ԺԴ. - Գիտության - և պատմության - քննությունը / 3 – Գրադարան – Mashtoz.org

ԺԴ. - Գիտության - և պատմության - քննությունը / 3

Մի խոսքով, Մատերիան – անստեղծ, հավիտենական, ամենագետ, ամենակարող – Աստված է։ Հանճարեղ լուծում չէ պարզապես մատերիային փոխանցել այն հատկանիշները, որոնք քրիստոնյա հավատացյալները վերագրում են Արարչին։
 
Քրիստոնեական Խորհրդի սովորական մերժումն է, ընդունելու համար, նրա փոխարեն, Աբսուրդը: Հռչակելով, վրադիր, որ այս կերպ վարվելով՝ լիակատար կերպով գործածվում են միտքն ու բանականությունը. իրենք հո՞ նման չեն այն խեղճ միամիտներին, այն նախատրամաբանողներին, որ կոչվում են Աստծուն հավատացողներ ... : Նվազագույն չափի առողջ մտածողություն բավական կլիներ, իմիջիայլոց, հասկանալու համար, որ «հավիտենական մատերիա» արտահայտությունը հակասություն է ինքն իր մեջ: Աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ հասանելի է մեր զգայարաններին, գոյություն ունի տարածքի, բայց նաև ժամանակի սահմաններում. հետևաբար, ունի (պետք է ունենա. ֆիզիկական օրենք է) սկիզբ և վերջ. գալիս է «ինչ որ մի տեղից» և «ինչ որ մի տեղ» գնում է:
Սա, համենայն դեպս, հերթական հաստատումն է այն բանի, որ ասում էինք. սովորելիք գրեթե ոչինչ կամ ընդհանրապես ոչինչ չկա այս տեսակ աթեիզմից. կոմունիստական, «ենթադրական», ապրիորիստական, հիմնված ո՛չ թե օբյեկտիվ հավաստումների, այլ՝ ուղեղասպան իդեոլոգիայի նախադրյալների վրա: Պարադոքսն այն է, որ տասնամյակներ շարունակ մարքսիստական պրոպագանդան (բայց նաև որոշ տեսակի լիբերալ գիտապաշտությունը, որովհետև գոնե այս հարցում սուտի «պրոլետարներն» ու բուրժուաները հաճախ համերաշխ էին միմյանց) հաջողությամբ իրականացրեց մշակութային ահաբեկչությունը, ըստ որի՝ արգելված էր հարցեր տալը: Եվ եթե ինչ որ մեկն ուզում էր հարցադրումներ կատարել հավիտենական ու ամենակարող այս աբսուրդ Մատերիայի վերաբերյալ, պատասխան ստանալու փոխարեն ենթարկվում էր ծաղրուծանակի, իբրև մեկը, ով անիմաստ, իրականությունից հեռացնող, մինչև իսկ պռովոկատիվ ու անգամ «ֆաշիստական» հարցեր է մեջտեղ հանում (ինչը որ մշտապես գործող մարտավարություն էր՝ զրուցակցին վարկաբեկելու և նրա բերանը փակելու համար):
