« ՍԻՄԵՈՆԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ. ՂՈՒԿԱՍ 2, 22-39 » – Գրադարան – Mashtoz.org

« ՍԻՄԵՈՆԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ. ՂՈՒԿԱՍ 2, 22-39 »

Երբ նրանց սրբագործման ժամանակը հասավ Մովսեսի Օրենքի համաձայն, [Մարիամն ու Հովսեփը] մանկանը Երուսաղեմ տարան՝ Տիրոջն ընծայելու համար, ինչպես որ գրված է Տիրոջ Օրենքում. «Ամեն անդրանիկ արու զավակ սուրբ կլինի Տիրոջ համար». և իբրև զոհ մատուցելու համար մի զույգ տատրակ կամ երիտասարդ աղավնիներ, ինչպես որ պատվիրում է Տիրոջ Օրենքը:
Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, արդար ու աստվածավախ, որ սպասում էր Իսրայելի մխիթարությունը. Սուրբ Հոգին, որ նրա վրա էր, նրան նախապես ավետել էր, որ մահ չէր տեսնելու, մինչև որ չտեսներ Տիրոջ Օծյալին: Նա Հոգուց մղված՝ եկավ տաճար, և մինչ ծնողները բերում էին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու համար Օրենքով նախատեսված բաները, Սիմեոնը նրան իր գիրկն առավ և օրհնեց Աստծուն. «Այժմ, ո՜վ Տեր, խոսքիդ համաձայն թող, որ ծառադ գնա խաղաղությամբ, որովհետև աչքերս տեսան փրկությունդ, որ պատրաստել ես բոլոր ժողովուրդների առաջ, լույս՝ լուսավորելու համար հեթանոսներին և փառք քո ժողովրդին՝ Իսրայելին»:
Հիսուսի հայրն ու մայրը զարմանում էին այն խոսքերի վրա, որ ասվում էին նրա մասին: Սիմեոնը օրհնեց նրանց, և Մարիամին՝ նրա մորն ասաց. «Նա այստեղ է Իսրայելում շատերի կործանման ու հարության համար, նշան հակառակության, որպեսզի հայտնի դառնան բազում սրտերի մտքերը: Եվ քո հոգին էլ մի սրով խոցվելու է»:
Եվ այնտեղ մի մարգարեուհի էլ կար, Աննա անունով, Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից: Նա տարիքով շատ առաջացած էր, ամուսնու հետ միայն յոթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսությունից, ապա այրի էր մնացել և այժմ ութսունչորս տարեկան էր: Տաճարից երբեք չէր հեռանում, Աստծուն գիշեր ցերեկ պահեցողությամբ ու աղոթքներով ծառայելով: Այդ պահին վրա հասնելով, նա նույնպես սկսեց գովաբանել Աստծուն և մանկան մասին խոսում էր բոլոր նրանց, ովքեր սպասում էին Երուսաղեմի փրկությունը:
Եվ երբ ամեն բան կատարեցին Տիրոջ Օրենքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց Նազարեթ քաղաքը:
 



Երկար այս հատվածում Ղուկասի ուշադրությունը կենտրոնանում է Հիսուս Մանկան վրա, որը ծնողների կողմից տարվել էր տաճար՝ Մովսեսի Օրենքի համաձայն Նրան փրկագնելու համար: Իրականում, Ղուկասը միայն ասում է. Մանկանը Երուսաղեմ տարան Նրան Տիրոջն ընծայելու համար, և չի խոսում փրկագնման համար անհրաժեշտ գումարի մասին, այլ միայն՝ երկու աղավնիների, որոնք հարկավոր էին մոր մաքրագործման զոհաբերությունը կատարելու համար: Ղուկասի պատգամը հստակ է. Մանուկը չի փրկագնվել, այլ միայն ընծայվել է, հենց այն զոհաբերման հեռանկարով, որն Իրեն սպասում էր Երուսաղեմում, երբ Իր կյանքն ընծայելու էր որպես քավության զոհ բոլորի համար (հմմտ. Ղկս 22, 19-20):

