Ճամփորդության նման – Գրադարան – Mashtoz.org

Ճամփորդության նման

Աղոթել, ե՞րբ:
Երբ դանդաղ են պտտվում կյանքի անիվները, երբ հեռավորությամբ են ներծծված կենսական կապերը, երբ բացակայություններով լի է մեր տունը, և քեզ մենակ ես զգում ճամփորդության մեջ դեպի Նա, ով միակն է:
Եվ կամ, ինչպես ասում էին աշուղները, երբ ժամանակն է «վերջնանվագ սիրո», այսինքն՝ հեռավոր սիրո, օտար աշխարհում զգացված սիրո, երբ զգում ես քեզ աքսորում և, ինչպես Երգ Երգոցի սիրուհին, փնտրում ես քո հեռավոր սերը:
Կամ էլ՝ երբ ուզում ես խմել երկնքի կապույտը. – քեզ երբևէ պատահե՞լ է կամենալ տարածվել գետնին և խմել երկնքի կապույտը, կամ աշնանը՝ շնչել կարմիր հագած ծառը:
Հեռավոր երկրի սեր. սա՛ է աղոթքը, իմ համար:
Աղոթքը ճամփորդություն է: Հնարավոր է խոսել աղոթքի մասին, հնարավոր է աղոթել, ուխտագնացության պատկերների ներքո:
Աղաչել՝ հունարենում նշանակում է «հասնել», ճամփորդել դեպի տուն: Աղոթողը նա է, ով հասել է տուն:
Եվրոպայի ոստայնը հյուսվել է միջնադարյան ուխտագնացություններից՝ դեպի Սանթիագո դե Քոմփոսթելա (այն անվանում էին «Finis terrae», աշխարհի ծայրը, Մեծ Արևմուտքը, մեծ ծովն, ուր բնակվում էր թշնամի և բարեկամ Լևիաթանը). ուխտագնացություններից՝ դեպի Հռոմ – կենտրոնը, վեմը, դամբանը. և այն մյուս մեծագույն ուխտագնացություններից՝ դեպի Սուրբ Երկիր – դեպի Արևելք, դեպի սկիզբը. այնտեղ, ուր ծնվում է արևը, առասպելը, Աստված, պատմությունը:
Երեք ճանապարհների վրա – վերջի, սկզբի և պահի, որ տևում է – ձգվում է քրիստոնյայի մշտնջենավոր ուխտագնացությունը: Այս ճանապարհների վրա է քայլում աղոթողը, ներքին ճամփորդության ընթացքում. սկզբի ճանապարհը, Սուրբ Երկիրը. ապագայի ճանապարհը, Աշխարհի Ծայրը. և ճանապարհը պահի, որ տևում է, Հռոմի խորհրդանշանը:
Այսպես տակավին այժմեական է ներկայանում քրիստոնյաներին տրված առաջին անունը. նրանք, որ ճանապարհինն են, նրանք, որ փողոցինն են (Գրծ 9, 2): Նրանք, որ գնում են, քայլում, ստեղծում են ճանապարհներ, որոնք նրանց տանում են մեկը դեպի մյուսները և, բոլորին միասին, դեպի Աստված. Աստվածն երբեք չեզրափակված ճամփորդությունների:
Ճամփորդության փոխաբերական պատկերը. հիրավի, աղոթքը «հոգու վերամբարձումն է առ Աստված», հետևաբար՝ ճամփորդություն:
Աղոթքը «ընկղմվելն է Աստծո սիրո մեջ», ինչպես ասում են դասական հեղինակները. տակավին՝ շարժում դեպի, ներթափանցում:
Եվ կամ, ինչպես ասում էր Լեոպարդին, իր միաժամանակ աշխարհիկ և սրբազան գեղեցկագույն բանաստեղծության մեջ. «Նավաբեկություն է անսահմանության մեջ»:
