Մարիամի օրհներգը (Ղկս 1, 39-55) – Գրադարան – Mashtoz.org

Մարիամի օրհներգը (Ղկս 1, 39-55)

«Այդ օրերին Մարիամն աճապարանքով ճանապարհ ընկավ դեպի լեռնակողմը, դեպի Հուդայի քաղաքներից մեկը, և Զաքարիայի տունը մտնելով՝ ողջունեց Եղիսաբեթին: Հազիվ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկը խայտաց իր որովայնում, մինչ Եղիսաբեթն ինքը լցվեց Սուրբ Հոգիով, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. ''Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը: Եվ ինչպե՞ս է, որ տրվում է ինձ այս առանձնաշնորհումը. որ Տիրոջս Մայրը գալիս է ինձ այցելելու: Քանի որ, ահա՛, հազիվ թե ողջույնիդ ձայնն ականջիս հասավ, որովայնումս մանուկը բերկրանքով խայտաց: Երանի՜ նրան, ով հավատաց, որ կատարվելու էին Տիրոջ կողմից իրեն ասվածները''» (Ղկս 1, 39-45):
 
Հանդիպումը
 
Սկզբում, հանդիպումը երկու կանանց, որոնք մայր դառնալու սպասման մեջ են: Ավետարանի էջերից ուրիշ ոչ մեկում պատմված չէ ուրիշ մի պատմություն, որի միակ դերակատարները երկու կանայք լինեն. սա միակ գոհարն է, մտածումների մեջ խորասուզված, գրեթե, երկու մայրերի սրբատեղիի առաջ: Եվ իրոք, ծնելու սպասման մեջ գտնվող այս երկու կանայք երկու սրբավայրեր են, տուն Աստծո և տուն նոր մարդկության, երկնքով ու ապագայով ծանրաբեռնված արգանդ:
Ուշադիր ականջին թվում է, թե մի խոր նմանաձայնություն է լսում Աստծոյ՝ կյանքի հեղինակի, կյանքը ստեղծողի ու սիրողի և ծնելու սպասման մեջ գտնվող կնոջ միջև. այս վերջինը կրում և քարոզում է «կյանքի Ավետարանը»:
Հունարենում, «Kyrios» (Տեր) գոյականի և «kyo» բայի միջև, որ մատնանշում է կնոջ ամենահատկանշական վիճակը, այսինքն՝ հղի լինելը, գոյություն ունի ո՛չ միայն նմանաձայնություն, այլ ամենայն հավանականությամբ՝ նաև լեզվաբանական-ստուգաբանական կախումնավորություն: Աստված կոչվում է Տեր (Kyrios), որովհետև Ինքը կյանքով լիուլի լինելով՝ ծնում է, փոխանցում է ու պաշտպանում է կյանքը. կյանքը, որն ամբողջովին յուրահատուկ կերպով վստահված է կնոջը: Եվ կանայք մասնակցում են սրբազան պատմությանը, որովհետև իրենց ներսում կրում են մի բնական մարգարեություն, կյանքի բարի լուրը:
Միմիայն նա, ով աճեցնում, նեցուկ կանգնում, տարածում է կյանքը, կարող է հետևաբար ստանալ «Տեր» մեծ ստորոգելին, այսինքն՝ «կյանքի աղբյուր, սիրով ու գորովով լի»: Այս տերությանն ու կյանքի Ավետարանին է մասնակցում Հիսուսը, երբ հաստատում է. «Եկել եմ, որպեսզի կյանք ունենան և այն առատորեն ունենան» (Հվհ 10, 10):
Յուրաքանչյուր մայր՝ է՛ և ցույց է տալիս Աստծո Դեմքի մի մասը: Եվ կյանքն ինքնին Ավետարան է, բարի լուր, հայտնություն, լույս. «Եվ կյանքը լույս էր մարդկանց համար» (Հվհ 1, 4): Սրա համար է Ավետարանում պատահում զարմանահրաշ մի բան. նախևառաջ մարգարեանում են մայրերը, որովհետև մարգարեությունը միշտ իր սրբավայրը մայրերի մեջ ունի, որովհետև յուրաքանչյուր ծնունդ մարգարեություն է, յուրաքանչյուր ծնունդ հայտնություն է:
Հանդիպումը տեղի է ունենում մի տան մեջ, որի վրա իջել էին միաժամանակ հրաշքն ու պատիժը. հղի տարեց կինը, պապանձված քահանան: Նոր ժամանակների բեմահարթակի վրա հայտնվում են երկու ծերունիներ, անակնկալի մատնված, ամոթի գերի (Եղիսաբեթը թաքնվում է հինգ ամիս շարունակ), որը կամաց կամաց վերածվում է հիացումի: Եղիսաբեթը զգում է, թե ինչպե՛ս է իր հանգած արգանդը վերսկսում ծաղկել, և թաքնվում է: Իր մի ոտքը դրել է մարդկային հնարավորություններից անդին, անսահմանափակի հետ հանդիպումը նրան գլխապտույտ է պատճառել, և թաքնվում է: Լռության մեջ, գլխապտույտից անցնելու է հավատքին: Նրա հետ, Զաքարիան բացահայտելու է, որ լռությունը կարող է առանց խոսքերի սեր լինել:
Երբ, վերջիվերջո, Եղիսաբեթը դուրս է գալիս իր թաքստոցից, նոր կյանքով փառավոր, հանդիպում է Մարիամին, մի ուրիշ կին, որ հղացել է անհնարին կերպով, ծանրաբեռնված՝ Երկնքով ու անհուն խոսքերով, որն ահա՛ մարդկային ծննդաբերության կանոնների մի ա՛յլ խախտումն է: Եվ բերկրանքն ու ցնծությունը ծնվում են այստեղ, կյանքի Ավետարանից – Աստված գալիս է որպես կյանք – , անհնարինի կոխկրտմանը ականատես լինելուց. «Անհնարին բան չկա Աստծո համար», ասել էր հրեշտակը (Ղկս 1, 37):
 
