3. Թոթովանքներ. խավարը, լույսը, օթևանը, ներքին ծնունդը – Գրադարան – Mashtoz.org

3. Թոթովանքներ. խավարը, լույսը, օթևանը, ներքին ծնունդը

«Էջքը» սրտի մեջ, ինչպես արդեն ասացինք, նույնանում է Մովսեսի «վերելքի» հետ Սինա լեռը: Մովսեսն այն ժամանակ մտավ խավարի մեջ, և Աստված այդ խավարի մեջ էր: Այդպիսին է նաև մարդու պարագան, քանի որ նա էլ հարաբերության մեջ գտնվող անձնական գոյություն է. մտքի և մարմնի որևէ տեսիլքից անդին անցնելով, ներթափանցում է աստվածային Խավարի մեջ: Խորհրդանշանն ու փորձառությունն է մի ներկայության, որը սակայն մշտապես անըմբռնելի է, գիշեր, ուր Անմատչելին նվիրվում է և միաժամանակ խույս տալիս: Գիշերային հաղորդությունն է ծածուկ Աստծո և Աստծո մեջ ծածկված մարդու:
Այս խավարը չի հակասում փառքին և չի ջնջում փառքը, որն իրենից արտաբխում է, որովհետև լույսի բացակայություն չէ, այլ՝ «առավել քան լուսավոր է»: Կամ նաև, – այստեղ ևս կիրառելի է «coincidentia oppositorum», հակադիրների համընկնումի սկզբունքը (որոնք շարունակում են հակադիր մնալ իրենց միության իսկ ներսում). խավարը միաժամանակ ամենասաստիկ լույսն է, խավար է իր չափազանց պայծառության պատճառով, և ամենամթին խավարն է, որովհետև «անդր-լուսեղեն» է:
Նմանապես, խավարը չի բացառում Խոսքի գոյությունն ու ներկայությունը, այլ՝ հասնում է Լռությանը ինքնին Խոսքի իսկ սրտում:
Աստվածային խավարի մեջ մուտք ենք գործում «փակելով մեր աչքերը», հրաժարվելով ցրված, առարկայականացնող, տիրապետության մոլուցքով բռնված հայացքից, և սովորելով նայել և տեսնել ներսը: Կամ, պարզապես, փակ աչքերով, ինչպես տեղի է ունենում սիրո ինքնահանձնման ժամանակ:
 
Աստծո հայտնությունը Մովսեսին տրվեց նախ լույսի մեջ: Ապա Աստված նրա հետ խոսեց ամպի մեջ: Ի վերջո Մովսեսը, է՛լ ավելի վեր բարձրացված լինելով, հայեց Աստծուն խավարի մեջ:
Ահա՛ թե ինչ ենք սովորում սրանից. անցումը խավարից լույսին՝ դա առաջին հեռանալն է Աստվածության վերաբերյալ թյուր ու կեղծ կարծիքներից:
Ծածուկ իրողությունների առավել ուշադիր ճանաչումը, որը տեսանելի իրողությունների ընդմիջով հոգին առաջնորդում է դեպի անտեսանելի իրողությունները, նման է ամպի, որն իր ստվերով ծածկում է զգայական աշխարհը և հոգին վարժեցնում է ճանաչելու այն, ինչ ծածուկ է:
Ի վերջո հոգին, որն այդ ճանապարհներով հառաջադիմել է դեպի վերին իրողությունները և լքել է այն ամենն, ինչը որ հասանելի է մարդկային բնությանը, մուտք է գործում Աստծո ճանաչողության սրբավայրը, բոլոր կողմերից աստվածային խավարով պատվելով: Այնտեղ, դրսում թողած լինելով զգայական և իմացական ամեն բան, հայեցողությանը ուրիշ ոչինչ չի մնում, քան միայն այն, ինչն անըմբռնելի է մտքի համար. այնտե՛ղ է Աստծո օթևանը, ըստ այն խոսքի, որ ասում է Աստվածաշունչը [...]. «Մովսեսը մտավ խավարի մեջ, որտեղ գտնվում էր Աստված» (Ել 20, 21):
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մովսեսի կյանքը, II, 162-164 (PG 44, 376D-377B; SC 1bis, pp. 210-212).
 
