« ԿԱՆՉԵՑԵՔ ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈ՛Ր ԲՈԼՈՐԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿԱՆՉԵՑԵՔ ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈ՛Ր ԲՈԼՈՐԻՆ »

Խորհրդածություն  Մատթեոս  22, 1-14  ( « ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԽՆՋՈՒՅՔԻ ԱՌԱԿԸ » )  հատվածի շուրջ

 

Խաղողի այգում ջանասեր աշխատանքներ նկարագրող առակներից հետո, ահա՛ Ավետարանը կանչում է մեզ մի տոնակատարության։ Մի տոնակատարություն, որի ելքն անորոշ է, ողբերգական տարրեր ունի նաև Աստծո համար։

Դատարկ սրահի, տխուր եկեղեցիների Աստծուց՝ հացի ու գինու Աստծուն, որոնք ոչ ոք չի ցանկանում, ոչ ոք չի փնտրում, ոչ ոք չի ճաշակում։

Եվ սակայն, Աստված հրավիրում է. ո՛չ խաղողի այգու հոգնությանը, այլ՝ հարսանիքի, ապրելու հաճույքին։ Մեծ տոն է այսօր քաղաքում. պսակվում է թագավորի որդին։

Պատահում է, սակայն, որ հրավիրվածները – լո՜ւրջ մարդին, որ իրենց ոտքերը գետնին կպած են պահում – չքմեղանքներ են առաջ քաշում. գործեր ունեն ավարտելիք, ժամանակ չունեն տոնակատարության թեթևության կամ մակերեսայնության համար։

Չափազանց շատ գործեր, ժամանակ չունեն ապրելու։ Քանակի կուռքը պահանջել է, որ իրեն որպես զոհ մատուցվի կյանքի որակը։

Աստված կազմակերպում է տոնակատարությունների մեջ լավագույնը, հրավիրում է քեզ մի լավ ու գեղեցիկ ու երջանիկ կյանքի։ Ամբողջ Ավետարանը դա մի շարունակական բախել է բերկրանքի դռանը, որի բանալին Հիսուսի ձեռքում է։

Մերժումից հետո, ծառաները դուրս են գալիս թագավորի հրամանով՝ անտրամաբանական ու սքանչելի. բոլոր նրանց, որ կգտնեք, կանչեցե՛ք հարսանիքի։

Բոլորի՛ն, առանց արժանիքներին կամ ձևականություններին ուշադրություն դարձնելու։ Աստված սկսում է վերջիններից. թող որ նախ վատերը մտնեն, նրանք դրա կարիքն ավելի ունեն, և հետո՝ լավերը։ Միայն թե բոլորը լինեն։

Լիուլի սրահ. գայթակղություն փարիսեցի սրտի համար։

Եվ երբ իջնում է սրահի տոնախինդ հոծ բազմության մեջ, տեսնում եմ, թե ինչպե՛ս է Աստված մտնում կյանքի սրտի մեջ, ինչպես մեկը, Ում սրտին թանկ է իմ ուրախությունը, և հոգ է տանում դրա մասին։

Եվ ահա՛ մեծ պարադոքսը. թափառաշրջիկների ու մուրացկանների մեջ նստած է մի հրավիրյալ, որն իր հագին տոնական զգեստ չունի։ Բաղաձայն ու անընդունելի հնչյուն ողջ համերգի ներսում, որ դրդում է թագավորին դուրս գցել տալ նրան։

Այդ մարդն անգիտակից խորհրդապատկերն է նրանց, ովքեր մերժել են հրավերը։

Այո՛։ Հնարավոր է ձախողել կյանքը, հնարավոր է չնկատել, որ կորցրել ես այն լավագույնը, որ այն ընծայում էր։

Մեզնից յուրաքանչյուրի առաջ որպես պայման է դրված հարսանեկան զգեստ ունենալը։ Մարդը, որ դրանից զուրկ է, մյուսներից ավելի վատը չէ, լավերն ու վատերը միախառնված են բերնեբերան լեցուն սրահում։ Բայց նա կղզիացած է, միայնակ, չի կարող վայելել տոնը, որովհետև չի բերել գեղեցկության իր պատառիկը։

Այդ մարդը չի հավատացել տոնին. չի հավատացել, որ թագավորի կողմից հրավիրվել է հարսանիքի բերկրանքին։ Սխալվել է Աստծո վերաբերյալ ունեցած իր պատկերացումներում։ Ունի մտածողությունը նրանց, ովքեր մերժել են հրավերը։ Ֆիզիկապես այնտեղ է, բայց սրտով՝ բացակա, այլուր։ Աստծո վերաբերյալ պատկերացումներում սխալվելը ողբերգություն է, նաև այս ահավոր օրերում, որովհետև դրան ի հետևանք՝ հետո սխալվում ենք նաև աշխարհին, պատմությանը, մարդուն, ինքներս մեզ վերաբերվող պատկերացումներում։ Ձախողում ենք կյանքը (Դավիդ Մ. Թուրոլդո)։

Ի՞նչ բանի այլաբանական պատկերն է այդ զգեստը. լավագույնը, որ այդ մարդը պետք է հագած լիներ։ Մի անթերի վարքի՞։

Ո՛չ։ Հարսանեկան զգեստը այն հագուստը չէ, որ հագնում ես մաշկիդ վրա. բոցավառ սրտի զգեստն է, այն սրտի, որ կամենում է հավատալ, որովհետև հավատալը տոնակատարություն է։

Իմ զգեստն էլ մի քիչ կարկատած է, մի քիչ հնամաշ։ Բայց սիրտս, սիրտս ո՛չ. քաղց ու ծարավ ունի, ինչպես քոնը։ Եվ փափագում է, քո նման, որ ուրախությունն ու տոնը, որ խաղաղությունն ու ներումը տակավին շողան բոլոր օջախներում, ամբողջ աշխարհով մեկ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։