Սրտիս մեջ փնտրում եմ ամենագեղեցիկ խոսքերն
իմ Աստծո համար, հոգիս երգում է
Սիրեցյալիս համար (Ղկս 1, 46-47):
 
«Մեծացուսցէ»ն տոնակատար հռչակումն է դեպք, իրականություն դարձված անհնարինի: Եվ այդ պահին Նա, Ով արարել էր աստղերը, Նա, Ով Իր օրենքը արձանագրել էր քարե տախտակների վրա, Նա, Ում համար Դավիթը պարել էր իր ողջ ուժով, Նա, Ում համար Սողոմոնը կառուցել էր ոսկեզօծ մի տուն, Նա, Ում համար մարգարեները արտասվել էին ու երգել, Նա՝ Տերը, որ չի դադարում զարմանահրաշ գործեր կատարել, սկսում է Իր մարդկային պատմությունը:
Եվ այդ պահից սկսած, առաջին խոսքերը, որ հնարավոր է արտասանել, խոսքեր են երգի ու բացականչության: Եվ Մարիամը երգում է իր Մեծացուսցէն, Զաքարիան երգում է Աստծուն ուղղված իր օրհնությունը, Եղիսաբեթը բացականչում է ավետարանական առաջին երանությունը և մանուկն արգանդում սկսում է պարել, երգում է մարմնով: Արարածներ, վերջապես, քնարերգակ ու երախտագետ: Սա՛ պետք է ջանային լինել Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի բարեպաշտները:
 
Երգը
 
Քրիստոնեական առաջին երգերը բոլորն էլ ծնվում են Աստվածամոր շուրջը. «Մեծացուսցէ»ն, «Ողջ լեր, Մարիամ»ը, Զաքարիայի Օրհնությունը, հրեշտակների Փառաբանությունը, Սիմեոն ծերունու Օրհներգը:
Ավետարանի ու Եկեղեցու սակավաթիվ երգերն են. այն երգերն են, որոնք տակավին ամեն օր շնչում են մեր հետ, որոնք Աստվածամորը դարձնում են երգի կինը, հավատացյալներին՝ փառատրող, իսկ Եկեղեցուն՝ նա, ով Մարիամից սովորում է, թե ինչպե՛ս՝ աղոթել նշանակում է փառաբանել, թե ինչպե՛ս Աստծո առաջ ազատել սիրտը, ինչպե՛ս աղոթքի մեջ համագումարել կյանքը, և ապագան («այսուհետև բոլոր սերունդները ... »), թե ինչպե՛ս աղոթքը բնակեցված է մարդկանց պատմություններով:
 
Որովհետև կյանքս դարձրեց
հրաշքների վայր,
օրերս՝ ապշանքի ժամանակ (Ղկս 1, 47):
 
