ԺԱՄԱՄՈՒՏՆԵՐ (աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ԺԱՄԱՄՈՒՏՆԵՐ (աշխարհաբար)

ԺԱՄԱՄՈՒՏՆԵՐ
Պահքի օրերի, Տերունական տոների և բոլոր Սրբերի կարգի համաձայն
 
ՊԱՀՔԻ ՕՐԵՐԻ
 
Դու, ո՜վ Փրկիչ, որ Հորից առաքվեցիր և մարմնացար Սուրբ Կույսից. որ մեր համար երկնքից իջար և լուսավորեցիր տիեզերքը. Քո՛ խաղաղությունը տուր մեզ, Տե՜ր, որ խաղաղությունների Թագավորն ես. խաղաղությունն ու ողորմությունը, Դու, որ ամեն ինչ կարող ես, ո՜վ Մարդասեր:
 
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ԵՎ ՈՒՐԲԱԹ ՕՐԵՐԻ
 
Որ մտքի բոլոր սահմաններից անդին է, Քո՛ խաղաղությունը, Աստված, տուր մեզ հանապազ, աղաչում ենք Քեզ:
 
ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ
 
Սրբերի տաճարում և ի հիշատակ Սուրբ Մարտիրոսների, մեր ձեռքերը վեր բարձրացնելով՝ աղաչում ենք. նրանց բարեխոսությամբ և աղոթքներով՝ մեր կյանքը խաղաղացրու, Աստված, որպես մարդասեր:
 
ՃԳՆԱՎՈՐՆԵՐԻ
 
Քրիստոսի Ճգնավորներ, որ անօրենների տանջանքներին համբերեցիք և կուռքերի մոլությունը խափանեցիք. դուք, որ հրեշտակների հետ դասվելով երկնքում՝ համարձակություն եք ստացել Քրիստոսից. բարեխոսեցեք կենագործել մեր անձերը, աղաչում ենք ձեզ:
 
ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻ
 
Միածին Որդի և Բանդ(1) Աստված և անմահ Էություն, որ հանձն առար մարմնանալ Սրբուհի և միշտ Կույս Աստվածածնից. Անփոփոխելիդ մարդ դարձած՝ խաչվեցիր, Քրիստոս Աստված, մահվամբդ մահը ոտնակոխ արեցիր. Դու, որ մեկն ես Սուրբ Երրորդությունից, փառավորակից Հոր և Սուրբ Հոգու հետ, կյանք տուր մեզ:
 
ՍՏԵՓԱՆՈՍԻ
 
ա.
 
Ցնծա՛ այսօր, ցնծա՛ և ուրախացի՛ր, Կաթուղիկե Սուրբ, հիշատակով Սուրբ Ստեփանոսի, որ նախավկան եղավ Քրիստոսի՝ Հոր կողմից Վկայվածի. որ աղոթքով բացում էր Ադամի կողմից փակված երկինքը և հրեշտակակերպ տեսիլքով տեսնում էր Հոր Կերպարանքը(2) Ադամի կերպարանքով, նստած՝ փառքի գահին. որ քարերի բազմությունը ծաղիկների նման հավաքելով՝ պսակներ էր հյուսում [Քրիստոսի չարչարանքների] փշերի ու եղեգների փոխարեն. և իր մարտիրոսական արյունը խառնում էր Քրիստոսի փրկչական Արյանը, որ հոսել էր Նրա կողից: Ինչի համար էլ փառքով առավել գերազանց եղար, քան բոլոր Սրբերը. մեր համար նույնպես հայցիր Վերնատվողից անվախճան կյանքի պարգևները և Իր մեծ ողորմությունը:
 
բ.
 
Որովայնից ընտրված Սուրբ Ստեփանոս, որովայնից ընտրված Սուրբ Ստեփանոս, առաքելական քարոզությունների ճշմարիտ վկա, որ անօրեն քարկոծողների համար աղոթում էիր Քրիստոս Աստծուն. «Սա նրանց մեղք մի՛ համարիր»: Նրա [= Սբ. Ստեփանոսի] բարեխոսությամբ, [Քրիստոս Աստված], շնորհիր մեզ Քո մեծ ողորմությունը:
 
ՏԻՐՈՋ ԾՆՆԴՅԱՆ
 
ա.
 
