« ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻ ՏԱՐԲԵՐ ԱՍՏՎԱԾ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Եսայի 50, 4-8
Տեր Աստված ինձ խրատող լեզու տվեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։ Տիրոջ խրատը կբացի իմ ականջները, և ես խստասիրտ չեմ դառնա ու չեմ ընդդիմանա։ Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվի նախատինքից ու թքից։ Տեր Աստված եղավ ինձ օգնական, դրա համար էլ ամոթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպես կարծր քար։ Գիտեմ, որ չեմ ամաչելու, քանզի մոտ է նա, ով արդարացնելու է ինձ։ Ո՞վ է իմ ոսոխը, թող գա և կանգնի մեջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մոտենա ինձ:
 
Պողոս Առաքյալի Նամակը Փիլիպեցիներին 2, 5-11
Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, որը Աստծո կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա։ Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծո։
 
Ղուկաս 22, 14 - 23, 56
Եվ երբ ժամը հասավ, սեղան նստեց, և տասներկու առաքյալներն էլ՝ իր հետ։ Եվ նրանց ասաց. «Հույժ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել։ Բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքը կատարվի Աստծո արքայության մեջ»։ Եվ, բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առե՛ք այս և բաժանեցե՛ք ձեր մեջ. ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծո արքայությունը»։ Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արե՛ք իմ հիշատակի համար»։ Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված։ Բայց ահավասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրա է։ Եվ մարդու Որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի»։ Եվ նրանք սկսեցին հարցնել իրար մեջ, թե իրենցից ո՛վ է, որ այդ անելու է։
Եվ նրանց մեջ հակաճառություն առաջացավ, թե իրենցից ո՛վ պիտի մեծ համարվի։ Եվ նա նրանց ասաց. «Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում։ Բայց դուք այդպես չլինեք, այլ՝ ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը։ Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը։ Չէ՞ որ՝ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր»։
«Եվ դուք եք, որ իմ փորձությունների մեջ ինձ հետ էիք մնում մինչև այժմ։ Եվ ես խոստանում եմ ձեզ, - ինչպես և իմ Հայրը ինձ խոստացավ տալու արքայությունը, - որ ուտեք և խմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և նստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերը»։
Եվ Տերն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ Բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»։ Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ և՛ բանտ, և՛ դեպի մահ»։ Եվ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչև որ դու երեք անգամ ուրանաս՝ ասելով, թե ինձ չես ճանաչում»։
Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։ Եվ նրանք ասացին՝ և ո՛չ մի բանի։ Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի։ Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է, որ կատարվի իմ վրա, թե՝ «Անօրենների հետ դասվեց». որովհետև, ինչ որ ինձ համար է գրված, կատարվելու վրա է»։ Եվ նրանք ասացին. «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա»։ Եվ նրանց ասաց. «Բավական են»։
Եվ Հիսուս ըստ իր սովորության ելավ գնաց Ձիթենյաց լեռը. նրա հետևից գնացին և աշակերտները։ Երբ տեղ հասավ, ասաց նրանց. «Աղոթքի՛ կանգնեցեք, որ փորձության մեջ չընկնեք»։ Եվ ինքը հեռացավ նրանցից մոտ մի քարընկեց, ծնրադրեց, աղոթում էր և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»։ Եվ նրան երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան. նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով էր աղոթում։ Եվ նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով։ Եվ վեր կենալով աղոթքից՝ եկավ աշակերտների մոտ, նրանց քնած գտավ տրտմությունից և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնել. վե՛ր կացեք, աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։
Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ. և նա, որ Հուդա էր կոչվում, Տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց. երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան, որովհետև այն նշանն էր տվել նրանց, թե՝ «Ում հետ ես համբուրվեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցեք»։ Հիսուս նրան ասաց. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։ Երբ նրա շուրջը գտնվողները տեսան եղածը, նրան ասացին. «Տե՛ր, սրով նրանց հարվածե՞նք»։ Եվ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց դեն գցեց նրա աջ ականջը։ Հիսուս պատասխանեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, բավ է եղածը»։ Եվ դիպչելով ականջին՝ այն բժշկեց։
Եվ իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին և ծերերին ասաց. «Ինչպես ավազակի՞ վրա եք գալիս սրերով ու մահակներով. միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը»։ Եվ բռնելով նրան՝ տարան և մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։ Երբ գավթի մեջ կրակ վառեցին և նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ։ Մի աղախին տեսավ նրան կրակի լույսի մոտ նստած, հայացքը սևեռեց նրան և ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»։ Իսկ Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։ Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան և ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։ Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլիացի է»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խոսում»։ Եվ նույն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց։ Տերը դարձավ և նայեց Պետրոսին. և Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թե ինձ չես ճանաչում»։ Եվ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնորեն լաց եղավ։
