Ամենասուրբ Հաղորդությունը ստանալու կերպերը – Գրադարան – Mashtoz.org

Ամենասուրբ Հաղորդությունը ստանալու կերպերը

Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը ծիսակատարելու և ընդունելու կերպերը դարերի ընթացքում փոխվել են՝ խուսափելու համար այն չարաշահումներից, որոնք մերթընդմերթ ի հայտ են եկել:

Քրիստոնեության սկզբնական շրջանում սովորություն էր հավատացյալի ձեռքերի մեջ դնել Ամենասուրբ Հաղորդության Հացը, որպեսզի նա ինքը ճաշակեր այն, բայց 404 թվականի Հռոմի Ժողովում արդեն, Իննովկենտիոս Առաջին Պապի օրոք (401-417), ընդունվում է Ամենասուրբ Հաղորդությունը հավատացյալի լեզվի վրա դնելու կանոնը (Mansi X, 1205), որը վերահաստատվում է նաև Սբ. Լևոն Մեծ Պապի կողմից (440-461) իր «Հինգերորդ Քարոզ»ում (PL 54, 1385): Ռուենի Ժողովում (649-653), Հռոմում ընդունված կանոններին հետևելով, քահանաներին պատվիրվում է Ամենասուրբ Հաղորդությունը չտալ ձեռքերի մեջ (Mansi X 1199-1200): Կոստանդնուպոլսո Երրորդ Ժողովը (680-681) քահանայական կարգ չունեցող քրիստոնյաներին արգելում է հաղորդվել ինքնուրույն կերպով, բանադրանք սահմանելով նրանց համար, ովքեր կհամարձակվեն այդպես վարվել (Mansi XI, 969): Մի քանի դար հետո Սբ. Թովմա Աքուինացին գրում է. «Այս Խորհրդի հանդեպ պատշաճ հարգանք ցուցաբերելու համար՝ չսրբագործված ոչ մի բան թող որ չհպվի Նրան» (S.Th. III, q.82, a.3): Տրիդենտյան Ժողովը (1545-1565) և Սբ. Պիուս Տասներորդ Պապի (1835-1914) «Մեծ Քրիստոնեական»ը վերահաստատել են Ամենասուրբ Հաղորդությունը լեզվի վրա և ծունկի եկած ընդունելու կանոնը: Հայ Ծեսի սովորությունն է ընդունել Ամենասուրբ Հաղորդությունը միմիայն լեզվի վրա, սովորաբար ոտքի կանգնած, հաղորդվելուց առաջ և հետո խաչակնքվելով, նախապես վերահաստատելով Ամենասուրբ Երրորդության հանդեպ հավատքը և հավատքն առ այն, որ ճաշակվող Հացն ու Գինին Քրիստոսի ճշմարիտ Մարմինն ու Արյունն են:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։