Որտեղի՞ց է ծնվում երգը:
Մարիամի երգը նախևառաջ բխում է հիացումից. «սքանչելիքներ գործեց ինձնում», օրերս զարմանքի ժամանակ դարձրեց, կյանքս՝ հրաշքների վայր: Մարիամի երգը ծնվում է մի երանելի փորձառությունից. հասկացել է Աստծուն:
Բարի լուրը, այսինքն՝ ավետարանը, որ նա ավանդում է, պատմում է հրաշքներ գործող Աստծո մասին: Մարիամը մեզ ուսուցանում է երջանիկ կրոնի հնարավորությունը, հիշեցնում է, որ բերկրանքի մեր պաշարը բխում է հիացումից, զարմանալու ընդունակությունից, այն ամենի համար, որ Աստծո ձեռքը գործում է մեր կյանքում և մեծ աշխարհում, Նա, որ ցողի գոհարներով ճոխացնում է գարունը, որ գինիով լցնում է մեր քարե կարասները և որ մառախլապատ մեր առավոտները հարստացնում է լույսի առաջին ավետումով:
 
Հայեց ինձ. ինձ, որ ոչինչ եմ.
հուսանք միասին, երջանիկ լինենք միասին,
դուք բոլորդ, որ լսում եք ինձ:
 
Ինձնից ավելի մեծ բաներ են ինձ պատահում:
Նա է, որ ամեն բան կարող է: Միայն Նա: Սուրբը (Ղկս 1, 48-49):
 
Մարիամը հասկացել է բարի լուրը և այն վերածում է երգի: Բերկրանքը չի բխում կյանքի նոր կանոնների հայտնությունից, բարոյագիտական լավագույն կանոնագրքից: Բարի լուրը, գեղեցիկ լուրը, որ նա ավանդում է, Աստծո սիրահարումն է, Աստծո, որ ձեռքերը թաթախել է կյանքի հոծ զանգվածի մեջ, պատմության վերքերի մեջ:
Ավետարան, բարի լուր՝ նշանակում է Մարիամ Աստվածամոր հետ տասն անգամ կրկնել. «Նա Ինքն է, որ հայեց, Նա Ինքն է, որ բարձրացնում է, Նա Ինքն է, որ բարիքներով լիացնում է, Նա Ինքն է, որ ... », տասն անգամ:
«Մեծացուսցէ»ն Ավետարանն է, որ կրոնի կենտրոնում տեղադրում է ո՛չ թե այն, ինչ ես անում եմ Աստծո համար, այլ այն, ինչ Աստված անում է իմ համար: Քրիստոնեության սրտում դրված չէ իմ վարքը կամ իմ բարոյականությունը, այլ՝ Աստծո վարքը: «Մեծացուսցէ»ի կրոնը չի հիմնվում պարտականության, այլ՝ նվիրումի վրա:
 
Սուրբ և ողորմած, սուրբ և քաղցր,
մայրական սրտով՝ բոլորի հանդեպ,
յուրաքանչյուրի հանդեպ (Ղկս 1, 50):
 
Ավետարանը, բարի լուրը հայտնությունը չէ մի գաղտնիքի, որն ընդունակ է վերամբարձելու երկիրը և փոխելու պատմությունը (թեև նաև սա է), այլ՝ բարի լուրն է Աստծո սիրահարության, Աստծո, Ով Իր սիրո առարկան – այրը / կինը – համարում է Իր սեփական կյանքից ավելի կարևոր:
Քրիստոնեության կենտրոնում «Մեծացուսցէ»ն է, սիրահարված Աստծո տասնաբանյայով: Տասնչորս բայ է գործածված այս օրհներգում, որոնցից տասը վերաբերվում են Աստծուն, մեկը՝ բոլոր սերունդներին, մյուս երեքը՝ Մարիամին:
 
Ազատ արձակեց Իր զորությունը,
շղթաներով կապեց հզորների ծրագրերը (Ղկս 1, 51):
 