Եվ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրա և խփում, ծածկում էին նրա երեսը և տանջում, հարցնում էին նրան և ասում. «Մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։ Եվ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։ Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներ և օրենսգետներ, և Հիսուսին քաշեցին բերին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։ Նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ իսկ, չեք հավատա։ Եվ եթե ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա կամ չեք արձակի ինձ։ Բայց սրանից հետո մարդու Որդին պիտի նստի Աստծո զորության աջին»։ Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծո Որդի՞ն ես»։ Եվ նա նրանց ասաց. «Դուք ասում եք, թե ես եմ»։ Եվ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայություն է պետք մեզ, որովհետև մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։
Եվ նրանց ամբողջ բազմությունը, վեր կենալով, նրան տարավ Պիղատոսի մոտ։ Եվ սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։ Իսկ Պիղատոսը հարցրեց նրան և ասաց. «Հրեաների թագավորը դո՞ւ ես»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դու ասացիր»։ Պիղատոսը քահանայապետներին և ժողովրդին ասաց. «Այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում»։ Իսկ նրանք պնդում էին և ասում, թե ըմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում՝ Գալիլիայից սկսած մինչև այստեղ։ Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թե այդ մարդը գալիլիացի՞ է։ Եվ երբ իմացավ, թե Հերովդեսի իշխանությունից է, հանձնեց, որ նրան տանեն Հերովդեսի մոտ, որովհետև այդ օրերին նա էլ Երուսաղեմում էր։ Եվ երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ հաճախ լսում էր նրա մասին և ակնկալություն ուներ նրա ձեռքով կատարված որևէ նշան տեսնել։ Հերովդեսը նրան հարցաքննեց շատ խոսքերով, իսկ Հիսուս նրան ոչ մի պատասխան չտվեց։ Քահանայապետներն ու օրենսգետները վեր էին կենում և նրան բուռն կերպով ամբաստանում։ Հերոդեսն էլ, իր զորականներով հանդերձ, արհամարհեց նրան և ծիծաղելով նրա վրա՝ սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան ու վերստին հանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մոտ։ Եվ Պիղատոսն ու Հերովդեսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետև առաջ իրար թշնամիներ էին։
Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին և ժողովրդին ու ասաց. «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի. և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի և այս մարդու մէջ չգտա մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։ Եվ ոչ էլ՝ Հերովդեսը, որի մոտ հրամայեցի, որ Հիսուսին տանեն։ Արդ, նա մահվան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կտամ և կարձակեմ» (որովհետև հարկավոր էր յուրաքանչյուր տոնի առթիվ մի բանտարկյալ արձակել նրանց համար)։ Եվ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին և ասում. «Նրան վերացրո՛ւ և արձակի՛ր մեզ համար Բարաբբային» (որը քաղաքում պատահած մի խռովության և սպանության համար բանտարկվել էր)։ Պիղատոսը նորից սկսեց խոսել, որովհետև կամենում էր Հիսուսին արձակել։ Եվ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»։ Եվ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրա մահվան արժանի որևէ հանցանք չգտա. սրան գանահարել կտամ և կարձակեմ»։ Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին և ուզում, որ նրան խաչը հանի։ Եվ նրանց ու քահանայապետների ձայները ավելի ուժեղանում էին։ Եվ Պիղատոսը հավանություն տվեց, որ նրանց պահանջը կատարվի։ Նա արձակեց Բարաբբային, որը խռովության և սպանության համար բանտ էր նետված, և որին էլ հենց ուզում էին. իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին։
Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս. նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։ Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։ Հիսուս դարձավ և ասաց նրանց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ լա՛ց եղեք ձեր և ձեր որդիների վրա, որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և չդիեցրին»։ Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թե՝ ընկե՛ք մեր վրա, և բլուրներին, թե՝ ծածկեցե՛ք մեզ, որովհետև, երբ դալա՛ր փայտին այսպես անեն, չորի՛ն ինչ կպատահի»։
Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար։ Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. և չարագործներին էլ՝ մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը՝ խաչեցին։ Եվ Հիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծո ընտրյալ Որդին»։ Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում. «Եթե դու ես հրեաների թագավորը, փրկի՛ր ինքդ քեզ»։ Եվ նրա խաչի վրա մի գրություն կար՝ գրված հունարեն, լատիներեն և եբրայեցերեն գրերով, թե՝ սա՛ է հրեաների արքան։
Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։ Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։
Եվ համարյա կեսօր էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը երեքը. արեգակը խավարեց։ Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։ Եվ հարյուրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառավորեց Աստծուն և ասաց. «Իսկապես այս մարդը արդար էր»։ Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում. և կանայք, որոնք Գալիլիայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։
Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթե քաղաքից։ Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ և արդար մի մարդ (սա չէր միաբանել նրանց մտադրություններին ու գործերին)։ Եվ ինքն էլ էր սպասում Աստծո թագավորությանը։ Սա Պիղատոսի մոտ գալով՝ ուզեց Հիսուսի մարմինը։ Եվ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրված։ Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը։ Եվ Յովսեփի հետևից գնում էին կանայք, որոնք Գալիլիայից էին եկել Հիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։ Վերադարձան, խնկեր և յուղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրենքի համաձայն, հանգիստ արեցին։
 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
«Մարդիկ գնում են Աստծո մոտ իրենց նեղությունների մեջ, լալիս են օգնություն հայցելով, խնդրում են հաց։ Այսպես են վարվում բոլորը, բոլո՛րը։ Քրիստոնյաները, մինչդեռ, Աստծուն մոտիկ են մնում Նրա տառապանքի մեջ» (Դ. Բոնհոֆֆեր)։ Յուրաքանչյուր ճշմարտապես սիրահարված հետևորդության պահանջը Տիրոջով հիանալը չէ, այլ՝ ընկերանալ Նրան, մինչ հանձնվում է Գիշերվան, մինչ Լքվածն է, որ հանձնվում է Ուրիշին ուրիշների համար. Աստծուն հետևելու, Աստծուն նմանվելու աստվածաշնչյան մեծ սկզբունքն է։

