Իսկ ճնճղուկնե՞րը (Մտթ 10, 28-31) – Գրադարան – Mashtoz.org

Իսկ ճնճղուկնե՞րը (Մտթ 10, 28-31)

Վիթխարի հարցականը, հարցականը, որ պաշարման է ենթարկում հավատքին, որ մաշեցնում է խոյանքներն ու վստահությունները, սա է. բայց Աստված կպատասխանի՞, Աստված կկատարի՞ իմ խնդրանքը:
Կա՞ Նախախնամությունը, ի՞նչ է այդ Նախախնամությունը: Պատրա՞նք, ինքնության կորո՞ւստ, հո՞ւյս:
Երկու հազար տարի է արդեն, ինչ կրկնում ենք Հայր Մերը, բայց մարդիկ տակավին զգում են իրենց առանց եղբայրների, իսկ հացը շարունակում է պակասել: Երկու հազար տարի է արդեն, ինչ կրկնում ենք Մեծացուսցէն, բայց հզորները դեռ իրենց մահասփյուռ գահերի վրա են, իսկ հարուստները՝ միշտ ավելի հարուստ և ժանգի նման կպած իրենց գանձերին:
Բոլորս էլ փորձառությունն ունեցել ենք աղոթքների, կրքոտ ու արտասվելու աստիճան զգացված աղոթքների, որոնք սակայն անպատասխան են մնացել: Ինչո՞ւ շարունակենք աղոթել:
Առաջին պատասխանը տալիս է Մասթրո Էքհարթը. «Աստված միմիայն Իրեն կարող է տալ: Աստված նույն Ինքն Աստծուց նվազ ոչինչ չի կարող պարգևել»:
Ուրեմն, քեզ չի տա առարկաներ, կամ դրամ, կամ առողջություն, կամ սիրային պատմություն. քեզ կտա Սուրբ Հոգին: «Եթե դուք, որ չար եք, ընդունակ եք բարի պարգևներ տալու ձեր որդիներին, որքա՜ն ևս առավել երկնավոր Հայրը կպարգևի Սուրբ Հոգին նրանց, ովքեր Իրենից խնդրում են» (Ղկս 11, 13):
Տալ Հոգին, տալ Աստծուն: Աստված Իրենից նվազ իրականություններ չի կարող տալ:
Հաստատում է Սրբուհի Կատարինե Սիենացին.
 
Ո՜վ վիհ, ո՜վ անհատակ օվկիան,
որի մեջ ավելի՛ փնտրում եմ և ավելի՛ գտնում եմ:
Եվ ի՞նչ ավելի կարող էիր տալ ինձ,
քան Ինքդ Քեզ:
Դու՝ երանելի բարիք, Դու՝ գեղեցկություն,
Դու՝ զարդ ու հանդերձ,
Դու՝ քաղցածներին կազդուրող սնունդ,
Դու՝ Քո իսկ արարածի գեղեցկությանը սիրահար,
Դու՝ քաղցրություն առանց որևէ դառնության:
 
Երկրորդ պատասխանը բխում է վստահությունից, որ Նա ստանձնում, յուրացնում է աղոթքը:
Ո՛չ միայն լսում, ընդունում է աղոթքը: Մանավանդ թե, երբեմն, հաճախ, չի ընդունում ու չի կատարում: Բայց միշտ ու միշտ ստանձնում է աղոթքը, յուրացնում է աղոթքը, մասնակցում է, համահյուսվում է: Համոզված եմ, վստահ եմ, հավատում եմ մի Աստծո, որ կքվում, խոնարհվում է մինչև այն աստիճան, որ համահյուսում է Իր շնչառությունը մարդու շնչառության հետ, Իր խոսքը՝ մարդու խոսքի հետ: Մինչև այն աստիճան, որ մարդկանց աղոթել է տալիս և ասում է. «Դրանք իմ խոսքերն են» (հմմտ. Եր 1, 9):
Սա՛ են Սաղմոսները. անբաժանելի համահյուսումը մարդու խոսքի և Աստծո խոսքի:
 
