Զաքարիայի օրհներգը (Ղկս 1, 67-79) – Գրադարան – Mashtoz.org

Զաքարիայի օրհներգը (Ղկս 1, 67-79)

«Նրա հայրը՝ Զաքարիան, [որ պապանձվել էր], Սուրբ Հոգիով լցվեց ու մարգարեացավ» (Ղկս 1, 67):
 
Խոսքը ներսում էր,
բանտարկված:
Մինչև այն օրը, երբ կինը մայր դարձավ,
իսկ տունը՝ մարգարեների տուն:
 
Առաջին և վերջին բառերն այն գրկախառնումն են, որ իմաստ են հաղորդում ամբողջ օրհներգին. օրհնյալ և խաղաղություն:
Հինկտակարանյան բարեպաշտ հավատացյալի բնական կերպն է՝ դիմելու Աստծուն, դիմելու մարդուն:
Առաջին խոսքն Աստծո համար, վերջինը՝ մարդու:
Առաջին խոսքը շնորհակալություն է, վերջինը՝ մաղթանք, ծրագիր, հույս:
Այս երկու խոսքերի միջև՝ Զաքարիան, ծեր քահանան, որ հայր է դարձել ընդդեմ ամեն հույսի, ընդդեմ բնության, կապակցում է իր պատմությունը ամբողջ Իսրայելի պատմությանը:
Զաքարիան հիշում է Յահվեին, Աբրահամին, Դավթին և մարգարեների լուսաճաճանչ խոսքերը, խոսում է դաշինքի (ուխտի) ու հավատարմության մասին, խոսում է ազատության ու փրկության մասին:
Իսկ հետո խոսում է ապագայի մասին. ճանապարհների մասին, որոնցով հարկավոր է քայլել. լույսի մասին, որ դարձնում է լուսաշող. կյանքի լիության մասին, որը Shalom-խաղաղությունն է:
Անցյալի ու ապագայի միջև՝ այս երջանիկ հայրը:
Անցյալի ու ապագայի միջև՝ մի մարդ, որ օրհնում է. օրհնում է Աստծուն և մանկանը, օրհնում է մարդկանց և արևը:
 
Օրհնյա՜լ է Տերը,
նորից եկել է, դեռ գալիս է՝
ներշնչելու ապագայի երազներ:
Հարուցեց մարդիկ և խոսքեր, որ կրում են կյանք,
փոքրիկների միջից, որ երգում էին
Դավթի երգերը (հմմտ. Ղկս 1, 68-69):
 
Երկու Կտակարանների միջև անցումին՝ մի երջանիկ հայր:
Սկզբում համր (Ղկս 1, 30): Նրանից վերցվել էր խոսելու կարողությունը: Եվ երբ կրկին փշրում է ամբարտակները, խոսքը երգում է, ուրիշ բան չի կարող անել, այլ միայն՝ երգել:
Պապանձվել էր, Զաքարիան: Խորհրդանշան է: Այլևս մարգարեներ չկային: Քահանաների խոսքերն այլևս իմաստազուրկ էին, չափազանց հեռու էին Աստծուց:
Խոսքը վերցվում է տաճարում, տաճարից, հյուսվում է մի տարեց կնոջ արգանդում, և երբ լույս աշխարհ է գալու, չի լինելու նվազ, քան մի ձայն, որ աղաղակում է (Հվհ 1, 23):
Օրհներգի առաջին մասի հիմնական երեք խոսքերը սրանք են. դաշինք, փրկություն, ծառայել առանց երկյուղի:
 
Դաշինք: Աստված հրաժարվում է Իր ազատությունից: Աստված կապվում է մեզ, կաշկանդում է Ինքն Իրեն, որովհետև այդ դաշինքը չի կարող խզվել կամ չեղյալ համարվել, և ո՛չ իսկ ժողովրդի անհավատարմության պատճառով: Եվ մարդն այդպիսով ավելի կարևոր է, քան Աստծո ազատությունը:
Աստված չի գործում պարզապես մարդկանց համար: Աստված գործում է մարդկանց հետ: Սա նշանակում է, որ աշխարհի պատմությունն այլևս նման է դաշնամուրի համար գրված երաժշտական քառաձեռն ստեղծագործության: Աստված և մարդը միասին:
 