Եվ ի նկատի առ, որ չվերացավ մարքսիզմի հետ միասին. Աստված-Մատերիայի հանդեպ հավատքը գաղթեց և վերածվեց Աստված-Բնության հանդեպ հավատքի, որի այժմյան քուրմերն են դարձել ֆունդամենտալիզմի հասնող ծայրահեղական էկոլոգիստները: Նաև այս կեղծ-գիտական սնոտիապաշտությամբ է բացատրվում առասպելների ու հեքիաթների կրքոտ ու անբուժելի սիրահարների զանգվածային չվելը «կարմիր»ից դեպի «կանաչ»ը: Այդ արմատական ամբիենտալիզմի քարոզած պանթեիզմի համաձայն, Բնությունը (որի անունը, բնականաբար, հարկավոր է մեծատառով գրել, քանի որ հիմա նրան են վերագրվում Աստվածային հատկությունները) ինքնաբավ իրականություն է, որն ինքն իր մեջ ունի իր բացատրությունն ու իր օրենքները. բացառելով (այստեղ էլ՝ զուտ սկզբունքորեն) մի Արարիչ, որ նրանից դուրս լինի:
Եվ սրանով բացատրվում է նաև այսօրվա «կանաչ» վերադարձը հեթանոսական կռապաշտությանը, միացած լուկրեցիուսական աթեիզմին, բնական տարրերի ու տարերքների երկրպագությանը, վայրի տարածքների ու ջրերի պաշտամունքին, Ամեն Ինչի նվիրագործմանը: Ամեն ինչի, բացառությամբ մարդու, որն, ընդհակառակը, նկատվում է որպես միակ «վնասակար տարր»: Միակ օտար մարմինը, միակը, որին կարելի է վերացնել առանց խղճի խայթ զգալու. սակավաթիվ մարդիկ՝ նշանակում է ավելի քիչ սրբապիղծ հարձակումներ ընդդեմ «Գայա»յի, ինչպես անվանում են Երկրագունդը, ո՛չ պատահաբար գերեզմանից դուրս հանելով անունը հնագույն հեթանոսական դիցուհու, որին հնում մատուցվում էին նաև մարդկային զոհաբերություններ: Հատկանշական է, որ Էդիմբուրգի դուքս Ֆիլիպը՝ Անգլիայի թագուհու ամուսինը, ով համաշխարհային մակարդակով ամենահզոր ու ամենահարուստ ամբիենտալիստական կազմակերպության հիմնադիրն է, հետևողական կերպով և բառացի հայտարարել է (1988 թվականի Օգոստոսի 8ին, գերմանական պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ. հոդվածը թերթից կտրել ու պահել եմ, այլապես դու էլ չէիր հավատա ականջներիդ ... ). «Եթե կրկին ծնվելու հնարավորությունն ունենայի, կուզենայի մահ տարածող վիրուս լինել՝ նպաստելու համար մարդկության չափազանց մեծ թվի խնդիրը լուծելու գործին: Աշխարհի մեծագույն ողբերգությունն այն է, որ ավելի շատ օրորոցներ կան, քան դագաղներ»:
Մինչ, որևէ՛ մշակույթի մոտ, բազմաթիվ զավակները համարվում էին մի մեծ օրհնություն և իրավացիորեն պարծենալու պատճառ ու հիմք, այսօր զույգերը, որ համարձակվում են երկուսից ավելի զավակներ ունենալ (երկու երեխան որպես կատարյալ առավելագույն թիվ է ներկայացվում լվացքի միջոցների ու սննդի արտադրանքների հեռուստատեսային գովազդների կողմից), արժանանում են բացահայտ թշնամանքի, ճիշտ այնպես, ինչպես բնությունն անպատասխանատու կերպով աղտոտողները:
Մերժումը Նրա, Ում Աստվածաշունչն անվանում է «կենդանի Աստված», իր հետ բերում է – ուզենք, թե չուզենք – մերժումը կյանքի:
 
