Աղոթել առանց հոգնելու (Ղկս 18, 1) – Գրադարան – Mashtoz.org

Աղոթել առանց հոգնելու (Ղկս 18, 1)

«Հիսուսը նրանց մի առակ պատմեց, ցույց տալու համար միշտ առանց երբևէ հոգնելու աղոթելու անհրաժեշտությունը» (Ղկս 18, 1):
 
Առանց հոգնելու: Ահա՛ այս պատգամի գլխավոր արտահայտությունը, նրա իմաստի բանալին: Բայց որքա՜ն դժվար է չհոգնելը: Նման ենք Մովսեսին, որի ձեռքերը ծանրանում էին հոգնությունից (Ել 17, 12): Այո՛, որովհետև բոլորս էլ ունենում ենք փորձառությունը, որ Աստված երբեմն հոգնեցնում է, որ աղոթելը հոգնեցնում է, որ մինչև իսկ ընտանիքը երբեմն հոգնեցնում է, որ մինչև իսկ ապրելը հոգնեցնում է:
Առանց հոգնելու: Այս արտահայտությունը տկար թարգմանությունն է հունարեն բայի, որն առավել ճշգրտությամբ մատնանշում է ճակատամարտի ժամանակ զինվորի կողմից զենքերի լքումը: Ուրեմն, կարող ենք այսպես ավելի լավ արտահայտել Հիսուսի խոսքի իմաստը. աղոթել՝ առանց զենքերը վար դնելու, առանց դասալքելու, առանց վախից ու վատասրտությունից ընկճվելու:
Այնժամ հասկանում ենք, որ աղոթքը շատ ու շատ ավելի է, քան դեպի երկինք աղաղակված մի խնդրանք, շատ ու շատ ավելի է, քան որդիների լացը: Աղոթքը մեր ուժերն Աստծո ուժերին խառնելն է, պայքարի քաջությունն է, սրտի պատերազմը շարունակելն է, որպեսզի սերը հաղթի ատելությանը, որպեսզի ներումը զինաթափի վրեժխնդրությանը, որպեսզի դու ընդունակ լինես քեզ մերձավոր դարձնելու շուրջբոլորդ տիրող միայնություններին:
Եվ տակավին, աղոթքն ինքնին պայքար է: Աստծո հետ: Ինչպես Հակոբը, որ մարտնչում էր հրեշտակի հետ (Ծնդ 32, 25), ինչպես Մովսեսը Եգիպտոսի ճանապարհին (Ել 4, 24): Այս պայքարի մեջ, Աստված մեր ընդդիմադիրն է ու մրցակիցը. սատանան, մինչդեռ, մեր թշնամին է: Քանի որ ընդդիմադիրը նա է, ով կանգնած է քեզ «ընդդեմ», դիմացդ, դեմքը դեպի քեզ շրջած: Թշնամին նա է, ով կամենում է մահդ: Ընդդիմադիրը նա է, ում հետ չափվում ես: Թշնամիները, մինչդեռ, սպանում են իրար:
Աստված ընդդիմադիրն է, սատանան՝ թշնամին:
Աստծուն է, որ պետք է հասնենք, բռնենք, քողազերծենք: Մեզ պետք է չափենք Աստծո հետ. «Ուզում եմ տեսնել Դեմքդ» (Սղմ 42, 3). չափվել վերին իրականությունների հետ, բարոյական կյանքի բարձր ջերմաստիճանների հետ: Քրիստոնյան չի չափվում արգելքների, այլ՝ հնարավորի հետ:
Աստծո հետ բանավեճն ուսուցանում են մեզ մարգարեները, երբ պաշարումի են ենթարկում երկնքի լռությունը, պաշարումի են ենթարկում Աստծուն, որ չի խոսում. «Պատռի՛ր երկինքն ու վար իջիր» (Ես 63, 19):
Մովսեսի նման, որ վեր բարձրացրած բազուկներով բռնում էր երկինքը: Հիսուսի նման, որ ասում է. «Խնդրեցեք, փնտրեցեք, բախեցեք»: Կամ այրի կնոջ նման, որ չի հոգնում անիրավ դատավորի դիմաց:
Աղոթեցեք Աստծուն, առանց զենքերը վար դնելու: Որովհետև Նա՛ է, այո՛, որ հաղթելու է, բայց Աստված չի փրկում մարդուն առանց նույն ինքն մարդու գործակցության: Աստված քո նկատմամբ բռնություն չի գործադրում, և ո՛չ իսկ քեզ փրկելու համար:
Աղոթեցեք, առանց պայքարը լքելու: Որովհետև կյանքը, ճշմարտությունը, սերը, ազատությունը պայքար են պահանջում, ձեռքբերվելու համար: Որովհետև դրանք պատկանում են զորեղներին, քաջերին, նրանց, ովքեր վախ չունեն:
Մի օր մի վանականի հարցնում էի. «Երբ Աստծուց հոգնում ենք, ի՞նչ պետք է անենք: Դու Աստծուց երբեք չես հոգնո՞ւմ»:
Խոր ու քաղցր հայացքով նայեց ինձ ու ասաց. «Մեր պարագան նման է Ծաղկազարդի օրվան, երբ ամբոխն ընկերակցում է Հիսուսի մուտքին Երուսաղեմ: Ոմանք երգում են, ոմանք Նրա ոտքերի տակ են փռում իրենց պատմուճանները, ոմանք ամբոխի առջևում են, իսկ ոմանք՝ ետևում, և Նրան տեսնելու համար ճիգեր են գործադրում, իսկ ոմանք Հիսուսին ավելի մոտ են գտնվում: Ապա, ապա կա նաև իշուկը: Որը բոլորից ավելի է հոգնում, որովհետև կրում է Հիսուսին: Եվ զգում է ողջ ծանրությունն այդ քայլքի, այդ Աստծո: Եվ սակայն, նա է, որ բոլորից ավելի մոտ է Հիսուսին: Երբ մեզ զգում ենք հոգնած և ուժասպառ, կամ երբ զգում ենք Աստծո կշիռը, թերևս նման ենք շքախմբի իշուկին, այսինքն՝ Քրիստոսից ամենամոտ հեռավորության վրա ենք. կրում ենք Իր կշիռը: Եվ ամենակարևորը շարունակելն է, որովհետև անմիջապես հետո՝ Երուսաղեմն է»:
Անմիջապես հետո:
Ավետարանն ասում է. «Իսկ Աստված արդարություն չի՞ անի Իր ընտրյալների համար, որոնք գիշեր ու ցերեկ աղերսում են Իրեն: Արդյոք երկա՞ր կսպասեցնի նրանց: Ասում եմ ձեզ, որ նրանց համար իսկույն արդարություն կանի» (Ղկս 18, 7):
Թերևս հենց սա է, որ ամեն ինչից ավելի ծանր է կշռում մեր ուսերին. Աստծո հապաղումը:
Եվ մեր աղոթքները բարձրանում են և մեզ թվում է, թե նրանցից ոչ մեկը ետ չի վերադառնում պատասխան բերելու:
Սպասումը երկարում է: Եվ մեր համար անհապաղ անհրաժեշտություն է տակավին սովորելը՝ ընթերցելու և ըմբռնելու Աստծո հապաղումը: Ինչո՞ւ չի լռեցնում պատերազմների ձայնը: Ինչո՞ւ չի փրկում մահ սփռող հիվանդություններից: Ինչո՞ւ է թույլատրում անմեղ մարդկանց մահը: Ինչո՞ւ դարձի չի բերում ամբարիշտներին:
Այս ինչուներն այրում են, այս ինչուները հոգնեցնում են աղոթքը: Բայց պատասխանը տակավին այդ խոսքի մեջ է. աղոթեցեք առանց զենքերը վար դնելու, որ նշանակում է՝ աղոթեցեք ու պայքարեցեք:
Այն, որ պետք է սովորենք ընթերցել ու ըմբռնել, մե՛ր հապաղումն է՝ պատասխանատվությունների հանձնառումի, պայքարի ու հայեցողության մեջ:
Մենք չենք, որ փրկելու ենք աշխարհը, բայց աշխարհն առանց մեզ չի փրկվի:
Մեր հոգնությունն է պատմության հապաղումը: Մեր անհավատարմությունն է, որ ուշացնում է Արքայության գալուստը:
Ուրեմն կրկին սովորենք անհանգստացնել, այրի կնոջ նման, մեր Աստծուն, որպեսզի չպակասի հացը և չպակասի հանապազօրյա քաջությունը, որպեսզի չպակասեն սերն ու մարգարեությունը:
Մեր պարտականությունը հապաղումի վերաբերյալ հարցականներ դնելը չէ, այլ՝ ստիպելն արշալույսին, որ ծագի, արագացնել Փրկչի վերադարձը, հրապարակ իջեցնելով նշաններ ու արարքներ ու խոսքեր, որոնք ընդունակ լինեն փրկագնելու մեր վարքը, որն այնքա՜ն հաճախ անմարդկային է:
 
Տե՜ր, երբ ժամանակ չունեմ,
պարգևի՜ր ինձ մեկը,
ում կարողանամ գեթ մի վայրկյանով օգնել:
Երբ անարգված եմ,
պարգևի՜ր ինձ մեկը, ում կարողանամ գովել:
Երբ վհատված եմ,
առաքի՜ր ինձ մեկը, ում կարողանամ քաջալերել:
Երբ ուրիշների ըմբռնումի կարիքն ունեմ,
պարգևի՜ր ինձ մեկը, ով կարիքն ունի իմ ըմբռնումի:
Եվ երբ միմիայն իմ մասին եմ մտածում,
ուղղի՜ր մտածումներս դեպի Ինչ Որ Մեկը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։