Աղոթքը շարժում է:
Աղոթքը պատասխան չէ, այլ՝ աքսորի երգն է նրա, ով այլևս չի հանդուրժում աքսորը:
Չսպասենք մեզ լավ զգալու՝ աղոթել սկսելու համար:
Մտքի և մարմնի բարօրության մեջ ծնվում են բնականոն խոսքեր, բնականոն մտքեր, կամ նաև նրբաճաշակ, փորձագետ մտքեր: Ամենագեղեցիկ մտքերը, մինչդեռ, ծնվում են տառապանքի ժամանակներում, սիրո արյունից, ցավից ու վշտից:
Աստվածաշունչը մի գիրք է, որից արյուն է ծորում: Ահա՛ այս պատճառով է, որ լի է աղոթքներով:
Սկզբում աղոթքը չէ, սկզբում կյանքն է:
Հարկավոր է ապրել իմանալ՝ աղոթել իմանալու համար: Հարկավոր է շատ կենսալի լինել՝ լավ աղոթելու համար:
Արյան խորհուրդ. այդ կարմիր հոսքը, որն իրենում պարունակում է կյանքը, Աստվածաշնչի համաձայն (2Օր 12, 23): Եվ Քրիստոսն Ինքը մի խորհուրդ է, որից արյուն է հոսում:
«Աբելի արյունն աղաղակում է», ասում է Աստված (Ծնդ 4, 10): Եվ ամենաուժեղ ձայնն է, որ բարձրանում է երկրից, որ լցնում է երկինքը մեզնից բաժանող տարածքը, որ բախում է երկնքի դռները. ամենաուժեղ հնչողականությունն ունեցող խոսքն է, ամենաուժեղ հնչողականությունն ունեցող աղոթքն է:
«Per-sonans», հնչող, միաժամանակ խորհրդանշան և անձ լինելու աստիճան: «Per-sona», անձ, ինչ որ մի ձայնի կողմից ներթափանցված լինելն է[1]:
Սկզբում կյանքն է, մեր կյանքը և պատմությունը, և մենք այն ճանապարհ ենք դնում դեպի Աստված, դեպի մի ա՛յլ աշխարհ. արյունոտ անապատից, ինչպիսին որ եղել է և ինչպիսին որ է, դեպի այնտեղ, ուր չկա այլևս ո՛չ ողբ, ո՛չ լաց, ո՛չ արտասուք (Հյտ 21, 4):
Ուրեմն, աղոթելու համար, ես պետք է վերագտնեմ ինձնում գարնան արյունը, երբ շարժման մեջ է վերադրվում փափագների ժամացուցանակը, երբ շարժման մեջ է վերադրվում իմ ուժականությունը, հույսը, ապագան, ուշադրությունը:
Գարնան արյունը դեպի վեր է մղում կյանքը, այն մղում է դեպի իմ կողմը. երբ իմ մեջ վերագտնում եմ ընդունակությունը – ես նույնպես – լսելու Աբելի արյան աղաղակը: Այնժամ վերադառնում եմ անձ լինելու, ինչպես ճշգրիտ կերպով մատնանշում է այս եզրը. ներթափանցված իրականություն, սիրտ, որից ներս է թափանցել մի ձայն: «Persona» էր կոչվում նաև այն դիմակը, որը լատինական թատրոններում օգտագործվում էր ձայնի հնչողականությունն ուժգնացնելու նպատակով. ձայն, որ ներթափանցում է ու աճում:
Այդպիսի՛ն պետք է որ մենք լինեինք. սիրտ, որից ներս թափանցում են սիրո, աղոթքի, գարնան արյան հայցեր:
 