Այընշթայնի կողմից առաջադրված խնդրին (թեև, այս կետում, մի երեխան էլ է բավական. գուցե այն երեխան, որն հանրահայտ հեքիաթում գոռում է, որ «թագավորը մերկ է»), թե «ինչո՞ւ գոյություն ունի ինչ որ բան, և ո՛չ թե ոչինչը», բախվում են մյուս բոլոր տեսությունները։ Սկսած ամենահայտնի, ամենատարածված, և գիտական ամեծամեծ հավակնություններն ունեցող տեսությունից, որին պետք է որ անդրադառնանք. էվոլյուցիոնիզմը։
 
Իսկապես, նույնիսկ եթե ենթադրենք, թե ամեն բան իրոք զարգանում է էվոլյուտիվ եղանակով, «պատահականության ու հարկավորության» շնորհիվ, որպես մեկնակետ ունենալով «սկզբնածին արգանակը», ակնհայտ է դառնում հարցը. «Իսկ որտեղի՞ց է ի հայտ եկել այդ հռչակավոր արգանակը»: Էվոլյուցիոնիզմը (ինչպես մատնանշում է ինքնըստինքյան արդեն մտահոգիչ «իզմ» ածանցը) դարձել է մի իդեոլոգիա. համենայն դեպս, իր լավագույն վիճակում անգամ, ընդամենը մի վարկած է բնության ընթացքի մասին, ո՛չ թե առաջացման պատճառների:
 