Դու խոստանում էիր, մարգարեներդ խոստանում էին,
– ժամանակն էր մեծ խոստումների –
օրերն ազատության,
երբ կխլեիր մեզ
անսիրտների մեռած ձեռքերից,
աշխարհից, որ սիրել չգիտի (հմմտ. Ղկս 1, 70-71):
 
Փոխվում է նաև Աստծո անունը, որն այդուհետև այլևս Յահվե չէ, այլ՝ Էմմանուել, որ նշանակում է «Աստված մեր հետ»:
Դաշինք բառը ոգեկոչում է հաղորդություն բառը: Աստված միայնություն չէ: Ուզում է դաշինք կնքել, ձեռք սեղմել, կյանքերի ու սրտերի փարվել:
 
Դու՝ խանդող, գորովալի, սիրահար
այն ժամանակվա մարդկանց նկատմամբ.
Դու՝ դաշնակից, հավատարիմ ընկեր, մերձավոր
այսօրվա մարդկանց նկատմամբ (հմմտ. Ղկս 1, 72):
 
Դաշինքը նշանակում է, որ ամեն ինչի նպատակն Աստված չէ, որ կրոնի նպատակակետն Աստված չէ, այլ՝ Աստված և մարդ անբաժանելիորեն միացած: Աստված՝ ընդարձակման ու տարածումի մեջ, մինչև որ ամեն ինչ կլինի ամենքի մեջ (Կղս 3, 11):
Հիսուսը նույնպես, Նոր Ուխտի պատվիրանը ներկայացնում է որպես մի և զույգ, միակ և կրկնակի. սիրի՛ր Աստծուն, սիրի՛ր մերձավորիդ: «Եվ երկրորդը նման է առաջինին», ասում է Հիսուսը (Մտթ 22, 39):
Քանի որ մերձավորին սիրելը նման է Աստծուն սիրելուն:
Մերձավորը նման է Աստծուն:
Դաշինքը նշանն է Աստծո, որ տարածվում է, որ ընդարձակվում է, որ գրավում է սրտերն ու դեմքերը: Եվ լուսաշող է դարձնում դեմքն ու սիրտը: Եվ Իր ձեռքը ձեռքիդ է տալիս (Ես 8, 11): Մարդ և Աստված, ձեռք ձեռքի, միասին քայլում են դեպի ապագան:
Դաշինքը չի նշանակում մի Աստված, որ կքվում է մեր վրա: Չի նշանակում կարեկցանք: Ինչպես մարդկային սիրո պարագային կարելի չէ սիրեցյալին վերից դեպի վար նայել:
Նոր Ուխտը Հիսուսն Ինքն է, որ մեջքին սրբիչ է կապում, ծունկի է գալիս աշակերտների ոտքերի առաջ և նրանց նայում է վարից դեպի վեր (Հվհ 13, 5...):
 
Երկրորդ հիմնական խոսքն է փրկություն:
 
Դու Աբրահամին խոստանում էիր
երկնքի աստղերի չափ բազմաթիվ որդիներ,
նրանց համար երդվում էիր ազատություն,
և թշնամիները՝ նրանց ոտքերի ներքո (հմմտ. Ղկս 1, 73):
 
Փրկությունը նախևառաջ ենթադրում է վտանգի մի իրադրություն.
 
