ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ (աշխարհաբար)

Երբ քահանան կամենում է Պատարագ մատուցել,
պարտավոր է այս կերպ՝ խորհրդաբար զգեստավորվել։
Պետք է Սարկավագների հետ միասին մտնի ավանդատուն, ուր գտնվում են Պատարագի զգեստները,
և սպասավորներից յուրաքանչյուրը պետք է զգեստավորվի իր աստիճանի համաձայն,
որից հետո ասում են 131-րդ Սաղմոսը։
 
 
ԿՑՈՐԴ
 
Քահանաներդ թող արդարությամբ զգեստավորվեն, և ուրախությամբ թող ցնծան սրբերդ:
 
ՓՈԽ
 
Հիշի՜ր, Տեր, Դավթին և նրա ողջ հեզությունը:
Տիրոջ առջև կատարած նրա երդումը, Հակոբի Աստծուն տված նրա ուխտը:
Թե. «Չեմ մտնելու տանս հարկից ներս, չեմ ելնելու հանգստյանս անկողնու վրա»:
Թե. «Քուն չեմ շնորհելու աչքերիս, ո՛չ էլ նինջ՝ արտևանունքներիս, կամ հանգիստ՝ իրանիս, մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար, մի բնակատեղի՝ Հակոբի Աստծուն»:
Ահա՛ իմացանք, որ [Տապանակը] Եփրաթայում էր, այն գտանք մայրիների դաշտում:
Մտնե՜նք Նրա բնակության վայրը, ծունկի՜ գանք Նրա ոտքերի պատվանդանի առաջ:
«Արի՜, Տեր, դեպի հանգստյանդ վայրը, Դու և սրբությանդ կտակի Տապանակը:
Երեցներդ թող արդարությամբ զգեստավորվեն, և ուրախությամբ թող ցնծան սրբերդ:
Հանուն Դավթի՝ Քո սիրելու, երեսդ մի՛ շրջիր Քո Օծյալից»:
Տերը երդվել է Դավթին ճշմարտությամբ, և երբեք ետ չի քաշի Իր խոսքը. «Քո գահին նստեցնելու եմ մեկին, որ պտուղը լինի քո որովայնի:
Եթե որդիներդ պահեն Իմ օրենքները, և Իմ ուսուցումները, որ հայտնեցի իրենց.
Նրանց որդիները սերնդե սերունդ, հավիտյան կբազմեն քո գահի վրա»:
Որովհետև Տերն ընտրել է Սիոնը և կամեցել է բնակվել նրա մեջ: Նա ասում է. «Սա՛ է Իմ հանգստի վայրը հավիտյանս հավիտենից. այստեղ եմ բնակվելու, որովհետև սիրեցի այն:
Օրհնելով օրհնելու եմ նրա այրիներին, հացով հագեցնելու եմ նրա աղքատներին:
Նրա քահանաներին զգեստավորելու եմ փրկությամբ, ուրախությամբ ցնծալու են նրա սրբերը:
Այնտեղ մի ուժ եմ հարուցելու Դավթի համար, Իմ Օծյալի համար պատրաստելու եմ մի ջահ:
Ամոթով եմ ծածկելու նրա թշնամիներին, բայց նրա վրա ծաղկելու է իմ Սրբությունը»:
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն.
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
ՍՊԱՍԱՎՈՐԸ
 
Խաղաղության համար, հատկապես, Տիրոջն աղաչենք:
Հավատքով և միաբանությամբ խնդրենք Տիրոջից, որ ողորմության Իր շնորհները հեղի մեր վրա:
Մեր ամենակալ Տեր Աստվածը թող որ կյանք տա և ողորմի:
 
և ասում են տասներկու անգամ.
 