Վերջերս մեծ աղմուկ հանեց Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի տարեդարձներից մեկի առթիվ հղված Պապական ուղերձներից մեկը (այդ Ակադեմիան, որի անդամներից է եղել նաև Գալիլեո Գալիլեյը)։ Մեր լրագրող գործընկերները մոլեգնեցին ահա՛ այսպիսի վերնագրերով. «Պապն օրհնում է Դարվինին», «Եկեղեցու ինքնաքննադատությունը էվոլյուցիոնիզմի հարցում», կամ մինչև իսկ. «Մարդն առաջացել է կապիկից. Վատիկանը հաստատում է» ... ։
 
Սովորական, ձանձրալի լինելու աստիճան միաոճ մեխանիզմն է, որն արդեն ճանաչում ենք: Լրատվական գործակալություններից մեկը կոնտեքստից կտրում, առանձնացնում (երբեմն անգամ ձևափոխում) է մի նախադասություն, թերթերն այն «կուլ են տալիս» – առանց որևէ ստուգման կամ ճշգրտման – և «վերլուծաբանները» բեմ են բարձրանում իրենց “մեծարժեք” մեկնաբանություններն ի ցույց դնելու: Բնականաբար՝ ոչնչի մասին, գոյություն չունեցող բաների մասին, մի կաթոլիկ «վիրտուալ» ուսմունքի մասին, քանի որ այն, ինչը որ հաղորդում են ու մեկնաբանում, ոչ մի աղերս չունի այն բանի հետ, ինչ ասվել է կամ ցանկացվել է ասել:
Անշուշտ, եթե Եկեղեցու բոլոր մակարդակներում մի քիչ ավելի քիչ խոսեին, ընդգծելով միայն էականը, ավելի քիչ առիթներ կտային այս տձևացումներին: Անօգուտ է բողոքելը, եթե հաշվի չեն առնվում մեխանիզմները, որոնք կանոնակարգում են այսպես կոչված «լրատվության» ընդհանուր մեխանիզմը: Եվ չակերտներն այստեղ, ինչպես շատ լավ գիտես, անհրաժեշտ են:
Եկեղեցու բազմաթիվ այրերի կողմից հիշողության կորստին մաս է կազմում նաև սա. մոռացած լինելը, որ արդի լրատվությունը ծնունդ է առել հենց որպես հակակաթոլիկ պրոպագանդայի գործիք (թռուցիկների, գրքույկների, գծանկարների տարածումը, որոնց միջոցով նորածին բողոքականությունը զանգվածներին ներգրավեց այն բանի մեջ, ինչը սկզբում ընդամենը սովորական բանավեճ էր վանականների միջև), իսկ հետո «հասունացել» է՝ դառնալով «tout court», լիովին հակաքրիստոնեական գործիք (առաջին զանգվածային, պրոպագանդիստական, իդեոլոգիական օրաթերթերը ի հայտ են եկել Ֆրանսիական Հեղափոխությանը ծառայելու համար):
Համենայն դեպս, մինչ լրագրության «proprium»ը՝ «սեփական»ը՝ բնորոշ հատկանիշը, վազելն է վաղանցուկի ետևից, Եկեղեցու բնորոշ հատկանիշը յուրաքանչյուր սերնդի համար կրկին ավետարանելն է Հավիտենականը: Ուստի, հարկավոր է քիչ բողոքել և ճիշտ հետևություններ անելով գործել, երանի՜ թե՝ վերստին բացահայտելով Հավատաքննության Գրասենյակի իմաստուն, կտրուկ ու կարճառոտ լակոնականությունը, որն ընդամենը երկու արտահայտություն ուներ՝ լուծելու համար իրեն ներկայացված խնդիրներից յուրաքանչյուրը. «licet» և «non licet», այսինքն. «օրինավոր է» և «օրինավոր չէ». և հիշելով, որ խոսքերի ավելացումը հանգեցնում է անկարևորության ավելացման:
Բայց վազն անցնենք, այլապես մենք էլ կնմանվենք այն պաթետիկ «իլլումինիստներին», որոնք համոզված են, թե «փորձագետների խորհուրդները» կարող են լուծել իրավիճակները, կազմակերպելով մոգական ուժ և ազդեցություն ունեցող «դասընթացներ» ... :
 
