Եթե մի ընկեր ունես (Ղկս 11, 5-8) – Գրադարան – Mashtoz.org

Եթե մի ընկեր ունես (Ղկս 11, 5-8)

«Եթե ձեզնից մեկը մի ընկեր ունի, և գիշերվա ուշ ժամին գնա նրա մոտ ու ասի. ''Ընկեր, ինձ երեք հատ հաց փոխ տուր, որովհետև մի ճանապարհորդ ընկեր է իջևանել իմ տանը, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ'': Իսկ նա ներսից պատասխանի ու ասի. ''Մի՛ անհանգստացրու ինձ, քանի որ դռները փակված են, և երեխաներս իմ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ'': Վստահ եղեք, որ եթե նույնիսկ հանուն ընկերության վեր չկենա ու չտա նրան, նրա թախանձանքին տեղի տալով՝ վեր կկենա ու կտա նրան այն, ինչ հարկավոր է» (Ղկս 11, 5-8):
 
Այս առակը դրված է մի յուրահատուկ պայմանի ներքո. «Եթե ձեզնից մեկը մի ընկեր ունի»:
Աղոթքի մասին մի առակ, ընկերության և հացի կնիքի ներքո դրված: Կարող էինք նրան իբրև տիտղոս տալ. «Ընկերության հացը»: «Եթե ձեզնից մեկը մի ընկեր ունի ... »:
Ընկերության շրջանառություն կա առակի ներսում և այս մեկ ու միակ անունով է, որ ճանաչված են գործող անձերը. ընկերներ լինելը նրանց ինքնությունն է, և միաժամանակ՝ նրանց կրոնը, ըստ այս եզրի առաջնային ստուգաբանության. կցել, իրար կապել, միություն ստեղծել:
Խոսակցական լեզվում էլ ենք գործածում այս արտահայտությունը. «Ինձ շատ կապված եմ զգում այս անձին»: Այս կապը մեզ որոշակի բաներ է հասկացնում կրոնից: «Կրոնական» լինելու համար՝ հարկավոր է ընդունակ լինել կապեր ստեղծելու, ընդունակ լինել մտերմություն փնտրողներ և կերտողներ լինելու, մարդկանց առաջ և Աստծո առաջ:
Ընկեր. Աստծո անուններից մեկն է:
Սա նախևառաջ ասում է մեզ առակը, որն Աստծո մասին խոսում է ինչպես ընկերոջ մասին, որն աղոթքը պատմում է որպես ընկերության պատմություն, որն աստվածաբանություն է կերտում՝ խոսելով մարդաբանության մասին:
«Եթե ձեզնից մեկը մի ընկեր ունի». աղոթքը նախևառաջ մի ընկեր ունենալն է, այսինքն՝ Աստծո հետ ունենալ սիրո խոսքերով հոլովված հարաբերություն: Աղոթելը նման է բարեկամությանը, բարիք կամենալուն:
Աղոթքը սկսելուց առաջ պետք է որ հստակվի Աստծո վերաբերյալ ունեցած մեր պատկերացումը. առաջնակարգ անհապաղ իրականությունը, իրական ավետարանական ոգիով աղոթելու առաջին պայմանը Աստծո մեր անձնական սրբապատկերը գծելն է:
Աստված հարյուր անուն ունի: Դրանցից իննսունիննը ճանաչում ենք, գրված են սրբազան գրքերում, բայց Աստծո հարյուրերորդ անունը սրտի գաղտնիքի անունն է, այն անունը, որով միմիայն ես եմ Նրան դիմում. Աստծո իմ բերանում թողած համն է: Աստծո հարյուրերորդ անունը այն անունն է, որը Նրան տալիս է իմ սերը:
Ընկերությունը խաչի կերպարանքն ունի, ստանձնվել է Քրիստոսի կողմից որպես ուղղահայաց և հորիզոնական խորհրդանշան, լուսարձակված դեպի Աստված և դեպի արարածները, գծագրելու համար սրտի խաչմերուկ, ընկերության գերագույն աստիճանի մարդկային խաչը, որ փրկում է և տալիս բերկրանք:
Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, թե իմ և ուրիշ մեկի միջև ընկերություն կա:
Ո՞րն է նշանը, որ Աստծո հետ իմ հարաբերությունն ընկերային է:
Ընկերությունն անկասկածելի է, երբ հասունանում է բերկրանքի պտուղը:
Ընկերության երաշխիքը բերկրանքն է:
Իսկ Աստված ինձ հաղորդո՞ւմ է բերկրանք: Թե՞ հաղորդում է ինձ լրջություն, ջանասիրություն, բացատրություններ, խորք, իմաստ: Բոլորն էլ անհրաժեշտ իրականություններ են, բոլորն էլ շա՜տ բարի: Բայց տալի՞ս է ինձ ուրախություն: Որքա՜ն են ուղղամիտ, բայց դժբախտ քրիստոնյաները, որովհետև տակավին չեն բացահայտել ընկերության բերկրալի խաչը:
Աղոթքը հասկանում է նա, ով հասկանում է ընկերությունը, ով բերկրանքի պաշարներով հարուստ շտեմարան է. բերկրանք, որն հնարավորությունն է քրիստոնյայի համար՝ ուրախությամբ գործադրելու սիրո պատվիրանը:
Կա աղոթքի մի ուսուցիչ և այդ ուսուցիչը ընկերությունն է. ընկերոջդ խնդրում ես քո կողքին լինել, երբ քո կյանքը տկար է և դանդաղ են պտտվում գոյության անիվները, երբ կարիքն ունես կյանքի հավելման, երբ բոցն առկայծում է և ճրագի ձեթը թվում է վերջացած: Ընկերոջիցդ միայն բացառիկ դեպքերում ես առարկաներ խնդրում: Ավելի խնդրում ես ժամանակ, միասին երազել, ուրախության փոխանակում, գորովի սփոփանք:
Եվ բոլորս էլ ունեցել ենք փորձառությունը. ընկերոջն հանդիպելը մի իրականություն է, որն ընդունակ է ազատագրելու մեր օրերը, նաև տխուրներն ու մթինները: Փրկագնել և վերստին ճանապարհ ընկնել:
Ընկերը քեզ ավելի մարդկային է դարձնում: Այսպես է նաև Աստված. մարդկայնության լրացում՝ մեր անբավարար կյանքերի համար:
«Եթե ձեզնից մեկը մի ընկեր ունի, և գնա նրա մոտ ու ասի ... »:
Երեք բայ գծում են առաջին քարտեզը, աղոթքի առաջին ճարտարապետությունը. ունենալ, գնալ, ասել:
Երեք բայ, որոնք մատնանշում են երեք ճշգրիտ շարժումներ. մի հարաբերություն, մի տեղափոխություն (որը սեփական անձից դուրս գալն է և գնալը դեպի ուրիշը), մի հաղորդակցություն:
Սիրտ, շարժում, խոսք:
Սկզբում դրված է ընկերային մի ուրախալի կապ. Ես-Դու: Ապա խոսքը վերաբերվում է դեպի «Դու»ն գնալուն, տեղափոխելով առանցքը, դուրս գալ «Ես»ից, որը նկատված էր որպես աշխարհի կենտրոնը: Իսկ վերջում, խոսք ուղղել, հարաբերություն ստեղծել, երկխոսություն հանգուցել, չմնալ կրավորական ու ինքնահաճական վայելքի մեջ. «ընկեր ունեմ»:
Գնալ դեպի ընկերը, որովհետև եթե դեպի մեր ընկերների տները տանող ճանապարհները քիչ են երթևեկված, կլցվեն փշերով ու մառախուղով:
Խոսել ընկերոջ հետ, ինչպես ուսուցանում է մեզ Գրիգոր Նյուսացին. «Եթե ասելիք ինչ որ մի բան ունես, գրիր ինձ: Իսկ եթե ասելիք ոչինչ չունես, միևնույնն է՝ գրիր ինձ, նաև պարզապես ասելու համար, որ ասելիք ոչինչ էլ չունես»:
Սկզբում աղոթքը չէ, սկզբում կյանքն է:
Ընկերությունը աղոթքի մեծ դպրոց է, թերևս ամենաբարձրակարգը:
Դառնում է կրոնի դպրոց, որովհետև ճշմարիտ կյանքի դպրոց է:
Աղոթելը նման է բարեկամությանը, բարիք կամենալուն:
«Ընկեր, մի քանի հաց տուր ինձ, որովհետև ընկերս իմ տուն է եկել»:
Առակի մեջ ընկերներն այժմ երեքն են և ընկերության այս շրջանառությունն է այս առակի հուզիչ տարրը: Գործող անձինք դուրս են գալիս երկու միմյանցից գոհ ընկերների երկկողմ հարաբերությունից – գործնական, թերևս – մտնելու համար հոգնակի հարաբերության մեջ: Ընկերը, որ քայլում է գիշերվա մեջ և բախում, չի խնդրում իր համար, այլ՝ իր ընկերոջ, որն իր հերթին քայլել է գիշերվա մեջ: Եվ այս աշխարհը ծածկվում է ճանապարհների մի ցանցով, որոնք առաջնորդում են մեզ տնից տուն, սրտից սիրտ: Գիշերվա մեջ, ընկերության միակ կողմնացույցով:
Սա այս առակի ուրախալի ու լուսավոր կերպարանքն է. պատկերը մի աշխարհի, ուր աղոթքը կերտում է վստահության կառույցներ, ուր կասկածի տեղն է բռնում ընդունելությունը, ուր մինչև իսկ գիշերը բնակեցված է ո՛չ թե վախերով, այլ՝ ընկերների ձայներով: Մի աշխարհ ո՛չ թե կորած քայլերի, ճանապարհների, որոնք մոլորվում են առանց հասցեի, այլ՝ մի աշխարհ, ուր ստեղծվել է սրտի աշխարհագրություն, աշխարհը ավետարանական «հարյուրապատիկ»ի. հարյուր եղբայրների, հարյուր տների, հարյուր քայլերի: Իսկ ճանապարհի խորքում սպասում է քեզ մի ընկեր:
Մանավանդ թե, մեր ամենաիրական համայնքը կայանում է ընկերների սրտում:
Եվ ընկերոջից խնդրում է ընկերության հացը: Ո՛չ իր, այլ՝ մի երրորդ ընկերոջ համար: Կարելի է աղոթել ուրիշ անձերի համար, կարող ենք և պարտավոր ենք մեր աղոթքից ներս համախմբել մեր ամենակենսալի ու ամենաիրական հարաբերությունները: Աղոթում ենք հացի ու ընկերության համար: Հացի համար, որը խորհրդանշանն է այն ամենի, որ պահում է մեզ կյանքի մեջ: Ընկերոջ համար, որովհետև միայն ընկերների հետ է, որ լավ ենք ապրում:
Աղոթքը ընկերային ներկայությունները հաղորդակցության մեջ դնելն է: Եվ բխեցնելը աշխարհի վրա ընկերության հացը: Աղոթել՝ նշանակում է շրջանառության մեջ դնել սերը Քրիստոսի մարմնում, աշխարհի երակներում: Իսկ Աստված ակունքն է, ստորգետնյա հոսանքը և գետաբերանը այս սիրո:
Գոյություն չունեն երկու տարբեր սերեր, մեկն Աստծո հանդեպ, իսկ մյուսը՝ մարդկանց միջև: Գոյություն ունի միայն մեկ միակ սեր, առանց շարունակականության լուծման, որ միացնում է ընկերն ընկերոջը, ընկերուհին՝ ընկերուհուն, այրը՝ կնոջը, Քրիստոսին՝ Իր Եկեղեցուն, ինչպես ասում է Պողոս Առաքյալը: Եվ «այս խորհուրդը մեծ է» (Եփս 5, 32), այս խորհուրդը մեկ և միակ է՝ կերպերի բազմազանության մեջ:
Առակում հիշվող աղոթողը չի ամաչում իր աղքատության համար, ընկերոջ առաջ ազատ է՝ ներկայացնելու համար իր կարիքը. սեղանին դնելու ոչինչ չունեմ: Աղոթողը հարուստ է միայն իր այս կրկնակի ընկերությամբ: Եվ հռչակում է այս ընկերությունն, ասելով. «Երեք հատ հաց տուր ինձ»: Չի խնդրում հաց, չի խնդրում մի կտոր հաց, այլ՝ երեք հատ հաց: Երեք հատ հացը բավական է մի ամբողջ ընտանիքի համար, ուրեմն այդ տանը ընկերությունը մի փոքրիկ տոն է պատրաստել ամբողջ ընտանիքի համար: Հյուրը մենակ չի ուտելու իր հացը, այլ՝ «կիսելու են հացը միասին, բերկրանքով ու պարզությամբ» (հմմտ. Գրծ 2, 46). հյուրը, հացի փոխարեն, պարգևում է բերկրանք:
Երեք բայ, երեք ընկեր, երեք հատ հաց:
Այս եռակի բաժանման մեջ, մեզնից յուրաքանչյուրն այդ աղոթողն է, ամեն ինչից աղքատ, հարուստ միայն ընկերներով ու քաջությամբ: Դուռը, որին բախում է, Աստծո դուռն է: Իսկ ճանապարհորդ ընկերը աշխարհի խորհրդապատկերն է, այլաբանական պատկերն այս ուխտագնացության՝ դեպի կյանքը: Սրանում գաղափարակից ենք ու աջակից:
Սերն այս սրտակցությունն է, որն ուխտագնացության է մեկնում դեպի մարդկային արկածալի պատմությունը: Իսկ աղոթքը գնալն է բացելու Աստծո դռները, ստանալու համար Նրանից ընկերության հացը և կիսելու այդ հացը ժամանակի ճանապարհներում երթևեկող ուխտավորների հետ, տոն կազմակերպելով անցկացված յուրաքանչյուր գիշերվա համար, բացված յուրաքանչյուր դռան համար, որը լուսեղեն աչքի նման բացվում է գիշերվա գրկում:
Արևելյան Եկեղեցու Հայրերը Ամենասուրբ Երրորդության կյանքն անվանում էին «pericoresi», սիրո և ընկերության շրջանառություն, ճամփորդող ընկերություն:
Այս աստվածային սիրո շրջանառությունը մեր առակի ներսում քողարկված է ընկերային սիրո շրջանառության, հացի ու բերկրանքի փոխանակման մեջ: Հացն՝ ապրելու համար, ընկերությունն՝ ապրելու պատճառ ունենալու համար:
Իսկ աղոթքը՝ կերտելու համար վստահության կառույցներ, անտարբերության կամ կասկածի փոխարեն, գիշերվա մեջ լույսի ճեղքեր բացելու համար, խնդրելու-ստանալու-պարգևելու համար այն, ինչն ապրեցնում է, ինչը կյանք է տալիս, և որի շտեմարաններն Աստծո տանն են:
Խնդրել, ստանալ, պարգևել. սա այն եռակի շարժումն է, որը մեզ դնում է Աստծո և ուրիշների միջև: Եվ ինչպես յուրաքանչյուր մարդ, առարկաներն իմ տիրապետության ներքո չեն, ես պարզապես առարկաների անցումի տարածք եմ: Կյանքն իմ տիրապետության ներքո չէ, գալիս է ինձնից առաջ և գնում է ինձնից անդին: Ստանում եմ այն և փոխանցում: Իսկ երբ դադարում եմ փոխանցել կյանքը, դա՛ է ճշգրիտ պահը, երբ կյանքն ինձնում ցամաքում է:
Ապրել՝ նշանակում է ունեցածս ամեն ինչ դարձնել հաղորդության խորհուրդ:
Ես հարուստ եմ միայն այն բաներով, որոնք կարողացել եմ պարգևել: Իմաստությունն է բոլոր ժամանակներում ապրած մեծ հոգեկիրների:
Մեր դերը կյանքի լավ հաղորդիչներ լինելն է, հաղորդիչներ այն ամեն ինչի, որն ապրեցնում է, ինչպես նյութերի մասին ասվում է, թե էլեկտրականության բարձր հաղորդականություն ունեն: Լավ հաղորդիչներ հացի և ընկերության:
 
Առակը շարունակվում է: Մեզ ուսուցանելուց հետո, որ ճամփորդող ընկերոջ առջև դուռը բացվում է որևիցէ ժամի, և որ գիշերը երիտասարդ է, որքան երիտասարդ է զգացումը. ուսուցանելուց հետո, որ ընկերությունը վճարվում է փութաջանության ու քաջության հնչուն ոսկեդրամով (գիշերով դուրս գալ տնից, բախել, խնդրել և խնդրել կրկին). ուսուցանելուց հետո հաց տվող ընկերոջ առջև ապրված ազատությունը, հաց խնդրող ընկերոջ ազատությունը՝ աղքատ հռչակվելու և այնուամենայնիվ կամենալու պատրաստել մեծ, տոնական սեղան. այս ամենն ուսուցանելուց հետո, այժմ տալիս է մեզ վերջին պատգամը:
«Եթե հացը նրան չտա հանուն ընկերության, կտա նրա համարձակությանն ի տես ... »:
Ընկերություն կերտողի քայլերը գիշերվա մեջ, խոսքերը գիշերվա մեջ, ապարդյուն չեն:
Առակում գործածված գլխավոր բայն է «տալ»:
Սա՛ է հաց տվող ընկերոջ պարտականությունը:
Ավետարանի մտածողության մեջ, «սիրել» բայը թարգմանվում է «տալ» բայով:
Աստված պարգևում է. «Եթե դուք, որ չար եք, գիտեք տալ ... , քանի՜ցս առավել Աստված, որ բարի է, կտա ... » (Մտթ 7, 11):
Աստված տալիս է. մեր ամենօրյա հացը տալիս է մեզ, այսօր:
Աստված տալիս է. երկու ձկներն ու հինգ նկանակները բազմացնելով հինգ հազար հոգու համար:
Աստված տալիս է. լեռներ ճեղքելու, ծովի մեջ ծառեր տնկելու կարողությունը:
Աստված տալիս է. թռիչք ճնճղուկների թևերին, իսկ «դուք շա՜տ ճնճղուկներից ավելին արժեք» (Մտթ 10, 31): Աղոթել՝ նշանակում է գիտակցել, որ մեր բույնը Աստծո ձեռքերի մեջ է:
«Եթե հացը նրան չտա հանուն ընկերության, կտա նրա համարձակությանն ի տես», նրանում վախի, երկյուղի, ամոթի բացակայության համար:
Կտա նրան հացը, որովհետև իր ընկերն ազատվել է վախից, որովհետև ազատ մարդ է, որովհետև «սերը հեռու է վանում երկյուղը» (1Հվհ 4, 18):
Կտա նրան, այդ հացը, ո՛չ որովհետև ձանձրացած է, այլ՝ որովհետև խորքում հիանում է իր ընկերոջով. և հպարտ է ընկերը լինելու համար մի մարդու, որն ընդունակ է այն փոքրիկ քաղցր ու հաճելի խենթություններին, որոնք ներշնչում է սերը:
Սեր, աստվածային խենթություն, – ասում էր Պլատոնը:
Այսպես, մենք Աստծո առաջ չպետք է վախենանք տաղտկալի կամ աներես երևալուց, այլ՝ պետք է աղոթքին խառնենք մի պտղունց խենթություն, չափազանցություն, անչափավորություն, ազատության հետ միասին: Կարևոր չէ խնդրանքի առարկան, այլ՝ թե խնդրում ես հավատքով:
Բանականության և ավանդության համաձայն ծրագրավորման մեջ, կանոնների ու արարողակարգի օրենքների մեջ՝ մի քիչ այն անբանականությունից, որ բնորոշ է սրտին:
Աղոթողը դիմում է հաց տվող ընկերոջը, որովհետև վստահություն ունի:
Ճամփորդող ընկերը հասնում է ուշ գիշերով, որովհետև վստահ է, որ կընդունվի:
Հաց տվող ընկերը փոխ է տալիս, որովհետև իր հերթին վստահ է, որ ետ կստանա տվածը:
Աղոթքի շնչած օդը վստահությունն է:
Որն, ի միջի այլոց, հավատքի մյուս անունն է:
«Երբ մի բան եք խնդրում, հավատքն ունեցեք, թե կտրվի ձեզ, և այն ձեզ կտրվի» (Մտթ 21, 22):
Աղոթքը ծնվում է վստահությունից և իր հերթին կերտում է վստահություն: Եվ տարածում է աշխարհում մի նոր շնչառություն, ուր կասկածն իր տեղը զիջում է վստահությանն ու սրտակից մտերմությանը, վրեժխնդրությունը զինաթափվում է ներման զորությամբ, և թերևս կհասնի մի օր, երբ բոլորս կլինենք ազատ և խոցելի, առանց այլևս վախենալու, թե կհարձակվեն մեր վրա, կամ կգործածեն մեր տկար կողմերը: Աղոթքը պատմություն է կերտում:
«Եթե ձեզնից մեկը մի ընկեր ունի»: Հիանալի մեկնակետ մարդկային արկածալի պատմության, կյանքի և գիշերվա արկածախնդրության, որ աղոթքն է:
Երգ հացի, երգ ընկերության. աղոթքը սա է:
Հացը և ընկերները հարկավոր և բավարար են լավ ապրելու համար:
Հաց տվող ընկերը, ճանապարհ ընկած ընկերը: Իսկ ես մեջտեղում, որպես աղքատ ու աղոթական ընկեր, երկու սիրո գերի. քայլում եմ գիշերվա մեջ, ձեռքերս հացով լի, և լույսի մի դուռ իմ տունն է, ուր սպասում է ինձ մի ընկեր և իր ցանցը հոգնության ու ժպիտների:
 
Այս առակից հեռու, բայց այնուամենայնիվ՝ այս առակի հետ ներդաշնակ, Մատթեոսի խոսքը. «Եթե ձեզնից երկու հոգի երկրի վրա միանում են ինչ որ մի բան խնդրելու համար, նրանց կտրվի Հոր կողմից, որ երկնքում է» (Մտթ 18, 19): Սա՛ է հաղթական միությունը, որ ապրված է այս առակում: Միություն՝ հացի կարիքի մեջ, երկրային պանդխտության գիշերը միասին կտրել անցնելու փափագի մեջ, ընկերության արարողակարգով: Աղոթքի ակունքը միանալու կիրքն է, մի՛շտ, որ շոշափելի կերպով արտահայտվում է կարիքներով կամ փափագներով:
Կարիքներ կամ փափագներ, երգեր կամ արցունքներ, հաց և ընկերություն, գիշեր և ճանապարհներ. ներշնչումը, որ հոսում է աղոթքի խոսքերի մեջ, պատմության գեղեցիկ և դժվար ուխտագնացության մեջ հաղորդությունն է:
Ընկերությունը՝ հաղորդության բարձր կերպը, ծածուկ տաղն է, որ հոսում է խոսքերի ու աղոթքների կերպարանքի ներքո:
Գեղեցիկ՝ ինչպես ընկերությունը, դժվար՝ ինչպես քաղցն ու գիշերը, մեր ուխտագնացությունն ուղղված է ընդհանրականից դեպի Ընդհանրականը, տիեզերականից դեպի Տիեզերականը, ճանապարհներից՝ դեպի Աստծո տունը, հյուսելով վստահության խիտ ցանց, կերտելով մարդկային հարաբերությունների մի նոր ճարտարապետություն. և սա Արքայությունն է:
Ռեբեկայի պատմության մեջ ջուրն էր, ընկերոջ պատմության մեջ՝ հացը. երկուսն էլ մատնանշում են միևնույն ծարավն ու քաղցը:
Բոլորս էլ այդ ծարավի որդիներն ենք, որը կրկնում է առանց հոգնելու. «Լավ չէ, որ մարդ միայնակ լինի» (Ծնդ 2, 18):
Աղոթքը ծարավն ու ընկերությունը արտահայտելն է.
ծարավը, որ փափագն է ինչ որ մեկի,
– տղամարդ, կամ կին, կամ Աստված –
որ մեղմի կյանքի պապակը.
փափագն ինչ որ մեկի, որ հրամցնի ընկերության հացը:
Է՛լ ավելին: Փափագը մի տան, ուր Արամի ջրհորը դառնա հացի աղբյուր:
Եբրայեցերեն, «հացի տուն» է նշանակում «Բեթղեհեմ» անունը, քաղաքն, ուր ծնվեց Հիսուսը: Անունն է Էմմանուելի, Աստծո, որ մեր հետ է: Աստծո տունն է մեր վերջին հայրենիքը:
Ջրի, ընկերության, հացի հանգրվաններով՝ աղոթքի արահետը հասնում է իր նպատակակետին. Աստված մեր հետ:
 
 
Եվ եթե Աստծո մասին կարդալով որպես քեզ ընկեր,
գեթ մի պահ զգացիր քեզ մտերիմ այս Աստծուն,
դու աղոթեցիր:
Ուրեմն այս տողերն հասան իրենց նպատակին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։