Խնդրել, չխնդրել (Մտթ 6, 6-7; 7, 7-9) – Գրադարան – Mashtoz.org

Խնդրել, չխնդրել (Մտթ 6, 6-7; 7, 7-9)

«Երբ կամենում ես աղոթել, ծածուկ մի անկյուն քաշվիր» (Մտթ 6, 6):
 
Մտիր ամենածածուկ սենյակը: Ըստ Անապատի Հայրերի ողջ միաձայն ավանդության, «ամենածածուկ սենյակը սեփական սիրտն է»: «Վանականի խուցն իր իսկ մարմնի սահմաններն են: Այնտեղ է իմաստության գահը» (Հովհաննես Կղիմաքոս):
Հիսուսի այս խոսքում (lóghion), բացի անմիջական մեկնաբանությունից – ո՛չ թե երևալու, այլ՝ լինելու – խաղի մեջ է մտնում հոգևոր ներքին կյանքը, որն հաղորդակցվում է անապատին ու լռությանը:
«Քիչ առ քիչ, երկրորդական կերպարներից անդին, աղոթքը պետք է դառնա Աստծո սպասում: Ուշադիր, ամփոփ, սիրող դատարկություն: Արտաքին ոչինչ այլևս չի համապատասխանում ներքին ձգտումին ու լարվածությանը» (Սիմոն Վեյլ): Աղքատություն: Հովհաննես Խաչի ու Թերեզա Ավիլացու հիշատակած «Nada»ն[1]:
Մեր աղոթքը պետք է լինի Աստծո սպասում, մինչև Նա կգա ու կթափանցի աղոթողի հոգուց ներս, ընդմեջ բոլոր իր սեմերի, իր ճանապարհների ու իր զգայարանների:
Հովհաննես Կասսիանոսը բացատրում է ինչպես աղոթել ծածուկ.
«Ահա՛ ինչպես կատարել ծածուկ սենյակի պատվիրանը: Մենք աղոթում ենք մեր սենյակում, երբ մեր սիրտն անջատում ենք մտքերի ու հոգսերի ժխորից և ծածուկ զրույցի ու քաղցր մտերմության մեջ հայտնում ենք Տիրոջը մեր փափագները: Փակ դռան ետևում ենք աղոթում, երբ առանց շրթունքները բացելու դիմում ենք Նրան, ով հաշվի չի առնում խոսքերը, այլ՝ հայում է սրտին»:
Հաղորդակցություն գոյություն ունի սրտի խորության ու երկնքի բարձրության միջև, որն անցնում է կյանքի կենտրոնով: Անապատ և լռություն, որպես ներամփոփման վարժություն:
Պահանջվում է շա՜տ լռություն՝ Աստծո լռությունն ունկնդրելու համար:
Լռությունը պարզապես խոսքերի բացակայությունը չէ: Արդյունքն է մի ձգտումի, մի սպասման: Լռությունը նման է այն սպասումնալի ու լարված պահին, որ նախորդում է համանվագի սկզբին: Այն պահը, երբ նվագախմբի ղեկավարը բարձրացնում է ձեռքերը և բոլոր աչքերն ու բոլոր ականջները սևեռվում են չափ տվող փայտիկի սպիտակ փոքրիկ հատվածին: Ուժգին և ծանրաբեռնված լռություն: Ապա, առաջին հնչյունը: Լռությունը որպես սպասում, որ քեզ դուրս է քաշում մշտական սովորական խոսքերի շուրջպարից:
Կամ ինչպես Հիսուսը Նազարեթի ժողովարանում, Ղուկասի կողմից ներկայացված այդ գեղեցկագույն բեմադրությամբ, որ տեսարանը երկու անգամ անցկացնում է մեր աչքերի առջևով, երկրորդը կարծես դանդաղեցնող գործիքով, վճռական տեսարանի նման.
«Նրան տալիս են գիրքը, բացում է գիրքը, փնտրում է հատվածը ... , փակում է գիրքը, այն վերադարձնում է սպասավորին, նստում է: Ժողովարանում գտնվող բոլորի աչքերը սևեռվում են Նրա վրա: Քար լռություն: Այնժամ ասում է ... » (Ղկս 4, 16...):
Ա՛յս պահերը պետք է սովորեինք ապրել: Ապրել սպասումը: Բայց սպասումն ապրելու համար հարկավոր է զգալ դատարկությունը. զգալ, որ ինչ որ մի բան պակասում է: Որ կյանքն այլուր է:
Պետք է ապրենք հարցումները. ի՞նչ է ինձ պակասում, ի՞նչ բանի քաղցն ու ծարավն ունեմ, ի՞նչ է պահանջում իմ մարմինը, իմ խորհուրդը: «Ի՞նչ եք փնտրում» (Հվհ 1, 38):
Կյանքը կրկին ճանապարհ է ընկնում կյանքի հարցումներից: Աղոթքը կրկին ճանապարհ է ընկնում կյանքի գիտակցությունից:
Ուրեմն աղոթելը դյուրին է: Արյան բաբախումներն ունկնդրելու նման: Կարող է աղոթել միայն նա, ով ընդունակ է տոնակատարելու կյանքը:
Հին հույների կրոնը, ինչպես Միջերկրական Ծովի շրջակա երկրների կրոնների մեծամասնությունը, «հայեցողական» կրոն էր:
Հայեցողական՝ «տեսնելիքի, դիտելիքի» իմաստով:
Հույներին անվանում էին նաև «ժողովուրդ, որ դիտում է»:
Հրեական կրոնը, մինչդեռ, «ո՛չ հայեցողական» կրոն է, այսինքն՝ ո՛չ տեսանելի, ո՛չ դիտելի:
Հունական տաճարների կենտրոնում տեղադրված էր կուռքի արձանը, որը կարող էին տեսնել, ցույց տալ, որով կարող էին հիանալ: Երուսաղեմի Տաճարի կենտրոնում, մութ ու անլույս սենյակում, Սրբություն Սրբոցում, տեղադրված էր ոսկեզօծ փայտյա մի արկղ, որ պարունակում էր խոսքեր:
Տեսնելիք ոչինչ չկա: Իրոք, խավար է:
Հունական կուռքերը մարդկային կերպարանք ունեին, պանծացումն էին գեղեցկության ու կերպարանքի: Աբրահամի Աստծուն ոչ ոք չի տեսել, տեսք ու կերպարանք չունի (Ելք 33, 20), արգելված է Նրան պատկերել:
Հույները մարդկությանը պարգևեցին արվեստի ամենապայծառ դարաշրջաններից մեկը. նկարչությունը, քանդակագործությունը, ճարտարապետությունը «տեսողական արվեստներ» են, արվեստներ՝ աչքերի համար: Հրեաները նկարչության, քանդակագործության, տեսողական արվեստների տեսանկյունից դիտված ոչինչ չեն ստեղծել:
Հույները – ժողովուրդը, որ դիտում է – ստեղծել են թատրոնը. «théatron» եզրը հունարենում առաջացել է «theáomai» (դիտել) եզրից, իսկ «theatés»ը հանդիսատեսն է, նա, ով դիտում է:
Հրեաները ծանոթ չեն թատրոնին, այդ բանին, որին հարկավոր է դիտել: Եվ հրեան հանդիսատես չի լինելու, երբե՛ք, ո՛չ Աստծո առաջ, ո՛չ պատմության առաջ:
Հրեական կրոնում չեն տեսնում, լսում են: Հրեական կրոնը ունկնդրումի կրոն է: «Տեսիլքի մեջ Խոսքն ուղղվեց Աբրահամին» (Ծնդ 15, 1): «Տեսիլքի մեջ Աստված ասաց Իսրայելին» (Ծնդ 46, 1):
Տեսողական տպավորությունը կարևոր չէ, կարևորը պատգամն է:
Ունկնդրումն, ուրեմն, աղոթքի նախասկզբնական կերպն է. «Խոսի՜ր, Տե՜ր, որովհետև ծառադ լսում է» (1Սմ 3, 10): Սա՛ է Աստծուն մատուցվելիք առաջին ծառայությունը. ունկնդրությունը, սկիզբը որևէ աղոթքի:
Սպասում: Թերևս սոսկ լսելու համար մեր ականջին մի ձայն, որ շշնջում է. Ես սիրում եմ քեզ, Ես սիրում եմ քեզ, Ես սիրում եմ քեզ ... :
 