Եվ երրորդ պատասխանը. «Աստված կատարում է միշտ. բայց ո՛չ թե մեր խնդրանքները, այլ՝ Իր խոստումները» (Բոնհոֆֆեր):
Ի՞նչ է Նախախնամությունը: Նախախնամությունը խոստումն է, որ դառնում է ներկայություն, Սուրբ Հոգին է, որ վերարծարծում է հիմնադիր դեպքը. մեր հավատքի հիմնադիր դեպքը Աստծո մարդեղությունն է, մի մարմին, որ լցվել է ուրիշ բանով, «ո՛չ մարմին»ով: Նախախնամությունը կայանում է փաստի մեջ, որ Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ որպես ծլարձակող ուժ, որպես զորություն, որ բողբոջել է տալիս, որպես իմ ուժի ուժ, իմ փափագների փափագ, իմ շնչառության շունչ:
«Նախ Արքայությունը խնդրեցեք և մնացածը կտրվի ձեզ» (Ղկս 12, 31):
Նշանակում է. փնտրեցեք Քրիստոսին, խնդրեցեք Քրիստոսին և այն ավելին, որը Նա չի սպառել: Սա՛ է Արքայությունը:
Քրիստոսին մերձենալով՝ ես ստանում եմ Նախախնամությունը:
Նախախնամությունն այն պայթուցիկ ուժականության մեջ է, որ մղում է սերմին – Խոսքի սերմին – ծակելու հողը, դիմագրավելու իրենից վեր գտնվող խավերին, դառնալու ծիլ, ապա՝ ցողուն, ապա՝ ցորենով լի հասկ:
Քանի որ Նախախնամությունը հիմնադիր դեպքի ծլարձակող զորության մեջ է:
Նախախնամությունը վիրաբուժական փոքրիկ գործողությունների, ճիշտ ժամանակին հասնող արարքների ու գործերի, միջամտությունների շարան չէ: Նախախնամությունը կյանքի լիությանը պակասող կաթիլը չէ, այն մի սանտիմետրը, որ պակասում է, այն բժշկումը, որ պակասում է, այն օրը, որ պակասում է, այլ՝ մարդու ուժերի մեջ է, որոնք գոյություն ունեն միմիայն որպես հաղորդության ուժեր, որպես ուժերի միություն, իմ ուժերի և Աստծո զորության:
Երբեք չեմ հասկացել, և երբեք էլ չեմ հասկանալու, թե ի՛նչ է նշանակում այս արտահայտությունը. «Մարդը միայն իր ուժերով»: Գոյություն չունեն միայն մարդու ուժեր: Շունչը, որ նա շնչում է, բխում է «ruah»ից, Աստծո շնչից (հմմտ. Ծնդ 2, 7):
Հորիզոնը՝ դեպի ուր քայլում ես, փափագը, որ շարժում է քեզ, կամքը, որ որոշում է, այս ամենը «մեկ-է-Աստծո-հետ»: Ես գործում եմ Իր հետ, ինչպես մարմինը գործում է հոգու հետ միասին: Ինքը գործում է իմ հետ, ինչպես հոգին, որ կյանք է տալիս մարմնին:
Աստծո և մարդու գործի լծվելը ներդաշնակ համագործակցության մեջ է մարդկային գործերի մեջ:
Նախախնամությունը ծլարձակող ուժականության մեջ է, իմ գիտակցելու մեջ, որ սրտի յուրաքանչյուր բաբախում, գցածս յուրաքանչյուր քայլ կախում չունի ինձնից, այլ՝ գալիս է ուրիշ տեղից: Իսկ պարգևի ետևում կա Պարգևողը: Մարդն ինքն իր մեջ չունի ուժի աղբյուրը: Նախախնամությունը Սուրբ Հոգու մեջ է, որն աղբյուրը մաքրում է ավազներից, վերստին բորբոքում է առկայծող պատրույգը, վերարծարծում է հիմնադիր դեպքը, այսինքն՝ իջեցնում և ինձնում մարմնացնում է աստվածային ուժերը, Քրիստոսին ժամանակակից է դարձնում ինձ, որպես սեր, որի նմանը չկա, երազների երազ, փափագի վարժապետ:
Իսկ այն բոլոր բանե՞րը, որ մեզ պակասում են կյանքում: Նախախնամություն են, նախախնամական իրավիճակներ են, որովհետև կենսունակ են պահում բացվածքն ինձնից անդին, դեպի Ուրիշը:
Բացակայությունը, այն, ինչն ինձ պակասում է, այն, ինչի կարիքն ունեմ, մատնանշում ու ոգեկոչում է Ներկայությունը: Բացակայությունը բոցավառում է փափագը: Եվ Աստված՝ Բացարձակը, երբեք չի ազատի մեզ բացակայությունից, այն բանից, ինչը մեզ պակասում է:
Միշտ պակասելու է ինչ որ մի բան, այն կաթիլը, այն սանտիմետրը, այն չգիտեմ ինչը, այն մի քիչ առողջությունը: Մեծ իրականությունը, գոյության ամբողջական իրականությունը, մեր ամեն ինչը, կանգնելն է մեր կարիքի դիմաց, ուժի ու արթուն ուշադրության դիրքորոշմամբ, որովհետև դա՛ է վայրը, ուր բացահայտվում է Բացարձակը:
Այն ամենը, որ ինձ պակասում է, չի պահանջում լցվել, ամբողջացվել, այլ՝ իմ միտքն ուղղում է ուրիշ բանի. անցումի վայրն է դեպի աղբյուրը, գետաբերանն է դեպի Բացարձակը:
Երանելի բացակայություն, երանելի վախ, երանելի կարիք, որոնք տարածաչափությունն են անկատարի, չամբողջացածի. մեզ շրջապատող պարիսպների մեջ բացված ճեղքերն են. դրանց միջով Աստված ներդաշնակ համագործակցության մեջ է մտնում մեր հետ: Պետք է ապրենք պակասի ու փափագի այս կյանքը: Գիտակից, որ միշտ ինչ որ մի բան պակասելու է – մի օր, մի թիզ, մի բեկոր – կատարյալ լինելուն, հանճարեղ լինելուն, անմահ լինելուն: Ես չեմ ուզում ունենալ մի Աստված-Նախախնամություն, որ լցնի իմ բոլոր բացակայությունները: Ես սիրում եմ պակասի ու փափագի կյանքը. ես սիրում եմ Աստվածաշնչի մարդուն, որին սկզբից ևեթ ինչ որ մի բան պակասում է և Աստված նրան հանձնում է բոլոր կենդանիներին անուն դնելու գործը և նա իրեն նմանվող օգնական չի գտնում (Ծնդ 2, 20):
Աստված հոգնակի միություն է. մեկ և եռանձն:
Մարդը հոգնակի միություն է. մարմին և հոգի և Աստծո պատկեր: Նրանց հարաբերությունը հոգնակի միություն է. ներդաշնակ ներգործություն, այսինքն՝ համատեղ ու միասնական ուժ. համերգ, այսինքն՝ երգ երկու ձայնով. գործակցություն, այսինքն՝ միասին գործել, միասին շնչել:
Եվ պատմությունը կարծես թե շնչառությունն է երկու դաշնակիցների, երկու գործակիցների, որպեսզի վերջիվերջո հասնի բացարձակ դաշինքը, հոգնակի միությունը, տիեզերական գործակցությունը:
Առաջին խոսքն արդեն, որ մարդ արարածն արտասանում է Ծննդոցի պատմության մեջ, Աստվածաշնչի առաջին էջում, միության ու դաշինքի խոսք է. «Սա իսկապես մարմին է իմ մարմնից և ոսկր է իմ ոսկրից» (Ծնդ 2, 23):
Եվ Աստվածաշունչը եզրափակվում է, վերջին գրքի՝ Հայտնության վերջին գլխում, հոգու և մարմնի հառաչանքով, փափագով. «Հոգին և Հարսը ասում են. ''Ե՜կ'': Եվ Փեսան ասում է. ''Այո՛, ահա՛ գալիս եմ''» (Հյտ 22, 17.20):
Սկզբից մինչև վերջ, Աստվածաշնչի անցած ողջ ճանապարհը պատմություն է հաղորդությունների, կսկիծների, նոր հաղորդության:
Ողջ Աստվածաշունչն ամփոփվում է հաղորդության մի ծրագրի մեջ և հետևաբար, առայժմ, բացակայության մեջ:
 