Ո՜վ Երրորդություն գերէական, և առավել՝ քան աստվածային, և առավել՝ քան բարի, Դու, որ նախագահում ես քրիստոնեական աստվածային իմաստությանը, առաջնորդիր մեզ ո՛չ միայն բոլոր լույսերից անդին, այլ նաև՝ ոչ-ճանաչողությունից էլ անդին, մինչև միստիկ Գրվածքների ամենաբարձր գագաթը, այնտեղ՝ ուր Աստվածության պարզ, բացարձակ ու անապական խորհուրդները հայտնվում են Լռության առավե՛լ քան լուսավոր լույսի մեջ: Լռության մեջ են, արդարև, ընկալվում գաղտնիքներն այս Խավարի, որ ամենապայծառ լույսով փայլում է ամենամթին խավարի սրտում, և որ, ինքը կատարելապես անշոշափելի ու կատարելապես անտեսանելի մնալով հանդերձ, գեղեցկության ամենագեղեցիկ շքեղությամբ է լցնում այն մտքերը, որոնք գիտեն փակել իրենց աչքերը:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Միստիկ աստվածաբանություն, I, 1 (PG 3, 997A-B).
 
Խավարը մատնացույց է անում վերջին հանդիպումը, երբ մարդը, գոյաբանական աղքատությամբ, դառնում է մի մաքուր սլացք դեպի այն Աստվածը, որը, մարդու հետ հանդիպելու համար Իր վերանցականությունից անսահմանորեն ասդին գալով, Ինքը նույնպես ա՛յլ բան չէ այլևս, քան միայն՝ սիրով լի աղքատություն: Որևէ «էություն» գերազանցված է, Աստծո կողմից՝ Իր «անդր-էջք»ով, մարդու կողմից՝ իր «անդր-վերելք»ով. այդուհետև կա անձերի մի անարտահայտելի հաղորդություն միայն:
 
Անդադար հրահանգվիր խորհրդազգացական հայեցողությունների մեջ, լքիր զգացողությունները, հրաժարվիր իմացական գործողություններից, հեռացրու քեզնից այն ամենն, ինչը որ պատկանում է զգայական և իմացական ոլորտներին, ամբողջովին մերկացիր ոչ-էությունից և էությունից, և բարձրացիր, որքան որ կարող ես, մինչև որ անգիտության մեջ կմիանաս Նրան, ով ամեն էությունից և ամեն իմացությունից անդին է: Արդարև, ամեն ինչից և ինքդ քեզնից դուրս գալով, անդիմադրելի ու կատարյալ կերպով կբարձրանաս, մի մաքուր հափշտակության մեջ, մինչև աստվածային խավարի գերգոյացական ճառագայթը, երբ լքած կլինես ամեն բան և մերկացած կլինես ամեն ինչից:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Միստիկ աստվածաբանություն, I, 1 (PG 3, 997B-1000A).
 
