Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

Այս գիրքը վկայությունն է հոգևոր մի մեծ մտերմության և Եկեղեցու միության հանդեպ բոցավառ ջերմեռանդության:
Նախևառաջ, վկայությունն է այն մտերմության, որն Օլիվիե Քլեմանը տածում էր Եկեղեցու Սուրբ Հայրերի նկատմամբ: Ծնված ու մեծացած լինելով աթեիստական միջավայրում, հասուն տարիքում դարձի գալով Քրիստոնեության, նա ընդունակ եղավ Եկեղեցու առաջին դարերի գանձարանում գտնելու ներանձնական այն լույսը, որն ի զորու է հագեցնելու մոլորված մարդու հոգևոր քաղցն ու ծարավը: Դա լույսն էր Հարության, որը Քլեմանը կարողանում էր վերցնել և վերածել հույսի, նաև ամենադժվարին իրավիճակներում. լույսն էր Պայծառակերպության, որին մարդկային յուրաքանչյուր էակ սահմանված է դեպի աստվածացում տանող իր ընթացքում. լույսն էր Փրկության, որն ընծայված է խավարի մեջ թաղվածներին և ընդունակ է նրանց կրկին ոտքի կանգնեցնելու, վերադարձնելով նրանց այն մեծությանն ու արժանապատվությանը, որոնք հատուկ են յուրաքանչյուր մարդու:
Այդ լույսի արտացոլանքն է Քլեմանը կամեցել հավաքել այս գրքում, ծաղկաքաղ անելով Հայրերի գրություններից և ձևավորելով մի երփներանգ, բուրումնավետ փունջ. իր կողմից ավելացված մեկնաբանությունները, մինչդեռ, օգնում են ընկալելու մեջբերված հատվածներից յուրաքանչյուրի ինքնահատուկ գծերը, երբեմն ծածուկ գեղեցկությունները, Աստվածաշնչի և քրիստոնեական ամբողջ մտահամակարգի հետ ունեցած խորն ու ամուր կապը: Հատընտիր այս ժողովածուից, – որը գործն է մի սիրահարվածի, ո՛չ թե՝ լոկ բանահավաք մեկի, – դուրս է ցայտում մարդկային էակի լուսավոր կերպարը, այնպես՝ ինչպես այն հասկացել էին անբաժան Եկեղեցու Հայրերը Աստվածաշնչյան Հայտնության տվյալների շուրջ իրենց խորհրդածություններով: Մարդը, «Աստծո պատկերով և նմանությամբ» ստեղծված լինելով (Ծնդ 1, 26), ի սկզբանե կանչված է լիովին կերպարանակից դառնալու Քրիստոսին, որ ճշմարիտ մարդ է և ճշմարիտ Աստված. «Մարդը դա մի կենդանի է, որ ստացել է Աստված դառնալու կոչումը», հաստատում է Սբ. Գրիգոր Նազիանզացին, աստվածացման կոչումը բարձրացնելով պատվիրանի մակարդակի: Անկումն ու մեղքը, մարդուն Աստծուց հեռացնելով հանդերձ, չեն կարողացել և չեն կարող ջնջել նրա բնությունը՝ լինելու անձ, որ կանչված է Աստծո հետ հաղորդության. և Քրիստոսի Մարդեղությունը, որն հանդիսանում է մարդկային պատմության գագաթնակետը և որը պտուղն է մարդու հանդեպ Աստծո անհուն սիրո ու ներողամտության, մարդուն կրկին վերադարձնում է հնարավորությանը՝ լիովին իրականացնելու իր սկզբնական կոչումը: «Աստծո Որդին մարդացավ, որպեսզի մարդը կարողանա դառնալ Աստծո որդի», Սբ. Երանոս Լիոնցու խոսքերի համաձայն, որոնք տարբեր երանգավորումներով կրկնվել են Եկեղեցու բազմաթիվ ուրիշ Հայրերի կողմից ևս: Աստծո այս խոնարհությունն է, որ հնարավոր է դարձնում մարդու բարձրացումը, մարդու «աստվածացումը». մարդկային բնությունն անմնացորդ կերպով ստանձնելով և այն Իր Հարությամբ կենագործելով, Քրիստոսը մարդու համար հնարավոր է դարձնում մասնակցությունը աստվածային կյանքին. և Սուրբ Հոգու օգնությամբ Քրիստոսին կերպարանակից դառնալով է միայն, որ մարդը հասնում է միաժամանակ Աստծո հետ նմանությանն ու իր սեփական մարդկային բնության լիությանը:
Իրոք, Եկեղեցու Հայրերին Քլեմանի նման մտերիմ մեկը միայն կարող էր պարգևել մեզ նման հատընտիր մի ծաղկաքաղ, ուր իր ամբողջ պայծառությամբ փայլում է Արարչի և արարածի վերաբերյալ քրիստոնեական իմաստության ներդաշնակ հարստությունը: Պատահական չէ, որ նրա կատարած ծաղկաքաղում տեղ են գտել Եկեղեցու և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Հայրերը. միայն այդ կերպ «Աստծո բազմակերպ իմաստությունը» հնարավոր կլինի ընկալել քրիստոնյա Արևելքի և Արևմուտքի փոխադարձ լրացման ու ամբողջացման շնորհիվ: Քլեմանի համոզմունքն էր, որ անհրաժեշտ է ընծայել այսօր քրիստոնեական վաղ շրջանի գրությունների մի նոր հավաքածու, որն ընդունակ կլինի արանց և կանանց հասկացնելու քրիստոնեական ժառանգության կուռ միասնականությունն ու, միաժամանակ, բազմակերպ գեղեցկությունը: Մեր այս դարաշրջանում, երբ Արևելքի ու Արևմուտքի Եկեղեցիները վերսկսել են ո՛չ միայն երկխոսել, այլ նաև՝ հոգեկանության վավերական գանձերով միմյանց փոխադարձ հարստացնել, հարկավոր է ստեղծել գործիքներ, որոնք ընթերցողների ամենաընդարձակ շրջանակների համար հասանելի կդարձնեն Հայրերի ավետարանական մտորումներն ու խոսքերը, որոնք դավանանքային սահմանափակումներ չեն ճանաչում և չեն ընդունում:
Օլիվիե Քլեմանը հույս էր տածում, որ այս հատորը, – որն իր աշխատությունների շարքին իրեն ամենահոգեհարազատն էր, որովհետև չի պարունակում միայն իր խոսքերը, – և՛ս մեկ անգամ կկարողանա պատմել, Հայրերի խոսքերի շնորհիվ, իր ամբողջ կյանքի և ուսմունքի էական տարրերը. «Կկամենայի շարունակել պատմել իմ սերը մարդկանց հանդեպ, որը նշանն է այն սիրո, որը Քրիստոսն Ինքը տածում է նրանց հանդեպ»:
Այսպիսով, մտերմության այս էջերը սքանչելի համանվագի մեջ են հավաքում Արևելքի և Արևմուտքի Հայրերի գրությունները, և դրանց ընդմիջով հնարավորություն են տալիս տեսնելու քրիստոնյա վավերական, կեղծարարությունների չենթարկված «տեսանողի» կերպարը: Քլեմանն այսպես էր անվանում հոգեկիր մարդկանց, այսինքն նրանց, ովքեր ընդունակ են դիտելու և տեսնելու «անդին», սրելու իրենց տեսողությունը, այն համանման դարձնելով Քրիստոսի հայացքին, տեսնելու առօրյա իրականությունը և ուրիշներին ներգրավված Աստծո սիրո սքանչելի ծրագրի մեջ: Եկեղեցու Հայրերն ա՛յլ բան չեն անում, եթե ոչ միայն՝ ձայն են տալիս սիրո և լույսի այս կամքին, որն Աստված հեղել է տիեզերքի վրա և մեջ: Մի սեր և մի լույս, որոնք առատորեն բխում են ակունքից, որից Հայրերը երբեք չեն դադարել հագեցնել իրենց ծարավը. Աստծո Խոսքը և Քրիստոսի Դեմքը, աստվածային գեղեցկության վայրերը մեր մեջ: Քրիստոնեությունն, արդարև, «ֆիլոկալի՛ա» է, գեղեցկության սիրո ճանապարհ, կոչ, հրավեր գեղեցկության, կերտելու սեփական կյանքը որպես սիրո գլուխգործոց: Որովհետև քրիստոնեական գեղեցկությունը դա սիրո իրադարձություն է, որը միշտ նորովի, ստեղծագործ և քերթողական ձևով, պատմության ներսում պատմում է խենթությունն ու գեղեցկությունը սիրո, որով Աստված սիրում է աշխարհը:
 
Էնցո Բյանքի
Ջրհորավանքի Վանահայր
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։