Ավելի Պարգևատուին եմ փափագում, քան պարգևները.
Ո՛չ այնքան հույսի կապերը,
որքան սիրո կապերն են ինձ հմայում:
Ո՛չ թե պարգևների,
այլ՝ Պարգևատուի կարոտն է,
որ ես միշտ ունեմ:
 
Փառքը չէ, որ կամենում եմ,
այլ՝ Փառավորյալին է, որ կամենում եմ գրկել:
Ո՛չ թե կյանքի փափագով,
այլ՝ Կենսատուի հիշատակով է,
որ ես հանապազ սպառվում եմ:
 
Վայելքների փափագի ետևից չէ,
որ ես հառաչում եմ,
այլ՝ դրանք Պատրաստողի փափագով է,
որ սրտիս խորքերից
արցունքներ են բխում:
 
Հանգիստը չէ, որ կամենում եմ,
այլ՝ հանգիստը Պարգևողի Դեմքն է,
որ աղերսելով խնդրում եմ:
 
Ամուսնական խնջույքի խորտիկների համար չէ,
այլ՝ Փեսային փափագելով է,
որ ես հյուծվում եմ:
 
Սբ. Գրիգոր Նարեկացի
 
Ամենակարող՝ սիրո նման
 
Աստված զորեղ չէ, ինչպես գիտնականը, վիրաբույժը, կամ հրաբուխը: Աստված ամենակարող է սիրո մեջ, այսինքն՝ կարող է միայն այն, ինչ կարող է սերը:
Հետևաբար, աստվածային Նախախնամությունը ստանձնում է միմիայն սիրո վարվելակերպը:
Կարող ենք պատկերացնել Նախախնամությունը սիրո ամենավսեմ դեմքով. մայրը, որ արթուն կանգնած է իր զավակի անկողնու մոտ: Մի զավակ, որ հիվանդ է, որ լացում է, որ կանչում է, որ օգնություն է հայցում: Եվ մայրն այնտեղ է, բռնել է նրա ձեռքը, տառապում է նրա հետ, առկախ է նրա շնչառությունից: Բայց չի բժշկում նրան: Վիրաբույժը չէ, թմրեցման ու զգայազրկման մասնագետը չէ: Մայրը ներդաշնակության մեջ է մտնում իր զավակի հետ, նրա համար դառնում է ուժի հավելում, քաջություն՝ վախերի մեջ, արցունքների սահման, ... բայց հիվանդությունը մնում է:
Չարիքի դիմաց դիրք բռնելու եղանակն է միայն ամբողջովին տարբեր դառնում: Մայրը կարող է միայն այն, ինչ կարող է սերը։ Եվ շա՜տ է, լավագույն մասն է։ Այսպես նաև Աստված՝ ամենակարող Սերը, կարող է միայն այն, ինչ կարող է սերը:
Հրաշքը բժշկումը չէ, այլ՝ պայքարը չարիքի դեմ, որը վերջիվերջո հաղթելու է մարմնին, բայց ո՛չ մարդուն: Հրաշքները գոյություն ունեն, համենայն դեպս: Եվ չափազանց շատ են:
Ժամանակակից հոգևոր հեղինակներից Դավիդ Մարիա Թուրոլդոն իր հիվանդության ընթացքում վեհ ու սահմռկեցուցիչ ճշմարտություններ ուսուցանեց և ավանդեց մեզ. «Հարկավոր է հուսալ սեփական ողջ անձկությամբ: Աստծուց երբեք չխնդրեցի բժշկել ինձ, ո՛չ: Բայց չարիքը կրելու ուժն ունենալ, սա այո՛, և քանի՜ անգամ»:
Աստված դիրք չի գրավում առողջության ու հիվանդության միջև, այլ՝ հուսահատության ու վստահության միջև: Աստծո երկիրը մարմնի բջիջները չեն, այլ՝ վախի ու սարսափի հյուսվածքները, ուր բնակություն է հաստատում նա, ում Սաղմոսներն անվանում են «վիշապ» (հմմտ. Սղմ 74, 13): Աստված արցունքների ամենախորին հայելացման մեջ է:
«Աստված չպետք է բժշկի ինձ: Չի կարող, չպետք է: Այլապես, մնաս բարով ազատություն: Մնաս բարով ազատություն, և հավասարություն, և սեր, բոլորի համար: Ինչո՞ւ պետք է բժշկի ինձ և ո՛չ թե մահվան սահմանված մանկանը, որ մահանում է ամենադաժան տառապանքների մեջ, սերմանելով հուսահատություն, և առանց ապրած լինելու: Ի՛նչ է, պետք է շնորհակալությո՞ւն հայտնեմ Աստծուն, որ ռումբը չընկավ իմ տան վրա, այլ՝ հարևանի, ո՛չ թե իմ, այլ՝ իր ընտանիքի գլխին: Թերևս նվա՞զ սիրված էին: Նվա՞զ որդի» (Դավիդ Մարիա Թուրոլդո):
Աստված նման է հիվանդ զավակի սնարին կանգնած մորը:
Աստված կարծես թե գամված է աշխարհի չարիքին:
Ինչպես սիրով հիվանդ մայր: Եվ իր իսկ Անձից բացի ուրիշ ոչինչ չի կարող տալ:
Նախախնամությունն, ուրեմն, վերագտնելն է մեր մեջ բացարձակ կետը, ուր միանում, կցվում, պատվաստվում ենք սկզբին, արարչագործությանը, ուր մարդը շնչում է Աստծուն. Հիսուս Նազովրեցին, Գողգոթայի Հիսուսը, մարդացած Աստվածը, դառնում է հիմնադիր դեպքը մեր մարդեղությունների, ուր Հոգին վերադառնում է լինելու ծլարձակող ուժ, Նա, որ ջերմացնում է մեր արարչության ջրերը, Նա, որ երկնքով է հղացնում երկրի մեր մասը:
Աստված Իրենից բացի ուրիշ ոչինչ չի կարող տալ:
Քրիստոնեությունը հարաբերություն է: Ամեն ինչի իմաստը հաղորդություն է. աղոթքը կրկին շնչելն է «ruah»ը, Աստծո հետ միասին շնչելը:
Եվ ապա իսկույն, Աստծո միևնույն աճապարանքով, Ադամի միևնույն անհամբերությամբ, շնչել մարդու հետ: Կրկնել առաջին խոսքը, այս անգամ ո՛չ միայն Եվային ուղղված, այլ՝ տիեզերքին. «Դու մարմին ես իմ մարմնից, արյուն ես իմ արյունից»: Դու, անհաշվելի դու:
Մեզ նույնպես, ինչպես Աբրահամին, Աստված ասում է. կտամ քեզ անթիվ ու անհամար զավակներ, մի դու, որը ոչ ոք չի կարող հաշվել, ծովի ավազից ավելի, երկնքի աստղերից ավելի (հմմտ. Ծնդ 22, 17):
Մեզնից յուրաքանչյուրը դառնում է այդ պանդուխտ Աբրահամը, որ քայլում է ճանապարհներով, որոնք առաջնորդում են դեպի մարդը:
Պատրաստ՝ բնակություն հաստատելու երկրի վրա, կրելով մեզնում երկնքի այն մասը, որն իմաստ է տալիս երկրին:
Պատրաստ՝ միշտ ու միշտ վերադարձնելու հոգևորը մարմնավորի մեջ:
Պատրաստ՝ աղոթելու ուրիշների համար, որ նշանակում է շրջանառության մեջ դնել սերը Քրիստոսի մարմնում:
 
