« ԱՆՍԱՀՄԱՆ ԾԱՐԱՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՆՍԱՀՄԱՆ ԾԱՐԱՎ »

Խորհրդածություն  Հովհաննես  4, 5-42  ( « ՍԱՄԱՐԱՑԻ ԿԻՆԸ » )  հատվածի շուրջ

 

Հիսուսը և մի օտարազգի կին։ Աչքեր աչքերի մեջ` ջրհորի եզրին, հայացքները` սրտի բարձրության վրա։

«Ինձ խմելու ջուր տուր»։ Ճամփորդը ծարավի է, բայց ո՛չ ջրի։

Տալը, պարգևելը` այս պատմության կրկներգն է, հիմքերից կրող գաղափարն է սրբազան պատմության. քեզ մի ներքին աղբյուր կտամ` մի կում ջրի փախարեն։

Գեղեցկագույն խորհրդապատկեր. աղբյուրը շա՜տ ավելին է, քան այնքանը, որքանի կարիքն ունես ծարավիդ համար. առանց չափի է, առանց վերջի, առանց հաշվի։ Առատագույն և շռայլ։

Պատկերն է Աստծո, որ նվիրվում է մի ճշգրիտ ցանկությամբ. որ սիրենք Իրեն ո՛չ ծառաների նման, ո՛չ այլևս հպատակվածների նման, այլ` խելահեղորեն սիրահարված սրտով։

Այսօր էլ Հիսուսը անշեղ ընթանում է դեպի սրտի ջրհորը, դեպի էականը, որ վարարում, հորդում է։

Եվ տեսնում է մի սիրտ՝ խոցված, կարծրացած, թերևս հիվանդ։ Բայց Իր հայացքը կանգ չի առնում այն սխալների վրա, որոնց մեջ այդ կինն ընկել է. Նա տեսնում է մի մեծ ծարավ միայն, մի անսահման ծարավ։

«Հինգ ամուսին ես ունեցել։ Գնա՛, կանչի՛ր նրան, ում որ սիրում ես»։ Հիսուսի գործածած խոսելաձևն այստեղ զգացմունքների բարբառն է, որն առավել ընկալելի է իգական սեռի համար. բարբառը, որ գնում է փնտրելու ուժգին դրդապատճառներ, մղիչ զորեղ ուժեր` ապրելու համար։

«Եթե դու իմանայիր Աստծո պարգևը»։ Ո՜վ կին, մի՛ ապրիր միայն կարիքներիդ, քաղցիդ, ծարավիդ, սերերիդ, մակերեսայնորեն ընկալված կրոնիդ համար, որովհետև այդպես վարվելով` արդյունքում սոսկ մի քանի կում ջուր կունենաս սափորիդ մեջ, որը շուտով կվերջանա, և միշտ անբավարար կլինի։ Մի՛ ապրիր առանց Խորհրդի։ Առանց Պարգևի։

Հիսուսը չի դատում, բայց ո՛չ էլ` անմեղ հռչակում։ Հանցանքի նշաններ չի փնտրում, այլ` մի բարիք, որն իսկույն ի ցույց է դնում. սա լավ ասացիր, այս ասածդ ճիշտ է։

Չի ասում. «Այս ջուրը լավը չէ, մարդկային սերերը վատն են»։ Ասում է միայն. «Եթե այս ջրից ես խմում, ծարավելու ես նորից ու նորից», բացահայտելով, որ մեր ներքին ծարավի և մարդկային "ջրհորների" ջրի միջև գոյություն ունեցող անդնդախոր տարածությունն անհնարին է լցնել։

Սամարացի կնոջից Հիսուսը չի պահանջում կանոններին համապատասխանեցնել սեփական կյանքն ու վարքը, կենդանի ջուրը նրան ընծայելուց առաջ. ջուրն ինքն է, որ փոխակերպելու է նրան։

Նա գերագույն աստիճանի նրբանկատ Մեսսիան է, Աստծո գեղեցկագույն Դեմքն է։

«Քեզ աղբյուրի ջուր կտամ»։ Հիսուսը. լսում ես Նրան և ներսումդ աղբյուրներ են բխում։ Եվ ամեն բան ցայտում է, ինչպես մի ջուր, որ գերազանցում է ծարավիդ և ավելին է, քան թե քո կարիքը, և որ հոսում է դեպի ուրիշները։

Ի՞նչ է երևում այդ վայրից, Սյուքարի ջրհորից։

Գարիզիմ լեռը, սամարացիների տաճարի հետ միասին. և շուրջը` հինգ բլուրներ, որոնց վրա օտարազգի գաղթականները հինգ տաճարներ էին կառուցել իրենց աստվածների համար։ Ժողովուրդը գնացել էր հինգ կուռքերի ետևից, ինչպես այդ կինը` հինգ ամուսինների։ Պատմություն, խորհրդապատկեր, ժողովուրդ, անձ. ամեն բան միահյուսվում է` ձգտելու համար էականին. Փեսան փնտրում է կորսված հարսին։

Սամարացի այդ կինը զգում է կենդանի սիրո այդ էներգիան, և դրանով վարակվում է։

Թողնում է սափորն ու ջրհորը, և վազում է։ Վազում է քաղաք, և փողոցում կանգնեցնում է բոլորին. «Կա մեկը, որ ամեն ինչ գիտի իմ մասին։ Որ յուրաքանչյուր մարդու մեջ տեսնում է բարու ակունքը, չարից առավել հզոր, և ապագայի աղբյուրներ»։

Եվ կանչում է, ավետում, վկայում։

Ոչինչ այնքան լավ չի հայտնում մարդու խորհուրդը, որքան որ դա անում է խորհուրդը նրա ապրած սերերի։

Հիսուսը սամարացի կնոջ հոգու մեջ ծնվել է տալիս առ Աստված ծարավին. մի Աստված, որ ներս է մտնում սրտի դռնից։ Միմիայն այնտեղ է ամեն ինչ հասկացվում։

Ես կենդանի ջուր եմ։ Վերցրո՛ւ ինձ, մատուցի՛ր ինձ ուրիշներին, և ինձ ուրիշներին տալով` ինձ կստանաս կրկին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։