Աստվածածին անհարսնացյալ, անսկիզբ Բանին հղացար և անիմանալի Աստծուն ծնեցիր, անպարագրելիին քո գրկում կրեցիր. Նրան անդադար բարեխոսիր մեր անձերի համար:
 
բ.
 
Քեզ Աստվածածին խոստովանելով երկրպագում է ուղղափառների Եկեղեցին, քանի որ [Նա,] որին բազմաչյա Քերովբեներն ու հրանյութ Գահերն ու վեցթևյան Սերովբեները չէին համարձակվում նայել, անսերմնապես կրեցիր անապականորեն արգանդումդ, որպես աղախին՝ Տիրոջը, և ծնեցիր որպես մարդ՝ բոլորի Աստծուն, քեզնից մարմնացած անճառելի Բանին, ի փրկություն աշխարհի և կյանք մեր անձերին:
 
գ.
 
Աղաչում ենք քեզ, Բարձրյալի զորությամբ հովանավորված և Սուրբ Հոգու գալստյամբ լուսավորված Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, որ բոլոր գոյությունների Արարչին հղանալով ծնեցիր անճառապես. քեզնից Մարմնացյալին բարեխոսիր փրկել մեր անձերը:
 
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ - ՍԻՄԵՈՆԻ
 
ա.
 
Ծերունի Սիմեոնն այսօր Հոգու մղմամբ գալիս էր Տաճար, վեհագույն երևալով, քան քերովբեները, որոնք թևերով սավառնելով՝ չէին համարձակվում նայել [Տիրոջը՝ Նրա] ահեղ փառքի պատճառով, սա իր գիրկն առնելով՝ համբուրում էր համարձակապես և գգվում էր մանկան նման, և աղերսելով հայցում էր արձակում ստանալ ի խաղաղություն:
 
բ.
 
Անսկզբնական Բանդ Աստված, վերջին օրերում հանձն առար մարդանալ Կույսից և հավիտյանների Արարիչդ փակվեցիր ժամանակի մեջ. Դու, որ Սուրբ ես, սրբությունների Տերն ես և մաքրվելու կարիք չունես, քառասնօրյա տարիքում եկար Տաճար, իր լիությանը հասցրեցիր օրենքների արդարությունը. Քեզ՝ անպարագրելիիդ, Սիմեոնն իր գիրկն առնելով հայցում էր. «Դու, որ կապյալներին արձակողն ես, արձակիր ինձ ի խաղաղություն». ուստի ծերունի Սիմեոնի հետ դեպի վեր՝ դեպի Քեզ գոչում ենք, Տեր. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ, զորությունների Տեր. երկինքն ու երկիրը լի են Քո փառքով՝ ի փրկություն մեզ». Քրիստոս Աստված, փա՜ռք Քեզ:
 
ՍԵԲԱՍՏԻՈ ՔԱՌԱՍՈՒՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ
 
Քո փառքին հետևելով՝ դեպի փառք ընթանալով Կաթուղիկե Եկեղեցին, փութալով դեպի Սեբաստիա վերին, ուր Աստծո կողմից թագադրվածները նահատակվում են՝ ամոթ և երեսին նետված քարեր հանդիսանալով բանսարկուի համար, քաջալերելով միմյանց, որպեսզի ոչ ոք ետ չնահանջի՝ տրվելով անցավոր [աշխարհիս] բաղնիքների [ջերմությանը], այլ՝ դողալով առաքինաբար՝ իրենց անձերը աստվածային գանձերի հոսանքներին ընծայելով՝ առաջադիմի, աղաղակելով առ Քրիստոս. «Ընդունիր մեր խմբի որդեգրությունն ի հույս Քեզ սիրողների». Տեր, փա՜ռք Քեզ:
 