Իրականում, լրագրողական աղմուկին հակառակ, հիշյալ ուղերձում Հովհաննես Պողոս Երկրորդը կրկնում էր, վերահաստատելով, իր նախորդներից Պիուս Տասներկուերորդի կարծիքը, ով հաստատ չի կարող կասկածվել «մոդեռնիզմի» կամ «ուսմունքային վերաքննության» մեջ։
 
Այո՛, իրավացի ես: Քահանայապետն ընդամենը կրկին անգամ ընդգծում էր այն, ինչը որ ակնհայտ է: Այսինքն, որ էվոլյուցիոնիստական վարկածների ու տեսությունների վավերականությունը (գործածվում է հոգնակի թիվը, որովհետև – անտեղյակների մոտ տիրող կարծիքներին հակառակ – դրանք բազմաթիվ են և հաճախ խիստ վիճաբանությունների մեջ են միմյանց հետ) մի խնդիր է, որ չի վերաբերվում Եկեղեցուն, այլ՝ գիտական աշխարհին: Եկեղեցին պատրաստ է ընդունել գիտնականների դատավճիռը, եթե երբևէ կկարողանան հանգել վերջնական արդյունքի (և շատերն են կասկածում դրան, այսօր առավել քան երբեք, ինչ էլ որ դրա մասին մտածելու լինեն անտեղյակները): Համենայն դեպս, քրիստոնյա հավատացյալը երբեք չի կարողանա ընդունել տեսության «մատերիալիստական» մեկնաբանությունները, որոնց համաձայն ամեն ինչ կատարվել է և կատարվում է քիմիական ու ֆիզիկական պատահական և կույր երևույթների միջոցով: Մինչդեռ ոչ մի դժվարություն չկա այնպիսի մեկնաբանության դեպքում, որն էվոլյուցիոն գործընթացի ետևում նշմարում է ծրագիրը այն Ծրագրողի, որն Արարիչ Աստվածն է:
Ամբողջն այսքանն է: Ոչ մի նորություն, մանավանդ թե՝ ողջամիտ մտածողության վերահաստատումն է, որը գայթակղության պատճառ չէ և ո՛չ իսկ ամենաերկյուղած կաթոլիկի համար: Անշուշտ, այսօր դժվարին է թվում հասկանալը այն երկարատև պայքարի, որը քրիստոնեական որոշ համայնքներ մղել են էվոլյուցիոնիստական որևէ տեսակի վարկածի ու տեսության դեմ: Ինչպես գիտես, սակայն, անողոք սաստկությամբ աչքի ընկան անդամները այն Անգլիկան Եկեղեցու, որի գլուխը – «պապ-կաթողիկոս-պատրիարքը» – Անգլիայի Նորին Մեծություն Գահակալն է, և որին էր պատկանում նաև Դարվինը. մի եկեղեցի, որն այսօր շատ հաճախ պատրաստակամ է զայրույթով մեղադրելու «պապականներին» իբրև թե «դոգմայական խավարամտության» մեջ: Ինչպես նաև, բողոքականների անողոք դատապարտումը էվոլյուցիոնիստական որևէ վարկածի դեմ շարունակվում է նաև այսօր: Միացյալ Նահանգներում գործող բազմաթիվ ավետարանական համայնքներից շատերը չեն ցանկանում, որ պետական դպրոցներում իրենց զավակներին ուսուցանվի որևէ տեսակի «դարվինիզմ»: Հարցը հասել է անգամ Բարձրագույն Դատարանին: Մանավանդ թե, «ֆունդամենտալիզմ» տերմինը Միացյալ Նահանգներում առաջացել է հենց մատնանշելու համար այն բողոքականներին (որոնք հաճախ մեծամասնություն են կազմում խնդրո առարկա տարածքներում), որոնք Աստվածաշունչը տառացի հասկանալով՝ Ծննդոց գրքում ներկայացված արարչագործության պատմությունը շփոթում են «գիտական» հաշվետվության հետ:
Իրականում, վաղուց հայտնի է, որ Արարիչ Աստծո հանդեպ քրիստոնեական հավատքը և ճիշտ կերպով հասկացված էվոլյուցիոնիստական վարկածը բնավ անհամատեղելի չեն: Հավատքը դժվարություն չունի ենթադրելու, որ Աստված կարող է և ընտրել է ստեղծել Տիեզերքը՝ տալով մատերիային ներքին օրենքներ, որոնց շնորհիվ այն առաջնորդվում է միշտ ավելի մեծ կատարելության: Կարծես «software»ը, «ծրագիրը» լինի, որն Աստված Ինքը ներբեռնել է Իր կողմից ստեղծված համակարգչի մեջ, որն Իր կողմից էլ, հետևաբար, հենց այս կերպ է նախատեսվել իր հաջորդական հանգրվանների մեջ: Մյուս կողմից, ԴՆԹ-ի բացահայտումը կարծես իրոք այդ ուղղությամբ է գնում. որ էվոլյուցիայի «ծրագիրն» ու զարգացումը նախատեսվել են Մեծ Ծրագրավորողի կողմից:
Թույլ տուր քո համար կարդամ այս հատվածը մի հոդվածից, որի հեղինակը ինչ որ մի պատահական աստվածաբան չէ, այլ՝ Հռոմեական Սուրբ Եկեղեցու անվանի Կարդինալներից մեկը, Բոլոնիայի Արքեպիսկոպոս Ջաքոմո Բիֆֆին. «Ամբողջովին երկրորդական է ճշտելը, թե մարդը զարգացել է կապկից, թե ո՛չ. թե օրգանական կյանքը ծագում է անօրգանական մատերիայից, թե ո՛չ. կամ ա՛յլ նմանատիպ բաներ ևս: Սրանք գիտական բնույթի խնդիրներ են, և հետաքրքրության մեծ առարկա են հանդիսանում կենսաբանների, հնեաբանների, աստրոֆիզիկոսների և մյուս բոլոր գեղեցկագույն գիտություններով զբաղվողների համար: Բայց խնդիրներ են, որ չեն հետաքրքրում մարդուն որպես այդպիսին: Ինչպիսին էլ որ եղած լինեն գործընթացները, որ կատարվել են իմ նախապատմության ընթացքում, այն, ինչը որ կարևոր է, ի՛մ համար, իմանալն է, թե դրանք պատահակա՞ն են եղել, թե՞ կամեցված, արդյունքն են եղել կույր զուգադիպությունների՞, թե՞ մի ծրագրի: Սա՛ է միակ հարցը, որ ուղղակի կապ ունի իմ կյանքի հետ՝ որպես մարդկային անձի, որովհետև երկու վարկածների միջև ընտրությունը վճռորոշ հետևանքներ ունի իմ համար»: Պա՞րզ է:
 