Ամբողջ «Մեծացուսցէ»ի ենթական Աստված Ինքն է, կրոնի էությունը հարաբերություն է. Աստծո՝ իմ նկատմամբ: Տիեզերքի ու պատմության հիմնական գիծը այն մեկը չէ, որ երկրից բարձրանում է դեպի երկինք, այլ՝ այն մյուսը, որ երկնքից իջնում է երկիր: Հավատքի կրող, հիմնական սյունը չի հենվում իմ պարտականությունների, այլ՝ Աստծո պարգևի վրա:
Բարի լուրն այն է, որ Աստված կտրել անցել է երկինքը, հաշվում է գլխիս մազերը, կանչում է ինձ շնչելու Իր շունչը, երազելու Իր երազները, ապրելու Իր կյանքը:
Հին Ուխտի կենտրոնը Թորան էր (Օրենքը), իսկ Թորայի կենտրոնում՝ տասը պատվիրանները: Մարիամը, մինչդեռ, զգում ու ըմբռնում է նոր տասնաբանյան, որն այլևս պատվիրանների հավաքածո չէ, որ սահմանում է մարդու վարքը Աստծո և մարդկանց նկատմամբ, այլ՝ պատմում է մի Աստծո մասին, Ով մարդու համար է: Մի ուրիշ, գեղեցկագույն տասնաբանյա է ներկայացնում Ղուկասը, բարի Սամարացու առակի բայերով. « ... տեսավ նրան, գթաց, կքվեց, վերքերը կապեց, գրկեց, հոգատարություն ունեցավ, վճարեց ... », մինչև տասներորդը. «Եթե հանկարծ քիչ լինի, վերադարձիս կվճարեմ» (Ղկս 10, 30-37): Նոր տասնաբանյան յուրաքանչյուր հավատացյալի, մանավանդ թե՝ յուրաքանչյուր մարդու, որ երազում է մերձավորներով բնակեցված երկիր:
 
Գայթակղությունը
 
Ովքեր ապավինում են ուժին,
առանց գահի են:
Ովքեր ոչինչ չարժեն,
նրանց բույնը Նրա ձեռքերի մեջ է (Ղկս 1, 52):
 
Հուզմունքի ու ողբերգության այս «Մեծացուսցէ»ն – նուրբ հուզմունքի ու կառուցվածքային ողբերգության – երկխոսություն է պատմության ու հույսի, գոյություն ունեցողի ու հնարավորի միջև:
Աստծո զորությունը պայթուցիկ իրավիճակներ է ստեղծում պատմության ներսում, և ստեղծում է աշխարհի ու մարդկային հարաբերությունների նոր ճարտարապետություն:
Մարիամը երգում է մի հույս, որ որևէ հույսի դեմ է, երգում է ընդդեմ ակներև իրականության, ասում է. պատմությունը կերտողները նրանք չեն, ովքեր հզոր են դրամով ու խելացիությամբ, այլ՝ քաղցածներն ու խոնարհները:
Աստված գրավի է գալիս հենց նրանց վրա, որոնց վրա պատմությունը գրավի չի գալիս, նրանց վրա, ովքեր դուրս են նետվել առաջադիմության չափազանց սրընթաց գնացքից:
 
Հագեցրեց կյանքի քաղցն ունեցողների քաղցը,
հարուստներին իրենք իրենց թողեց.
նրանց ձեռքերը դատարկ են,
նրանց գանձերը ծուխ են (Ղկս 1, 53):
 
