ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՏՎՅԱԼՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՏՎՅԱԼՆԵՐ

Էրմես Մարիա Ռոնքին (ծնվ. Իտալիայի Ռակքյուզո Դի Ատթիմիս ավանում 1947 թվականի Օգոստոսի 16-ին) իտալացի վարդապետ է և աստվածաբան, Մարիամի Ծառաների Միաբանության անդամ:

18 տարեկան հասակում, մինչ ուսանելիս է լինում վարժարանում, ուր արդեն մտադրվել էր քահանա դառնալ, հոգևոր հանդիպումների մի շաբաթվա ընթացքում ծանոթանում է վաստակաշատ վարդապետ Հայր Ջովաննի Վաննուչչիին, որից ուսանում է, որ սրբազան աշխարհն ու իրական նյութական աշխարհը միմյանցից զատ կամ հակադրված չեն, այլ՝ համընկնում են միմյանց և մեկը մյուսի հայտնությունն է: Հետագա հարցազրույցներից մեկի ժամանակ պատմում է. «Հիշում եմ, որ նա մեզ խորհուրդ էր տալիս, գրեթե ստիպում էր կարդալ ռուս մեծ վիպագիրների գրքերը: [...] Այդ ժամանակ էր, որ իր հուշմանը հետևելով՝ սովորեցի ընթերցել Դոստոևսկու և Տոլստոյի հատորները: [...] Այդ ընթերցումները մեզ օգնում էին բացահայտելու նյութական իրականությունը որպես սրբազան իրականության հայտնության վայր»:

Այս կարևոր ուսուցումներից բացի, Հայր Ջովաննին օգնում է նրան գերազանցելու այն խնդիրները, որ առաջանում էին եկեղեցական մեծավորների հետ ունեցած հարաբերություններում, հասկացնելով, որ հոգեկան ներդաշնակությունը նախևառաջ հարկավոր է ձեռքբերել Աստծո և սեփական անձի հետ ունեցած հարաբերություններում: Այսպես է պատմում այդ փորձառությունն ինքը՝ Հայր Էրմես Ռոնքին, վերջերս տված հարցազրույցներից մեկում. «Այդ տարիներին, մեր բոլորիս ունեցած մեծագույն խնդիրը հեղինակության հետ ունեցած հարաբերությունն էր, արդեն իսկ զգացվում էին '68 թվականի ապստամբության առաջին ազդեցությունները, ուստի գնացի նրա մոտ ու ասացի. ''Հայր Ջովաննի, ես խնդիրներ ունեմ իմ վերատեսուչիս հետ, չեմ կարողանում համաձայն գտնվել նրա հետ, չեմ կարողանում հարգել ու գնահատել նրան, նա ինձ ոչնչով չի օգնում, ներսումս մեղեդի չի ծնում'': Մտքումս ենթագիտակցորեն ցանկանում էի, որ նա քաջալերեր ինձ իմ այսօրինակ ապստամբությանս մեջ: Նա, մինչդեռ, ասաց. ''Կարծում եմ, որ դու շա՜տ ավելի լուրջ խնդիրներ ունես: Ուշադրությունդ չպետք է կենտրոնացնես մեծավորներիդ հետ ունեցածդ խնդիրների, այլ՝ Աստծո հետ ունեցածդ հարաբերության և քո ներանձնական հոգևոր կյանքի ներդաշնակության խնդրի վրա, ինքդ քո հետ ունեցած ներդաշնակության խնդրի վրա'': [...] Ահա՛, այս խոսքերն ինձ շա՜տ օգնեցին»:

Իր կյանքի որոշիչ հանդիպումներից մեկն է լինում նաև միստիկ բանաստեղծ Հայր Դավիդ Մարիա Թուրոլդոյի հետ ծանոթությունն ու երկարատև շփումները:

1973 թվականին ձեռնադրվում է կուսակրոն քահանա և մի քանի ա՛յլ աբեղաների հետ միասին հիմնում է մի փորձնական վանական հասարակություն Վիչենցայի մարզում, որտեղից հետո տեղափոխվում են Քազալե Մոնֆերրատո. «Թողեցինք դասական կյանքով ապրող վանքը, ուր ամեն ինչ կազմակերպված էր ու ապահով, բնակություն հաստատեցինք մի լքված տան մեջ, ուր ջանացինք հոգալ մեր կարիքները մեր իսկ ձեռքերի աշխատանքով, մեր իսկ ճակատի քրտինքով, ջանացինք իրական շփում ունենալ մարդկանց հետ: [...] Չորս տարի ապրեցինք այդպես, ամեն տեսակ աշխատանք կատարելով. ես ինքս իբրև բանվոր էի աշխատում հողագործական մի տնտեսությունում, աբեղաներից մի ուրիշը բանվոր էր աշխատում քաղաքում, մի ուրիշը տեքստեր սրբագրող էր աշխատում տեղի թերթերից մեկի համար, և այլն: Բայց հետո զգացի ուսանելու կարիքը»:

Եկեղեցական իշխանություններից խնդրում է տեղափոխվել Փարիզ, ուր աշխատում է որպես իտալերենի ուսուցիչ, ինչպես նաև՝ որպես կրոնի ուսուցիչ իտալական «Լեոնարդո Դա Վինչի» վարժարանում. երկար ժամանակ աշխատում է նաև որպես փողոցներն ավլող, որպեսզի կարողանա վճարել ուսման վարձը իր սեփական միջոցներով: Ստանում է դոկտորական երկու աստիճան. մեկը՝ Կրոնների Պատմության մարզում, մասնագիտանալով Մշակութային Մարդաբանության մեջ (Սորբոնի Համալսարանում), մյուսը՝ Կրոնական Գիտությունների մարզում (Փարիզի Կաթոլիկ Համալսարանում):

