« ԱԶԱՏ ՝ ԻՆՉՊԵՍ ԳԱՐՆԱՆԸ ԲԵՂՄՆԱՓՈՇԻ ՏԱՐԱԾՈՂ ՔԱՄԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱԶԱՏ ՝ ԻՆՉՊԵՍ ԳԱՐՆԱՆԸ ԲԵՂՄՆԱՓՈՇԻ ՏԱՐԱԾՈՂ ՔԱՄԻՆ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Գործք Առաքելոց 2, 1-11
Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ Եվ հանկարծակի երկնքից մի ձայն հնչեց, սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Եվ կային Երուսաղեմում բնակվող հրեաներ, երկյուղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ Եվ երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ Ամենքը հիանում էին և զարմանում. ու միմյանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են. բայց ինչպե՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսում ենք։ Մենք՝ պարթևներ, մարեր և իլամացիներ, և նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում և Գամիրքում, Պոնտոսում և Ասիայում, Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում, և Հռոմից եկածներ՝ թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, - լսում ենք, որ նրանք խոսում են մեր լեզուներով Աստծո մեծագործությունների մասին»։
 
Պողոս Առաքյալի Նամակը Հռոմեացիներին 8, 8-17
Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն։ Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ՝ հոգու, եթե Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Իսկ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար։ Եթե ձեր մեջ բնակվում է Նրա Հոգին, ով հարություն տվեց Հիսուսին մեռելներից, ապա և, ով հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մեջ բնակվող իր Հոգով։ Այսպես, ուրեմն, եղբայրներ, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք. որովհետև նրանք, որ առաջնորդվում են Աստծո Հոգով, նրանք են Աստծո որդիներ. քանի որ չստացաք ծառայության հոգին վերստին երկյուղի մեջ ընկնելու համար, այլ՝ ստացաք որդեգրության հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա՜, Հա՜յր։ Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թե Աստծո որդիներ ենք. իսկ եթե որդիներ ենք, ապա և՝ ժառանգներ. ժառանգներ Աստծո և ժառանգակիցներ Քրիստոսի։ Եթէ նրա չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին։
 
Ավետարան ըստ Հովհաննեսի 14, 14-16.24-26
Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները. և ես պիտի աղաչեմ Հորը, և նա մի ա՛յլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեր հետ բնակվի. Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեր մոտ պիտի բնակվի և ձեր մեջ պիտի լինի։ [...] Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեր հետ եմ։ Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ։ Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք։
 