Եվ սակայն, այս հեղափոխական օրհներգում ներկա է հավատքի մի տեսակ գայթակղություն. իրական կյանքում աղքատները մնում են աղքատ, քաղցածները միշտ ավելի սովահար են, իսկ հզորներն անսասան են իրենց գահերի վրա:
Ո՞ւր է հեղաշրջումը: Քսան դար հետո դեռ նույն կետում ենք, կրկնելով նույն խոսքերը:
Պատրա՞նք: Խաբեությո՞ւն:
Ճիշտ չէ, որ երկիրը ծաղկում է գեղեցկությամբ ու բարությամբ: Քրիստոսը եկել է, բայց կարծես թե եկած չլինի:
Մեր զգացած գայթակղությունն օրինավոր ու արդար գայթակղություն է, կամ՝ կարող է այդպիսին լինել, այն, որը Դավիդ Մարիա Թուրոլդոն անվանում էր «հույսի գայթակղությունը»:
Չենք կարող թեթև սրտով եղանակել հույսի կրկներգը:
Պետք է մեր առջև հարց դնենք, թե Տիրոջ խոստումն ի՞նչ իմաստով չի ձախողվել:
Կարող ենք այն տակավին ավետարանել, առանց երկյուղն ունենալու, թե իրականությունը կհերքի ու կեղծ ցույց կտա մեր խոսքերը:
Սովը շարունակում է սպանել: Գերեզմանները հաղթանակում են: Եվ սակայն, հույսն ավելի հզոր է, քան իրականությունը: Չի անգիտանում այդ բացասական իրավիճակները, չտեսնելու չի տալիս, չի շրջանցում դրանք. կտրում անցնում է դրանց միջով և ընդդիմանում է դրանց:
Որովհետև եթե ես հավատում եմ, որ գոյություն է ունենալու մի աշխարհ, ուր իշխելու է խաղաղությունը, ուր Աստված ամեն ինչ է լինելու ամեն ինչում, ուր արարչագործության բողբոջները տալու են իրենց ամենագեղեցիկ պտուղները, սա անշուշտ չեմ անում որպես մեկնակետ ունենալով պատմության քննական վերլուծումը կամ հավանականությունների հաշիվն ու նախատեսումը:
Եթե ես հավատում եմ, որ գիշերն ավարտվելու է, դա չեմ անում, որովհետև արևն արդեն ծագել է, այլ՝ որովհետև ես, որպես քրիստոնյա, երրորդ օրվա մարդ եմ. «Երրորդ օրը հարություն կառնեմ» (Մտթ 20, 19): Եվ չարչարանքների ուրբաթի խոր գիշերվա մեջ ևս ընդունակ եմ աչքերս ու սիրտս սևեռելու լույսի առավոտյան սահմանագծին, որը թվում է փոքրամասնական, բայց հաղթական է:
Եթե ես հավատում եմ, Մարիամի հետ, որ աշխարհը փոխվելու է, դա չեմ անում, որովհետև ավետաբեր նշաններ եմ տեսնում պատմության արյունլվա խառնաշփոթության մեջ, այլ՝ որովհետև տրված է խոստումը, որովհետև Աստված խոստացել է և քաջարի ու ազատասիրտ մարդիկ, Իր խոստումի վրա հիմնվելով, դիմագրավում են գիշերվան, հակառակվում են գիշերվա ուժերին, նրանց ձեռքից խլելով աշխարհը:
Եվ Աստծո խոստումը իմ ուժի հենակետն է:
Աստված միշտ կատարում է. ո՛չ մեր խնդրանքները, այլ՝ Իր խոստումները:
Բայց ինչո՞ւ է Մարիամը Աստծո գործերին վերաբերվող բայերն անցյալ ժամանակով գործածում: Աղքատները դեռ աղքատ են, Հերովդեսը դեռ գահին է և անիրավ կոտորածներ է տակավին անելու:
Մարիամի խոսքերը թվում է, թե վերաբերվում են արդեն կատարված դեպքերի, մինչդեռ մատնանշում են մի նոր ժամանակ, որ սկսվում է: «Բայց ապագան մեր մեջ մտնում է կատարվելուց շատ առաջ» (Ռայներ Մարիա Ռիլքե):
Աստված միջամտելու է և Մարիամը բայերը գործածում է անցյալ ժամանակով, որովհետև Աստծո ապագան, Աստծո գործերի արդյունքն ապահով է: Ապահով, որքան անցյալը:
Կատարվել է (նշանակում է՝ կատարվելու է բացարձակ վստահությամբ) աշխարհի ու մարդկային հարաբերությունների նոր ճարտարապետություն:
Մարգարեությունն այրում է ժամանակները և երգում է արդեն տեսած ապագան, թեև այն տեսել է միայն սրտի աչքերով:
Հույսը չի սխալվում, երբ գրավ է դնում մեկնակետում արդեն հաղթանակող Աստծո վրա:
Այս պատճառով է Մարիամը բայերն անցյալ ժամանակով գործածում, ամենայն համարձակությամբ. կանխելու համար նոր երկրի հաղթանակը:
Գրական, մանավանդ թե՝ մարգարեական այս հնարքը հաստատում է, որ այն, ինչ ուշանում է, գալու է. որպես մեծղի ծառ է գալու այն, ինչն առայժմ մանանեխի փոքրիկ հատիկ է: Հույսը մի սպասում է, որն հասունանում է ու վերածվում ներկայության:
Մարիամի մարգարեության ու երգի մեջ հայտնվում է այն, ինչը որ կարող ենք անվանել «իրավիճակների հեղաշրջման աստվածաբանություն». հեղաշրջման մի աստվածաբանություն, որ ներկա է Հին Կտակարանի բոլոր երգերում ու բազմաթիվ իրադարձություններում, բայց որ մեր հեքիաթների կանոնների համաձայն չէ, որոնց մեջ սպասուհին դառնում է թագուհի:
Աստծո այցելությունը վերջ չի դնում աղքատությանը, իշխանություն ու հարստություններ չի բաշխում, այլ՝ բերկրանք ու երգ է բերում աղքատության մեջ:
Մարիամը մնում է իր իրական աղքատության մեջ, հասարակության ներսում շարունակում է կատարել իր դերը – անկարևոր, կարելի է ասել՝ լուսանցքային, անփառատենչ դերը – և ավելին՝ մի սուր խոցելու է իր հոգին (հմմտ. Ղկս 2, 35), և այդուամենայնիվ՝ երգում է ... :
Աղքատների երանությունը կուտակելու մեջ չի կայանում:
Երգը չի ծնվում դրամից կամ հաջողությունից, իր ակունքը չի գտնում քանակի արքայության մեջ, այլ՝ ո՛չ սովորական հարաբերություններ ու դաշինքներ բացահայտելու և ստեղծելու:
Մեր ուրախությունն ուղիղ համեմատական է հիանալու մեր ընդունակությանը, պատկանում է նրան, ով ընդունակ է ասելու. «Օրերս զարմանքի ժամանակ դարձրեց, կյանքս՝ հրաշքների վայր»:
Երգն ուղիղ համեմատական է հիանալու և ապագայի մեր ընդունակությանը, մեր ընդունակությանը ո՛չ թե սպասելու, այլ՝ ծնելու ապագան: Այդ ապագան, որն այդպիսով մեր մեջ մտնում է նախքան իր կատարումը:
 