«Երբ աղոթում եք, մի՛ բազմապատկեք խոսքերը» (Մտթ 6, 7)
 
Աղոթել՝ չի նշանակում բանաձևեր արտասանել: Հնարավոր է բազմապատկել սաղմոսներն ու շարականները՝ առանց հանդիպման գոնե մի նախազգացում ունենալու: Եվ այնուամենայնիվ, այդ դեպքում, գեթ աղոթում է մարմինը: Գեթ աղոթում է ժամանակը, որն հացի նման բեկվում է Աստծո առաջ:
Բայց երբ մի նախադասություն, մի խոսք, մի լռություն, աղոթքի ժամանակ հանկարծակի գրավում է հոգին, խայտալ է տալիս սիրտը, այդտեղ այդ պահին հարկավոր է կանգ առնել, խորասուզվել Աստծո այդ ներիմաց հայտնատեսության մեջ, դադարեցնել խոսքերի բազմապատկումը, խոսքի կենտրոնում, սրտում գտնել լռությունը, Հոգին, որ հանգչում է Խոսքի մեջ:
Ծիսական աղոթքը նույնպես, անձնականից բացի, դառնում է հարաբերական, երբ խորհրդանշանը դառնում է իրականություն: Որևէ լեզու, խոսակցական որևէ միջոց դառնում է երկրորդական, երբ սիրեցյալը ներկա է: Այլևս կարևոր չէ վարդի անունը, երբ ունես վարդը: Խոսքերի բազմությունը բացակայության ու հեռավորության ժամանակ՝ չարժե որքան ներանձնական աղաղակը, թերևս՝ հառաչանքը, ուր մտնում է Նրա գլխապտույտ պատճառող մոտիկությունը:
«Եթե հոգուդ ներսում ծնվում է մի օգտակար հայտնազգացում, թող այն փոխարինի սաղմոսերգությանը: Մի՛ մերժիր Աստծո պարգևը՝ պարզապես կանոնին հետևելու համար: Աղոթքը, որին չի խառնվում Աստծո հայտնազգացումը, տեսությունը, որն ունես քո մարդկային իմացականության միջոցով, միայն մարմնի ջանքն է ու հոգնությունը: Մի՛ ուրախացիր արտասանածդ սաղմոսների թվով. այն քող է նետում սրտիդ վրա: Մտերմության ժամանակ արտասանված մեկ խոսքն ավելի արժե, քան հազարները՝ մնալով հեռու» (Եվագրիոս Պոնտացի):
Միմիայն պահի ընթացքում է հնարավոր ապրել ամբողջ սրտով, ամբողջ հոգիով, ամբողջ մտքով սիրելու պատվիրանը (հմմտ. 2Օր 6, 5):
Մի պահ միայն, երբ Աստծո մասին միտքը, փափագը բռնկվում է, ես միտքս առաքում եմ դեպի Նա, ինչպես ով սիրում է՝ սիրո մտածումներ է առաքում դեպի իր սիրեցյալ անձը:
Աղոթելը նման է բարյացակամությանը, բարիք կամենալուն: Միշտ էլ ժամանակ կա բարյացակամության համար: Քանի որ բավական է միայն մեկ պահ: Ամբողջ աղոթքը, ժամեր տևող աղոթքները, ծառայում են պատրաստելու լիության այդ պահը:
Աստծո առաջ հազար տարին մեկ օրվա պես է, իսկ մեկ պահը՝ հազար օրվա նման (Սղմ 90, 4):
Պահը հավիտենության մի բեկորն է:
Աստծո առաջ կարևորություն չունի քանակը, այլ՝ ուժգնությունը:
Այրի կնոջ լուման ավելի արժե, քան հարուստների առատ ընծաները (Մրկ 12, 42): Որովհետև իրենում բովանդակում է վշտակրության և հույսի ամբողջությունն ու ուժգնությունը:
Երբ Աստված գալիս կանգնում է դռանդ առաջ և բախում է, այդ պահին անմնացորդ կերպով բա՛ց էությանդ ամբողջությունն ու թույլ տուր, որ քեզնից մեկնի սիրո մի պատգամ, մի խոսք, մի միտք, որի հասցեն հավիտենության խաչմերուկն է:
Ինչպե՞ս երկարաձգել, տևական դարձնել պահը: Այն հիշելով, մտաբերելով:
Եթե կրքոտ զգացումը ներկա չէ, գեթ ներկա թող լինի նրա հիշատակը:
Ինչպես սպիտակ երիզը ծովի վրա, հիշատակը նավի, որն արդեն այլուր է:
Այսպես բազմապատկում եմ հիշատակի պահը, դառնում եմ ծիսակատարությունն իմ հարությունների, հանդիպածս հրեշտակների, լիության վայրկյանների: Դառնում եմ ծիսակատարություն, հիշողության դյուրաբեկ ու հարադարձ հրաշքի մեջ:
Մարիամն այդ բաները պահում էր իր սրտում (Ղկս 2, 19.51). պահել՝ նշանակում է ոչնչացումից, մոռացությունից փրկել:
Պահել, այսինքն՝ չլքել, չթողնել, որ անհետանան, չկորցնել լիության այդ պահերը:
 
«Հայրը գիտի, թե ինչի՛ կարիքն ունեք» (Ղկս 12, 30)
 