Եթե անցնելու լինես ջրերի միջով, ...
եթե անցնելու լինես կրակի միջով, ...
գետերը չեն խորասուզի քեզ,
կրակը քեզ չի այրի (Ես 43, 1-7):
 
Որո՞նք են մեր կյանքի մեծագույն վտանգները: Որո՞նք են մեր կյանքն այրելու ու մոխրացնելու մեծ վտանգները: Ո՛չ խենթացած մեքենան, որ մահ է սփռում. ո՛չ խենթացած բջիջը, որ մահ է ագուցանում մարմնում: Ա՛յլ են վտանգները:
Հիսուսը մեզ ուսուցանում է ավելի կյանքը ձախողելուց վախենալ, քան մահից (հմմտ. Մտթ 10, 28):
Վախ՝ իրագործել չկարողանալու այն, ինչին մեր կյանքը սահմանված է: Սիրո մեջ ձախողվելու, սխալ նպատակակետեր, սխալ երազներ որդեգրելու վտանգը: Կուռքեր ստեղծելու և դրանք պաշտելու վտանգը, որոնք հետո լափում են կյանքը:
Փրկություն եզրը եվրոպական լեզուներում առաջացել է լատիներեն «salus»ից, որն էլ իր հերթին առաջացել է հունարեն «hólos»ից, որ նշանակում է ամբողջականություն, կատարելություն:
Փրկություն՝ նշանակում է վերամիավորել մեր կյանքի ցիրուցան եղած բեկորները, ի մի հավաքել ու ամփոփել մեր գործերի ու արարքների ցիրուցան եղած փշրանքները:
Կա մի կենտրոն, որի շուրջը միություն և իմաստ և եզակի խորություն է ձեռքբերում այն ամենն, ինչ ասում եմ, անում, մտածում:
Եվ վերագտնում եմ այն ամենն, ինչ կորցրել էի (հմմտ. Ղկս 19, 10): «Յահվեն ասելու է Հյուսիսին. ''Վերադարձրո՛ւ'', և Արևմուտքին. ''Ազա՛տ արձակիր''» (Ես 43, 6):
Նրա շուրջն է, որ միություն ու ամբողջականություն է վերագտնում նախապես կիսված, նախապես թերի կյանքը: Կյանքը, որ գողացվել է մեզնից: Շեղվել: Թմրեցվել:
Թշնամին խլում է մեզնից կյանքը: Ժամանակը խլում է մեզնից կյանքը: Աստված փրկագնելու է նաև սա – նաև կյանքը, որը մեզնից խլել է ժամանակը – մեզ տալով հավիտենությունը:
Փրկել՝ նշանակում է պահպանել: Ընդմիշտ:
 
Երրորդ հիմնական խոսքն է ծառայել Աստծուն առանց երկյուղի:
 
Որպեսզի, բոլոր վախերից վերջնականորեն ազատ,
մենք՝ որդիներդ, կարողանանք ապրել Քո հետ:
Որպես մեկը, որ Քոնն է,
որպես մեկը, որ Քեզ զգում է իրենը:
Ընդմիշտ (հմմտ. Ղկս 1, 74-75):
 
Սիրո մեջ չկա վախ, ընդհակառակն՝ կատարյալ սերը հեռու է վանում վախը: Ով վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ (1Հվհ 4, 16-18):
Վախի վախճանը: Այն վախի, որն Ադամին մղում էր թաքնվելու Եդեմի թփերի ետևում (Ծնդ 3, 10):
Աստված սեր է: Աստված եկել է ծառայելու: Աստված մեր սպասավորն է (Ղկս 12, 37):
Սպասավորն ահազդու չէ, մինչ տերն՝ այո՛:
Սպասավորն օգնում է, ոտքի կանգնեցնում, հոգատարություն դրսևորում:
Վերջանում է վախը, որովհետև Աստված ո՛չ թե հրեշտակների, այլ՝ Աբրահամի որդիների նկատմամբ է հոգատարություն դրսևորում (Եբր 2, 16):
Աստծուն մատուցված իրական պաշտամունքը երկրպագությունը չէ, այլ՝ սեփական մարմնով Նրան փառաբանելը, մեր գործերով, յուրաքանչյուր օրվա մեր պատմությամբ (Հռմ 12, 1):
Բայց կա մի խոնարհ ու շա՜տ գեղեցիկ պաշտամունք, որ կայանում է գոյություն ունենալու պարզ հաճույքի մեջ, ապրելու ուրախության մեջ, կյանքի նկատմամբ սնած ամենօրյա խոնարհ բերկրանքի մեջ: Քանի որ Արարչին գովաբանում է նա, ով գնահատում է արարչությունը և կյանքը, և Աստծուն պատասխանում է ապրելու բերկրանքի համր մեղեդիով:
Շնորհակալությո՜ւն, Տե՜ր իմ, կյանքի համար:
Շնորհակալությո՜ւն միասին կատարված պարի համար:
 