Խավարի մասին խոսելու փոխարեն, հետևաբար, նույնքան հնարավոր է խոսել լույսի մասին: Պայմանով, սակայն, որ ընդգծվի այդ լույսի անստեղծ լինելը և որ անսպառելիորեն բխում է Անմատչելիից: Անդր-խավարամած լույսը ծածուկ Աստծո, որն Իրեն դարձնում է մասնակցելի: Էության էներգիան, որ գալիս է Հորից, Որդու միջոցով, Սուրբ Հոգու մեջ:
Այդ լույսն անբաժանելի է կրակից: Կառքը, որով մարդը նետվում է փառքի մեջ, բոցավառ սիրտն է (հինկտակարանյան միստիկայում նույնպես ներկա է բոցավառ սրտի այս նույնացումը հրեղեն կառքի հետ, որով Եղիա Մարգարեն բարձրացավ երկինք): Ինչպես թելադրում են սրբապատկերները, մարդն իր ամբողջ էությամբ դառնում է հայացք, համակ լցված այն լույսով, որ ճառագայթում է պայծառակերպված Քրիստոսի դեմքից: «Հոգու կերակուրը» և «կյանքի ջուրը» մատնացույց են անում խորհուրդների ներքին կողմը. Հիսուսի Անվան, Աստվածաշնչի, Ամենասուրբ Հաղորդության, լուսեղեն զգեստների, Մկրտության խորհուրդների: Մտնել այս խորհուրդների մեջ, հայել նրանց ներսից, նշանակում է գտնել, արդեն այստեղ՝ այս տարածաչափության մեջ, անմահական կյանքը:
 
Եթե դարձել ես Աստծո տաճարը և եթե երկնային Զորավարը քեզ դարձրել է Իր կառքը, և ամբողջ հոգիդ դարձել է հոգևոր աչք և ամբողջովին լույս, եթե սնվել ես Հոգու կերակուրով, եթե խմել ես կյանքի ջուրը և հագել ես աննկարագրելի լույսի զգեստները, եթե քո ներքին մարդը հաստատվել է այս բոլոր բաների փորձառության և լիության մեջ, ահա՛, ուրեմն, դու ճշմարտապես ապրում ես հավիտենական կյանքը:
ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), I, 12 (PG 34, 461C).
 
Եզեկիել Մարգարեի տեսիլքում հայտնված տարօրինակ «կենդանի էակների» (տիեզերական և հրեշտակային էակների) նման, հոգին դառնում է ամբողջովին աչք, ամբողջովին հայացք, այսինքն՝ ջինջ թափանցիկություն (հին իմաստունների համաձայն, աչքը չի կարողանում տեսնել լույսը, որովհետև ինքն իսկ լույս է): Հոգին լցվում է Քրիստոսի լույսով, և այդ լույսը գրեթե նույնանում է Սուրբ Հոգու հետ: Ամբողջովին աչք, հետևաբար՝ ամբողջովին դեմք. հանդիպման նշանն է Աստծո հետ, որը դեմք առավ մեր համար, և միաժամանակ՝ նշանն է մերձավորի անսահմանափակ ընդունման:
 
[Մարդու] հոգին, որ արժանի է նկատվել մասնակցելու Հոգուն Նրա լույսի մեջ և որ լուսավորվել է Նրա անճառելի փառքի պայծառությամբ, երբ Հոգին նրան դարձրել է Իր օթևանը, դառնում է ամբողջովին լույս, ամբողջովին դեմք, ամբողջովին աչք, և նրանում այլևս ոչ մի մաս չի մնում, որ լի չլինի հոգևոր աչքերով և լույսով: Սա նշանակում է, որ նրանում այլևս չկա խավարային ոչինչ, այլ՝ ամբողջովին լույս է և Հոգի, ամբողջովին լի է աչքերով, այլևս չունենալով թիկունքի կողմ, այլ՝ դեմք լինելով բոլոր կողմերից, քանի որ նրա մեջ եկել և նրանում բնակություն է հաստատել Քրիստոսի փառքի և լույսի աննկարագրելի գեղեցկությունը: Ինչպես արևն ամեն կողմից նման է ինքն իրեն, չունենալով ոչ մի հակառակ կողմ, ոչ մի ստորին վայր, այլ՝ ամբողջովին ճառագայթում է իր լույսը, [...] նմանապես հոգին, որ լուսավորվել է Քրիստոսի դեմքի անճառելի գեղեցկությամբ, փառքով և լույսով, և լցվել է Սուրբ Հոգիով, որ արժանացել է դառնալու Աստծո օթևանն ու տաճարը, ամբողջովին աչք է, ամբողջովին լույս, ամբողջովին դեմք, ամբողջովին փառք և ամբողջովին Հոգի, քանի որ այս կերպ Քրիստոսը զարդարում է նրան, փոխադրում, ղեկավարում, նեցուկ կանգնում և առաջնորդում, և այս կերպ նրան լուսավորում և զարդարում է հոգևոր գեղեցկությամբ:
ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), I, 2 (PG 34, 451A-B).
 