ԶՈՐԱԿԱՆՆԵՐԻ
 
Զորական և վկա ճշմարիտ, Քրիստոսի քաջ նահատակդ՝ Սուրբդ Թեոդորոս, որ մարմինդ փոխանակելով՝ տվեցիր որպես փրկանք հոգուդ դիմաց, և ուշադրություն չդարձրեցիր Մաքսիմիանոս թագավորի սպառնալիքներին, այլ՝ վերին ազդեցությամբ տեսնելով նրանց հոգիների աղետալի կործանումը, այդ իսկ պատճառով քանդեցիր նրանց կուռքերի տաճարը: Արդ, բարեխոսիր Տիրոջը մեր՝ հաղթական պատերազմում նահատակությանդ օրը տոնողներիս անձերի համար:
 
ՍԱՐԳԻՍ - Շապուհ   /   ԳԵՈՐԳ - Դիոկղետիանոս
 
ՂԱԶԱՐՈՍԻ
 
ա.
 
[Քրիստոս Աստված], Ղազարոսի ննջումը նախապես ասացիր որպես կանխագետ, ինչի համար էլ կանխավ գնացիր Բեթանիա, որպեսզի հարություն տաս Քո սիրելիին. և մենք գոչելով ասում ենք Քեզ. «Օրհնյա՜լ ես, որ գալիս ես չարչարվելու, Հոր կամքով, ի փրկություն մեր անձերի»:
 
բ.
 
Երբ եկավ Կենարարը Ղազարոսի գերեզմանի մոտ. երբ եկավ Կենարարը Ղազարոսի գերեզմանի մոտ. ավետավոր ձայնով աղաղակեց ասելով. «Ղազարոս, արի՛, դո՛ւրս եկ». և մեռյալը գերեզմանից հարություն առավ. և նույն Ինքը անմահության պարգևները տվեց Իր սիրելիին և աստվածային ձայնով դուրս կանչեց գերեզմանից. ինչի համար եբրայեցիների երեխաներն էլ ոստերով օրհնում էին անմահ թագավորությունդ. «Օվսաննա՜, օրհնյա՜լ է Քո գալուստը, օրհնությո՜ւն բարձունքներում. օրհնյա՜լ ես, որ եկար և գալու ես Տիրոջ անունով»:
 
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ
 
Ցնծա՛, Երուսաղեմ, և զարդարի՛ր առագաստդ, Սիոն. քանի որ, ահա՛, քո թագավորը՝ Քրիստոսը, նստած մի նոր ավանակի վրա՝ հեզություն ցույց տալով, գալիս մտնում է առագաստիցդ ներս, Սիոն. և մենք աղաղակում ենք. «Օվսաննա՜, օրհնյա՜լ է, որ գալիս է Տիրոջ անունով. Նա, որ ունի մեծ ողորմություն»:
 
ԶԱՏԻԿԻ
 
Քրիստոսն հարություն առավ մեռելներից, մահվամբ հաղթեց մահվանը և Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց. Նրան փա՜ռք հավիտյանս: Ամեն:
 
ՀԻՆԱՆՑ
 
ա.
 
Ահավոր և սքանչելի է մեր փրկության խորհուրդը, որ Հորից անսկիզբը անճառաբար մարմնացավ Կույսից, խաչին համբերելով և Իր կամավոր մահվամբ մեզ պարգևեց կենդանության շնորհները:
 
բ.
 
Քանի որ Քրիստոս Աստվածն հարություն առավ մեռելներից, հավիտյանների Արարիչն ու մարդկանց ցեղի հարությունը, որին անդադար օրհնում են հրեշտակների զորքերը և երկնային բոլոր զորությունները. նրանց հետ գոչելով ասում ենք. «Փա՜ռք Քո սոսկալի հարությանը, Տեր»:
 
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ
 
ա.
 
Հիացան վերին բազմությունները՝ տեսնելով Քեզ հրեղեն կառքի մեջ բազմած, դողալով հարցնում էին. «Ո՞վ է սա, որ գալիս է Եդոմից, և եկած՝ փառքով մտնում է փառքի մեջ»: Տեր, փա՜ռք Քեզ:
 
բ.
 