Արվարձանը
 
«Մեծացուսցէ»ն խոսք է, որ խոսում է Աստծո մասին, և որ միաժամանակ խոսում է մարդու մասին, և ուղղակիորեն ու անուղղակիորեն խոսում է նաև իր՝ Մարիամ Աստվածածնի մասին: Հանդիպումի կետն է աստվածաբանության, մարդաբանության և մարեմաբանության:
Մարիամը մարգարեանում է մի արքայություն, որը միաժամանակ աստվածաբանական է և մարդաբանական. արքայությունն Աստծունն է, բայց մարդու համար է. արքայությունը Երկնքինն է, բայց երկրի համար է:
Արքայությունը գալու է կյանքի ծաղկումով, կյանքն ամեն տեսանկյունից դիտված, և այնժամ Աստված անաչառ ու անկողմնակալ չէ հարուստների ու աղքատների միջև, Աստված նախընտրություններ ունի և տարբերություն է դնում խոնարհների ու հպարտների միջև: Եվ ընտրում է արվարձանի ճանապարհը, աշխարհ է մտնում ցածրակարգ կետից, այնտեղից, ուր կյանքն առավել սպառնալիքների է ենթարկվում:
Մարիամն ունեցել է այս իրականության փորձառությունը («հայեց Իր աղախնու փոքրկությանը»), Հիսուսն այս ճշմարտությունը գաղափարականացրեց Նազարեթի ժողովարանում, ավետելով Իր առաքելության չորս դրդապատճառները.
 
«Եկել եմ բարի լուրն ավետելու աղքատներին,
ազատություն հռչակելու բանտարկյալներին,
տեսողություն շնորհելու կույրերին,
ազատագրելու ճնշվածներին» (Ղկս 4, 18):
 
