Հոգևոր նշանակությունը – Գրադարան – Mashtoz.org

Հոգևոր նշանակությունը

Հովհաննես Առաքյալն իր Ավետարանում գրի է առել Հիսուսի խոսքերը. «Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես նրան վերջին օրը հարություն պիտի տամ, [...] : Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, նա իմ մեջ կբնակվի, իսկ ես՝ նրա մեջ» (Հվհ 6, 55-57): Ամենասուրբ Հաղորդությունը, հետևաբար, անմահության երաշխիք է և Քրիստոսի հետ հաղորդության խորհուրդ:

Յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ կրկին նորոգվում է Քրիստոսի ինքնազոհաբերումը աշխարհի համար, որը Նոր Ուխտ է Աստծո և մարդու միջև. Տերը նոր սնունդ է տալիս մարդուն, և նոր ուժ՝ Եկեղեցուն, որպեսզի Իր հավատարիմ վկաները լինեն աշխարհի ճանապարհներում, պատրաստակամ՝ իրենց սեփական կյանքով հետևելու Իր կյանքին, որ նվիրվում է ի սեր և ի ծառայություն բոլորի: Սրա համար է Եկեղեցին քրիստոնյաներին հորդորում յուրաքանչյուր Կիրակի օր (իսկ հնարավորության դեպքում՝ ավելի հաճախ) ներկա գտնվել Սուրբ Պատարագի և հաղորդվել Տիրոջ Մարմնին ու Արյանը, որովհետև սա մեզ որպես պատվիրան է ավանդվել հենց Տիրոջ կողմից, երբ ասում է. «Առե՛ք, կերե՛ք, [...] խմե՛ք սրանից բոլորդ»:

«Խորանի պաշտելի Խորհրդի մասին» իր աշխատության մեջ Սբ. Թովմա Աքուինացին խոսում է երեք հրաշքների մասին, որոնք կատարվում են յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ.

հացի արտաքին կերպարանքի ներքո առկա է Քրիստոսի իրական Մարմինը («quod ibi sub specie panis est verum Corpus Christi»), որը Կույսից ծնված, Խաչի վրա տառապած և Հարությամբ փառավորված միևնույն Մարմինն է.

հացի ողջ գոյացությունը փոխվել է Քրիստոսին. հացի արտաքին կերպարանքի ներքո այլևս հացը չէ, այլ միմիայն՝ Քրիստոսի Մարմինը («quod tota substantia panis mutatur in Corpus Christi»). հացի գոյացությունն ամբողջովին փոխվում է Քրիստոսի Մարմնին, բայց մնում են հացի արտաքին հատկությունները, արտաքին կերպարանքը («quod mutatur in Corpus Christi tota substantia panis, manent accidentia panis»).

Քրիստոսի Մարմինը, սակայն, չի կրկնօրինակվում, ո՛չ էլ նվազում է, այլ՝ միշտ մնում է նույնն ու ամբողջական, և՛ երբ ճաշակվում է հավատացյալների կողմից («Primum, quod Corpus Domini dum manducatur, non minuitur»), և՛ երբ միևնույն պահին Սուրբ Պատարագ է մատուցվում բազմաթիվ վայրերում («Secundum signum, quod unum et idem corpus est in pluribus locis, in pluribus portionibus»), և՛ երբ սրբագործված Հացը բաժանվում է բազմաթիվ կտորների («Tertium mirabile est, quod Corpus Domini licet sit in pluribus licis vel hostiis, aut portionibus, tamen per partes non est divisum sed manet in se integrum et conjenctum »):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։