Օրհներգի երկրորդ մասը վերաբերվում է մանկանը՝ Հովհաննեսին:
Աստծուց՝ մարդուն: Մինչ նախապես հիշողությունն էր թելադրում խոսքերը, արդ թելադրում են փափագն ու հույսը: Երգն ուղղված է դեպի ապագան:
«Օրհնեցէք»ը բաժանված է անցյալի ու ապագայի միջև, ինչպես մեր ներկան, որ բաղկացած է այն ամենից, որ ապրել ենք, և այն ամենից, որ կամենում ենք հնարել ու ծրագրել:
Մեր բոլոր խոսքերը ծնվում են հիշողությունից ու փափագից: Բոլորս կարող ենք գրել մեր օրհներգը՝ հիշողության և հույսի գրիչով:
Երկրորդ մասը նույնպես պարունակում է վճռական երեք եզրեր. մարգարե, ճանապարհ, արև:
 
«Եվ դու կլինես մարգարե» (1, 76): Յուրաքանչյուր հայր, յուրաքանչյուր մայր իր առջև դնում է մեծ հարցականը, նայելով իր զավակին. արդյոք ի՞նչ կդառնա այս մանուկը:
 
Եվ դու, մանուկ, մանուկ որդի իմ,
որդի անխոս,
դու կարտասանես Աստծո խոսքերը,
դու կլինես մարգարե:
Դու կքայլես
և կհարթես ճանապարհներ,
որոնք քեզնից առաջ ոչ ոք չի հարթել,
և քո ետևից կքայլի Աստված (հմմտ. Ղկս 1, 76):
 
Մարգարե կլինի: Մարգարեն նա է, ով արտասանում է Աստծո խոսքերը, ով Աստծո բերանն է և աղքատների բերանը, նա, ով Աստծուն հիշեցնում է մարդկանց և մարդկանց հիշեցնում է Աստծուն:
Նա, ով Աստծո շշունջը դարձնում է ձայն, որն աղաղակում է արևի ու քամու մեջ:
Նա, ով Աստծո համար անտանելի է դարձնում աղքատների աղաղակն ու արցունքը:
 
Ճանապարհ: Մարգարեն հռչակում է Աստծո մոտենալը: Աստված այս աշխարհի արվարձաններում է: Աստված վերջինների մոտ է: Աստծո ճանապարհը արվարձանի ճանապարհն է: Եվ ա՛յլ բան չի կամենում, եթե ո՛չ միայն՝ արվարձաններից առաջանալ մինչև մեր քաղաքների կենտրոնը զբաղեցնելը:
 
«Ձայնը մեկի, որ աղաղակում է անապատում.
Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհները,
հարթեցրեք Նրա շավիղները» (Ղկս 3, 4):
 
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր արվարձանները: Իր արհամարհվածները: Իր սևամորթները: Իր մոռացության մատնվածները: Նրանք, որոնց հետ դաշինք չենք կնքում: Նրանք, որոնց ուզում ենք ահ ազդել: Այդ ճանապարհների վրա Աստված ինձ սպասում է: Դրանք են հարթվելիք, ուղղվելիք, պարզապես ընթանալիք ճանապարհները:
Բայց մարգարեի գերագույն գործը Աստծո սրբապատկերի վերագծագրումն է:
 
