Նշանակությունը – Գրադարան – Mashtoz.org

Նշանակությունը

Ամենասուրբ Հաղորդությունը, հետևաբար, ա՛յլ բան չէ, քան Ինքնին Հիսուս Քրիստոսի Մարմինը: Ամենասուրբ Հաղորդության մեջ Հիսուսը ներկա է ամբողջովին, այսինքն՝ Իր ամբողջ Անձով. Մարմինը, Արյունը, Հոգին և Աստվածությունը: Բուն խորհուրդը և հրաշքը կայանում են նրանում, որ Ամենասուրբ Հաղորդությունը, իր գոյացությամբ Քրիստոսի Մարմինը դառնալով հանդերձ, պահպանում է հացի և գինու արտաքին հատկությունները (ձև, գույն, համ, և այլն): Այն սերտորեն կապակցված է Զատկի՝ Քրիստոսի Մահվան և Հարության խորհրդի հետ: Կենտրոնական դեպքը, որով այդ երկու իրադարձությունները միավորվում են, Վերջին Ընթրիքն է. այն հիմնում է Ամենասուրբ Հաղորդությունը և ավետում է Զատիկը:

Քրիստոսը Ամենասուրբ Հաղորդությունը հիմնեց Հին Ուխտի Զատիկի տոնի օրը, իր կատարելությանը հասցնելով այդ տոնը և տալով դրան նոր իմաստ և տարողություն: Ինչպես որ Իսրայելի ժողովրդի և Աստծո միջև Ուխտը Սինա լեռան վրա կնքվեց զոհի արյամբ, այդպես էլ Նոր Իսրայելի՝ Եկեղեցու հետ նոր ու վերջնական Ուխտը կնքվեց Քրիստոսի զոհով. Նա ճշմարիտ Գառն է, որ «Իր վրա է վերցնում աշխարհի մեղքերը», և որ «մարդկությունը հաշտեցնում է իր Արարչի հետ»:

Հին Ուխտի զատկական Ընթրիքի ժամանակ, որ կատարվում էր անթթխմոր հացով ու դառնահամ բանջարեղեններով, ժողովուրդը հիշատակում էր Եգիպտոսից ազատագրումը և Ելքի հետ կապված մյուս իրադարձությունները: Քրիստոնեական զատկական Ընթրիքի մեջ, – որը հենց Ամենասուրբ Հաղորդությունն է, Սուրբ Պատարագը, – Աստծո Որդու կողմից բերված Փրկության Հիշատակմամբ իսկապես և կենդանի կերպով ներկա և ազդու են դառնում Նրա չարչարանքներն ու մահը, որոնցով Նա մարդկանց ազատում է մեղքից և «Իր սիրո մեջ հաշտեցնում է ողջ աշխարհը»: Սրա համար է Հիսուսն ասում. «Այս գավաթը Նոր Ուխտ է իմ արյան մեջ». խոսքը վերաբերվում է Գառան Նոր Զատիկին:

Պողոս Առաքյալը գրում է. «Ամեն անգամ, որ ուտում եք այս հացից և խմում եք այս գավաթից, դուք ավետում եք Տիրոջ մահը, մինչև որ Նա կգա» (1Կր 11, 26): Հարկավոր է յուրահատուկ կերպով կանգ առնել Ամենասուրբ Հաղորդությունը որպես Հիշատակ և Հիշատակություն հասկանալու վրա (հունարեն՝ « ἀνάμνησις » [անամնեսիս], եբրայեցերեն՝  « זִכָּרוֹן » [զիքարոն]). այս եզրը աստվածաշնչյան կոնտեքստում մատնանշում է ծիսական արարքներ, որոնք հիշատակելով անցյալի փրկարար մի իրադարձություն՝ ի զորու են այժմեականացնելու, այսինքն՝ մասնակիցների համար տվյալ պահին ներկա դարձնելու այն, իր փրկարար ողջ զորությամբ, որն ուղղվում է նաև դեպի ապագան: Հիշատակության հասկացողության մեջ քրիստոնեական բոլոր դավանանքների ներկայացուցիչները համաձայնվում են, հաստատելով. «Գոհաբանությունը դա խաչված և հարություն առած Հիսուսի հիշատակն է, այսինքն՝ կենդանի ու արդյունավետ նշանը Իր զոհի, որը մեկ անգամ ընդմիշտ կատարվել է Խաչի վրա և տակավին ազդում է ի նպաստ ողջ մարդկության» («Մկրտություն, Գոհաբանություն, Ծառայություն». Լիմայի 1982թ.ի Համամիութենական Փաստաթուղթ): Սուրբ Պատարագն ամբողջովին, հետևաբար՝ Խոսքի Պաշտամունքը և Բուն Պատարագը միասին, Հիսուսի ողջ խորհրդի հիշատակումն է, որ կենտրոնացած է Նրա մահվան, հարության և համբարձման բևեռի վրա. հատկապես Գոհաբանական Աղոթքը ամբողջովին ողողված ու հագեցած է հիշատակման արտահայտություններով:

Ընդհանրական[1] Եկեղեցու ուղղադավան և վավերական վարդապետության համաձայն, սրբագործված Հացի և Գինու (որ կոչվում են նաև Խորանի Սուրբ Խորհուրդ) արտաքին կերպարանքի ներքո առկա է Ինքնին Քրիստոսի իրական ներկայությունը՝ Իր Մարմնով, Արյամբ, Հոգիով և Աստվածությամբ: Այս խորհրդի շարունակական վերաայժմեականացումը կատարվում է Սուրբ Հոգու ներգործությամբ: Սուրբ Պատարագը իրական զոհընծայում է, որովհետև վերստին ներկա է դարձնում Խաչի զոհընծայումը, լինելով նրա հիշատակը: Սուրբ Պատարագը մատուցող քահանան, գործելով «հանձինս Քրիստոսի» («in persona Christi»), Հայր Աստծուն է ընծայում Գողգոթայի վրա ընծայած Հիսուսի միևնույն Զոհը, այնպես, որ յուրաքանչյուր ոք, որ մասնակցում է Սուրբ Պատարագին, իսկապես գտնվում է Քրիստոսի Խաչելության և Նրա Չարչարանքների դիմաց: Այդպիսով տեղի է ունենում «գոյացափոխությունը» («transubstantiatio»), այսինքն՝ հացի և գինու «անդրգոյացական» («transsubstantia») փոխակերպումը Քրիստոսի Մարմնին և Արյանը: Յուրաքանչյուր Սուրբ Պատարագ, հետևաբար, քանի որ Քրիստոսի Զոհի հիշատակումն ու վերանորոգումն է, զոհաբերություն է նաև մեր համար, տվյալ պահին. Եկեղեցին այն նկատում է որպես Տիրոջ պարգև և այն դարձնում է իր զոհընծայումը: Սրա համար են Քրիստոսի հետևորդները հրավիրվում հնազանդությամբ ու բարեպաշտությամբ ընծայելու իրենց անձերը Աստծուն, որպեսզի Տիրոջ Ընթրիքին հաղորդվելով՝ Սուրբ Պատարագի մեջ գտնեն Քրիստոսի հետ և միմյանց միջև միության հիմքը, աղբյուրն ու զոդը:

[1] Գրաբարյան ձևով՝ Կաթուղիկէ (հունարեն «կատա-հոլոն» եզրից, որ նշանակում է «ըստ ամենայնի», ըստ ընդհանուրի), աշխարհաբարում՝ Կաթողիկէ, ֆրանսերեն հայտնի ձևով՝ Կաթոլիկ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։