Կարիքի աղոթքն է, որ այստեղ մատնանշվում է, աղոթքը Հոբի, անդամալույծի, Երիքովի կույրի: Մանկան լացն է օրորոցի մեջ, որ քաղցած է, որ կյանքը տեսնում է չափազանց հեռու: «Հայրը գիտի»: Եվ ամբողջ մնացածն ինքնըստինքյան հասկանալի է: Ինքնըստինքյան, լռելյայն հասկանալի է մեծ հարցականը. աղոթքը կընդունվի՞: Հեթանոսները կարծում են, թե իրենց հայցերն ընդունվում են խոսքերի զորությամբ: Իսկ մե՞նք: Պետք է հավատա՞նք, որ մեր հայցերն ընդունվում են, թե՞ չպետք է հուսանք դա:
Մինչ հեթանոսները կարծում են, թե իրենց հայցերն ընդունվում են խոսքերի զորությամբ, դուք մտածեք, որ ընդունվում եք, որովհետև Հայրը գիտի ձեր կարիքները: Ընդունելի, ուրեմն, պատճառը ո՛չ թե մեզնում ունենալով, այլ՝ Իր մեջ: Ո՛չ թե ինչ որ մի բանի համար, որ անում ենք մենք, այլ՝ ինչ որ մի բանի համար, որ կա Իր մեջ: Ընդունելի՝ կարիքի համար, ո՛չ թե՝ ներկայացված հայցի:
Եվ կարիքի ու հայցի այս երկու գաղափարներից մեկնելով է, որ Հիսուսն Իրեններին պարգևում է աղոթելու «ո՛չ հեթանոսական» ձևը: Եվ դա Հայր Մերն է:
Հայցերը սակավաթիվ չեն. յոթն են: Եվ դեպի երկինք բարձրացող հրամայական հայցեր են, ո՛չ թե պարզ խնդրանքներ: Իսկ ոմանք ուղղակի հրամաններ են թվում. տո՛ւր մեզ մեր հացը:
Ուրեմն այլո՛ւր փնտրենք իմաստը. ամբողջովին ուրիշ է ո՛չ հեթանոսական աղոթքի խորին իմաստը: Հիսուսը մեզ ուսուցանում է իսկապես անհրաժեշտ բաները, անհրաժեշտ սակավաթիվ բաները. ունենալ մի հայր, ճանաչել նրա փափագները. ապա հացը, ներումը, պայքարը չարիքի դեմ:
Հիսուսը փոխում է մեր փափագները: Անցկացնում է մեզ ավելորդից անհրաժեշտին, սովորեցնելով մեզ փափագել Աստծո փափագներով, երազել Աստծո երազներով: Հորդորում է արհեստական եղանակով չբազմապատկել կարիքները, մինչ մեր այսօրվա քաղաքակրթությունը արտադրում է անիմաստ ու անօգուտ կարիքի արագ բազմացում: Աղոթքը փափագի սրբացումն է, վերադարձը էականին: Ահա՛ հաղորդությունը. Հայրը գիտի, թե ինչի՛ կարիքն ունեք. այժմ դուք նույնպես գիտեք, թե ինչի՛ կարիքն ունի Հայրը: Հայրը հետաքրքրվում է մարդու կարիքներով. մարդը հետաքրքրվում է Աստծո կարիքներով:
Մնում է ընդունելի լինելու կարիքը, բայց արդեն իսկ անցել ենք անդին: Մի բարձրակարգ աստիճանի վրա ենք այժմ: Չենք պահանջում, որ Աստված կատարի մեր կամքը, այլ՝ որ Աստված և մարդը յուրաքանչյուրն իր մեջ ներառնի մյուսի կարիքն ու փափագը: Եվ գտնվում ենք Հայտնության կենտրոնում, սրտում: Հեթանոսները սա չէին կարող ըմբռնել. Աստծո խոնարհությունը, մի Աստված, որ կարիքավոր է և ողորմած: Մի Աստված, որ ծարավի է մեր ծարավին:
Աստված խո՞ւլ է աղոթքի առաջ:
Հարկավոր է արմատապես վերիվայրել հարցումը: Աստծո ինչպիսի՞ պատկեր եմ իմ համար ձևացրել, ինչպիսի՞ կուռք եմ կառուցել: Մի կուռք, որ տարօրինակ կերպով նմանվում է այն խոսքերին, որոնք սատանան Հիսուսին ուղղում է Հուդայի անապատում. Նետվի՛ր, հրեշտակները կգան. ասա՛, որ այս քարերը հաց դառնան (Մտթ 4, 3-5):