Սրանք են Աստծո գործերի չորս դրդապատճառները:
Ադամը դարձել է աղքատ, կույր, գերի, կեղեքված: Սրա համար Աստված դարձավ Ադամ: Նրա նպատակն ի մի հավաքելն է նրանց, ովքեր ապրում են աշխարհի արվարձաններում, հարուստ որկրամոլների պալատների դարպասների տակ. Նրա նպատակն այն է, որ պատմությունն այլևս չծնի աղքատներ, կույրեր, գերիներ, հարստահարվածներ: Իր նպատակն է մի այր/կին՝ լիակատար կյանքով, ազատ, մարգարեական ոգիով, լուսաշող դեմքով ու հոգիով, սիրով լի. կյանքի Ավետարանը:
Աստված որպես նպատակ չունի Ինքն Իրեն: Աստված որպես պատմության ողջ ընթացքի գագաթնակետ չի դնում Իրեն մատուցված պաշտամունքը, փառաբանությունը: Եվ ո՛չ իսկ Իր հանդեպ տածված սերը: Աստված որպես նպատակակետ ունի մարդկությունը՝ բժշկված, մարգարեական ոգիով, ազատ ու սիրող:
Աստված Ինքն Իրեն մոռանում է Իր սիրո առարկայի ետևում, փրկում է ու աներևութանում, և այսպես վարվելով՝ մեզ հաղորդում է ամենամեծ պատգամը: Նաև Սրբուհի Մարիամը, Աստծո հանդեպ ապրված ցնծության պահից հետո, Նրան գրեթե մոռանում է նոր սերնդի հանդեպ ապրված ցնծության ետևում:
Մարիամն արվարձանի կինն է: Ծնվել է ու ապրում է Պաղեստինում, հռոմեական անծայրածիր կայսրության արվարձանային այդ փոքրիկ գավառում, ուր ոչ ոք հոժարությամբ չէր գնում, ո՛չ Պիղատոսը, ո՛չ Քուիրինիոսը: Ապրում է Գալիլիայում, Պաղեստինի սահմանային այդ գավառում, որ գրեթե Սիրիայում է, գրեթե Լիբանանում, հեթանոս հողերում: Ապրում է Նազարեթում, այդ չնչին ավանում, որի անունը նախապես երբեք հիշված չէ Աստվածաշնչում:
Կին է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կանանց իրավունքները գոյություն անգամ չունեն. երիտասարդ պարմանուհի է մի ժամանակաշրջանում, երբ հեղինակությունը գրեթե ամբողջովին տարեցների ձեռքում է. ամենայն հավանականությամբ՝ անգրագետ է, մի կրոնի շրջանակներում, որն իր էությամբ՝ գրի առնված խոսք է: Ուստի ամեն ոք կարող է ճանաչել իրեն Մարիամի անձում, որովհետև ոչ ոք նրանից քիչ չունի: Ուստի այն, ինչ հնարավոր եղավ նրա համար, հավատքի մեջ, կարող է հնարավոր լինել նաև իմ համար: Իսկապե՛ս մեզնից յուրաքանչյուրի քույրն է. սա՛ է նրա մեծագույն առանձնաշնորհությունը:
Քույր, որ առաջ քայլեց:
«Մեծացուսցէ»ն օգնում է մեզ ըմբռնելու, թե որոնք են Աստծո կողմից նախասիրված ճանապարհները, և հրավիրում է մեզ կրկին ճանապարհ ընկնելու, յուրաքանչյուրս մեր արվարձաններից, մեր կղզիացումներից ու անտեսումներից, մարդկության այն հատվածից, որը մենք կամ ուրիշներ, սակավ կարևորություն ունի, կղզիացրել ենք ու անտեսել. նրանցից, որոնց ես չեմ կարողանում ներառել հյուրընկալությանս տեսադաշտից ներս: Աստված սպասում է մեզ այնտեղ, ուր մենք երբեք չէինք կամենա լինել: Հույսի գաղտնիքն այն է, որ Աստված աշխարհ է մտնում ո՛չ թե բարձր կետից, այլ՝ ցածրից: Եվ «ցածր կետի» կարելիությունը, աղքատների դատը պաշտպանելու նվիրումը պետք է լինի իրական աստվածապաշտների առաքինությունը:
 
Հիշատակը
 
Հիշիր, որ սերդ մեծ է,
մի՛ մոռացիր ողորմած լինել:
 
Սա՛ խոստացար, սա՛ ես խոստանում
Աբրահամին և Աբրահամի որդիներից յուրաքանչյուրին,
ընդմիշտ (Ղկս 1, 54-55):
 