Խորապես ավետարանական թեմաներից մեկն է նաև Աստծո «օթևանը», «ներբնակությունը» մեր մեջ: «Օթևան», որը դարձնում է մեզ Աստծո տաճարները: Ո՛չ միայն հասկանալ Հիսուսի խոսքը, այլ նաև՝ սեփական անձի մեջ ընդունել Նրա լռությունը, Հոր և Հոգու խորհրդավոր ներկայությունը:
 
Ավելի լավ է լռել և լինել, քան թե խոսել առանց լինելու: [...] Ով իր սրտում ունի Հիսուսի խոսքը, իսկապես ընդունակ է այն լսելու նաև երբ լռում է, լինելու համար կատարյալ, գործելու համար Նրա խոսքերով և ճանաչվելու համար Նրա լռությամբ: Ոչինչ չի վրիպում Տիրոջ հայացքից, մանավանդ թե՝ մեր գաղտնիքներն էլ են Նրան հայտնի: Ջանանք ամեն գործ կատարել այն գիտակցությամբ, որ Նա բնակվում է մեզնում, որպեսզի մենք Իր տաճարը լինենք և Նա մեր Աստվածը լինի մեզնում:
ԻԳՆԱՏԻՈՍ ԱՆՏԻՈՔԱՑԻ, Նամակ Եփեսոսի քրիստոնյաներին, XV, 1-3 (PG 5, 657A; SC 10 bis, pp. 70-72)[1].
 
Մարդը դառնում է Աստծո անսահմանափակ տարածքը:
 
Մի՛ վախեցիր Աստծուդ գալուստից, մի՛ վախեցիր Նրա հետ մտերմությունից: Երբ կգա, քեզ նեղը չի դնի: Ընդհակառակն, քեզ ավելի կընդարձակի: Որպեսզի դու իմանաս, որընդարձակելու է քեզ, քեզ չի խոստացել միայն, որ գալու է, ասելով. «Կբնակվեմ նրանց հետ», քեզ խոստացել է նաև, որ քեզ ընդարձակելու է, ասելով. «և նրանց հետ կընթանամ»: Ուրեմն, եթե սիրում ես, կտեսնես այս ընդարձակումը: Վախը տառապանք է, ճնշում է մեզ: Բայց դու տե՛ս սիրո անբավությունը. «Աստծո սերը տարածվել է մեր սրտերի մեջ» (Հռմ 5, 5):
ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Ճառեր, XXIII, 7 (PL 38, 158).
 
Աստծո գալուստն իր հետ բերում է անսահման ուրախություն, քաղցրություն, գորով: Եվ շնորհը ներթափանցում է այնքան մարմնի, որքան հոգու մեջ, որովհետև մարդը կենդանի միություն է: «Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: [...] Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է» (1Կր 6, 15.19):
 
Եթե հրաժարվես կենսակերպից, որն այսօր վարում ես, եթե հարատևես աղոթքի մեջ, կզգաս, որ քո ջանքն իր հետ բերում է քեզ մի մեծ հանգիստ, բավականին թեթև այդ հոգնությունների ու այդ ջանքերի մեջ կբացահայտես վիթխարի բերկրանք ու քաղցրություն: Անասելի է Աստծո խանդաղատանքը: Ինքնակամ նվիրվում է նրանց, ովքեր իրենց ամբողջ հավատքով հավատում են, որ Աստված կարող է բնակվել մարդու մարմնի մեջ և նրան դարձնել իր փառահեղ օթևանը:
Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, որպեսզի մարդը բնակվի այնտեղ, բայց ստեղծեց նաև մարդու մարմինն ու հոգին, որպեսզի նրան դարձնի Իր օթևանը, բնակվելու համար նրա մարմնում, հանգստանալով այնտեղ ինչպես լավ խնամված տան մեջ: [...] «Մենք Իր տունն ենք» (Եբր 3, 6):
Իրենց տներում մարդիկ աչալրջորեն կուտակում են իրենց հարստությունները: Իր տան՝ մեր հոգու և մեր մարմնի մեջ, Տերը դնում և հավաքում է Հոգու երկնային հարստությունները:
ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), XLIX, 4 (PG 34, 813D-816A).
 