Դու, որ աննկարագրելի գահի վրա ես բազմում և անմարմինների կողմից դեպի վեր օրհնաբանվում, անհասանելի Բանդ Աստված, երկրի վրա որպես ճշմարիտ մարդ հայտնվեցիր՝ կատարելով տնօրենության խորհուրդը, խաչի և մահվան համբերեցիր. և Քո հրաշալի հարությունդ հայտնեցիր հզոր զորությամբ. այսօր փառքով համբարձվեցիր երկինք և կուսածին մարմինդ հրաշափառորեն լուսազարդեցիր. ինչը որ Եսային տեսնելով՝ մարգարեանալով ասում էր. «Ո՞վ է սա, որ գալիս է երկրից». երկնային Պետություններն էլ հիացած՝ գոչում էին միմյանց. «Վերամբարձե՛ք, իշխաններ, ձեր դռները, և թող որ ներս մտնի փառքի Թագավորը»: Դու, որ ամենակարողդ ես և հզոր, մեզ ևս շնորհիր հանդիպել Քեզ, երբ մյուս անգամ կգաս ամպերի վրայով, որ միակդ ես մարդասեր:
 
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ
 
ա.
 
Աստված ենք Քեզ դավանում, Սուրբ Հոգի, և երկրպագում ենք Քեզ, որ ստեղծվածներիս կենդանության պատճառն ես և խաղաղարարն աշխարհի. որ աշակերտների տգիտությունը բազում գիտությամբ լիացրեցիր, և հրեղեն լեզուների բաժանված՝ անճառելի շնորհներով հայտնվեցիր նրանց. աղաղակում ենք, Տե՜ր, խնայիր և կյանք պարգևիր մեզ:
 
բ. - Հոգեգալստյան Երկուշաբթիի
 
Այսօր հրեղեն լեզուների բաժանված իջար առաքյալների մեջ՝ լուսավորելով նրանց. և այժմ աղաչում ենք Քեզ, Սուրբ Աստված, որ ստեղծվածներիս կենդանության պատճառն ես և խաղաղարարն աշխարհի. խնայիր և կյանք պարգևիր մեզ:
 
գ. - Հոգեգալստյան Երեքշաբթիի
 
Որի համար մենք էլ Սուրբ Հոգին Հոր հետ միավորված և Որդու հետ միասնական ենք դավանում, և վերին Շնորհատուիցդ հայցում ենք հոգևոր խաղաղությունդ մեզ. Տեր, փա՜ռք Քեզ:
 
ՀՌԻՓՍԻՄՅԱՆՆԵՐԻ
 
Որ ծագեցին մեր համար արևմուտքից արևի նման և լուսավորեցին աշխարհն ամբողջ Հայաստանյայց, կռապաշտության անգիտության խավարը փարատեցին և բոլոր հոգիները լուսավորեցին աստվածգիտության հավատքով. նրանց բարեխոսությամբ, Քրիստոս Աստված, Քո՛ խաղաղությունդ պարգևիր աշխարհին և մեղքերի թողություն մեր անձերին, որպես մարդասեր Տեր:
 
ԳԱՅԱՆՅԱՆՆԵՐԻ
 
Հաղթական ձեր հանդեսն է բերկրանքով տոնում Սուրբ Եկեղեցին, քանի որ սրբությամբ պահպանեցիք կուսությունը և մարմնի մեջ բացահայտեցիք անմարմինների վարքը:
 
ԿՈՒՅՍԵՐԻ
 
Քրիստոսին՝ երկնավոր Փեսային հարսնացածներ, վերին Սիոնի դուստրեր, խնդրեցեք Քրիստոսից հաշտություն և մե՜ծ ողորմություն:
 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ
 