Այո՛, բայց նաև պարզ է, որ շատերը պատրաստ են հակադարձելու. այդպես եք խոսում հիմա, դուք՝ կաթոլիկներդ (բազմաթիվ բողոքականներ, ինչպես ասացինք, մինչև օրս էլ չեն ընդունում նման վարկածի հնարավորությունը), որովհետև այլևս ստիպված եք այդպես ասելու, երկարատև դիմադրությունից հետո։
 
Ինչպես տեսնում ես, այստեղ՝ գրադարանումս ունեմ «Revue pratique d'apologétique»ի («Հանդես գործնական ջատագովության») ամբողջ հավաքածուն, մի հրատարակություն, որ մինչև օրս էլ մեծապես արժեքավոր է (պատահական չէ, որ այն ձեռքիս տակ եմ պահում): Այն լույս է տեսել Ֆրանսիայում Քսաներորդ դարասկզբից մինչև Քառասունական թվականները, և պաշտպանում էր, փաստերն ու տվյալները ձեռքին, կաթոլիկ ամենաուղղադավան ուսմունքը: Անցած օրը, հենց այս խնդրի շուրջ մտորելով, բացեցի 1909 թվականի Փետրվարի 7ին տպված 81րդ համարը (ուշադրություն դարձրո՛ւ. 1909 թվականի, «Belle-Époque»ի ժամանակներում, երբ պոզիտիվիստական գիտապաշտությունն ու քրիստոնեական Աստծո հանդեպ հավատքը մենամարտում էին սաստիկ բուռն կերպով): Ուրեմն. աչքս ընկնում է մի հոդվածի վրա, որի զայրացած ձայներանգով գրված վերնագիրը խոսում է «Une déloyauté»ի, մի անազնվության մասին: Ո՞րն է այդ անպարկեշտությունը: Այնպես էր պատահել, որ Փարիզի համալսարանի գիտությունների ֆակուլտետի ռեկտորը, մի շատ հայտնի «libre penseur» («ազատ մտածող»), գրել էր. «Կաթոլիկի համար ի՞նչ կա առավել ամբարիշտ, Աստվածաշնչի հետ առավել հակասող, քան էվոլյուցիայի ուսմունքը»: Ինչն էլ առաջացրել էր ջատագովական «Հանդես»ի զայրույթը, և մի abbռ (վանահայր), որ նույնքան անվանի էր և՛ որպես «պապական» աստվածաբան, և՛ որպես գիտնական, պատասխանել էր «անազնվությանը», գրելով (կարդում եմ բառացի). «Կարելի՞ է թույլատրել, – եթե ո՛չ միայն՝ ընդունելով չարամիտ անպարկեշտությունը, – որ մի համալսարանական ռեկտոր չիմանա, որ կաթոլիկ աստվածաբանության համաձայն՝ էվոլյուցիան լիովին համատեղելի է Աստվածաշնչի հետ»:
 
Իսկապես հետաքրքրական է, որ ո՛չ միայն լրագրերի սովորական, անտեղյակ խմբագիրները, այլ նաև անուն հանած պրոֆեսորներն իրենց հոդվածներում, իբրև եկեղեցական ուշացած ինքնաքննադատություն որակեցին այն, ինչն իրականում արդեն իննսուն տարի առաջ հանգիստ ընդունված փաստ էր։ Իտալիայի տարածվածությամբ երկրորդ օրաթերթում, իր Գիտությունների Ակադեմիային ուղղված Պապի ուղերձից հետո, այդ լուրջ համարվող մեկնաբաններից մեկը որպես հնչեղ վերնագիր գրել էր. «Վերջապե՛ս»։
 
