« ՊԱՐՏՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՊԱՐՏՔԸ »

Խորհրդածություն Մատթեոս 22, 15֊21 ( « ԿԱՅՍՐԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՏՈՒՐՔԸ » ) հատվածի շուրջ

 

Օրինավո՞ր է հարկ վճարել Կայսրին։ Թե՞ ո՛չ։

Նենգամիտ հարց է. Դու, որ Տասներկուսի մեջ վերցրեցիր այդ Մատթեոսին՝ Կեսարի հարկերը հավաքողին, և Սիմոն Նախանձահույզին՝ զինված մարտիկին. Դու, ո՞ւմ կողմից ես։ Կայսրության հետ գործակցողների՞ց ես, թե՞ մեկն ես ապստամբներից։

Երուսաղեմում ենք, Տաճարի սրբազան տարածքում, ուր արգելված է մարդկային որևէ պատկեր մտցնել, նույնիսկ եթե այդ պատկերը դրոշմված է մետաղադրամների վրա։ Սրա համար է, որ մուտքին, պատրաստակամ, կանգնած էին դրամափոխները։ Փարիսեցիները՝ ցուցադրական կրոնականության մոլի մաքրապաշտները, ներս են բերում հեթանոսական մի մետաղադրամ, որն իր վրա կրում է Տիբերիուս կայսեր պատկերը, բայց դիմակազերծվում են. հենց իրենք են, որ խախտում են կանոնը, ցույց տալով, որ հետևում են փողի, և ո՛չ թե Մովսեսի օրենքին։

Հիսուսը թակարդը չի ընկնում, ընդհակառա՛կը. կեղծավորներ է անվանում նրանց, դերասաններ, ձեր ողջ գոյությունը բեմական ներկայացում է։ Եվ պատասխանում է՝ «տալ» բայը փոխարինելով «վերադարձնել» բայով. վերադարձնել Կայսրին այն, ինչը որ Կայսրինն է։ Մի ուժգին հրամայական՝ ասելու համար. «Ե՛տ վերադարձրու Կայսրին և Աստծուն, որովհետև ունեցածներիդ մեջ ոչինչ իսկապես քոնը չէ»։

Ոչնչի տերը չես, ամեն ինչ գալիս է քեզնից առաջ եղած ժամանակներից և գնում է դեպի քեզնից հետո գալիք ժամանակները։

Գոյություն ունենալը իրավունք չէ, ավելի շուտ՝ պարտք է։ Պարտք Աստծո հանդեպ և ուրիշների՝ ծնողների, ընկերների, պատմության, մշակույթի, աշխատանքի, հասարակության, գիտության հանդեպ։

Պարտք երկրի և քո հանապազօրյա հացի հանդեպ, ուր դրոշմված է աշխարհի պատմությունը՝ Աստծո պատմության հետ միասին։

Պարտքերի մի միահյուսում է քո կյանքը. վճարի՛ր քո պարտքը՝ սիրո, բարեկեցության, կրթության։ Կյանք, որ գնում է, և կյանք, որ գալիս է։

Ուրիշներից՝ քեզ, քեզնից՝ ուրիշների, բաց շրջանառությամբ։

Ո՞վ է Կեսարը։ Միայն Պետությո՞ւնը, քաղաքական իշխանությո՞ւնը՝ հայտնի դեմքերի իր պանթեոնով։ Պարտք ունեմ ամբողջ հասարակության հանդեպ, և ի՞նչ եմ նրան վերադարձնում։

Ի՞նչ եմ անում՝ առողջացնելու համար իմ այս թունավորված մոլորակը, որտեղ ես գոյություն ունենալու պարգևն ունեմ։ Ուրեմն ես էլ պետք է ինչ որ մի բան տամ։ Ես էլ պարտք ունեմ մայր երկրի հանդեպ, այժմ ավելի՝ քան երբևէ։

Մենք չենք ժառանգում երկիրը մեր նախնիներից, մենք այն պարտքով վերցնում ենք մեր զավակներից։

Տակավին, Հիսուսը չի գոհանում և կայսրից խլում է նրա աստվածային հավակնությունը. Կեսարն Աստված չէ։

Վերադարձնել Աստծուն այն, ինչը որ Իրենն է. Աստծունն է մարդը, որն հրեշտակներից սակավ մի ցածր է ստեղծված (Սղմ 8, 6), և միաժամանակ՝ սակավ մի ավելի, քան քամու շունչը (Սղմ 44). մի ծխացող պատրույգ, որը, սակայն, դու՝ Կեսար, չես հանգցնելու։

Իմ ձեռքի վրա ես մի արձանագրություն եմ կրում. Ես պատկանում եմ իմ Տիրոջը (Ես 44, 5)։

Խոսքեր, որ հասնում են որպես մեծ վճռագիր՝ ազատության. դու չես պատկանում ո՛չ մի իշխանության, ազատ մնա բոլորից և փախի՛ր որևէ փորձությունից՝ թույլատրելու, որ քեզ ծառա դարձնեն։

Մարդը ծնվում է որպես շողացող կյանք, որպես ոսկե դահեկան, որի վրա դրոշմված է միմիայն Աստծո պատկերը։ Վերադարձրո՛ւ Աստծուն այն, ինչը որ Իրենն է, այսինքն՝ ինքդ քեզ։ Կեսարին՝ առարկաները, Աստծուն՝ անձինք։ Կեսարին՝ ոսկի ու արծաթ, Աստծուն՝ մարդը։

Դու ձեռք չպիտի դնես մարդու վրա։ Մարդն անանցանելի սահմանն է. քեզ չի պատկանում, չխախտես այն, չնվաստացնես նրան, չչարաշահես նրան. Արարիչն Ինքը ներկա է նրա արյան և նրա շնչի մեջ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։