Կամ թերևս աղոթում ենք մի Աստծո, որն արտադրված է մեր կարիքների կողմից և մեր կարիքների համար:
Ուրեմն, թողլքված ենք ինքներս մե՞զ:
Ո՛չ, Հայրը պարգևող է, Որդին պարգևող է, Հոգին պարգևող է:
Տրված է մի խոսք, որ խոցում է ու հմայում, դատում ու մխիթարում:
Կան Հոգու յոթ պարգևներ, որոնք հունդեր են՝ մեր կյանքի դաշտը սերմանելու համար, որպեսզի արտադրի մարդկայնության բարի պտուղներ. Աստծո բեղմնափոշին են, որ գալիս են ապագայից: Կա Հիսուս Քրիստոսը՝ խաչված սերը, հացի երգը, վերջին ոչխարի հովիվը:
Աստված խո՞ւլ է աղոթքի առաջ: Պետք է արմատապես վերիվայրենք հարցումը:
Աստված Ինքն է, որ աղոթում է մեզ: Որպեսզի անհետանա մարդու այն դիմակը, որն այնքա՜ն պնդությամբ պահում ենք մեր դեմքին. հարձակողական և տագնապով ու բռնությամբ հանգուցված:
Մենք ենք, որ պետք է ունկնդրենք Աստծուն, Ով կամենում է մեզ ներդաշնակության մեջ դնել կյանքի օրենքների հետ, որպեսզի բարի պտուղներ արտադրենք (Հվհ 15, 8): Աստված խնդրում է մեզ՝ լսել Իրեն: Խնդրում է մեզ՝ ծարավի լինել Իր ծարավին:
Մենք ենք, որ պետք է ողորմած լինենք Աստծո հանդեպ, և Նրան մայրական գորովով ընդունենք, այն սկզբնական ողորմածությամբ, որով Սրբուհի Մարիամն ընդունեց Խոսքը: Որովհետև ողորմություն՝ իր սկզբնական իմաստով նշանակում է «մայրական գութ»: Նա Ինքն է, որ կանգնած է դռան առաջ և բախում է (Հյտ 3, 20):
Այլապես, մեր աղոթքներով ինքներս մեզ ենթարկում ենք շփացած, անպատասխանատու երեխաներ մնալու վտանգին. ենթարկվում ենք անիմաստ ու պատահականության վրա հիմնված պատմություն գծելու վտանգին, մինչդեռ պետք է մասնակցենք Աստծո պատմությանը, որ խնդրում է ողորմություն:
Որովհետև ողորմություն, իր սկզբնական իմաստով, եբրայեցերենում նշանակում է «մայրական գութ». միևնույն բառը՝ մատնանշելու համար մայրական գիրկը և ողորմությունը: Առաջին ողորմությունն այն է, երբ մի կին իր արգանդում ընդունում է մի որդի: Այս պատճառով է, որ Աստված խոնարհվեց Մարիամի առաջ և նրանից խնդրեց գերագույն ողորմությունը, այն ողորմությունը, որը միայն մի կին կարող է տալ. ընդունել, ընկալել իր մեջ, ասել «այո՛» նոր կյանքի ծննդին:
Եվ այդ օրվանից ի վեր, Աստված այն խնդրում է Իր յուրաքանչյուր որդուց. մարդուց խնդրում է, որ ողորմած լինի Իր նկատմամբ: Եթե ողորմած լինենք Աստծո նկատմամբ, նաև ավելի ողորմած կլինենք մարդկանց՝ մեր եղբայրների ու քույրերի հանդեպ: Ընդունակ կլինենք կյանք ներմուծելու մեր կյանքից ներս:
Սա՛ է աղոթքը. կյանք ընդունել, ընկալել մեր կյանքից ներս: Իսկ Հայր Մերը, «ո՛չ հեթանոսական» աղոթքը, «Դու»ն ընկալելն է, «մենք»ը ընկալելն է. կյանքի բազմապատկում:
 
