Հավատամք – Գրադարան – Mashtoz.org

Հավատամք

Հավատքի սրտում, Հավատամքում, հավատքի առաքելական հանգանակում, որն արտահայտում է բոլոր ժամանակների բոլոր Եկեղեցիների հավատքը, արդյոք գրանցվա՞ծ է նաև աղոթքը:
Աղոթքը Եկեղեցու հավատքի էական, ամբողջացուցիչ մասերից մե՞կն է, թե՞ թողնված է յուրաքանչյուրի սիրույն ու խղճին:
Հավատամքի երրորդ հոդվածը, խոսելով Սուրբ Հոգու և պատմության մասին, հաստատում է. «Հավատում եմ Սուրբ Հոգուն, Ով Հոր և Որդու հետ երկրպագվում է ու փառաբանվում»:
Ահա՛ աղոթքը. հոգելից, երկրպագու, պաշտող ու փառաբանող իրականություն, որ ծնվում է Հոգու հետ, «Ով աղոթում է մեր մեջ, Ով մեր մեջ ասում է ''Աբբա՜, Հա՜յր''» (Գղտ 4, 6): Հավատամքի մեջ, ներկա ժամանակի, մեր հավաքական պատմության առաջին հայտնությունը տեղի է ունենում աղոթքի հետ միասին:
Ինքնին Եկեղեցին մտնում և իր տեղը Հավատամքում գտնում է որպես աղոթքի ենթակա, որպես աղոթող հասարակություն:
Հավատալու կանոնն իսկույն դառնում է աղոթքի ու պաշտամունքի կանոն: Առանց պաշտամունքի ու երկրպագության՝ մեր հավատալը քրիստոնեական հավատալ չէ, ինչ որ մի ուրիշ բան է:
Եկեղեցին հասարակությունն է նրանց, ովքեր հավատում են, որ Քրիստոսը Տերն է, և աղոթում են Նրան, միասին դավանում են Նրան, պաշտում են Նրան, փառաբանում են Նրան:
Աղոթքի բացակայությունը մեր ամենօրյա փոքրիկ հավատուրացությունն է, մեր ընտանեկան հերետիկոսությունը:
«Ես հավատում եմ»ի կանոնը դառնում է «ես պաշտում եմ», դառնում է «մենք՝ Եկեղեցի, պաշտում ենք»:
Հավատամքի այս երկու պարզ բայերը, «երկրպագվում է ու փառաբանվում», արդեն իսկ արտահայտում են աղոթքի էությունը: Քրիստոնյաների համար աղոթքի ունեցած կարևորությունը, ավելին՝ կենտրոնականությունը արտահայտելուց բացի, ասում են նաև, որ աղոթքը հայում է միմիայն Աստծուն, ո՛չ այն բաների համար, որ Նա պարգևում է, այլ՝ այն բանի համար, որ Նա Ինքն է: Աղոթքը չի փնտրում ինչ որ մի բան, այլ՝ Ինչ Որ Մեկին:
Եկեղեցին ընտրել և գործածում է պաշտամունք և երկրպագություն եզրերը՝ մատնանշելու համար, որ աղոթքի նպատակն Աստծուն հասնելն է, Նրա պարգևներից անդին:
Բավականին գեղեցիկ է երկրպագել բառի իմաստը լատիներենում: Այդ լեզվում, «adorare» (երկրպագել, պաշտել) եզրի բառարմատը նշանակում է «մի ձեռքը բերանին տանել»: Ձեռքը բերանին տարվում է լռելու համար, մատնանշելու համար լռությունը, որը քեզ համակում է Տիրոջ առաջ, լուռ կանգնել Աստծո դիմաց, լռել խորհուրդի դիմաց:
Ընկալում ենք Հիսուսի խոսքի արձագանքը. «Երբ աղոթում եք, մի՛ նմանվեք հեթանոսներին, որոնք բազմապատկում են խոսքերը», այլ՝ պաշտեցեք. փակեք ձեր բերանը, որպեսզի խոսքեր դուրս չգան:
Մյուս եզրն է փառաբանել: Այն բավականին անսովոր է մեր խոսակցական բառապաշարում, բայց միաժամանակ բավականին հարուստ է աստվածաշնչյան իմաստներով, ոգեկոչում է երգի սաղմոսները, ութերորդ սաղմոսի տիեզերական ցնծությունը, գովասանքը, որ բարձրանում է յուրաքանչյուր շնչից, բոլոր նվագարանների համատեղ շառաչը վերջին՝ հարյուրհիսուներորդ սաղմոսում, որը ոչինչ չի խնդրում, այլ՝ երգակցության է կանչում արարչության ամբողջ մեծ նվագախումբը:
Երկրպագելն ու փառաբանելը էական տարրերն են, անհրաժեշտ պայմանները, նվազագույնը և ամբողջությունը. մի կողմից՝ լռությունը, փակ դուռը, ծածուկ սենյակը, հոգևոր ներքին ծարավը. մյուս կողմից՝ հնչումն աշխարհի վիթխարի ստեղնաշարի, մարմնի և հոգու, տավղի մրմունջը և երկնքի որոտումը, սրտի թմբուկը, հունձքի երգերը և վերադարձող գերիների հորձանքը, որոնց կոկորդները ծաղկում են օրհներգներով (Սղմ 126, 2):
Երկրպագելն ու փառաբանելը, սակայն, կապակցվում են սրանում. երկուսն էլ մատնանշում են ոչինչ չխնդրող աղոթքը:
Մանավանդ թե, կոչ են ուղղում մեզ՝ աղոթքի մեջ մոռանալու մեր սեփական անձը, միայն լռության մեջ լինել՝ սպասելով աստվածային քաղցրությունը, հետո արարածների միջով անցնելու համար, կրելով աստվածային քաղցրությունը:
Աղոթքը նման է սեփականազրկման կանոնի, նման է տարագրման վճռի: Այնպես, ինչպես համանման եղանակով կատարվում է «Հայր Մեր»ի պարագային, ուր ճիշտ է, որ կան յոթը խնդրանքներ, բայց առաջին երեքն Աստծուց խնդրում են Աստծուն (Քո Անունը, Քո արքայությունը, Քո կամքը), իսկ մյուս չորս խնդրանքներում երբեք չի ասվում «ես», երբեք չի ասվում «իմ», այլ՝ միշտ ու միայն «մեր»:
Սեփականազրկված աղոթք է, որ կոչ է ուղղում մեզ՝ մոռանալու մեր սեփական անձը, մեր առօրյա փոքրիկ ժամանակագրությունն ագուցանելով մեծ պատմության ներսում, որը դաշինքի պատմություն է: Տարագրման հրաման «ես»ի նեղ շրջանակից, իմ կարիքներից:
«Հայրը գիտի, թե ինչի՛ կարիքն ունեք» (Մտթ 6, 32), մի՛ բազմապատկեք կարիքի խոսքերը:
Մոռանալ սեփական անձը: Բայց ես չեմ ուզում մոռանալ իմ անձը: Ուզում եմ իմ ձեռքերում ունենալ իմ ամբողջ կյանքը: Եվ ունենալ նաև բոլոր անձանց, որոնց համար դողում եմ, որոնց համար սնում եմ հույսեր: Ճշմարիտ կյանքը:
Անշուշտ, հարկավոր է կյանքով լիառատ լինել՝ լավ աղոթելու համար:
Եվ բացվում է մի ընթացք, որ սկսվում է աղաղակից և հասնում է լռությանը:
Աբելի աղաղակը – « ... նրա արյունը հողից աղաղակում է դեպի ինձ» (Ծնդ 4, 10) – Եգիպտոսում ստրկացված ժողովրդի աղաղակը, Հոբի աղաղակը, Երիքովի կույրի աղաղակը, խաչին գամված Քրիստոսի աղաղակը և ապա աղաղակն արևը պատմուճանի նման հագած և երկունքի ցավերը քաշող կնոջ (Հյտ 12, 2):
Աստվածաշունչը լի է արյան այս աղաղակով: Աստվածաշունչը մի գիրք է, որից արյուն է ծորում:
Բայց նաև լռության գիրք է: Լռությունը, որն առանց խոսքերի սեր է:
Երկրպագությունն ու ազատ երգը՝ ընթացքի եզրափակումն են:
Բայց ի՞նչ ընթացքի:
Այն ընթացքի, որն Ավետարանի կենտրոնում է և կյանքի սրտում:
Այն ընթացքի, որը մեզ առաջնորդում է միայնությունից հաղորդության, ամլությունից՝ արգասավորության, բռնությունից՝ քաղցրության:
Ընթացքը – վերջիվերջո պետք է ասենք այս խոսքը – ընթացքը սիրո:
Ի՞նչ է սերը: Եթե բոլորս պատասխանենք այս հարցին, կտեսնենք, որ գոյություն չունեն իրար նմանվող երկու պատասխաններ: Կտեսնենք, որ դժվար է համաձայնության հասնել սիրո սահմանման վերաբերյալ, որը տարբեր է յուրաքանչյուրիս համար:
Անձամբ ինձ հոգեհարազատ է Սուրբ Օգոստինոսի և Սուրբ Թովմասի կողմից տրված սահմանումը. «Սերը դա բոցավառ ու կրքոտ փափագն է՝ միանալու սիրո առարկային»: «Ամբողջովին մեկ իրականություն եմ ուզում լինել Քո հետ», դավանում են հայ վանականները:
Սերը միության փափագն է: Սերը միանալու կիրքն է:
Ադամի կողմից Եվային ուղղված սիրո կանչն է. «Վերջապես դու մարմին ես իմ մարմնից, ոսկր ես իմ ոսկրից» (Ծնդ 2, 23):
Միության այս երազը, հաղորդության այս կրքոտ փափագը աղոթքի արյունն է:
Սերը դա հյուրընկալությունն է, որն ուխտագնացության է մեկնում դեպի բոլոր արարածները:
Աղոթքը ճամփորդություն է դեպի միությունը:
Սերը սիրած անձին հասնելն ու նրա մեջ սեփական անձը մոռանալն է:
Այսպիսին է աղոթքը. ո՛չ թե ինչ որ մի բան ստանալ, այլ՝ Ինչ Որ Մեկին ստանալ:
Հասնել սիրված Աստծուն, միանալ ու խորասուզվել անհատակ ծովում:
Ինչպես Ադամն էր ասում Եվային. «Դու իսկապես մարմին ես իմ մարմնից», միության ամբողջական փափագով, այսպես աղոթողն ասում է Տիրոջը. «Դու կյանք ես իմ կյանքից, ակունք ես իմ ակունքներից»:
Միևնույն պապակն է մղում եղջերուին դեպի ջրառատ վտակները (Սղմ 42, 2) և Ադամին մղում է դեպի Եվան: Եվային ու Ադամին՝ դեպի Յահվեն, քառատառ հրավառ Անունը: Հրեղեն չորս տառերը:
Աղոթքն այս ընթացքն է:
Աստվածաշնչի մազորեթական բնագիրը կազմված է միայն բաղաձայններից: Բառերը ձայնավորներ չունեն:
Ոչ ոք այլևս չգիտի ձայնավորել Աստծո Անունը:
Կորել են Յահվե անվան ձայնավորները, այդ Անունը չպետք է այլևս արտասանվեր, քանի որ կորել են ընդմիշտ, այլևս չգիտենք, թե որո՛նք էին այդ ձայնավորները. տարին միայն մի անգամ Քահանայապետն արտասանում էր այդ Անունը Սրբություն Սրբոցում, «Յոմ Քիպպուր» տոնի օրը: Բայց երբ 70 թվականին տաճարը կործանվեց, ընդհատվեց Անվան արտասանության ավանդումը:
Բայց այդ ընդմիշտ պակասող ձայնավորներն իմ համար հաճելի է մտածել, որ այն ձայնավորներն են, որոնք պարունակված են «Ադամ» և «Եվա» անուններում, «Ա» և «Ե», որոնք սիրո ճամփորդության ընթացքում, որն աղոթքն է, միանում են աստվածային բաղաձայններին:
 
«JHWH» դառնում է «JaHWeH»:
 
Աղոթքն Աստծո Անվան վերակազմումն է:
Կրքոտ, հրաշունչ փափագն է՝ միանալու սիրո առարկային:
Երբ մարդն աղոթում է, երկրի ձայնավորները միացնում է երկնքի բաղաձայններին, և Աստծո Անունը վերջապես ամբողջական է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։