Աստծո Բանին առաջընթացությունդ քո և կարապետությունդ խափանել կարծելով, նա [= սատանան], որ կնոջ միջոցով նախաստեղծին դուրս նետեց դրախտից, այժմ էլ Հերովդիադային անօրենությամբ բորբոքեց և Հերովդեսի հյուրերի համար հաճելի թվացրեց աղջկա ոտքերի պարը, որպեսզի գլխատել տա քեզ, որ բոլորի գլխին՝ Քրիստոսին ձեռնադրեցիր: Բայց դու, որ անապատից կանչող ձայնն ես, գոչիր առ Նա, ում ձեռնադրեցիր, պարգևել խաղաղություն և մե՜ծ ողորմություն:
 
ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ
 
Տեր, որ հիմնեցիր Քո Եկեղեցին հավատքի վեմի վրա, և նրանում կարգեցիր առաքյալներ, հովիվներ ու վարդապետներ՝ սրբերին հաստատության մեջ պահելու համար. և վկաների ճգնությամբ նրա թշնամուն հեռու վանեցիր. խաղաղության մեջ պահիր նրան, Աստված, որպես մարդասեր:
 
ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ
 
Քրիստոս Աստծո առաքյալներն ու վկաները ամենակալ Հոգու զորությամբ ընդհանուր բոլորին կյանքի որդեգրության հրավիրելով՝ հորդորեցին միասնական Սուրբ Երրորդությանը փառաբանություն երգել ի հավիտյանս: Ամեն:
 
ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ
 
Հայրապետական գահը զարդարեցիր երկրի վրա, առաքելական պատիվը ստացար երկնքից, ծառա՜ Քրիստոսի, ո՜վ երանելիդ Հայրերի մեջ, Սուրբ Հայրապետ. քանի որ քո վարդապետության սերմերը բարեպաշտության հասկեր աճեցրեցին՝ ուրախության պտուղ հասունացնելով և հավատացյալներիս փրկություն շնորհելով. դրա համար բարեխոսիր Տիրոջ մոտ մեր անձերի համար:
 
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ
 
Կոստանդիանոսի և Թեոդոսի
 
Ինչպես Իսրայելի աստվածասեր թագավոր Եզեկիայից հետո Աստված վեր հանեց Հովսեին, որն ամեն տեսակ կռապաշտություններից մաքրեց երկիրը. այնպես նաև բարեպաշտ Կոստանդիանոսին վեր հանեց, որն Արիոսի մոլորությունը խափանեց, և մեծն Թեոդոսին, որն աստվածային նախանձախնդրությամբ ընդդիմացավ նրանց, ովքեր անարգում էին Սուրբ Հոգուն: Արդ, ո՜վ Աստծուց կարգված և ուղղափառ սուրբ թագավոր, աղաչիր Տիրոջը փրկել մեզ մարդապաշտ մոլորությունից, որպեսզի մենք էլ տոնենք քո հիշատակը, խնդրելով Քրիստոսից հաշտություն և մե՜ծ ողորմություն:
 
Աբգարի և Տրդատի
 
Ինչպես Իսրայելի աստվածասեր թագավոր Եզեկիայից հետո Աստված վեր հանեց Հովսեին, որը հին ժողովրդի ամեն տեսակ կռապաշտություններից մաքրեց երկիրը. այնպես նաև նոր ժողովրդի մեջ վեր հանեց անդրանիկ թագավորին՝ բարեպաշտ Աբգարին, որը հեռվից ճանաչեց երկնավոր թագավորին՝ Քրիստոսին, և Նրա Աստվածությունը քարոզեց մինչև բոլոր ծայրերն աշխարհի. իսկ նրանից հետո վեր հանեց մեծն Տրդատին, որն իսպառ հալածեց դիվամոլ կռապաշտությունները Հայաստան աշխարհից, և զարդարեց ճշմարիտ և ուղղափառ հավատքով: Արդ, ո՜վ Աստծուց կարգված և բարեպաշտ սուրբ թագավոր, աղաչիր Տիրոջը փրկել մեզ անօրեն բռնավորներից, որպեսզի մենք էլ տոնելով քո հիշատակը՝ խնդրենք Քրիստոսից խաղաղություն և մե՜ծ ողորմություն:
 