«Ինչպես»ը և «ինչ»ը
 
«Ով ասում է, թե բնակվում է Քրիստոսի մեջ» – ահա՛ թե ի՛նչ է աղոթքը. բնակվել Աստծո մեջ – «պետք է վարվի այնպես, ինչպես Նա էր վարվում» (1Հվհ 2, 6):
Նախընտրել նրանց, ում Նա էր նախընտրում. լինել ժողովրդի հոգսերը թեթևացնող՝ ինչպես Ինքը, լինել Իր խոսքերի արձագանքը, Իր մտքերի հայելացումը: Քրիստոնեության գաղտնիքը պարփակված է հետևյալ հարաբերական դերանվան մեջ. «ինչպես»: Շատ խոնարհ մի բառ, որ հնչում է ամբողջ Ավետարանում:
«Աշակերտը պետք է վարվի այնպես, ինչպես Նա էր վարվում» (1Հվհ 2, 6): «Կատարյալ եղեք, ինչպես Հայրը» (Մտթ 5, 48). «Ողորմած եղեք, ինչպես Հայրը» (Ղկս 6, 36): «Քո կամքն ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մտթ 6, 10): «Ինչպես ես ձեր հետ վարվեցի, այնպես էլ դուք միմյանց հետ վարվեցեք» (Հվհ 13, 15). «Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հվհ 15, 12):
Ինչպես Քրիստոսը, ինչպես երկինքը, ինչպես Հայրը. սա՛ է մեզ շրջապատող իրականությունների բոցը, արարքների ու գործերի բոցը վերագտնելը:
Աղոթել՝ նշանակում է վերագտնել մեզ շրջապատող իրականությունների բոցը:
Եվ ներմուծել անսահմանությունը մեր ցածր հորիզոններից ներս, լուսամուտներ բացել աշխարհի այս պատմության պարսպի ներսում: Բնակվել երկրի վրայ՝ կրելով երկնքի այն մասնիկը, որ կարգի է դնում երկիրը:
«Ինչպես» ապրելը կյանքն է: Ինչպիսի ոճով, ինչպիսի կրքով, ինչպիսի խորությամբ, ինչպիսի ուրախությամբ, որքան երկնքով:
Կյանքը չի կայանում նրանում, թե ի՛նչ ես անում, այլ՝ թե ինչպե՛ս ես անում: Աղոթքի ճշմարտությունը կայանում է նրանում, որ բնակվես երկնքում և երկինքը վերցնես որպես երկրի չափանիշ: «Ով ասում է, թե բնակվում է Քրիստոսի մեջ, պետք է վարվի այնպես, ինչպես Նա էր վարվում» (1Հվհ 2, 6):
«Ինչպես»ը ավելի կարևոր է, քան «ինչ»ը: Քո կյանքը կախումնավոր չէ կատարածդ գործից, այլ՝ թե այն ինչպե՛ս ես կատարում: Կարող ես լինել ուսուցիչ կամ խոհարար, քահանա կամ ինչ որ մի ուրիշ պաշտոնյա, կարևոր չէ, թե ի՛նչ ես անում, ավելի կարևոր է, թե ինչպե՛ս ես անում:
 
Եթե չես կարող եղևնի լինել լեռան լանջին,
հովտում աճող եղեգ եղիր,
բայց եղիր լավագույն փոքրիկ եղեգը
առվակի ափին:
Եթե չես կարող ծառ լինել,
եղիր թուփ:
Եթե չես կարող մայրուղի լինել,
եղիր արահետ:
Եթե չես կարող լինել արևը,
եղիր աստղերից մեկը:
Բայց միշտ ձգտիր լինելու լավագույնն
այն բանի, որ կարող ես լինել:
 
Մարթին Լութեր Քինգ
 
Աշխատիր բացահայտել նախագիծը, որ կանչված ես դառնալու, և կրքոտ հրայրքով գործի լծվիր՝ կյանքում այն իրագործելու համար:
Բոլորը չեն կարող արև, ծառ, մայրուղի լինել: Թանկարժեք և գեղեցիկ են նաև թուփը, եղեգը, արահետն ու աստղը:
Կարևորը սեփական պարտականությունները ազնիվ հոգիով ու կրքոտ հրայրքով կատարելն է, իրագործելով այն ծրագիրը, որն Աստված գծել է ամբողջ արարչության մեջ:
«Ինչպես»ը, այս փոքրիկ դերանունը, իրենում պարունակում է գործերի ու արարքների ծրագիրը, պարունակում է նպատակակետը, գաղափարականը:
Աղոթքը մեզ ասում է, որ մեր չափման միավորը ուրիշները չեն, ստացած համաձայնությունը չէ, ընդունած հարգանքը չէ, կանոնները չեն: Մեր չափման միավորը Հիսուս Նազովրեցին է: Ազատության մեր պաշարը, որից երբեք չենք կարող և չենք կամենա հրաժարվել: Աղոթքը Աստծո հետ չափվելն է:
Նրա հետ ես մենամարտում, ինչպես Հակոբը հրեշտակի հետ (Ծնդ 32, 25-30): Եվ գիշերվա մեջ այնքան են գրկապինդ մնում, որ վերջիվերջո չեն կարողանում այլևս զանազանել, թե մենամարտում են, կամ թե սիրում, թե խոսքը պայքարի մասին է, կամ թե սիրո: Եվ Հակոբը խնդրում է իր ընդդիմադիր մրցակցի օրհնությունը:
 