Ես համոզված եմ, որ Աստված – այն քրիստոնեական Աստվածը, որը միակն է, որ մեզ հետաքրքրում է – սիրում է պատմությունը: Մարդկանց պատմությունը սիրում է այն աստիճան, որ մտնում է դրան մաս կազմելու: Եվ ո՛չ երևութապես, ձևացնելով, այլ՝ մարդանալով կնոջ արգանդում, պատկանելով մի ժողովրդի, պատմական հստակ ժամանակահատվածում, երբ կայսր էր Օգոստոս Կեսարը, և վերջում մահվան դատապարտվելով ըստ Հուդայի հռոմեական նահանգում գործող օրենքների, Տիբերիոս կայսեր օրոք: Բայց, թերևս, այդ Աստվածը սիրում է նաև արարչության պատմությունը, բնական պատմությունը, եթե իրոք սահմանել է, որ ապարները, բուսական ու կենդանական աշխարհները նույնպես ինչ որ կերպ զարգանան ժամանակի ընթացքում, հետևելով մի ծրագրի, ունենալով մի օրակարգ:
Կա մի արձագանք, որ կարծես թե ուղղում է դեպի մի առեղծվածային իրականություն, իրենից ո՛չ հեռավոր, որ գտնվում է Պողոս Առաքյալի այն խոսքերում, որոնք երբեք լիովին չեն մեկնաբանվել. «Ամբողջ արարչությունը հեծեծում ու տառապում է մինչև այսօր, երկունքի ցավերի մեջ ... » (Հռմ 8, 22):
Չմոռանանք նաև, որ այն օրենքների շարքին, որոնք աստվածային կարգադրությամբ կարծես թե կառավարում են ո՛չ միայն մարդկային հասարակությունը, այլ նաև բնության աշխարհը, կա նաև այն օրենքը, որ կոչվում է «օժանդակության». իրականության յուրաքանչյուր մակարդակ ունի իր ինքնուրույնությունը, վերին մակարդակը չպետք է անի այն, ինչ անում է ստորին մակարդակը, աշխարհը մի տեսակ բուրգ է, ուր գագաթը ստեղծում, կարգավորում, հսկում է – առանց խեղդելու – այն, ինչը գտնվում է իրենից վար, մինչև հիմքը:
Ո՛չ միայն չի խանգարում, այլ՝ մինչև իսկ հետևողական է թվում փաստը, որ այս «օժանդակության սկզբունքը» պետք է կիրառվի նաև բնության դեպքում. Ով հաստատել է բնության օրենքները, հանձն է առել Ինքն էլ հարգել դրանք. այն, ինչը որ «մատերիան» կարող է անել, – հետևելով, հասկանալի է, իրեն տրված «software»ին, – թող որ անի: Ամբողջ տիեզերքը, հետևաբար, թվում է, թե գործում է «ինքն իրեն», գործածելով էներգիաները, որ իրեն տրվել են սկզբում, և առաջ ընթանալով ըստ այն կոորդինատների, որոնք նույնպես սահմանվել են մեկընդմիշտ. այսպիսով, մակերեսային կամ չխորհրդածող (կամ նախընթաց իդեոլոգիայի նախապաշարումները կրող) դիտորդին Աստված թվում է բացակա, այն աստիճան, որ կարող է կարծվել, թե գոյություն անգամ չունի: Իրականում, Նա «նրբանկատ» Աստվածն է, «ազատական» Աստվածը, որ մնում է վարագույրի ետևում. «Առաջին Պատճառն» է, որին հնարավոր է ճանաչել միայն «երկրորդական պատճառներից»՝ ֆիզիկայի, քիմիայի օրենքներից մեկնելով. բայց նաև, եթե ուզում ես, մարդկային գիտությունների օրենքներից մեկնելով, հոգեբանությունից մինչև հասարակագիտություն:
Այս պատճառով է, իմիջիայլոց, որ «ֆիզիկական» հրաշքները, սքնաչելիքները հազվադեպ են. իսկ երբ տեղի են ունենում, տեղի են ունենում ո՛չ թե ինքնականոնակարգման համար բնությանը տրված օրենքները ժխտելով, այլ՝ գերազանցելով (կամ ժամանակավորապես կասեցնելով): Կան կրոններ (որոնցից է դասական Օլիմպոսը), ուր աստվածները, և «Բարձրագույն Զևսն» ինքն էլ, անկարող են Բնության առաջ, որի օրենքները նրանցից էլ վեր են: Ուրիշ կրոնների համաձայն, աստված շարունակ միջամտում է, ըստ իր քմահաճույքի, իր ուզածի պես փոխելով այդ օրենքները: Աստվածաշնչյան-քրիստոնեական Աստվածը, մինչդեռ, սիրում է Իր արարչությունը՝ նաև հանձն առնելով հարգել նրա ազատությունը, չխախտել այն «Ծրագիրը», որն Ինքն իսկ հաստատել է մեկ անգամ ընդմիշտ: Հրաշքը կարող է կատարվել, անշուշտ. բայց ամեն անգամ, եթե ուշադիր ենք նայում, խոսքը վերաբերվում է այդ «Ծրագրից» անդին, ո՛չ թե այդ «Ծրագրի» դեմ գնալուն: Հաճախ մոռանում ենք, որ այդ Ծրագրի գոյությունն ու «նորմալ» աշխատանքն է իրական, ճշմարիտ հրաշքը:
 