Տասնյոթերորդ դարի աստղագիտական բացահայտումները փաստեցին, որ ֆիզիկական երկինքը դատարկ է (և որ անսահմանափակ չէ, այլ՝ կոր է, ինչպես հետագայում ասելու էր Այընշթայնը: Պարունակված ... ինչի՞ մեջ): Մեր դարի տեխնիկական հեղափոխությունը վերջնականորեն խլեց մարդուն երկրագնդի ծոցից (որը նույնպես չնչին մի մոլորակ է, որ պտտվում է միջակ չափսերի մի արևի շուրջը): Վերջնականորեն պարզվեց, որ Աստված և մարդը որևէ տեղ չունեն տեսանելիի սահմաններում, ինչպես որ Քրիստոնեությունը միշտ ուսուցանել էր: Այդ վայրերը սոսկ խորհրդանշաններ էին: Աստված ծածուկ Աստվածն է, որ գերազանցում է և՛ զգայական, և՛ իմացական որևէ իրականության, այդ ամեն ինչի նկատմամբ վերանցական, անդրանցական է, ինչպես միշտ ուսուցանել է Եկեղեցին: Եվ, մեր մեջ, Նրա «վայրը» Սուրբն է: Կամ ավելի ճիշտը՝ Նրա վայրը Աստծո պատկերով մարդն է, մարդը, որի արժեքը չի կարող նվազեցվելով հավասարվել այս աշխարհին, մարդը, որն անբացատրելի է սոսկ այս աշխարհի կանոններով, մարդը, որի միակ սահմանումը դա իր անսահմանելի էությունն է, և դրա փաստն է Սրբությունը: Այսպիսով, Աստված մարդու օթևանն է:
Իսկ մարդը կարող է գիտակից կերպով դառնալ Աստծո օթևանը:
 
Հոգին Սրբերի վայրն է,
իսկ Սուրբը վայրն է Հոգու:
ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Սուրբ Հոգու մասին, XXVI, 62 (PG 32, 184A; SC 17 bis, p. 472).
 
Աստված սիրո մուրացկանն է, որ բախում է մեր հոգու դռանը: Հաջորդ հատվածում, որն ընթերցելու ենք, Որոգինեսի խոսքերը գալիս են լրացնելու Սբ. Գրիգոր Նյուսացու միտքը, որը մեջբերեցինք նախորդ ենթագլխում. միայն Աստված չէ, որ «գինու մառան» է հանդիսանում մեր համար, մարդն էլ իր հերթին պետք է նույնը լինի Աստծո համար: Իր մեջ հյուրընկալելու համար Բանին, հոգին պետք է արբենա Սուրբ Հոգիով:
 