Տե՜ր, երբ ես քաղցած եմ,
տո՜ւր ինձ մեկը, որ հացի կարիք ունի:
Երբ ծարավ եմ,
տո՜ւր ինձ մեկը, որ ջրի կարիք ունի:
Երբ ցրտահար եմ,
ուղարկի՜ր ինձ մեկը, ում տաքացնեմ:
Երբ վշտացած եմ,
պարգևի՜ր ինձ մեկը, ում մխիթարեմ:
Երբ իմ խաչը դառնում է ծանր,
պարգևի՜ր ինձ մեկը, ում կարողանամ օգնել
կրելու իր խաչը:
Երբ աղքատ եմ,
առաջնորդի՜ր ինձ դեպի մեկը, որ կարիքի մեջ է:
 
Շնորհը, որ միշտ հարկավոր է հայցել Տիրոջից, սա է. «Իմանալ, որ մյուսները գոյություն ունեն» (Սիմոն Վեյլ): Հրաշագործ շնորհ: Որն ինձ անցնել է տալիս Նախախնամության կողմը:
Երբ սեղմված ու տանջված ենք վախի ճիրաններում, դիմացինի մեջ տեսնում ենք միայն մի որս կամ մի որսորդ, կամ ինչ որ մեկին, որի մեջ շշմեցնենք ու մոռանանք ինքներս մեզ: Բայց երբ ինձ ներդաշնակության մեջ եմ դնում Նախախնամության և հույսի հետ, այնժամ է հնարավոր դառնում հիացումի հարաբերություն ունենալը դիմացինի հետ: Այնժամ հաղթահարում եմ երկու փորձությունները. դիմացինի որսը դառնալու վախը և իմանալու պատրանքը, թե ի՛նչն է բարի դիմացինի համար, իմանալու, ես, դիմացինի բարին ու չարը, և փոխելու նրա կյանքի ընթացքը:
Ուրիշի գալուստը մեր կյանքից ներս՝ նույն Ինքն Աստծո գալուստն է:
«Երբ երկու կամ երեք հոգի համախմբված են հանուն Իմ, Ես այնտեղ Եմ, նրանց մեջ» (Մտթ 18, 20):
«Հանուն Իր համախմբված» նշանակում է կցված, կապված, օղակված լինել մեկ միակ խրձի, փնջի մեջ, ըստ Աստծո ծրագրի, ըստ Աստծո փափագի, որը ծրագիրն է դաշինքի՝ ապրող ամենքի ու ամեն ինչի միջև, որը ծրագիրն է աշխարհների համաձուլման:
Մենք Քրիստոսի երկրորդ կեսն ենք: Սա է «խորհրդական Մարմին» մեծ անվան իմաստը: Իր երկրորդ կեսն ենք, եթե ապրում ենք համաձայն այն ամենի, որ Հիսուս անհատը ապրեց: Հիսուսն այն էր, ինչ մենք պետք է լինենք:
Անցյալը այժմեական է: Ազդու, գործող է Քրիստոսի մարմնի մեջ: Այսինքն՝ մեր մեջ:
Երբ Քրիստոսի անցյալն ազատ ենք արձակում մեր ճանապարհների անակնկալ ներկայի մեջ, այնժամ Նա մեր մեջ է:
Եկեղեցու յոթ խորհուրդները նույնպես պարծանքն ունեն ասելու, որ անցյալը դառնում է այժմեական:
Ազատ արձակել Քրիստոսի անցյալը՝ նշանակում է ազատ արձակել հաղորդությունը: Հաղորդություն սկզբում. «հանուն Իմ համախմբված», հաղորդություն որպես արդյունք. «Ես նույնպես այնտեղ Եմ, նրանց մեջ» (Մտթ 18, 20): Հաղորդություն կենտրոնում, քանի որ Անունը, այսինքն՝ ամեն ինչի ամփոփումը, հրավառ կորիզը, հանգույցը, Հիսուսի՝ Գալիլեայի մարդու, աշխարհի մարդու համադրությունը, էությունը սերն է, վերջին անունն այն ամենի, որ ապրում է:
 
Եվ ո՛չ իսկ մի ճնճղուկ
 
«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց չեն կարող սպանել հոգին. այլ ավելի՝ վախեցեք նրանից, ով կարող է մարմինն ու հոգին կորստյան մատնել գեհենում: Մի՞թե երկու ճնճղուկը մի դրամով չեն վաճառում: Եվ սակայն, նրանցից ոչ մեկը գետին չի ընկնի՝ առանց որ ձեր Հայրը դա կամենա: Ձեր գլխի մազերն անգամ, բոլորը հաշված են: Մի՛ վախեցեք, ուրեմն. դուք բազում ճնճղուկներից ավելի արժեք» (Մտթ 10, 28-31):
 