 
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Ո՞վ է Սուրբ Հոգին։ Աստծո Ազատությունն է, Աստված Ազատության մեջ, անդադար չվող Քամի, որ բեղմնափոշի է տանում այնտեղ, ուր կամենում է. այնտեղ, ուր ցանկանում է, որ գարուն լինի։ Նա է, ով տարածում է աստվածային կյանքի բեղմնափոշին։
Աստված Ազատության մեջ, որ չի հանդուրժում վիճակագրությունները և չի ենթարկվում դրանց։ Ուսումնասիրողները փնտրում են տևական դեպքեր ու սխեմաներ։ Ասում են. Աստվածաշնչում Աստված ահա՛ այսպես է վարվում։ Մի՛ հավատացեք։ Կյանքի մեջ և Աստվածաշնչում, Աստված երբեք սխեմաների չի հետևում։
Ազատ՝ ինչպես քամին, գոյություն ունեցող ամենաազատ իրականությունը, որն երբեմն մեղմիկ զեփյուռ է, երբեմն էլ՝ տունն ու քաղաքը դղրդացնող փոթորիկ. Նրա Խոսքը լռության հազիվ ընկալելի շշունջն է երբեմն, իսկ երբեմն էլ՝ հրաբորբոք կրակ, մարգարեի ոսկորների մեջ փակված։
Հոգեգալուստը մի հեղափոխական տոն է, որի ողջ տարողությունը դեռ չենք ըմբռնել։ Հոգին «կուսուցանի ձեզ ամեն ինչ», Նա սիրում է ուսուցանել, սովորեցնել, ուղեկցել դեպի անդին, բացահայտել տալ անծանոթ տեսարաններ, մղում է հավատացյալներին՝ ապրելու որպես հետախույզներ, ո՛չ իբրև հրամաններ կատարողներ, այլ՝ որպես ճանապարհներ կերտողներ։ Հոգին արարիչ է, և կամենում է, որ մենք էլ արարիչներ լինենք, Իր պատկերով ու նմանությամբ։
Որովհետև Հոգին փչում է նաև հիմա, և փչելու է միշտ, անդադար. փչում է անձանց կյանքերի մեջ, սպասումների մեջ, վշտերի մեջ, գեղեցկության մեջ։ Սրա համար է, որ յուրաքանչյուր աշակերտ թաթախված է Սուրբ Հոգով, ունի ամբողջ Հոգին, ունի այնքան Սուրբ Հոգի, որքան Նրանից ունեն իր հովիվները։ Արդարև, «Աստծո ժողովուրդը, Հոգու տևական ազդեցության ներքո, անդադար ավետարանում է ինքն իրեն» (Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապ, Կոնդակ «Ավետարանի բերկրանքը», 139)։ Խոսքեր, որ նման են անցումներ բացող քամու, գարնանային բեղմնափոշի տարածող քամու. Աստծո ժողովուրդն ավետարանում է ինքն իրեն, անդադար, Սուրբ Հոգու հետ միանպատակ համագործակցությամբ։ Զորավոր վստահության մի տեսություն, որի մեջ յուրաքանչյուր այր և յուրաքանչյուր կին ունեն մարգարեական և հովվական արժանապատվությունը, բոլորն էլ դերակատարներ են հասարակության ներսում. յուրաքանչյուրն իր սեփական «հինգերորդ Ավետարանի» հեղինակն է, Սուրբ Հոգու ներշնչմամբ։
«Կհիշեցնի ձեզ այն ամենն, ինչ ասացի ձեզ»։ Ձեր սրտի մեջ կրկին կդնի Հիսուսի պատմությունը, կվերարծարծի այն (հմմտ. Ղկս 24, 32. «Մի՞թե մեր սրտերը չէին այրվում մեզնում»), որովհետև մարդկանց հիշողության մեջ դրոշմված մնում և ապրում է միայն այն, ինչն իսկապես կարևոր է։ Երկար ապրում է միայն այն, ինչը սիրում ենք։ Ընդմիշտ ապրում է միայն այն, ինչը գողացել, հափշտակել է մեր սիրտը։
Հոգին սկզբնական անդունդների վրա շրջող քամին է, Քորեբ լեռան վրա Եղիային պատած մեղմիկ զեփյուռը, Պենտեկոստեի օրը Երուսաղեմում ուժգին փչած քամին։ Ահա՛, ուրեմն, եզրակացությունը. հարկավոր է ընդունակ լինել ամեն գնով վեր բարձրացնելու առագաստը ծովի դատարկության վրա (Ժուլիեն Գրակք)։
Երբ մի առագաստ կա, ծովն իսկույն փոխվում է, դադարում է մի դատարկություն լինել, որի մեջ կորչում ենք կամ ընկղմվում։ Բավական է վեր բարձրացնել առագաստը, այնքան՝ որքան բավական է Հոգու կորովի շունչը բռնելու համար, և ահա՛ սկիզբ է առնում մի կրքոտ արկածախնդրություն, մոռանալով դատարկությունը, հետևելով նպատակակետի ուղղությանը։ Եվ այնտեղից, որտեղ կանգ էիր առել, նա քեզ կրկին մեկնել կտա։ Աստծո ազատ Հոգին մեզ միշտ տրվում է որպես Ա՛յլ. նավին իբրև ցամաք, ցամաքին իբրև նավ։
 
 
Հայր Էրմես Մարիա Ռոնքիի համացանցային կայքէջից
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։