1980 թվականին վերադառնում է Իտալիա և մեծավորների կողմից ուղարկվում է Ռովատոյի Սուրբ Աստվածածին վանք, ուր մնում է մինչև 1991 թվականը: «Ոչ մի արտակարգ գործ չէինք անում, պարզապես աշխատում էինք ինչ որ մի բարիք գործել՝ առաջարկելով հոգեկանության, մշակույթի, սոցիալական օգտակարության նախաձեռնություններ: Այնտեղ է, որ սկիզբ առավ քարոզչության իմ առաքելությունը: Այդ տարիներին է նաև, որ լույս տեսավ իմ առաջին գիրքը»:

1991 թվականին ուղարկվում է Մարիամի Ծառաների Միաբանության Վեռոնայի վանք, ուր մնում է մինչև 1994 թվականը, երբ կատարված ուսումները թարմացնելու նպատակով վեց ամիս Փարիզում անցկացնելուց հետո հաստատվում է Միլանում, ուր մինչև օրս աշխատում է Կոռսո պողոտայի վրա գտնվող Սուրբ Կարլոս եկեղեցում, ղեկավարելով Հայր Դավիդ Մ. Թուրոլդոյի կողմից հիմնված «Corsia dei Servi» Մշակութային Կենտրոնը:

2007 թվականին, երբ ամբողջ Իտալիայից ի մի էին հավաքվել 500.000 պատանիներ ու երիտասարդներ՝ մասնակցելու համար Երիտասարդների Ազգային Հանդիպմանը, Հայր Էրմես Մ. Ռոնքիին վստահվեց հանդիպման նախօրեի երեկոյան խորհրդածությունների տեքստը պատրաստելու պատասխանատու գործը: Ներկայումս, Հայր Էրմեսը Աստվածաբանական Գեղագիտություն (Էսթետիկա) և Սրբանկարչություն (Իկոնոգրաֆիա) է դասավանդում Հռոմի Պապական «Մարիանում» աստվածաբանական ֆակուլտետում, 2009 թվականից վարում է Իտալական Հանրային Առաջին Հեռուստաալիքի «Իր պատկերով» հաղորդման «Հույսի պատճառները» բաժինը, 2012 թվականից ժողովրդապետ է նշանակվել Միլանի Սուրբ Կարլոս եկեղեցուն կից ժողովրդապետությունում: 2016 թվականի Քառասնորդաց շրջանում, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հրավերով ու հանձնարարությամբ, Հայր Էրմես Մ. Ռոնքին հոգևոր խորհրդածական քարոզներ է խոսել Հռոմեական Վարչակազմի անդամների համար, որոնց ներկա է գտնվել նաև Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը:

Հայր Էրմեսը աստվածաշնչյան և հոգևոր թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակն է, ինչպես նաև գործակցում է մի քանի թերթերի ու պարբերականների հետ՝ գրելով կրոնական նյութեր շոշափող հոդվածներ: Մի առիթով ասել է. «Զգում եմ ինձ որպես ծառա, Աստծո Խոսքին ծառայող սպասավոր. դա՛ է իմ կյանքն առաջ մղող կիրքը, իմ կյանքի կանչը, աղբյուրը, վեմը, բույնը: Ավետել Խոսքը, գրել Խոսքի մասին, ''թարգմանել'' այն այսօրվա բառապաշարով. ահա՛ սրանք են իմ ամենօրյա ընթացքի չափման միավորները»: Հայր Էրմես Մ. Ռոնքիի գրքերից յուրաքանչյուրը կենտրոնացած է խորհրդածության մի մասնահատուկ թեմայի շուրջը. «Հայր մեր»ը («Հացի երգը»), աղոթքը («Եթե մի ընկեր ունես»), դարձը («Աստվածային հրապույրը»), ընկերությունը («Չտրված համբույրները»), գեղեցկությունը («Դու գեղեցկություն ես»), կյանքը («Կյանքի սեմին»), հույսը («Հույսի շուկայում»), և այլն, և այլն: Սրանցից բացի, գրքեր է գրել նվիրված Մարիամին («Մարիամը Նոր Կտակարանում», «Մարիամի տները») և Ավետարանների հատվածների մեկնությանը («Պարզել առագաստները», «Կյանքի այբուբենը», «Քո գեղեցկությունն եմ ուզում երգել», «Շնչել Քրիստոսին», «Աղբյուրներից առաջ», «Պայծառ շողացրեց կյանքը», «Տավղի մրմունջների ետևում», և այլն), որոնք բոլորն էլ ջերմագին ընդունելության են արժանացել ընթերցողների կողմից, աշխարհի բոլոր անկյուններում: Աղոթքի մասին «Եթե մի ընկեր ունես» գիրքը (բնագրում՝ «Ծունկի եկած տասը ուղտերը») մեր կողմից հայերենի է թարգմանվել և հրատարակվել է Երևանում 2008 թվականին, իսկ «Մարիամը Նոր Կտակարանում» հատորը, նույնպես հայերենի թարգմանված, հասանելի է մեր այս կայքում (ուր հասանելի են նաև հատընտիր հատվածներ իր ա՛յլ գրքերից ու հոդվածներից):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։