«Տարե՛ք ինձ գինու մառանը» (Երգ 2, 4): Ինչո՞ւ եմ այսքա՜ն ժամանակ այնտեղից դուրս մնում: «Ահա՛, կանգնած եմ դռան առաջ և բախում եմ. եթե մեկն իմ առաջ բացի, նրա մոտ կմտնեմ և նրա հետ կընթրեմ, իսկ նա՝ իմ հետ» (Հյտ 3, 20): «Տարե՛ք ինձ», «թողե՛ք, որ մտնեմ»: Տակավին այսօր աստվածային Բանն ասում է միևնույն խոսքերը: [...] Ձեզ Նա ասում է. «Թողե՛ք, որ մտնեմ». ո՛չ թե սենյակներից մեկը, այլ՝ «գինու մառանը». թող որ ձեր հոգին լեցուն լինի ուրախության գինիով, Սուրբ Հոգու գինիով, և այդպես ներս հրավիրեք Փեսային, Բանին, Իմաստությանը, Ճշմարտությանը, ձեր տան մեջ: Հետևաբար կարելի է ասել, նաև նրանց, ովքեր տակավին կատարյալ չեն. «Թողե՛ք, որ մտնեմ գինու մառանը»:
ՈՐՈԳԻՆԵՍ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, II, 7 (PG 13, 53B; SC 37 bis, pp. 126-128).
 
Աստծո հետ միությունը կարելի է արտահայտել նաև ներքին ծնունդի եզրաբանությամբ: Հոգին նույնանում է Ամենասրբուհի Կույս Մարիամի հետ, հիշատակում է Մարդեղության խորհուրդը, և Բանի մարմնացումը հոգևոր եղանակով տարածվում է սուրբ հոգիների մեջ, որոնք դրանով իսկ նախապատրաստում են Քրիստոսի վերադարձը: Ավետարանի բոլոր խորհուրդներն այժմեականանում են ո՛չ միայն Ծեսի մեջ, այլ՝ տիրում են մեզ հոգևոր կյանքում: Բանը անդադար ծնվում է մեր սրտի քարայրում: «Քրիստոսը նույնիսկ եթե հազար անգամ ծնվեր Բեթղեհեմում», գրում է Անգեղուս Սիլեսիուսը, «եթե չի ծնվում քո մեջ, դու հավիտյան կորած ես»[2]: Նախապայմաններ ստեղծել, որպեսզի Քրիստոսը ծնվի մեր մեջ. իրականում սա՛ է Ծիսական Ժամանակների պաշտոնը, որոնք հոգին պետք է ներանձնականացնի հոգեմարզությամբ, աղոթքով, հայեցողությամբ:
 
Այն, ինչը որ ֆիզիկապես կատարվեց Մարիամի մեջ, Աստվածության լիությունը, որ Քրիստոսի միջոցով պայծառորեն փայլում է Կույսի մեջ, համանման եղանակով կատարվում է նաև քո մաքրագործված հոգու մեջ: Տերը չի գալիս ֆիզիկապես, քանի որ «մենք այլևս չենք ճանաչում Քրիստոսին ըստ մարմնի», այլ՝ բնակվում է հոգեպես, և Հայրը բնակություն է հաստատում Նրա հետ, ինչպես ասում է Ավետարանը:
 
Այսպիսով, Հիսուս Մանուկը ծնվում է մեզնից յուրաքանչյուրի ներսում:
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Կուսության մասին, II, 2 (PG 46, 324B; SC 119, p. 268); Քարոզներ Երգ Երգոցի մասին, 3 (PG 44, 828D).
 
Որպեսզի մեզնում կատարվեն ավետարանական օրենքի աստվածային պահանջները և Սուրբ Հոգու բազմակերպ պարգևները, [...] հարկավոր է, որ մեր մեջ ծնվի դրանց Հեղինակը:
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Ընդդեմ Եվնոմիոսի, III/1, 11, 56 (PG 45, 585A-B).
 
Աստված կամենում է միշտ մարմնանալ նրանց մեջ, ովքեր դրան արժանի են:
ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Հարցադրումներ Թաղասիոսին, 22 (PG 90, 321B).
 
Աստվածացված լինել՝ նշանակում է ապահովել Աստծո ծնունդը մեր մեջ:
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Եկեղեցական նվիրապետությունները, II, Ներածություն (PG 3, 392B).
[1] Սբ. Իգնատիոս Անտիոքացի, Նամակներ, Երևան 2011, էջ 59-60.
[2] Angelus Silesius, Il pellegrino cherubico, I, 61, Cinisello Balsamo 1989, p. 118.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։