲԿ. ԴԿ.
Երկնավորներին և երկրայիններին գերագույն շնորհներ բաշխող,
Կյա՛նք և կյանք տվո՛ղ Հոգի, Հորը և Որդուն արարչակից.
Խնդրում ենք Քեզնից, Աղբյո՜ւր բարիքների, Հագեցնո՜ղ ծարավածների,
Ողորմիր Քո այս արարածին, որ ննջել է Քո հանդեպ հույսով լի:
 
ԲՁ. ԴՁ.
Կյանք Կյանքից, Լույս Լույսից, որ ստեղծեցիր մեզ հողից,
[Ապա] դարձյալ նորոգեցիր Սուրբ Ավազանից կրկին ծննդյամբ.
Նրան, ում Քո շնորհով փրկեցիր այն առաջին մահվանից,
Քո Հոր լուսեղեն օթևաններում մեր այս ննջեցյալին հանգստացրու:
 
ԱԿ. ԳԿ.
Երկնային զորքերն ուրախությամբ իջնում էին երկնքից երկիր,
Երբ հարություն առար մեռելներից, և իբրև լույս ծագեցիր արարածների համար.
Քո կենարար Սուրբ Հարությամբ՝ հարություն տուր սրան անմահ կյանքի,
Լի լապտերներով մտցրու առագաստ՝ իմաստուն սուրբ կույսերի հետ:
 
ԱՁ. ԳՁ.
Քահանաներ և ժողովուրդ՝ հայցում ենք Քեզնից, Տեր բարեգութ,
Հավատքով ննջածների հետ մեզ էլ ընդունիր նույն հույսով
Վերին քաղաք Երուսաղեմ, ուր արդարներն են հավաքվում,
Նրանց հետ միշտ փառաբանություններ վերերգել Երրորդությանդ Եռյակ Անձին:
 
ապա երգում են.
 
Վերին Երուսաղեմում, հրեշտակների բնակարաններում,
Ուր Ենոքն ու Եղիան բնակվում են աղավնակերպ ծերացած,
Եդեմական դրախտում արժանապես պայծառացած.
Ողորմա՜ծ Տեր, ողորմիր մեր ննջեցյալների հոգիներին:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Հանգուցյալների հոգիներին, Քրիստոս Աստված, հանգիստ և ողորմություն պարգևիր, և մեզ էլ՝ մեղավորներիս, շնորհիր թողություն մեր հանցանքներին:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Խաղաղության համար, հատկապես, Տիրոջն աղաչենք:
Հանգուցյալ հոգիների համար աղաչենք մեր Փրկչին՝ Քրիստոսին, որպեսզի նրանց արդարների հետ դասի և մեզ էլ փրկի շնորհիվ Իր ողորմության:
Ամենակալ Տեր Աստված մեր, կյանք տուր և ողորմիր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Տեր, ողորմի՜ր. Տեր, ողորմի՜ր. Տեր, ողորմի՜ր:
Քրիստոս, Աստծո անոխակալ և բարեգութ Որդի, Քո արարչական սիրովդ գթա՜ Քո հանգուցյալ ծառա (կամ՝ աղախին) Ա.Ա.-ի հոգուն: Հիշիր նրան Արքայութեանդ փառահեղ գալստյան օրը. արժանացրու ողորմության, մեղքերի քավության և թողության. դասիր նրան Քո Սրբերի հետ և պայծառացրու աջակողմյան դասում: Քանի որ Դու ես բոլորի Տերն ու Արարիչը, Դատավորը ողջերի ու մեռյալների. և Քեզ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Այս Սուրբ Խաչով աղաչենք Տիրոջը, որպեսզի սրանով փրկի մեզ մեղքերից և կյանք տա շնորհիվ Իր ողորմության:
Ամենակալ Տեր Աստված մեր, կյանք տուր և ողորմիր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Պահպանիչ և հույս հավատացյալների, Քրիստոս Աստված մեր, Քո սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո՝ պահպանիր Քո ժողովուրդը խաղաղության մեջ. փրկիր տեսանելի և անտեսանելի թշնամուց. արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
և շարունակում է՝ ասելով.
 
Օրհնյա՜լ Տեր մեր Հիսուս Քրիստոս: Ամեն:
 
և միասին ասում են Տերունական Աղոթքը.
 
Հայր մեր, որ երկնքում ես.
սուրբ թող լինի Քո Անունը.
թող գա Քո Արքայությունը.
թող Քո կամքը լինի երկրի վրա այնպես,
ինչպես որ երկնքում է:
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր:
Եվ ներիր մեզ մեր պարտքերը,
Ինչպես մենք էլ մեզ պարտք եղողներին ենք ներում:
Եվ մեզ միայնակ մի՛ թող փորձության մեջ,
այլ՝ փրկիր մեզ չարից:
Քանի որ Քոնն են արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս: Ամեն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Օրհնելու եմ Տիրոջը ամեն ժամ, ամեն ժամ Նրա օրհնությունն իմ բերանում է լինելու:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
խաչակնքում է ժողովրդին՝ ասելով.
 
Օրհնված եղեք Սուրբ Հոգու շնորհներով, գնացեք խաղաղությամբ, և թող որ Տերը ձեր բոլորիդ հետ լինի: Ամեն:
 
Եվ գնում են խաղաղությամբ։

(1) Հմմտ. 1Թղ 4, 16

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։