Ապա, ևս մի վերջին բայ. «Օգնության հասավ Իսրայելին՝ Իր ծառային, հիշելով Իր ողորմությունը»:
Բայց արդի թարգմանությունները ճշգրիտ կերպով չեն արտահայտում հունարեն բնագիրը, մինչդեռ գրաբար թարգմանությունը ճշգրիտ է և արտահայտվում է այսպես. «Յիշել զողորմութիւնս» (Հիշել ողորմությունը): Խոսքը վերաբերվում է անորոշ եղանակով գործածված մի բայի, առանց խոնարհման, առանց շարահյուսական կապակցության, որ կառուցված չէ որպես պատճառական կամ կախումնավոր նախադասություն: Ծագում է հանկարծակի, արձակ, գրեթե որպես ծանոթագրություն, գրեթե որպես նշանաբան, որի ենթական դառնում է յուրաքանչյուր ոք, որ կարդում կամ արտասանում է այդ նախադասությունը. «Օգնության հասավ Իսրայելին: Հիշե՛լ»: Ո՞վ: Աստված, մենք, բոլորս, յուրաքանչյուր ընթերցող, յուրաքանչյուր աղոթող: «Հիշել ողորմությունը»:
Ողորմությունը Աստծո կատարելությունն է: Ողորմությունը, որ վերադառնում է սրտին, որ իմաստ ու կողմնորոշում է տալիս ձեռքերին, կդառնա «Մեծացուսցէ»ն ապրելու մեր կերպը: Կարող ենք նաև մոռանալ մյուս բոլոր խոսքերը: Բավական է հիշել ողորմությունը:
Սուրբ Հոգին աստվածային հանձնարարությունն ունի հիշեցնելու աշակերտներին Քրիստոսի բոլոր խոսքերը (Հվհ 15, 26). Սրբուհի Մարիամը բարեպաշտի սրտին արձանագրում է ողորմություն բառը:
Յուրաքանչյուր ոք կարող է թերևս հիշել, կյանքի իր ճամփորդությունից, ո՛չ միայն հուսախաբությունները, այլ նաև՝ ջուրը, որ մի օր հանկարծակի բխել է, ամբողջովին անսպասելի կերպով. երկնքից իջած մանանան, մի ընկերոջ կերպարանքով, երբ կարծում էր, թե իրեն ուժ այլևս չի մնացել: Յուրաքանչյուր ոք կարող է հիշել պահեր, որոնցում, մինչ գրեթե հուսահատ էր, անակնկալ ճեղքեր են բացվել փակ երկնակամարում: Յուրաքանչյուր ոք կարող է հիշել, որ չենք ապրում միայնակ, մեր ներբնակության աղետալի շրջանակում փակված, այլ՝ որ կա մի սեր, որ բախում է մեր պատմության սահմանները և գալիս է՝ ստեղծելով անակնկալներ:
Քանի՜ քանի՜ արտակարգ անակնկալներ կարող ենք հիշել և գոհաբանության վերածել, գոհաբանություն, որ Սուրբ Պատարագի անուններից մեկն է, բերկրալի ու գոյութենական հիշատակման, որն արմատն է ծիսական ողջ կյանքի: Թերևս ապրել ու փորձառությունն ենք ունեցել հրաշքների, որոնք մանանայի նման տևել են մի օր. հաջորդ օրը հարկավոր էր մի ուրիշը, բայց դրանց ընթացքում արդեն բացահայտում ենք, որ ամեն ինչում ու բոլոր իրադարձություններում թաքնված են հույսի ծածուկ աղբյուրներ:
«Հիշել»: «Մեծացուսցէ»ի այս բային մոտենանք իբրև մե՛րը, իբրև մե՛ր համար գրված. այն ենթակա չունի, ուղղված է բոլորին, որովհետև մոռացությունն է բոլոր չարիքների արմատը:
Իրական բարեպաշտությունը հիշելն է այն «Մեծացուսցէ»ն, որն հյուսված է մեր օրերի մեջ, մեր անձնական կյանքի իրադարձություններով. հիացումով դիտել ողորմության դեմքը. կերպարանափոխել Աստծո սրբապատկերը. Աստծո վարվելակերպից սովորել, թե ինչպիսի՛ն պետք է լինի մեր վարվելակերպը, պատմության ու սրտի արվարձաններում. դառնալ հույսի երկարաձգում. մեր մեջ մտցնել ապագան:
Եվ ի վերջո, դառնալ իսկապես քրիստոնեական առաջին երգի՝ Սրբուհի Մարիամի երգի կենդանի մեկնաբանություն, նրա հարազատ ոճով, որի բաղադրամասերն են հիացումը, ողորմությունը, բերկրալի ապագան:
Փրկությունն այն է, որ Նա՛ սիրի, ո՛չ թե, որ ես սիրեմ:
Սա՛ է «Մեծացուսցէ»ի կրոնը, կրոնը պարգևի, կրոնը սիրեցյալի, որն ընդունակ եղավ տեսնելու իր Աստծուն դեռ գործող, անխոնջ Արարիչ, ձեռքերը կյանքի հոծ զանգվածի մեջ թաթախված:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։