Խնդրել, չխնդրել
 
Նյութական խնդրանքներն, այնուամենայնիվ, օրինավոր են և թույլատրված, որովհետև դառնում են մի կերպ՝ ասելու, որ վստահում ենք Աստծո բարության լիությանն ու ամբողջությանը:
Նյութական խնդրանքները կարող են արտահայտել աղոթքի անկեղծությունը: Որովհետև եթե հոգևոր իրականություններ ես միայն խնդրում, արդարություն ու խաղաղություն, խոնարհություն ու հավատարմություն, կարող ես քեզ ազնվահոգի զգալ, բայց կարող է նաև պատահել, որ Աստված ներգրավված չլինի քո իրական գոյությանդ մեջ, մարմնացած չլինի:
Եթե աղոթում ես հավատքով և հույսով, վստահությամբ դիմում ես Աստծուն, իմանալով, որ Աստված միշտ կատարում է ո՛չ թե մեր պահանջները, այլ՝ Իր խոստումները: Եվ Իր խոստումն է՝ տալ մեզ բարի իրականություններ և կյանքի լիություն ու առատություն (Հվհ 10, 10):
Նյութական խնդրանքներ ներկայացնող աղոթքի հարակարծությունը կայանում է նրանում, որ «Աստված գիտի, թե ինչի՛ կարիքն ունեք» (Մտթ 6, 32), «նախքան ձեր խնդրելը» (Մտթ 6, 8): Աստված գիտի, մեր աղոթքների կարիքը չունի, ճանաչում է մեր կարոտությունները:
Բայց Հիսուսը նաև ասում է. «Խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ» (Մտթ 7, 7):
Ասում է. «Մի՛ բազմապատկեք խոսքերը», ուղղելով խնդրանքը ներկայացնելու սխալ կերպը, բայց չջնջելով խնդրանքը:
Ասում է, որ մեր խնդրանքների ընդունելի լինելը կախումնավոր չէ բազմաթիվ խոսքերից, այլ՝ երաշխավորված է ինքնին աղոթքից:
Ահա՛ հարակարծությունը. Աստված գիտի, թե ինչի՛ կարիքն ունենք, և սակայն կամենում է, որ այն Իրենից աղոթքով խնդրենք:
Հարակարծություն, ո՛չ հակասություն:
«Աստված ծարավն ունի, որ մենք ունենանք Իր ծարավը» (ԿԵՔ 2560):
Սրա համար է, որ Հիսուսն այդքան պնդում է և անհապաղ հրավեր ուղղում՝ հարատևելու աղոթքի մեջ, աղոթելու՝ աներեսության աստիճան, որպեսզի ընկերը ոտքի կանգնի և տա խնդրված հացը (հմմտ. Ղկս 11, 5-8):
Նոր Կտակարանի հիման վրա բացարձակապես անհնարին է արդարացնել նյութական բարիքներ խնդրելու մերժումը, ամբողջովին ջնջելով խնդրանքի աղոթքը:
Արարիչ Աստծո հանդեպ հավատքը պահանջում է հարգանք այն ամեն ինչի նկատմամբ, որ նյութական է:
Սա էր Հիսուսի հավատքը, Ում մինչև իսկ «ուտող խմող» էին անվանում (Մտթ 11, 19): Կարելի չէ զուտ հոգևոր տեսանկյունից ըմբռնել Հայր Մերի մեջ պարունակված հացի խնդրանքը:
Աստծուց խնդրվելիք իրականությունների շարքում Հիսուսը վստահորեն ներառել է նաև նյութական բարիքները, առանց կամենալու տալ դրանց առաջին տեղը: Մանավանդ թե, «նախ Աստծո Արքայությունը փնտրեցեք, և այդ ամենը կտրվի ձեզ որպես հավելում» (Ղկս 12, 31):
Պողոս Առաքյալը գրելու էր. «Հարկավոր է աղոթել Աստծուն որևէ կարիքի դեպքում» (Փլպ 4, 6):
Հիսուսը, Ձիթենյաց պարտեզում, խնդրում է, որ անցնի դառն գավաթը, խնդրում է կյանքի ազատագրում, նյութապե՛ս հասկացված: Խնդրում է նաև երբ վստահ է, որ Իր խնդրանքը չի ընդունվելու. նաև երբ գիտակից է, որ Հոր կամքը տարբեր է Իր կամքից:
Հիսուսը փափագում է, որ գավաթն անցնի, բայց հուսով է Նրա հանդեպ, Ով միշտ կատարում է Իր խոստումները (հմմտ. Ղկս 22, 42):
Փափագ և հույս:
Առարկաների փափագից՝ Անձի հանդեպ տածված հույսին:
 