Տե՜ր, ողորմիր:
 
ԱՂՈԹՔ ԱՌԱՆՁՆԱԿԱՆ
ՊԱՏԱՐԱԳԻՉ ՔԱՀԱՆԱՅԻ
 
զգեստավորվելուց առաջ
 
Դու, որ հագել ես լույսը որպես զգեստ, Տեր մեր Հիսուս Քրիստոս, անճառելի խոնարհությամբ երկրի վրա հայտնվեցիր և մարդկանց հետ շրջեցիր: Դու, որ հավիտենական Քահանայապետ եղար ըստ Մելքիսեդեկի կարգի, և զարդարեցիր Քո Սուրբ Եկեղեցին: Տեր ամենակալ, որ պարգևեցիր մեզ երկնային նույն զգեստները հագնել, այս պահին արժանի արա նաև ինձ՝ Քո անպիտան ծառայիս, որ համարձակվում և մոտենում եմ Քո փառքի նույն հոգևոր սպասավորությանը, որպեսզի մերկանամ իմ բոլոր ամբարշտություններից, որոնք պղծության հանդերձանք են, և զարդարվեմ Քո լույսով: Հեռացրու ինձնից իմ չարիքները և թոթափիր ինձնից իմ հանցանքները, որպեսզի արժանի լինեմ գալիք լույսիդ, որ բխում է Քեզնից: Շնորհիր ինձ քահանայական փառքով մտնել Քո սրբությունների սպասավորության մեջ նրանց հետ, ովքեր անմեղությամբ պահեցին Քո պատվիրանները, որպեսզի ես էլ պատրաստ գտնվեմ երկնավոր առագաստիդ համար, իմաստուն կույսերի հետ փառավորելու Քեզ, ո՜վ Քրիստոս, որ Քո վրա վերցրեցիր բոլոր մեղքերը, քանի որ Դու ես մեր անձերի սրբությունը: Եվ Քեզ՝ բարերար Աստծուդ, վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
մինչ դպիրները եղանակում են «Խորհուրդ խորինեը,
Սարկավագները մոտենալով՝ հագցնում են նրան զգեստները, ասելով.
 
Խաղաղության համար, հատկապես, Տիրոջն աղաչենք. ընդունի՜ր, կյա՜նք տուր և ողորմի՜ր:
 
ՔԱՀԱՆԱՆ
 
Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
նախ շապիկն է հագնում, ասելով.
 
Փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրու ինձ, Տեր, և շուրջբոլորս պատիր փրկության այս զգեստով: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
բազպանին.
 
Տուր, Տեր, զորություն իմ ձեռքին, և լվա իմ բոլոր աղտեղությունները, որպեսզի կարողանամ սպասավորել Քեզ հոգու և մարմնի անախտությամբ: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
փորուրարին.
 
Հագցրու, Տեր, արդարություն իմ պարանոցին, և սրբիր սիրտս մեղքերի բոլոր աղտեղություններից: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
գոտիին.
 
Հավատքի գոտին թող ամուր կապի իմ սրտի ու մտքի մեջքը, և սրանց միջից հանգցնի աղտեղի խորհուրդները, և Քո շնորհների զորությունը թող որ միշտ բնակվի սրանց մեջ: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
թաշկինակը վերցնելիս.
 
Տեր, սրբիր իմ ձեռքերը մեղքերի ամեն տեսակ աղտեղություններից: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
վակասին.
 
Հագցրու, Տեր, արդարություն իմ պարանոցին, և սրբիր սիրտս մեղքերի բոլոր աղտեղություններից: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
նափորտին, որ շուրջառն է.
 
Տեր, Քո ողորմությամբ հագցրու ինձ պայծառ զգեստ և պարսպիր ընդդեմ չարի ներգործությունների, որպեսզի արժանի լինեմ փառավորել Քո փառավորյալ Անունը: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
սաղավարտին.
 
Տեր, դիր իմ գլխին փրկության սաղավարտ՝ պատերազմելու թշնամու զորությունների դեմ: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
սրբազան զգեստներով զգեստավորվելուց հետո ասում է.
 
Թող որ ցնծա իմ անձը Տիրոջ մեջ, քանի որ փրկության հանդերձ և ուրախության պատմուճան հագցրեց ինձ, փեսայի նման թագադրեց ինձ և հարսի նման զարդերով զարդարեց ինձ: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որին վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։