ԵԿԵՂԵՑՈՒ
 
Խաղաղություն շնորհիր Քո Սուրբ Եկեղեցուն, խաղաղություն և անսասանություն թշնամիների հարուցած պատերազմներում. և Կաթուղիկե Եկեղեցին հաստատիր մեկ հավատքի մեջ. Քեզ ենք դավանում մենք, Տեր և Աստված, կյանք պարգևիր մեզ:
 
ՎԱՐԴԱՎԱՌԻ
 
Երևաց այսօր Տերն աշակերտներին Թաբորական լեռան վրա, և աշակերտները զարհուրած աղաղակեցին՝ ասելով. «Երեք վրան պատրաստենք, մեկը՝ Տիրոջ համար, մեկը՝ Մովսեսի, և մեկը՝ Եղիայի»: Մենք էլ, որ Քո բանավոր հոտն ենք, Քո ճշմարիտ վկաների հետ երգում ենք. Քո մյուսանգամ գալստյան ժամանակ շնորհներիդ լույսը առաքիր մեր վրա, և կյանք պարգևիր:
 
ԽԱՉԻ
 
Քո պատվական ամենահաղթ Խաչի առաջ խոնարհվում ենք երկրպագելով, և խնդրում ենք թողություն մեր հանցանքներին, քանի որ սրանով ջնջեցիր մարդկանց ազգի դատապարտությունը: Այժմ էլ, հանուն Քո Սուրբ Աստվածային Նշանի, երկնային խաղաղությունդ շնորհիր ողջ աշխարհին:
 
ՈՐՈՏՄԱՆ ՈՐԴԻՆԵՐԻ
 
Այսօր երկնքից որոտման ահարկու ձայներ հնչեցին երկրի վրա, ձեզ որդեգրության կանչելով, ո՜վ որդիներդ Սիոնի, հավատքի հաստատություն լինելու, և պարծանք՝ Եկեղեցու, դուք, որ ձեր արյան ցողով մաքրեցիք տիեզերքը անօրեն կռապաշտություններից: Արդ, հայցեցեք Քրիստոսից քավություն ձեր անունը տոնողներիս համար: Նրանց մաղթանքներով, ո՜վ Տեր, խնայիր Քո կողմից փրկված ժողովրդին, որ միակդ ես մարդասեր:
 
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ
 
ա.
 
[Նրան,] Ում անլռելի ձայնով օրհնում են իմանալի զորությունները, երկնավոր նահապետությունները՝ Հրեշտակներն ու Հրեշտակապետները, Գահերն ու Տերությունները, Իշխանություններն ու Պետությունները, Սերովբեներն ու Քերովբեները. Ամենասուրբ Երրորդությանը և Մի Աստվածությանը:
 
բ.
 
Այսօր երկրավոր Եկեղեցու քահանայապետությունը ցնծում է հրաշափառապես՝ տոնախմբությամբ կատարելով երկնավոր քահանայապետությունների՝ անմարմնական հոգեղեն դասերիդ տոնը, մենք՝ մարմնականներս ու հողեղեններս: Ո՜վ Սուրբ Գաբրիել և Միքայել մեծերդ, Բարձրյալի հրեշտակապետներ, որ կանգնած եք Աստվածության գահի առաջ, անդադար բարեխոսեցեք Տիրոջը մեր համար, հավաքել բոլորիս ձեր հետ վերևում՝ Երկնքի Արքայությունում, միաձայն բարբառով երգելու Իր փառքը:
 
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ
 
ա.
 
Գրիգոր Սուրբ Քահանայապետ, որ Հավատքն ուսուցանեցիր և դևերի բանակները հալածեցիր, մարդկանց սովորեցրեցիր հռչակել Երրորդությունը, Արքայությունում թագադրվեցիր. արդ, Տիրոջ առաջ բարեխոս եղիր մեր համար:
 
բ.
 
