- 11 - – Գրադարան – Mashtoz.org

- 11 -

Իրոք այդպես էր:
Կամաց կամաց սկսում էի հասկանալ Իմաստունի խոսքերը: Ինչպես սերմերը հողի մեջ, այնպես էլ իր խոսքերն էին ծլարձակում սրտիս ներսում, և թեև դրանց դանդաղ աճին չէի էլ անդրադառնում, բայց ամեն օր բացահայտում էի դրանց պտուղները:
Ապրում էի: Եվ որոշակի պահերի – սա նորություն էր – երջանիկ էի կյանքիս համար:
Միշտ ավելի էի բացահայտում, որ իմ երկար ու տժգույն խորհրդածությունները, ինչպես նաև խենթ ու խելառ երազներս, լափում էին կյանքիս ժամանակը, առանց սնուցելու կյանքս:
Հաճախ փաստացի զգում էի, որ “այնտեղ” էի, բացակա լինելով հանդերձ: Փակ աչքերով, սրտիս գիշերվա մեջ փնտրում էի այն, ինչ որ ես էի, և ճանապարհի ինչ որ մի հետք: Ապարդյուն:
Երբ ի վերջո կրկին բացում էի կոպերս, դա չէի անում ընդունելու համար իրականության լույսն այնպես, ինչպես որ կա, այլ՝ աչքերս սևեռելու համար, անորոշության մեջ, չգիտեմ ի՛նչ խորհրդավոր պաստառի, որի վրայով – սև ու սպիտակ և գունավոր – առանց հոգնելու տողանցում էին երևակայությանս պատկերները:
Այո՛, հարկավոր էր ապրել, իսկ ապրելու համար՝ ազատվել և հասնել իմ հողին:
Ես այն բացահայտում էի, և վերագտնում էի արմատներս: Մի՞թե անմիտ չէի եղել, որ մերժել կամ մոռացության էի մատնել արմատներս: Ինչպե՞ս կարող էի առանց նրանց ապրել:
Կաղնի՞ էի, թե՞ խնձորենի: Կաղնի՞ եմ դառնալու, թե՞ խնձորենի: Տնկված էի “այնտեղ”, և “այնտեղ” էլ աճելու էի ու պտղաբերելու:
Հողը, որն ինձ սնուցում էր, իմ իսկ կյանքի ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆն էր. իմ ընտանիքս, իմ միջավայրս, իմ աշխատանքս, իմ թաղամասս, իմ զվարճություններս ... : Նաև այն անձինք, որ իմ շուրջբոլորն էին. նրանք, որոնց սիրում էի, և նրանք, որոնց չէի սիրում: Նաև վայրկյանները, որ ապրում էի, փոքր ու մեծ իրադարձությունները, որ ինձ վերաբերվում էին, ինձ մոտիկից հպվում, գրգիռներ հաղորդում:
 
Որոշեցի ներկա լինել: Բայց որքա՜ն դժվարին էր “այնտեղ” լինել. արմատներով հողի մեջ, իսկ ճյուղերով՝ երկնքի:
... Երկնքո՞ւմ:
Ճիշտ է, Իմաստունն իրավացի էր: Ո՞րն էր իմ երկինքը:
Այն գտնելու էի:
“Աճելո՞վ” էի գտնելու:
Հասկանում էի, որ մենակ չէի, բազմություն էի: Ինչպես ծառն անտառում: Մինչև այդ ժամանակ ուղեղս գիտեր դա: Բայց աչքերս, ականջներս ու ձեռքերս անգիտանում էին: Ով ինքն իրեն է նայում, չի կարող ուրիշին նայել, և ով ինքն իրեն է ունկնդրում, չի կարող ուրիշին լսել:
 
Այս անգամ սկսում էի հանդիպել “ուրիշներին”, “հպվել” նրանց կյանքին, թույլ տալ, որ ինձ “հպվեն”:
Եվ, ուրիշներին մոտենալով, միշտ ավելի էի զգում նրանց կանչը: Եվ տակավին մտածում էի, որ ինձ շատ ժամանակ հարկավոր կլիներ ըմբռնելու համար, որ հենց իմ կողքին, շուրջբոլորս, ամեն օր “նվիրման ու հանձնառումի” առիթներ էին ներկայանում: Սա ինձ միշտ ավելի անհրաժեշտ էր թվում, բայց միաժամանակ՝ միշտ ավելի դժվար, և հատկապես՝ անարդյունավետ: Բայց ինքս ինձ այլևս չէի թույլատրում երևակայել անծայրածիր դաշտերից հունձք կատարել, մինչ ափիս մեջ էի մոռացել ցանվելիք հատիկս: Այլևս չէի կամենում համառ մոլուցքով վիճաբանել “մեծ համալիրների” կառուցման մասին, մինչ իմ աղյուսն անօգուտ, ոտքերիս տակ գցված էի պահել:
Այս ամենը Իմաստունն ինձ ասելով հասկացրել էր: Այսօր ես էի, որ ինքս ինձ ասում էի և ինքս իմ համար կրկնում:
 
Հարցն այլևս գործնականին անցնելն էր:
Միշտ փորձում էի “ինքս ինձնից դուրս գալ”, ընդառաջ գնալու համար ուրիշներին: Այդուհանդերձ, այլևս ընդունում էի, որ իմ կյանքը չէր փոխվում կատարածս բացահայտումների ռիթմով, այն բաների, որոնք հասկանում էի: Այլևս ըմբռնում էի, որ հասկանալու և գործադրելու միջև ընկած խոնարհեցուցիչ հեռավորությունը կարող էր կա՛մ պայքարի հրավեր լինել, կա՛մ էլ՝ հուսալքման աղբյուր:
Ընտրեցի պայքարը: Գիտակից էի, որ խոսքն իսկական տղամարդկային պայքարի մասին էր:
Փոխանակ փնտրելու և “ուրիշ տեղ” ճակատամարտի գնալու, իրականությանս հավատարիմ մնալով՝ սկսելու էի “այստեղ”: Շինարարական մեծ ընկերության աշխատակազմի պետ լինել կամենալու փոխարեն, առայժմ նախընտրելու էի սկսնակ աշակերտ լինել արհեստավորի մոտ:
Այդպիսով արդեն գիտեի, թե ի՛նչ էի անելու այսօր, և դրանում վստահ էի: Եթե հետո հավատարիմ լինեի, “աճելով” կբացահայտեի, թե ի՛նչ էի անելու վաղը:
 
Ուստի որոշեցի Իմաստունին կրկին այցելելուց առաջ բավականին շաբաթներ սպասել: Կամենում էի նրա առջև ներկայանալ իմ հերկված հողով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։