«Դուք բազում ճնճղուկներից ավելի արժեք»: Դուք ձեր բույնն Աստծո ձեռքերի մեջ ունեք:
Ամեն անգամ, այս խոսքերի դիմաց, զգում եմ միաժամանակ վախ ու քաղցրություն, նրանց ամբողջական իմաստը չընկալելու վախը. Աստված, որ հոգատար է ճնճղուկների նկատմամբ, որ հաշվում է գլխիդ մազերը:
Նախախնամության քաղցր պատկերներ:
Եվ սակայն, ճնճղուկները գետին ընկնում են: Եվ սակայն, մանուկները մահանում են: Եվ ոչինչ չի պատահում առանց որ Աստված դա կամենա, ասում է Հիսուսը: Բայց, ուրեմն, Աստված Ի՞նքն է, որ ընդհատում է թռիչքը: Ուրեմն, Աստված Ի՞նքն է, որ կամենում է մահը:
Ճնճղուկներն ընկնում են, մանուկները՝ մահանում, իսկ Աստված ի՞նչ է անում: Աստված ապրում է ողբերգությունը նրանց, ովքեր մոտ են Իր սրտին: Ողբերգությունը մերն է, բայց նաև Աստծունը:
Իրոք. «Ամեն անգամ, որ մի բաժակ ջուր կտաք», ամեն անգամ, որ կրկին թռիչք կպարգևեք այս փոքրիկներից մեկին, «դա ինձ արած կլինեք» (Մտթ 25, 40):
Մեկ ողբերգություն, մեկ սեր. Աստված թաքնվել է մարդու մեջ:
Բայց կա վատ թարգմանված մի բառ: Մենք կարդում ենք. «Մի ճնճղուկ անգամ գետին չի ընկնի առանց որ ձեր Հայրը դա կամենա»:
Հունարեն բնագրի գործածած բառը չի մատնանշում Աստծո կամքը, այլ. «առանց որ ձեր Հայրը դա իմանա»:
Ոչինչ չի կատարվում Աստծուց թաքուն, ո՛չ թե՝ Աստծո կամքին հակառակ: Քանի որ բազո՜ւմ գործեր են կատարվում ընդդեմ Աստծո կամքի: Յուրաքանչյուր ատելություն՝ Աստծո կամքին հակառակ է:
Աստված գիտի, Աստված ներկա է, մեր կողքին:
Մարդիկ են, որ խաչեր են տնկում, մարդիկ են, որ իրենց ազատ կամքով սպանում են մարդկանց և հույսերը. Աստված գիտի, և տառապում է տառապողի հետ, և ապրում է նրա կողքին: Եվ այնտեղ է մի խոսքով, միակ խոսքով, կամ ավելի ճիշտը՝ խոսքի մի տկար ձայնով, մի սերմով հազիվ, բայց միակ լուծումն այդ խոսքի մեջ է, որ ասում է. Հարություն:
Պատերազմի գերիների արգելավայրում, գերիները պետք է ներկա գտնվեին իրենց ընկերներից ոմանց գնդակահարմանը:
Դատապարտվածներից մեկը տասը տարեկան մանուկ էր, որին անվանում էին «տխուր աչքերով հրեշտակ»:
Եվ մինչ մյուսները մահանում են արագ ու անցավ մահով, մանուկը, մահացու վիրավոր, տանջվում է հոգեվարքի մեջ:
Իսկ գերիներն այնտեղ դիմացն են ու լացում են, ողբում:
Մի կին ճչում է. «Ո՞ւր ես, Աստվա՜ծ»:
Քահանան շրջվում է, գրկում կնոջն ու հանդարտ ասում. «Կի՜ն, չե՞ս տեսնում: Աստված մեր առջև է, մեռնում է այդ մանկան մեջ»:
Աստծո ողբերգություն, ազատության ողբերգություն:
Աստված ամեն բան կարող է, անշո՛ւշտ: Բայց Աստված սեր է, և հետևաբար՝ կարող է միայն այն, ինչ կարող է սերը: Սերը չի կարող ազատությունից զրկել, սերը չի կարող պարտադրել, չի կարող սարսափեցնել:
Աստված գիտի, ներկա է, խաչերի ստորոտում է, բայց գամերը փայտից չի հանում: Բազմապատկում է քաջությունը: Աստված մեջտեղից չի վերացնում մարմինը սպանողներին: Ասում է, որ կա մի բան, որ մարմնից ավելի արժե: Մեզ փոթորիկից դուրս չի քաշում, մեզ ուժ է տալիս՝ փոթորկի ներսում թիավարել շարունակելու:
«Աստված Իր կամքին հակառակ է հրաշքներ գործում», ասում է Սուրբ Հովհաննես Ավիլացին:
Եվ մենք հառաջ ենք ընթանում այս բարբարոս ու հիասքանչ աշխարհի ճանապարհներում ո՛չ թե մղված Աստծո հրաշագործ միջամտություններից, որոնք այնուամենայնիվ կան («Հրաշքները չափազանց շատ են ու բազմաթիվ», հաստատում էր Միշել Դը Սերտիոն), այլ՝ մղված հույսի հրաշքից, որն ավելի հզոր է, քան գերեզմանը, մղված նրանց հրաշքից, ովքեր գիտեն, որ իրենց բույնն Աստծո ձեռքերի մեջ է, հրաշքը սերերի, որոնք չեն հանձնվում, սրտերի, որոնք չեն զինաթափվում:
Հրաշքը Ավետարանի արժեքների մեջ է, որոնք փոխում են իմ կյանքը, որոնք փոխել են իմ սիրտը, դարձնելով այն ընդունակ, թերևս մի օր, սիրելու իմ անձնական թշնամիներին, մինչև իսկ սիրելու իմ մարմինը սպանողներին:
Զգում եմ ինձ իբրև մի ճնճղուկ, որի բույնն Աստծո ձեռքերի մեջ է:
Կլինեն փոթորիկներ, և գիշերներ, և որսորդների ցանցեր (Սղմ 9, 30), կլինի նաև մահը, բայց գիտեմ, որ նրանից անդին վերագտնելու եմ Աստծո ձեռքերը:
Վերստին ունկնդրենք Պողոս Առաքյալի խոսքերը. «Ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծո սիրուց, ո՛չ տանջանքները, ո՛չ սուրը, ո՛չ վիշտը, ո՛չ գիշերը, ո՛չ մահը, ո՛չ հրեշտակները, ո՛չ սատանաները» (Հռմ 8, 39): Եվ այս բոլոր բաները տեղի են ունենալու ցավով, բայց վերագտնելու եմ Աստծո ձեռքերն այնտեղ, ուր իմ բույնն է, որովհետև կա մի բան, որ մարմնից ավելի արժե, և որովհետև բոլոր այս բաները չեն սպանում հոգին:
Ասում է Հիսուսը. «Ավելի վախեցեք նրանից, ով իշխանություն ունի սպանելու հոգին ու մարմինը» (Մտթ 10, 28):
Աստված նման չէ հոգատարությամբ հեղձուցիչ ծնողներին, որոնք կամենում են որդիների առօրյայից ջնջել որևէ տեսակի փորձ (փորձանք), որևէ տեսակի պարտություն կամ ճիգ ու ջանք: Անընդունակ ծնողներ, որոնց զավակը մնալու է հավիտենական մանուկ, իր հերթին անընդունակ՝ դիմագրավելու կյանքը, զուրկ՝ նպատակներից ու դրանց հասնելու միջոցներից, անընդունակ՝ ծամելու արցունքների կարծր հացը: Զավակ, որ վշտակրության հետ առաջին անխուսափելի ընդհարմանը զգալու է իրեն տկար ու անհամեմատ, վերջիվերջո թերագնահատելու ու արհամարհելու է սեփական անձը, դառնալու է ընկճման, ուժասպառության ու հուսալքումի զոհ, վատ կամեցողությամբ, վատ սիրով:
Աստված մեր հետ է, բայց չի գրավում մեր տեղը:
«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց իշխանություն չունեն սպանելու հոգին»: Ողբերգությունը կյանքը կորցնելը չէ. իրական ողբերգությունը ոչինչ չունենալն է, որի համար կարժենար կորցնել կյանքը:
«Ավելի վախեցեք նրանից, ով կարող է սպանել հոգին»:
Իսկ ո՞վ կարող է սպանել հոգին, եթե ո՛չ միայն՝ մակերեսայնությունը, և վաղանցուկի պաշտամունքը, և երևալու մշակույթը:
Ի՞նչն է սպանում հոգին, եթե ո՛չ միայն՝ սրտի ամլությունն ու անտարբերությունը:
Հոգին կարող է մեռնել. հոգիդ կարող է մեռնել ներսումդ, երբ սիրտ չես դնում գործերիդ մեջ և կեղծավոր մեկն ես: Հոգին մեռնում է, երբ վհատեցնում ու հուսահատեցնում ես շուրջիններիդ, այսինքն՝ նրանց զրկում ես ոգեշնչումից ու քաջությունից, երբ ծաղրում ես գաղափարականները և թերևս նաև ծիծաղում ես սիրահարների ու բանաստեղծների վրա:
Սիրուց զուրկ լինելն է, որ սպանում է: Մեռած հոգիները նրանք են, ովքեր չեն սիրում: Նրանք, ովքեր ոչինչ են. ո՛չ տաք, ո՛չ սառը, ո՛չ քրիստոնյա, ո՛չ հեթանոս. մեռած հոգիներ:
Կյանքով լի լինելու համար թերևս երկու բան է միայն հարկավոր. մեկը՝ մեծ, մյուսը մինչդեռ՝ շատ պարզ. սիրել մեկին և գորովալի հետաքրքրություն տածել աշխարհի, գիտության, արվեստի, մարդու հանդեպ:
«Մենք գիտենք, որ մահվանից անցել ենք կյանքին, որովհետև սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին» (հմմտ. 1Հվհ 3, 14): Ողջ ու առողջ պահենք մեր հոգին: Վառ պահենք վստահությունը, որ կարող ենք կենդանի մնալ կյանքով եռուն այս տիեզերքում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։