Համենայն դեպս, չպետք է չափազանց անարդար գտնվենք քրիստոնեական այն համայնքների նկատմամբ, որոնք ընդդիմացան և դեռ ընդդիմանում են էվոլյուցիոնիստական վարկածներին։ Դիմադրությունը, կարծում եմ, ուղղված է ո՛չ այնքան էվոլյուցիայի հնարավորությանը իբրև «տրամաբանական տարր» («software»), որն Արարչի կողմից դրվել է իր «ֆիզիկական տարրի» մեջ («hardware»), այլ՝ էվոլյուցիոնիզմին։ Այսինքն (ինչպես դու ինքդ էլ ընդգծեցիր), մի «իզմ»ի, մի իդեոլոգիայի, որը գիտական վարկածները ծառայեցնում է իր հակակրոնական փիլիսոփայական-քաղաքական տեսությունների պրոպագանդային։
Ինչը որ չի համապատասխանում, կարծում եմ, անգամ Դարվինի նպատակներին (ով գրել է. «Իմ տեսակետներն անպայմանորեն աթեիստական չեն», և ով մինչև վերջ մնացել է, որքան որ գիտենք, որպես անորոշ կերպով «դեիստ»)։ «Դարվինիզմը» այլոց կողմից գործածվեց որպես Աստծուն աշխարհից դուրս մղելու գործիք։ Մարդն առաջացել է կապիկից, սա իր հերթին ա՛յլ «ցածրակարգ տեսակներից», շնորհիվ մի էվոլյուցիայի, որ կատարվել է առանց «ծրագրի», անընդմեջ, առանց մի կետի, ուր տեղի է ունեցել «որակական» մի ցատկ կենդանականի ու մարդկայինի միջև (այսինքն, առանց «ի Վերուստ» հեղման այն բանի, որին քրիստոնեական ավանդությունն անվանում է անմահ «հոգի»)։ Անշուշտ, այս և նմանատիպ բաները չէին կարող ընդունելի նկատվել։
 
Բնականաբար, շատ կարևոր և անհրաժեշտ ճշգրտում է սա: Չմոռանանք, իմիջիայլոց, որ ժամանակի ամենազորության հանդեպ հավատքը, որն իբր թե միայնակ մղում է աշխարհը դեպի առավել «բարձրակարգ» վիճակներ, հանգեցնում էր «էվոլյուտիվ» մի ա՛յլ սխեմայի ևս, որի համաձայն՝ մարդկությունը սնահավատությունից անցում էր կատարել կրոնին, իսկ կրոնից պետք է բարձրանար դեպի գիտությունն ու փիլիսոփայությունը: Միայն այս վերջին երկուսն են, իբրև, արժանի մարդուն, որին իրավամբ կարելի է անվանել «զարգացած», «հեղաշրջված», «էվոլյուցիայի հանգրվաններով անցած» (ածական, որը լայն գործածության մեջ հայտնվել է Դարվինից հետո միայն): Հետևաբար, նրանց համաձայն, կրոնը պատկանում էր անցյալին, բնորոշ էր «ցածրակարգ» ցեղերին ու անհատներին. բավական էր մի քիչ էլ սպասել՝ տեսնելու համար կրոնի անհետացումը, ինչպես որ անցել ենք կանգնած դիրքի՝ չորս թաթերի վրա քայլելուց հետո ... :
Համենայն դեպս, հաշվի առ, որ մի ժամանակվա էվոլյուցիոնիստական վստահությունները («սկզբնածին արգանակից» մինչև Լեոնարդո Դա Վինչին) այսօր սաստիկ քննադատությունների են ենթարկվում. և ո՛չ անշուշտ աստվածաբանների, այլ՝ գիտնականների կողմից: Բայց Աստծո սիրո՜ւյն, չխորանանք վերլուծելու քննադատություններն՝ ուղղված մի տեսության, որ ներկայացվում էր իբրև ապահով ու վերջնական, բայց իրականում – անկասկածելի փորձագետների կարծիքով ու համոզմամբ – լի է սխալներով ու բացերով:
 
Ինչպես նաև հետքայլերով ու իսկական խարդախություններով։
 
Բնականաբար: Եվ, նույնքան բնականաբար, մինչ գրեթե օր չի անցնում, որ չհիշեն «Գալիլեոյի գործը», ամեն ջանք գործադրում են, որպեսզի ամոթխած լռության մատնվի ու մոռացվի «Պիլթդաունի գործը», դարի թերևս ամենաայլանդակ խաբեությունը: Մեկն այն բազմաթիվ դեպքերից, երբ գիտնականը – այս «Ճշտի Քուրմը» – դառնում է խարդախ խաբեբա (կամ հոժարությամբ թողնում է, որ իրեն խաբեն), ծառայելու համար իդեոլոգիային:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։