Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

Ի՞նչ է աղոթքը: Ինչպե՞ս աղոթել:
Հարցումներ են առանց պատասխանի:
Ինչպես բոլոր մեծագույն հարցումները. «Ի՞նչ է կյանքը», «Ի՞նչ է սերը», «Ո՞վ է մարդը», «Ո՞վ է Աստված»:
Ապրել հարցումները՝ նշանակում է ապրել Երգ Երգոցը. «Փնտրում եմ իմ սիրելիին, արդյոք տեսե՞լ եք իմ սիրելիին» (Երգ 3, 1-3): Աղոթքն այն կետն է, որը ստեղծում է հնարավորությունը, որպեսզի մոռացությունը զիջի հանդիպմանը:
Աղոթքն այնքա՜ն անծայրածիր նյութ է, ենթադրում է ունենալ այնքա՜ն ընդարձակ, տեսական, աստվածաբանական, լեզվաբանական, փորձարարական հորիզոններ, որ անհնարին է դառնում այն քննել դասակարգված եղանակով:
Եթե գոյություն ունի աղոթքի մասին խոսելու մի եղանակ, դա հենց աղոթքը պատմելն է, նկարագրելը, թողնելով, որ խոսեն պատկերները, կերպարները, այլաբանությունները. թողնելով, որ ազդեն՝ արձագանքներ և անձնական աղբյուրներ հարուցելու իրենց ունակությամբ:
Այս էջերը, որոնք հաջորդում են «Հացի երգը»[1] գրքում «Հայր մեր»ի մասին պարունակված խորհրդածություններին, չեն հետևում նախապես ուրվագծված ծրագրի, այլ՝ աստվածաշնչյան մի քանի անձանց հետքերին, մի քանի մեծագույն խոսքերի պարունակած զորությանը, և հատկապես՝ մի աստղի չսպասված լույսին, որ թաքնված է բոլոր ժամանակների Ադամի ծարավի մեջ:
Սրբազան պատմությունն ա՛յլ բան չէ, եթե ոչ միայն՝ հերթափոխումը գրկախառնումների, բացակայությունների, բուրմունքների ու փնտրտուքի:
Աղոթքը մահվան և կյանքի արկածախնդրություն է:
Որովհետև Աստծո շուրջ կայացված որևէ փորձառություն վավերական է միմիայն այն դեպքում, երբ գրանցում է աճ մարդկայնության մեջ: Սա՛ է աղոթքի արտադրանքը. աճ մարդկայնության մեջ: Ա՛յս դեպքում է միայն ճշմարիտ:
Սիմոն Վեյլի նկարագրած շատ նուրբ պատկերներից մեկն արտահայտում է այս աճը և այս փոխակերպումը։ Երբ մի աղջիկ ամուսնանում է, նրա մտերիմները չեն ճանաչում ամուսնական սենյակի գաղտնիքները, չգիտեն, թե ներսում ի՛նչ տեղի ունեցավ կամ չունեցավ։ Բայց որոշ ժամանակ անց, երբ իրենց ընկերուհու դեմքը դառնում է ավելի լուսավոր, երբ նրա որովայնը սկսում է կորանալ, ինչպես առագաստը՝ մի խորհրդավոր քամու ազդմամբ, երբ հասկանում են, որ իրենց ընկերուհին հղի է, հայնժամ իմանում են ամենայն վստահությամբ, որ ամուսնական սենյակի գաղտնիքի ներսում հանդիպումը կայացել է:
Ճիշտ այսպես, Աստծո հետ հանդիպումից՝ աղոթողը վերադառնում է նոր կյանքով բեռնավորված:
 
Աղոթել՝ նշանակում է ամրակցել աստղերի լռությունը
օրերի աղմկոտ գոչյունի հետ:
Ձերբազատվել ժխորի կապանքներից
և բացահայտել մեր ստորգետնյա մեղեդիները:
Աղոթել՝ նշանակում է բացել մի անցում,
ինչպես բացվում է մի փականք կամ մի ջրանցք.
բացել, օրերի հյուսվածքից ներս,
պատուհաններ, որոնք հայում են դեպի Աստված,
մինչև որ մեր կյանքը կդառնա ծակոտկեն՝
Աստծո կյանքի ներթափանցումի առաջ,
մինչև որ կստեղծվի մի միաձուլում,
մի փոխանակում, մի տեղափոխում կյանքի:
Աղոթել՝ նշանակում է
գուշակել հավիտենապես Բացակայի ներկայությունը,
և կարողանալ Նրանով զմայլվել,
և կարողանալ Նրանով շնչել:
 
«Տիրոջը հայելով, մենք ինքներս էլ կերպարանափոխվում ենք այդ նույն պատկերին» (2Կր 3, 18):
Աղոթքը այլակերպության – Պայծառակերպության – լեռն է:
Հայեցողությունը կերպարանափոխում է:
Մարդը դառնում է այն, ինչ սիրում է:
Մարդը դառնում է այն, ինչին դիտում է սրտի աչքերով:
Մարդը դառնում է այն, ինչ աղոթում է:

[1] Հեղինակի գրքերից մի ուրիշը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։