Դու կլինես ձայն, միայն ձայն: Եվ աղաղակ.
որ Աստված սիրում է,
որ Աստված ներում է,
որ մեր Աստվածը բարի է,
խանդող ու սիրահարված (հմմտ. Ղկս 1, 77-78):
 
Աստված այնտեղ է, ուր ես երբեք չէի կամենա լինել: Այնտեղ, ուր աղքատ Ղազարոսը միայնակ է, շների ու իր վերքերի հետ միայնակ (Ղկս 16, 20...):
Հին Կտակարանում գրված էր. աղքատ է, ուրեմն արժանացել է այդպես լինելու, Աստված նրան պատժում է (հմմտ. Եր 44, 23):
Նոր Կտակարանում կարդում ենք. ես ամենաաղքատի մեջ եմ, ամենափոքրիկի մեջ, ամենատխուր հոգու մեջ: Ես ընտրում եմ արվարձանների ճանապարհը: «Ինչ որ կանեք այս ամենափոքրերից մեկին, արած կլինեք ինձ» (Մտթ 25, 40):
 
Արև: Հովհաննեսը եկել է վկայություն տալու համար լույսին (Հվհ 1, 6-9):
 
Կարծես արև լինի, ծագելու է կյանքի արշալույսը:
Ինչպես փառահեղ շողարձակումը, որ իջնում է ի վերուստ
և հարվածում է լույսով
և լուսափայլ է դարձնում
նրանց, ովքեր լքված են երկրի երեսին,
քանի որ նրանց համար չկար իմաստ, այլևս,
ո՛չ հորիզոն, ո՛չ սիրտ (հմմտ. Ղկս 1, 78-79):
 
Ահա՛ մեր պարտականությունը. լինել լույսի վկաներ: Ո՛չ թե խավարի: Ո՛չ թե չարիքի: Վկաներ, ասելու համար, որ արևը տակավին ծագում է: Ունենալ լուսափայլ սիրտ ու դեմք: Վկաներ դրականի, բարի սերմի, բացվող հորիզոնների:
Ուժ բանեցնել, արագացնել արշալույսը: Երանի՜ թե համարձակվեինք խոսել արևի մասին: Մինչդեռ մեր ճառերը մշտապես բանտարկված են տրտմության և ուրիշների սխալների վանդակում:
Արբենում ենք ուրիշների թերություններով և զայրանում ենք նրանց ուրախությանն ի տես, ինչպես Հովնանն էր զայրանում Նինվեի վրա վերադարձած ու փայլող հանդարտության պատճառով (հմմտ. Հվն 4, 1):
Լույսի վկաներ: Ինչպիսի՜ հանձնառություն. քայլել աշխարհում, որպես հանձնարարություն ունենալով ազատել այն ամբողջ լույսը, որ թաղված է մեզնում: Դժնդակ ու բերկրալի ջանք, որ տևում է մինչև կյանքի վերջին վայրկյանը:
Լույսի՛ վկաներ, ո՛չ թե Աստծո պատժի, ո՛չ թե Նրա զայրույթի, ո՛չ թե դժոխքի:
Իսկ լույսի մի կաթիլ գտնվում է գոյություն ունեցող ամեն ինչի ու ամենքի կենդանի սրտում:
 
Եվ կառաջնորդի նրանց և մեր քայլերը,
մինչև որ կդառնան պար,
ճանապարհի վրա, որ տանում է դեպի խաղաղություն,
դեպի Քո խաղաղությունը (հմմտ. Ղկս 1, 79):
 
Կրկնել Զաքարիայի օրհներգը՝ նշանակում է, հետևաբար, ասել ամբողջ սրտով.
Այն ամենի համար, որ եղել է, շնորհակալությո՜ւն:
Այն ամենի համար, որ լինելու է, եղիցի՛:
Անցյալի համար՝ շնորհակալությո՜ւն, ապագայի համար՝ այո՛, թող լինի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։