Եվ գիտեմ, որ երբեք չեմ հասկանալու ամբողջովին, բայց գիտեմ նաև, որ Քրիստոսն աշխարհ չի եկել, որպեսզի հասկանանք Իրեն, այլ՝ որպեսզի կառչենք Իրենից, խաչից բռնվելով և պարզապես թողնելով, որ Ինքը տեղափոխի մեզ, դեպի վե՜ր, դեպի կյանքի մեծ Արքայությունը։

«Դու, որ փրկեցիր ուրիշներին, փրկի՛ր ինքդ քեզ, եթե Քրիստոսն ես»։ Երեք անգամ այս խոսքերով հարձակվում են Խաչվածի վրա։ Այդ խոսքերը դյութիչ ու ահավոր կրկներգն են, որն Հիսուսը լսում է անապատի օրերից սկսած. «Եթե Քրիստոսն ես, մի հրաշք գործիր, նվաճիր մեզ, պարտադրիր քեզ, եղիր ամենահզորը, իջիր խաչից», ասում են բոլորը, իշխանավորները, զինվորները, ավազակներից մեկը, «և այդ ժամանակ կհավատանք, որ դու ես Մեսսիան»։ Որևէ մարդ, որևէ թագավոր, եթե դրա կարողությունն ունենար, իսկույն կիջներ խաչից։ Նա, ո՛չ։ Միայն Աստված չի իջնում խաչից, միայն մեր Աստվածը։

Մեր Աստվածը տարբեր Աստվածն է. Աստվածն է, որ մտնում է մարդկային ողբերգության մեջ, մտնում է մահվան մեջ, որովհետև այնտեղ է գնում իր սիրելի զավակներից յուրաքանչյուրը։

Խաչի վրա է բարձրանում՝ իմ հետ և իմ նման լինելու համար, որպեսզի ես կարողանամ լինել Իր հետ և Իր նման։ Լինել խաչի վրա. սա այն է, ինչ Աստված, Իր սիրո մեջ, պարտական է մարդուն, որը խաչի վրա է։ Որովհետև սերը բազմաթիվ պարտականություններ ունի, բայց այդ պարտականություններից առաջինը իր սիրեցյալի հետ լինելն է։

Որևէ ա՛յլ ժեստ մեզ կհաստատեր Աստծո վերաբերյալ կեղծ գաղափարի մեջ։ Միայն խաչն է, որ փարատում է որևէ կասկած, միմիայն խաչով է կատարվում Աստծո գերագույն հայտնությունը։ Խաչը այն անդունդն է, ուր Աստված դառնում է սիրող։

«Հիշիր ինձ», խնդրում է մարդու վախը։ «Իմ հետ կլինես», պատասխանում է Սերը։

«Հիշիր ինձ», աղաչում է չարագործը։ «Այսօր իմ հետ կլինես, դրախտում», վստահեցնում է Անմեղը։

Եվ մտահոգվում է, մինչև իսկ Իր վերջին հոգեվարքի մեջ, ո՛չ Իր մասին, այլ՝ մի հույսի, նրա համար, ով մեռնում է Իր կողքին։

Այնտեղ, հանձինս այդ մահվան դատապարտված չարագործի, սրբացվեց մարդկային անձի խորհուրդը. իր վերջին սահմանագծի մեջ անգամ մարդը տակավին սիրելի է, տակավին փրկված։ Ոչ ոք կորած չէ ընդմիշտ, ոչ ոք չի կարող այնքան հեռու գնալ, որ Աստված չկարողանա հասնել իրեն. «Իմ հետ կլինես»։

Հիսուսի բազուկները, տարածված ու գամված մի գրկախառնման մեջ, որը չի կարող հակասել ինքն իրեն, արտահայտում ու ապահովում են միայն ընդունելություն, որ չի բացառում. ընդմիշտ բացված Եդեմի դռներ. Սիրտ, որ ընդարձակվել է պատռվելու աստիճան, շատ ավելի առաջ, քան կստանար նիզակի հարվածը. մարդու ծնունդն է Աստծո մեջ։

Մեր ճակատագրի օրերն են. մարդը ծնվում է Իր Արարչի խոցված Սրտից։
 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 60-61.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։