« ՄԵԾ Է ՄԻԱՅՆ ՍԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵԾ Է ՄԻԱՅՆ ՍԵՐԸ »

Խորհրդածություն Մատթեոս  23, 1-12  ( « ՕՐԵՆՍԳԵՏՆԵՐԻ ՈՒ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ » ) հատվածի շուրջ

 

Այսօրվա Ավետարանն այրում է շուրթերը բոլոր նրանց, «ովքեր ասում են, բայց չեն անում»։

Եվ ընդգծում է հիմքի երկու խնդիր, որոնց պետք է դիմագրավի յուրաքանչյուր ոք, որ ցանկանում է վավերական, չկեղծված կյանք ունենալ։ Առաջինը. լինե՞լ, թե՞ երևալ։ Երկրորդը. իշխանասիրությունը։

Դժվարին քննություն է սա, քանի որ ոչ ոք չի կարող իրեն զերծ հռչակել անհետևողականությունից՝ ասելու և անելու միջև։

Արդյո՞ք Ավետարանը չափազանց պահանջկոտ, գրեթե անհասանելի ծրագիր է։ Ո՛չ։

Հիսուսը չի արտահայտվում նրա անկումների դեմ, ով կկամենար, բայց տկարությամբ չի կարողանում, այլ՝ կեղծավորության դեմ նրա, ով ձևացնում է։ Նա շա՜տ լավ գիտի, թե որքա՜ն թույլ ենք, տեսնում է մեր ջանքերը, և մարգարեները Նրա մասին խոսում են որպես հոգատար Մեկի, որպես բրուտի, ով դեն չի գցում ամբողջովին լավ չստացված անոթը, այլ՝ կավը կրկին դուրգին է դնում և շարունակում է աշխատել նրա վրա։

Հոգատար՝ հովվի նման, ով իր ուսերին է առնում վերագտնված ոչխարին, որպեսզի ավելի թեթև լինի վերադարձի ճամփան։ Միշտ ուշադիր՝ դյուրաբեկություններին, ինչպես Սյուքարի ջրհորի մոտ, երբ բազում սերեր և մի մեծ ծարավ ունեցող սամարացի կնոջ սրտում ծնունդ տվեց կենդանի ջրի աղբյուրի կարկաչող երգին։

Հիսուսը չի հարձակվում փոքրիկների տկարության վրա, այլ՝ իրենց աստվածապաշտ ձևացնողների ու երկրի վրա հզորների կեղծավորության վրա, ովքեր սիրում են ցուցամոլությամբ երևալ. կեղծավորի վրա, որ չի գոհանում մեղավոր լինելով, այլ՝ ցանկանում է մինչև իսկ բարի երևալ. քարացած սիրտ ունեցողի վրա, ով միշտ ավելի խստապահանջ օրենքներ է գրում, բայց միայն ու միայն ուրիշների համար։

Եվ ապա մատնանշում է վարքի երկրորդ տեսակը, որով կյանքն ավերվում է. իշխանասիրությունը։ Ձեզ ուսուցիչ, վարդապետ, հայր կոչել մի՛ տվեք, կարծես գերազանց լինեիք ուրիշներից։

Դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ սա մի առաջին մեծ շրջումն է գլխիվայր. բոլորդ եղբայրներ եք, ոչ ոք ավելի վեր չէ, բոլորդ միևնույն իրավունքներն ունեք։ Բայց սա բավական չէ Հիսուսին, և Նա ավելի անդին է գնում. ձեր մեջ ամենամեծը լինելու է նա, ով ծառայում է։

Աշխարհի մեծերը գահեր են կառուցում ոսկորների վրա, բայց Աստված չունի գահեր, մի սրբիչ է կապում Իր գոտկատեղին՝ ամոքելու համար երկրի վերքերը։ Եվ եթե մի նվիրապետություն Եկեղեցու ներսում պետք է գոյություն ունենա, գլխիվայր շրջված է լինելու՝ երկրային հասարակության կանոնների համեմատ, վստահելու համար հասարակությունը նրան, ով ավելի է սիրում։

Աստված կյանքի Տերը չէ սոսկ, շա՜տ ավելին է. յուրաքանչյուր կյանքի ծառան է։ Եվ գլխիվայր շրջում է մեծության մեր հասկացողությունը. ամենաուժեղը նա չէ, ով ավելի իշխանություն ունի, այլ՝ նա, ով ավելի սիրված է, ով ավելի շատ սեր է բաշխել։ Ծառայության աստվածային խելագարություն. «Եկել եմ ծառայելու, ո՛չ թե ծառայություն ստանալու»։

Հիսուսը նորությունն է մի Աստծո, Ով աշխարհը չի պահում Իր ոտքերի տակ, այլ՝ հենց Ինքն է ծնկի իջնում բոլորի առաջ. Մեծ Ծառայողը։

Ճշմարիտ իշխանությունը այն իշխանությունն է, որն ընդունակ է ծառայելու։ Ծառայությունը նոր անունն է, գաղտնի անունն է քաղաքակրթության։

Եվ ուրեմն, մեր աշխարհի ամենամեծը գուցեև լինելու է մի մայրիկ, ով վատնում է իր կյանքն առանց հաշվելու ժամերն ու ջանքերը. մի կամավոր, որ ռումբերի տակ վազում է՝ փրկելու համար ինչ որ մեկի, որին չի ճանաչում անգամ. կամ թերևս մեկը ձեզնից, որ կարդում եք, ով հաճախ ոտքերը, աչքերը, պահապան հրեշտակն է անդամալույծ մեկի։ Աշխարհը շա՜տ հոգատարության կարիք ունի՝ ապրելու և ծաղկելու համար։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։