Պատմության կենտրոնական մասը բաղկացած է Սիմեոնի ու Աննայի հետ կայացած երկու հանդիպումներից, որոնք առիթ են հանդիսանում մարգարեական երկու միջամտությունների համար, որպես հայտնության և Հիսուս Մանկանը աշխարհին ներկայացնելու գագաթնակետային պահեր:

Այս հատվածը մաս է կազմում ղուկասյան հատվածների մի շարքի, որոնք շարադրվել են համընդհանուր սխեմայի համաձայն, որը կարելի է սահմանել իբրև «զարմանքի – հիացմունքի – հասկանալու դժվարության» սխեմա (Ա. Սեռռա) և որը զարգանում է երեք հանգրվաններով. 1) Մի արտակարգ, արտասովոր դեպք. Սիմեոնը Տիրոջն օրհնում է Մանկան հասցեին արտասանված մարգարեական խոսքերով. Աստծո փրկությունն է, հեթանոսների լույսն է, Իսրայելի փառքն է, հայտնություն է ժողովուրդների համար: 2) Վկաների հիացած հակազդեցությունը. Նրա հայրն ու մայրը ապշած են մնում այդ արտասովոր խոսքերի դիմաց, որոնք Մանկան շուրջն են համախմբում Աստծուն, Իսրայելին, ողջ մարդկությանը: 3) Մեկնողական բացատրություն. Սիմեոնն արտասանում է մի երկրորդ պատգամախոսություն, որի նպատակն է լույս սփռել Հիսուսի հոր և մոր կողմից ապրված զարմանք-հիացմունքի վրա, և ընդգծում է Հիսուսի հարաբերությունն Իսրայելի՝ Իր ժողովրդի հետ. կործանում և հարություն շատերի համար, Աստծո ներկայության նշան, որին սակայն հակառակվում են ու մերժում: Հիսուսի ընդունման և մերժման հետ ուղղակի առնչությամբ՝ Սիմեոնն ասում է. քեզ նույնպես, մի սուր:

Քրիստոնեական բազմադարյա ավանդությունը միակերպ եղանակով չի մեկնաբանել այդ սրի բնույթն ու իսկությունը: Առնվազն երկուսն են խորհրդանշանները, որ վերագրվում են դրան. դրանցից մեկը հղում է կատարում Աստծո Խոսքին (որն «ազդու է և որևէ երկսայրի սրից ավելի հատու». Եբր 4, 12), իսկ մյուսը՝ Մարիամի ապրած վշտին ու հոգու կսկիծներին: Աստծո Խոսքն արտահայտում է Տիրոջ ծրագիրը, Նրա նպատակը, հանձինս Քրիստոսի իրականացված մեծագործությունները: Մարիամի ողջ էության միջով ծայրից ծայր անցել է Աստծո այս ծրագիրը, Մարիամը միակ արարածն է, որի մեջ Աստծո ծրագիրն իրականացել է լիովին, անթերի, առանց որևէ բծի կամ հակառակության: Նրա հոգին, այսինքն՝ նրա կյանքը, յուրաքանչյուր շունչն ու մարմինն ինքնին դրվել են ի ծառայություն այդ ծրագրի: Սրի խորհրդանշանը, սակայն, մարգարեանում է նաև տառապանքին կապված մի ավետարան, Մանկան ապագա մի պատմություն, որ դրված է մերժման ու հակառակության դրոշմի ներքո: Այդ ցավալի ողբերգությանը, որի դերակատարը լինելու է Որդին, Սիմեոնը մասնակից է դարձնում նաև Մորը:

«Քեզ նույնպես, մի սուր». Սիմեոնը Մարիամին կապում է ո՛չ միայն Որդու Հարությանը, Նրա Զատիկին, այլ նաև՝ Ավետարանի և գոյության հակառակություններից ու հակասություններից բխող արցունքների ողջ հունձքին: «Քեզ նույնպես, Մարիամ»: Ազատված, զերծ պահված, առանձնաշնորհված չես այս հարցում: Հավատքը ապահովագրություն չէ տառապանքի դեմ: Հավատքը թմրեցման, զգայազրկման չի ենթարկում գոյությունը: «Քեզ նույնպես, մի սուր»: Ցավն ու վիշտը կապելու են քեզ ողջ մարդկությանը, բոլոր խոցվածներին: Քույր, որ վստահեցնում է, որ ցավը չի պահանջում բացատրություններ, այլ՝ սրտանց կիսում, ո՛չ թե պատճառաբանություններ, այլ՝ մասնակցություն:

Մարիամն առանց տագնապի, կորովով և հոգու խաղաղությամբ սպասեց այս մարգարեության կատարմանը: Եվ դրա պատճառն այն չէր, որ կարծես թե անզգա էր ցավի դիմաց. փախուստը Եգիպտոս, պատանի Հիսուսին կորցնելը, համագյուղացիների կողմից կրած հակառակությունները, Որդու կյանքի դեմ մահափորձերը, ուսյալ և քահանայական դասակարգի կողմից մերժումը, Չարչարանքներն ու Խաչելության ահավոր գայթակղությունը, բոլորն էլ սրեր էին, որ խոցեցին Մարիամի հոգին և հարցեր դրեցին նրա հավատքի դիմաց: Մարիամն այս բոլոր բաները պահում էր իր մեջ, դրանց շուրջ խորհրդածում էր իր սրտում, փնտրելով դրանց լույսը:

Ցավի ու վշտի կանխատեսումն, ուրեմն, չպետք է բավարար պատճառ լինի ճանապարհը փոխելու կամ վարքը փոխելու համար: Կանխատեսելի տառապանքը վճռական տարր չէ կյանքն ու ընտրությունները կողմնորոշելու համար: Կարող ենք վստահել Աստծուն նաև փոթորիկի սրտում: Եվ հավատքը չի ջնջում ցավը, չի էլ բացատրում անգամ, դրա ակունքն Աստծո մեջ չի տեսնում, այլ՝ օգնում է կտրել անցնել դրա միջով: Հավատքը ամենադժնդակ փոթորիկի ժամանակ անգամ թիավարելու ուժն է: Հույսն է՝ լինելու երրորդ օրվա այրեր և կանայք, երբ տառապանքի տապանաքարը մի կողմ կգլորվի հոգու մուտքից: Կան մեծությունից զուրկ տառապանքներ ու կրքեր, բայց ոչ մի մեծություն հնարավոր չէ առանց կրքոտ հարատևության ու տառապանքի (Ժ.-Բ. Բոսսուե):

Սիմեոնը, այս մոռացված մարգարեն, Մարիամին ասում է վիթխարի նշանակություն ունեցող երեք խոսքեր, նրան բացատրելու համար, թե ո՛վ է իր Որդին. «Նա այժմ այստեղ է, մեր մեջ, Իսրայելում շատերի կործանման ու հարության համար, նշան հակառակության, որպեսզի հայտնի դառնան բազում սրտերի մտքերը»: Նա այստեղ է և ամեն բան այլևս տարբեր է: Ինչպես Սիմեոն ծերունու դեպքում, այժմ էլ ամենապատշաճ խոսքերը դրանք աղոթքի խոսքերն են: Գրության խորաթափանց ըմբռնում կլիներ, եթե կարողանայինք մարգարեի նման կրկնել. «Իմ համար կործանում և հարություն եղիր, ո՜վ Տեր: Ինձ երբեք մի՛ թող անտարբերության, կեղծ խաղաղության մեջ, ո՜վ Քրիստոս, իմ քաղցր կործանում, որ կործանում ես անբավարար կյանքը, մեռնող կյանքը, դիմակների ու ստերի իմ աշխարհը, որ կործանում ես խաբեություններին զոհ գնացող կյանքը: Հակառակվիր ինձ, ո՜վ Տեր, հակառակվիր իմ մտքերին Քո մտքերով, իմ հարմարավետություններ միայն փնտրող ընտրություններին, նարցիսական վստահություններին, որ ինձնում են: Հակառակվիր այն թերի կամ կեղծ պատկերին, որ մտքումս ձևացրել եմ Քո մասին, հակառակվիր իմ նվաստ ու ճղճիմ սերերին: Ե՛կ իբրև մի բացվածք, մի անցում դեպի առավել ընդարձակ հորիզոններ, ե՛կ իբրև լույսի հորձանք, որ թափանցում է խավարիցս ու ստվերներիցս ներս: Իմ հարությունը եղիր, ո՜վ Տեր, երբ կարծում եմ, թե ամեն հնարավորություն սպառվել է իմ համար, երբ դատարկությունն է իշխում ներսումս, իսկ աչքերիս դիմաց՝ մութը: Իմ համար հարություն եղիր դյուրին անկումներիցս, ձախողումներիցս, անհավատարմություններիցս, այրող ստորացումներիցս հետո: Եվ ապա հարություն առ այն ամեն ինչի հետ, որ սիրում էի և որ կարծում էի կորած»:

Կործանում, հարություն, հակառակություն: Երեք խոսքեր, որոնք ընդարձակ շնչառություն են պարգևում կյանքին: Հիսուս Քրիստոսն ունի այս իշխանությունը: Շուրջբոլորս ամեն բան ասում է. «Բավարարվի՛ր, վերցրո՛ւ այն, ինչ քեզ պետք է, ուրիշներից ավելի ուժեղ ու ավելի խորամանկ եղիր»: Իսկ Նա կրկնում է. «Երբեք մի՛ բավարարվիր, կատարյալ եղիր ինչպես Հայրը» (հմմտ. Մտթ 5, 48): Մի՛ վերցրու, այլ՝ նվիրիր. «Ավելի բերկրանք կա տալու, քան թե վերցնելու մեջ» (Գրծ 20, 35): Եվ չի ասելու. «Երանի՜ ձեզ, հզորներիդ», այլ. «Երանի՜ հեզերին, նրանց, ովքեր ունեն միակ անհաղթելի ուժը»: Չի ասելու. «Երանի՜ հաղթողներին», այլ. «Երանի՜ նրանց, ովքեր կերտում են խաղաղությունը»: Եվ տակավին. «Ձեր մեջ ամենամեծը նա է, ով ծառայում է» (Մտթ 20, 26): Հակառակություն մարդկային տրամաբանության սրտում, կուռքերի ու խաբեությունների կործանում, հարություն կյանքով ու սիրով լի բոլոր ծիլերի, որոնց մենք չենք կարողանում ազատ շնչառություն ու բերրի հող պարգևել: Հարություն անժխտելի ազնվականության, որ յուրաքանչյուր մարդու մեջ է, նաև ամենավհատվածի ու մոլորվածի: Աստվածաշնչում մի գերագույն պատվիրան կա. «Դու կընտրես կյանքը: Ես քո առաջ դնում եմ կյանքն ու մահը: Ընտրի՛ր» (2Օր 30, 19): Բայց Հիսուսն Ավետարանում տանում հասցնում է մեզ կյանք-մահ երկընտրանքից անդին, Նա, որ կյանքով ողողում է մինչև իսկ մահվան ուղիները: Նա ասում է. «Ես եմ հարությունը» (Հվհ 11, 25) յուրաքանչյուր մահվան մեջ, նոր հույսը՝ յուրաքանչյուր պարտության ներսում, և լույսը՝ յուրաքանչյուր գիշերվա սրտում, և ապագան՝ նաև մեղքի անդնդախոր խորքում:

Սրանք են այն երեք խոսքերը, որոնք Սիմեոնն արտասանել է այդ հանդիպման ընթացքում, ուր համախմբված են կյանքի հիմնական արտահայտությունները. ուրախությունն ու վիշտը, սուրն ու փառքը, անցյալն ու ապագան, հիշողությունն ու հույսը, ծնվելն ու մահանալը, տարեցն ու մանուկը, գարնան ակնարկներն ու Գողգոթայի արյան ցոլքը, մի ընտանիքի ճակատագիրն ու ողջ աշխարհի ճակատագիրը: Որովհետև այսպիսին է Աստված. կյանքի սիրտն է և յուրաքանչյուր մարդու կյանքը:
 
Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Մարիամը Նոր Կտակարանում » գրքից
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։