Ցնծում է այսօր, ցնծում և զվարճանում է Սուրբ Եկեղեցին, մեծ հանդիսավորությամբ տոնելով հանրատենչ քո հիշատակը, ո՜վ գերազանցդ Հայրերի մեջ Սուրբ Հայրապետ և մեր՝ Թորգոմի Տան Լուսավորիչ, Սուրբդ Գրիգորիոս: Որ քո անտանելի չարչարանքներովդ ամբողջ աշխարհն հիացրեցիր, անօրինակ ճգնությամբդ հրեղեններին զարմացրեցիր, որոնք գունդ գունդ երկնքից դեպի երկիր խոնարհվելով՝ աճապարում էին նահատակությանդ հանդեսին ականատես լինել: Եվ գոռոզացած արքային, իր զորքերի հետ միասին, անհամեմատ համբերությամբդ՝ ոտքերիդ ներքո նվաճեցիր, և քո աստվածահաճո աղոթքներով նրանց կուրացած մտքերը լուսավորեցիր և Քրիստոսի Ավետարանի սպասավորներ դարձրեցիր: Նրա [= Տրդատի] հետ միասին, մեր Հայոց ազգն էլ հոգևոր նոր ծնունդով աստվածգիտության լույսին բերեցիր: Որի համար էլ յուրահատուկ կերպով լուսափայլեցիր բոլոր Սրբերի մեջ և Առաքելական աթոռ ու պատիվ ստացար, և նրանց հետ թագադրվեցիր Քրիստոս Աստծո կողմից: Արդ, ո՜վ Հայր մեր և մեր հոգիների Լուսավորիչ, քո Եկեղեցու միաբան ուխտով աղաչում ենք քեզ, որ քո հրաշալի տոնի օրը հատուկ կերպով բարեխոսես մեր Քրիստոս Աստծո առաջ, որպեսզի Եկեղեցիս և քո ժողովրդի մնացորդներս պահի խաղաղության մեջ, փրկելով հոգևոր ու մարմնավոր թշնամիներից, որպեսզի մենք էլ քո հիշատակը միշտ կատարելով՝ փառավորենք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս: Ամեն:
 
ԵՐԵՔ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ
 
Որ Քերովբեների վրա ես բազմում և հրեղեն զորքերի կողմից օրհնաբանվում, իջար Բաբելոն և կրակի բռնությունից փրկեցիր երեք պատանիներին, որոնք աղաղակելով նոր երգ էին եղանակում. «Արարածներ բոլոր, օրհնեցե՛ք և մեծարեցե՛ք». փառքի Թագավոր Քրիստոս և ամենքի Արարիչ, որ մարդասիրաբար գթացիր բորբոքված բոցերի մեջ գտնվող Սուրբ Պատանիներին, որոնք թագավորի բռնությունը անարգեցին և կրակի զորությունը հանգցրեցին. նրանց հետ մենք էլ դեպի վեր՝ դեպի Քեզ գոչում ենք. Փրկի՜ր մեզ հավիտենական կրակից, քանի որ դու միակդ ես բազմագութ Տեր. Քեզ փա՜ռք հավիտյանս: Ամեն:
 
ՎԱՐԴԱՆԱՆՑԻ
 
Աշխարհային ճակատամարտի, աշխարհային ճակատամարտի և մեծ պատերազմի մեջ ձեր դեմ մարտնչում էր անօրենների սանձազերծած պատերազմը, ուր դուք հաղթող գտնվեցիք, ո՜վ Սուրբ Երանելիներ: Քանի որ ձեր դեմ, որ ստացել էիք աստվածային զորությունը, չէր դիմանում նրանց մարմնավոր պատերազմը: Նրանց բարեխոսությամբ, Քրիստո՜ս, խնայիր մեզ և ողորմիր:
(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը: Հատկանշական է, որ գոյություն ունեցող ամեն ինչ հայերենում մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր: Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է ան-բան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական:
(2) «Հոր Կերպարանքը», այսինքն՝ Քրիստոսին (հմմտ. Փլպ 2, 5-8):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։