Ավազային ժամացույցի նեղ կետը
 
Մեծ աստվածաբան Օսքար Քուլմանը փրկության պատմությունը պատկերացնում է որպես մի մեծ «X»:
Դեպի վեր բացվող երկու թևերը մատնանշում են ընդհանրականությունը, Ադամն ու Նոյը, որն ապա աստիճանաբար սեղմվում է. Իսրայելի ժողովուրդը, նրա տասներկու տոհմերը. հետո, աքսորից վերադարձին, միայն երկու տոհմ, հավատարիմ փոքրիկ մնացորդը. ապա մեսսիանական մի քանի շարժում, և Հիսուսն Իր տասներկու Առաքյալների խմբով ու բազմաթիվ կանանց հետ, որոնք վերածվում են միայն չորսի՝ Ձիթենյաց պարտեզում, ապա միայն Հիսուսը՝ Խաչի վրա:
Սա՛ է այն կետն, ուր ամեն բան կցվում ու շաղկապվում է, «X»ի կենտրոնը, ինչպես ավազային ժամացույցի նեղ կետը, որտեղից անցնում է ամբողջ պատմությունը:
Կենտրոնական կետը, պակասած ու նվազած, որից սակայն մեկնում է մի նոր ընդհանրականություն. կանայք Զատկվա առավոտյան, Էմմավուսի աշակերտները, հայտնությունները, Հոգին, որ Պենտեկոստեի օրը միավորում է բոլոր լեզուները, և բոլոր ազգերին քարոզելու պատվերը. «Գնացեք մինչև աշխարհի ծայրերը» (Մրկ 16, 15), կրկին ճանապարհ ընկեք՝ հանդիպելու համար բոլոր ժամանակների Ադամին. և մեծ «X»ը ընդարձակվում է մարդու և պատմության չափով:
Միևնույն պատկերը վավերական է նաև աղոթքի համար: Աղոթքը փրկության պատմության նման է. պատմություն է ստեղծում: Աղոթողն այն նվազագույն և կենտրոնական կետն է, ուր – իր խոսքի մեջ և իր ձայնի մեջ – փոխադրված է հազարամյակների ու աղքատների աղաղակը. որտեղից աղոթողը կրկին ճանապարհ է ընկնում՝ պատմություն ստեղծելու մի ծրագրով, որը գործակից է դարձնում բոլոր ժամանակների Ադամին:
Աղոթել՝ նշանակում է գնալ կենտրոնական կետին, ավազային ժամացույցի բերանին, պատմության կորիզին, այսինքն՝ Քրիստոսին:
Պատմությունը ցորենի հատիկի նման սերմանվում է աղոթքի մեջ և ապա նրանից դուրս է գալիս որպես ցողուն, որպես հասկ, որպես հասկի վրա ուռճացած հատիկ:
Աղոթքը ուխտագնացություն է ընդհանրականից դեպի Ընդհանրականը, անցնելով անհատ աղոթողի ներքին խորություններից:
Աղոթքը փրկության պատմություն է, որովհետև փրկությունն, Աստվածաշնչի համաձայն, ունի բնորոշ երկու հատկանիշ, երկու ենթանուն.
– ազատագրում այն ամենից, որը չի թույլատրում քեզ քայլել ուղիղ, բարձր պահած հայացքով. ազատագրում բոլոր փարավոններից.
– ուխտ, դաշինք, Աստծո կամքը՝ հաղորդության մեջ լինելու ապրող բոլոր էակների հետ:
Աղոթողը դառնում է փրկության խորհուրդ[2], ազատագրված և հաղորդության մեջ ապրող մարդ, ազատությունների և դաշինքի մարդ:
 
 
Այսպիսին է աղոթքը. փրկության պատմություն:
Գալիս է աշխարհը, անցնում է ասեղի ծակով,
որն աղոթողի սիրտն է և խոսքը:
Ավազային ժամացույց, ուր
հատիկ առ հատիկ
ծորում է պատմությունը.
Աստծո սերմանած դաշտ,
բաց ու ընդարձակ երկիր,
ընդունակ՝ սնուցելու լույսը:
[1] Հեղինակն առընչության մեջ է դնում լատիներեն երկու եզրեր. «personans» (հնչող) և «persona» (անձ):
[2] Այն իմաստով, որ տեսանելի է դարձնում փրկության ծածուկ իրականությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։