«Խնդրեցեք և կտրվի ձեզ» (Մտթ 7, 7-9)
 
Եթե ապագայից ոչ մի սպասում չունես, չես կարող աղոթել:
Եթե հույս չունես, եթե կյանքն անշարժ է, չես կարող աղոթել: Եթե սիրտդ դատարկ է սպասումներից ու փափագներից, չես աղոթում:
Մեր աղոթքը բխում է մեր կյանքից և համահյուսված է այն ամենի հետ, որ գրավում է մեր օրերը:
Յուրաքանչյուր իրողություն, որ բնակություն է հաստատում սրտում, արտահայտվում է աղոթքի մեջ:
Եթե ընկերներիցս մեկը հիվանդ է ... , եթե պատերազմ է բռնկվել ... , եթե ճամփորդության եմ մեկնում ... , ես աղոթում եմ՝ ինչ որ մի բան ստանալու համար:
Աղոթքի մեջ կարևորն այն չէ, ինչը սովորաբար դասակարգվում է այսպես. օրհնություն, խնդրանք, շնորհակալություն: Մեզ դասավանդում էին, թե խնդրանքի աղոթքը նվազ ազնվական է, նվազ հոգևոր, նվազ վերամբարձ, ավելի անտաշ և գրեթե եսասիրական:
Բայց խնդիրը նրանում չէ, թե ի՛նչ ես խնդրում, այլ՝ թե որքան հավատք և որքան հույս ես ներդնում աղոթքի մեջ: Կարող ես խնդրել, որ «ծառը արմատախիլ լինի ու տնկվի ծովի մեջ» (Ղկս 17, 6), որ «լեռները տեղափոխվեն» (Մտթ 17, 20), կամ Պետրոսի նման՝ «քայլել ջրերի վրայով» (Մտթ 14, 28), «եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունես» (Մտթ 17, 20):
Եվ ես տեսել եմ, թե ինչպե՛ս էին ծառերը տնկվում ծովի մեջ և ջրերը բնակեցվում թթենիներով:
Եվ սրանք խնդրանքներ են, որ միաժամանակ անիմաստ են և խորհրդապատկերներով լի:
Խնդրանքի աղոթքը, երբ կատարվում է սակավ հավատքով, նման է Ձմեռ Պապիկին դիմելուն: Եթե չենք ստանում նվերները, որ խնդրել էինք, հուսախաբ ու դառնացած ենք մնում: Սակավ հավատքով կատարված աղոթքն իր հետ բերում է վախ ու մտատանջություն:
Սակավ հավատքով կատարված աղոթք է, երբ ողջ ուշադրությունն ընծայված է առարկային, նվերին, պարգևին, և ո՛չ մի ուշադրություն Նրան, ով պարգևում է: Ուրեմն միայն մի ուղիղ գիծ կա իմ ու իմ փափագի միջև, իմ ու առարկաների միջև: Խորքում, սա համահավասար է սեփական ցանկությունները պաշտելուն, սեփական սիրտը պաշտելուն և սեփական ինքնահաճությունից, նարցիսիզմից դուրս չգալուն: Աղոթել հայելու դիմաց:
Հավատքով և հույսով կատարված աղոթքի մեջ, մինչդեռ, տակավին ներկա են բազմաթիվ փափագներ և թերևս նույնքան խնդրանքներ, բայց վերջիվերջո խոսքը վերաբերվում է արտահայտելուն սեփական հավատքը Նրա հանդեպ, Ով պարգևում է, բոլոր բարիքները Պարգևողի հանդեպ: Ուշադրությունդ կանգ չի առնում ծառի վրա, որ պետք է ծովի մեջ տնկվի, այլ՝ Նրա վրա, Ով աճեցնում է ծառերը, և ճանապարհներ է բացում ծովի վրա, և քայլում է ջրերի վրայով:
Անցնել փափագից՝ հույսին. սա՛ է աղոթքի ճանապարհը:
Առարկաների փափագից՝ Անձի հանդեպ տածված հույսին:
 
«Խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և ձեր առաջ կբացվի» (Մտթ 7, 7):
«Իրոք, ով խնդրում է, ստանում է, փնտրողը գտնում է, և ով բախում է, նրա առաջ բացվում է» (հմմտ. Ղկս 11, 9-10):
Հիսուսի խոսքը Ղուկասն ու Մատթեոսը պատմում են միևնույն բառերով:
 
Ա. Նախևառաջ մի հարաբերություն կա խնդրանքի ներկա և ստանալու ապառնի ժամանակների միջև. «խնդրեցեք և կտրվի ձեզ». վաղվա մի օր՝ առանց ավարտի, որ գնում է պահից մինչև հավիտենականություն, վաղվա մի օր՝ առանց օրացույցի, մի ապագա՝ առանց տարեթվերի:
Եվ Սաղմոսերգուն արդեն ապրում էր Աստծո ուշացումը. «Ե՞րբ ես, ո՜վ Աստված, օգնության հասնելու ինձ: Մի՛ ուշացիր, ե՜կ շուտով» (Սղմ 71, 12):
Բայց Աստված հապաղո՞ւմ է մարդու վշտակրության դիմաց:
Անշուշտ, կա մի կանխում՝ կյանքի, աղաղակի, բացակայությունների, մեր այս կյանքի, որ նման է տառապանքի ու բերկրանքի գինիով լցված գավաթի: Ինչպես Սուրբ Պատարագի պարագային, գինու գավաթը և հացը կանխում են Քրիստոսի գալուստը: Խորհրդապատկերներն այն բանի, ինչը որ ապրեցնում է մեզ այստեղ, – որովհետև ապրում ենք հացով ու սիրով – , կանխում են գալիք կյանքը:
 
Բ. Երկրորդ հատվածում, սակայն, ապառնին ներկա է, պատասխանը ժամանակակից է փնտրտուքին. «ով խնդրում է, ստանում է. ով փնտրում է, գտնում է»: Աստված ժամանակակից է մարդուն: Հոգու աշխարհում ճամփորդությունը չի կատարվում դեպի «հետո»ն, այլ՝ դեպի «անդին», դեպի ա՛յլ, առավել խորին տարածաչափություններ:
Հիսուսը գործածում է բայեր, ո՛չ թե վերացական անուններ. իսկ բայերը խոսում են գործողությունների, իրադարձությունների, պատմության մասին, խոսում են Աստծո մասին: Այսօրվա օրը աստվածաբանություն է:
Փնտրել՝ նշանակում է գտնել, փնտրել՝ նշանակում է աճել: Ասում էր Գրիգոր Նյուսացին. «Հասկացրեք ձեր հոգուն, որ շարունակ փնտրելու և վեր բարձրանալուց երբեք չդադարելու վիճակն է իրական վայելքն այն բանի, որ փափագում է»:
Սովորեցնել փնտրտուքի վայելքը:
 
Գ. Հիշարժան տարրերից մեկն է ներգործական և կրավորական եղանակների համախառնումը: Տալու և ունենալու միմյանց հյուսվելը: «Խնդրեցեք և կտրվի ձեզ»: Ներգործականը մատնանշում է մարդու գործը, կրավորականը մատնանշում է Աստծո գործը: Այսպիսին է աղոթքը. համախառնումը ներկայի ու ապագայի, սահմանափակի ու անսահմանի, նվաճումի ու պարգևի: Ինչպե՞ս զանազանել այլևս Աստծո ձեռքերը մարդու ձեռքերից: Աստված դռան մյուս կողմում է, բայց նաև բախող ձեռքի մեջ է:
Աստված Նա է, Ում ուղղված է աղոթքը. Աստծո Հոգին Նա է, Ով աղոթում է: Մենք Աստծուն դիմում ենք ասելով. «Աբբա՜, Հա՜յր», բայց Աստված Ինքն է, որ մեր մեջ աղոթում է՝ ասելով. «Աբբա՜, Հա՜յր»: Որպես առարկա և ենթակա, Հայրը և Հոգին, հանդիպում են մարդու միջնորդությամբ: Մարդը՝ Երրորդության միջնորդ, Աստծո համար՝ Աստծո հանդեպ սիրո առիթ:
Եվագրիոս Պոնտացու հիանալի սահմանումներից մեկը ցույց է տալիս շնորհի ու ազատության, պարգևի ու նվաճման, մարդու և Աստծո այս համահյուսումի լուծման բանալին. «Եթե կամենում ես աղոթել, Աստծո կարիքն ունես, Ով պարգևում է աղոթքը նրան, ով աղոթում է»: Ով ջանում է աղոթել, ով կամենում է, ով փափագում է աղոթել, արդեն իսկ գտել է. Աստված պարգևում է աղոթքը նրան, ով սկսում է աղոթել: Փնտրել՝ նշանակում է արդեն իսկ գտնել: Աղոթքի փափագն արդեն իսկ աղոթք է:
 
