« ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԿՆՔԻ ԲԱՑՎԵԼԸ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Եսայի 40, 1-5.9-11
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք իմ ժողովրդին, - ասում է Աստված, - դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։ Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները։ Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան, և առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծո փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։ [...] Ե՛լ այդ բարձր լերան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի երկրի այդ քաղաքներին. «Ահավասիկ ձեր Աստվածը. ահա Տերը, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են։ Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։

Տիտոս 2, 11-14; 3, 4-7
Քանզի Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ և ակնդետ սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծո և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, որ իր անձը տվեց մեր համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի։ [...] Իսկ երբ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, - ո՛չ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ՝ իր ողորմության համաձայն, - փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և նորոգությամբ Սուրբ Հոգու, որ Աստված հեղեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով։

Ղուկաս 3, 13-14.19-20
Ժողովուրդը սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին հարց էին տալիս, թե՝ միթե սա՞ է Քրիստոսը։ Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից ավելի զորավորը, որի կոշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և հրով»։ [...] Եվ ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո, Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով, որպես աղավնի իջավ նրա վրա. և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»։
 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
«Ձայնը չի բարձրացնելու, ճաքած գավազանը չի կոտրելու, չի հանգցնելու թույլ բոցով այրվող պատրույգը»։ Եսային վստահեցնում է, որ Աստծո կամքը դա կյանքի կամք է։ Աստված չի պատժում, եթե մեր ճրագի բոցը թույլ է, այլ՝ օգնում է այն ավելի լուսավոր դարձնելու։ Չի կոտրում այն, ինչն արդեն կոտրվելու մոտ է, այլ՝ ներկայանում է իբրև բժիշկ և բժշկություն։
Ձայնը չի բարձրացնելու, որովհետև եթե մի ձայն հնչում է չոր, կոպիտ ու կծու երանգով, դա Աստծո ձայնը չէ։ Ճշմարտությանը մի շշնջյուն միայն արդեն բավական է։
Թույլ բոցը չի հանգցնելու. մարդկանցից յուրաքանչյուրի, նույնիսկ ամենամոլորյալի ներաշխարհում միշտ ներկա է բարձրացող մի ծուխ, նշանը մի կրակի, որը մահամերձ է, այո՛, բայց հատկապե՛ս՝ նշանն է մի կրակի, որը տակավին հնարավոր է վերարծարծել։ Աստծո համար բավական է մի քիչ ծուխը. աշխատում է այն, պատում է հոգատարությամբ և հույսով, փչում է նրա վրա այնքան, մինչև որ նրանից կրկին տարածվում են հուրն ու ջերմությունը։
Կրակի խոնարհ կանխազգացման Աստվածն է, մեր դյուրաբեկության ուժը, անորոշ կյանքի ծառան։ Իր առջև, ուրեմն, ազատ եմ այնքան, որքան որ ազատ չեմ ուրիշ ոչ ոքի առաջ, ազատ եմ մինչև իսկ ուժեղ չլինելու, մեծ չլինելու, ազատ եմ տկար լինելու։
Եվ ազատ եմ, հետևաբար, օգնություն հայցելու, և աղոթելու, և մինչև իսկ ընդհարման մեջ մտնելու երկնքի հետ, որը փակ է թվում։
Ղուկաս Ավետարանիչը հենց դա է պատմում. երկնքի բացվելը։ «Հիսուսը, մկրտությունը ստանալով, աղոթում էր, և ահա երկինքը բացվեց»։ Բացվեց, գրեթե որպես Հիսուսի աղոթքի հետևանքը. բացվեց այնպես, ինչպես բացվում է մի դուռ կամ մի ամբարտակ, ինչպես մի անցում պարսպի միջով։
Եվ երկնքից չեն իջնում հրաշքներ, այլ՝ Սուրբ Հոգին, աղավնու նման։ «Հոգի»ն դա մի բառ է, որ նշանակում է «կյանք», Աստծուց փչված այն առաջին շնչից ի վեր, որով խորհրդավոր բոցը վառվեց այն կավե կեղևի ներսում, որ Ադամն է։ «Սուրբ» նշանակում է «Աստծո»։ Գալիս է «Աստծո Կյանքը», մի շունչ, որ վերարծարծում է թույլ բոցը, մի նոր կենսունակություն՝ յուրաքանչյուր մկրտյալի համար։
Գալիս է մի խոսք. «Դու իմ որդին ես»։ Մոտիկ ու սիրալի մի Հայր է խոսողը. այնքան մոտիկ, որ կքվում, խոնարհվում, իջնում է իմ վրա. այնքան սիրալի, որ իմ հետ միասին կրում է իմ բոլոր խնդիրների տառապանքը։ Ընկերակցում է իմ կյանքին, ցույց է տալիս քայլելիք ուղղությունը, ամեն անգամ վերարծարծում է կյանքս, փրկում է այն։
Ասում է «որդի» և հայնժամ հասկանում եմ, որ հավատքն ինչ որ մի բան չէ, որ դասավորում է իմ կյանքը, այլ՝ հենց կյանքն իսկ է, որն հարկավոր է ապրել, շնչել, աճեցնել, փոխանցել։ Որ հավատքը դա մի համոզմունք չէ, այլ՝ մի հարաբերություն։ Որի մեջ հարկավոր է կանգուն մնալ, որին հարկավոր է միշտ դիմել, աղոթքով, որը քեզ շարունակ վերադարձնում է Աստծո առաջ, որը բացում է երկինքը, որը քեզ բացում է երկնքի դիմաց։
«Դու իմ սիրելի որդին ես»։ Յուրաքանչյուր ոք սիրելի որդի է, Աստված սիրում է մարդկանցից յուրաքանչյուրին։ «Ունես իմ ողջ բարեհաճությունը»։ Մի օր, երկնքի այն վերքի միջով, որն այլևս մեկընդմիշտ բացվել է, հասնելու և կանգնելու եմ Աստծո դիմաց, Նա դիտելու է ինձ, գիտեմ, որ մի խեղճ մարդ է միայն տեսնելու, սոսկ բազմաթիվ անգամներ ճկված մի եղեգ, մի քիչ ծուխ. և սակայն, Նա ինձ ասելու է. «Դու իմ որդին ես»։ Ունես իմ ողջ բարեհաճությունը, մտիր Հորդ գրկախառնման մեջ։
Հիսուսի մկրտությունը պատմված է խոսքերով, որոնք գրկում են. հայր, որդի, սիրելի, իմ բերկրանք։ Այսպիսի՛ն եմ ինձ զգում. փոքր, բայց Խորհրդի գրկում. փոքր, բայց մի գրկախառնման մեջ ջերմացած, որն ինձ տանում է։
 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 32-33.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։