Դ. Երեք բայերը, որոնք Հիսուսը գործածում է, նման են աճող և ուժգնացող երաժշտության: Խնդրելը ենթադրում է միայն մի խոսք. փնտրելը ենթադրում է մի մարմին ու մի ճանապարհ. բախելը ենթադրում է մի տուն. ներսում կա Ինչ Որ Մեկը: Անվերջ լռությունը չէ, որ պատասխանում է. դռան մյուս կողմում կա գորով: Այդ տունը թերևս ուղղակի իմ տունն է: Խնդրելը և փնտրելը ենթադրում են մի բացակայություն, ինչ որ մի բան պակասում է: Բախելը ենթադրում է հավատք մի ներկայության հանդեպ. Ինչ Որ Մեկն այնտեղ է, հյուրընկալ:
Աճը և ուժգնացումը գնում են առարկաներից, որոնք խնդրում ես, դեպի Անձը, որին փնտրում ես: Իսկ վերջում, դեպի մի ընդհանուր տուն: Տունը. վայրը հացի, սիրո, ծնունդների: Եվ աչքերի, որոնց մեջ կարող ես գտնել երաշխիքը, որ արժես, որ սիրված ես, որ գոյություն ունես: Որովհետև միմիայն ով սիրում է, ապրում է: Բախելով այդ տան դուռը, սրտի դուռը, ես՝ այդ փնտրողը, այդ մուրացկանը, առաքում եմ իմ պատգամը. եթե ապրել նշանակում է սիրել, ուրեմն ես ապրում եմ, որովհետև սիրում եմ քեզ: Տունը վայրն է ո՛չ այլևս «ես»ի, ո՛չ այլևս «դու»ի, այլ՝ «մենք»ի:
Սա՛ է աղոթքը. «մենք»ի տունը:
 
Պատասխանի երեք բայերը նույնպես պարունակում են «ստանում է»ին, «գտնում է»ին, «նրա առաջ բացվում է»ին նման աճ և ուժգնացում. փնտրողը (1) քայլում է (2) դեպի հանդիպումը (3): Ինչ որ մի բանի պակասից՝ բաց դռան: Եվ աղոթքն ավարտվում է այս բացվածքի վրա, դեպի անվերջություն բացվող դռան վրա: Բացվում են լույսի ճեղքեր ու ճանապարհներ, հրավեր՝ սեմից ներս մտնելու: Եվ աշխարհն ընդարձակվում է:
Աղոթքը որպես պտուղ հասունացնում է մի բացվածք, հաջորդ հանգրվանի հրավերը: Մեր վերջին բնակատեղին այլուր է: Աղոթքի ամանակը փափագն է, ճանապարհը, բացվելն աշխարհին: Աղոթքն այն կետն է, ուր միայնությունն իր տեղը զիջում է հանդիպմանը:
Ավետարանը պատկերում է մեր տունը, գծում է իրական հարաբերությունների խորհրդապատկերները. աղոթքի գագաթնակետը մի բաց դուռ է («ով բախում է, նրա առաջ բացվում է»). մի բաց դուռ՝ ասելու համար, որ սպասված ենք և սիրված:
Մի տուն, որ դուռ է. ո՛չ միայն, որ դուռ ունի:
Մեր իրական բնակավայրը մեր ունեցած բացվածքի մեջ է: Մենք նույնպես պետք է դուռ լինենք, ինչպես ասվում է Սուրբ Կույս Աստվածածնի համար. Երկնքի դուռ: Այսպես նաև մենք. երկրի դուռ:
 
Վերջում, աղոթքը չի գտնում մի առարկա,
գտնում է մի բացվածք:
Լույսի մի ճեղք:
Որը մեզ դարձնում է անցուդարձի ենթակա դուռ,
սեմ, որից ներս են մտնում.
գրկախառնում, որի սոսկ խորհրդապատկերներն են
երկրի գրկախառնումները:
 
Բախել փակ դռանը: Բախել ընկերոջ տան դուռը, կամ այնտեղ՝ ուր կա մի անձ, պատրաստ՝ ընդունելու քեզ:
Տակավին մի խոչընդոտ կա, վերջինը. փակ դուռը: Բայց դրանից անդին նշմարվում է հանդիպման մեծապայծառ շողարձակումը:
Բախիր այդ դուռը, նույնիսկ եթե փակ է, նույնիսկ եթե չես տեսնում Նրան, Ով սպասում է քեզ. անդին չկան առարկաներ, կա ջերմությունը և բերկրանքը, որը քեզ տալիս է մի Ընկեր, որը քեզ տալիս է մի Հայր:
Եվ այդ դռնից անդին գտնում ես ինքդ քեզ, քո՛ տան դուռն է, ա՛յլ մեկը չես, եթե ո՛չ միայն՝ մի անառակ որդի, որ քայլում ես դեպի տուն վերադարձող ճանապարհին (հմմտ. Ղկս 15, 18...):
Եվ ճամփորդությունդ չի վերջանալու ոչնչության մեջ, ինչպես հնամենի նավորդների համար, որոնք վախենում էին, թե Հերկուլեսի սյուներից անդին անցնելուց հետո կարող էին գահավիժել հեղուկ վիթխարի անդնդի մեջ:
 
Չի վերջանալու ոչնչության մեջ,
այլ՝ գրկախառնումի:
Նրա հետ, Ում Անունն է Սեր,
հովիվ համաստեղությունների, հովիվ սրտերի,
որ գալու է մեր սեղանին
և սպասավորելու է մեզ:
[1] «Nada» իսպաներեն է և նշանակում է «ոչինչ»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։