- 6 - – Գրադարան – Mashtoz.org

- 6 -

Որոշել էի: Ասել էի, ուրեմն պետք է փորձեի:
Եվ փորձեցի. մեկ անգամ, երկու, երեք, ... հազար անգամ ... :
Խոստովանում եմ, որ մի քիչ ուրախացել էի. վստահ էի, որ Իմաստունի ավետած «արևն» էր: Նվազ մենակ էի, նվազ՝ տառապած: Առավոտյան անկողնուց ելնում էի գրեթե թեթև սրտով: Առաջ, հաճախ վախենում էի արթնանալուց: Որոշ առավոտներ, հատկապես շաբաթվա ընթացքում աշխատանքի պատճառով, օրն ինձ թվում էր, հազիվ սկսած արդեն, այնքա՜ն անզարդ ու անհրապույր, որ անհամբեր սպասում էի, թե երբ էի կրկին անկողին մտնելու ու ... քնելու:
Մի խոսքով, ավելի երջանիկ էի, բայց արդյոք հպարտությունը չէ՞ր, որ ծնվում էր ինքս ինձ հաղթած լինելու մտքից: Ինչպես նաև, ո՞վ չգիտի, որ հաճելի է դիմացինին հաճույք պատճառելը: Խորքում, ես ի՞նչ գիտեի սիրո մասին: Միտքը և ... փորձառությունը, որ ունեի սիրո ասպարեզում, չափազանց հեռու էին թվում այն ամենից, ինչի մասին խոսում էր Իմաստունը:
Բայց խոստացել էի, և մի անգամ ևս պահեցի խոստումս:
Փորձում էի մի քիչ մոռանալ խնդիրներս, ցանկություններս, ուրիշներին ընդառաջելու համար: Արդյոք սա՞ չէր այն, ինչ ինձնից ակնկալում էր Իմաստունը:
 
Ընկերներիցս մեկն ուզում էր իր մասին խոսել: Ես էլ իմ մասին էի ուզում խոսել: Լսում էի նրան, մտածելով Իմաստունի մասին: Ապշած, ապա՝ երջանիկ, ընկերս ասաց, որ այդ մտահոգությունների մասին, որոնք ինձ պատմում էր, դեռ ոչ ոքի չէր վստահել ... :
Հաջորդ օրը նորից եկավ, վերսկսելու համար խոսակցությունը:
 
Աշխատավայրիցս ելնելիս ինձ ներկայացրեցին մի թերթիկ: Արդեն սովորություն էի դարձրել աղբաման նետել թղթի նման կտորիկները ... : Այս անգամ վերցրեցի: Կարդացի: Ասում էին. «Եթե հետաքրքրված ես, մասնակցիր այսօրվա երեկոյան ժողովին»: Գնացի ... :
Բայց ժողովի ժամանակ որոշվեց մի ուրիշ ժողով ևս գումարել:
Ընդհանուր օգտակարության մի գործ առաջարկեցին: Կատարեցի ... :
Բայց երեք օր հետո՝ նորից խնդրանքներ:
Չէի կարող այդպես շարունակել: Մինչև ե՞րբ էի հանձն առնելու նման խնդրանքներ գոհացնել: Ո՞ւր էի հասնելու այդ ճանապարհով:
Իսկ «անձամբ ես» ի՞նչ վախճան էի ունենալու: Ո՞վ էր իմ մասին մտածելու, եթե ես շարունակ մտածելու էի ուրիշների մասին:
Հաշվի առնենք նաև, որ ճիգեր էի գործադրում: Բայց ճիգ գործադրելով սիրելը արդյոք իրակա՞ն սեր է:
Լքեցի:
 
Հակառակ բոլոր չքմեղանքների, որոնք հեշտությամբ գտնում էի, ինձ անհանգիստ էի զգում, մի տեսակ խոնարհված: Կարծես նահանջի մեջ լինեի, կամ դասալիք: Կոպիտ սխալ չէի՞ կատարել, Իմաստունի խոսքերից ակամա հմայվելով:
Նա ասել էր. «Եթե կամենում ես»: Բայց ասել էր՝ հայացքը վրաս սևեռելով, իր այն հայացքը, որ խաղաղություն է հաղորդում, բայց որ հրավիրում է նաև սեփական կեղևից դուրս գալու, այնքա՜ն որ հեղձուցիչ է օդը փակ սենյակում: Այն հայացքը, որ կարծես ասում էր. «Քեզ սիրում եմ», և ազատ էր թողնում, պարտավորեցնելով հանդերձ ... :
Ինչպես նաև, կրկին, ամպերը հավաքվում էին իմ չափազանց ցածր երկնակամարում, մինչ այդքա՜ն ցանկալի լույսը, որին այդքա՜ն սպասել էի, կամաց կամաց մարում էր: Այժմ, որ նշմարել եմ ցերեկը, գիշերն արդյոք ավելի մութ չի՞ լինելու:
Այո՛, խռովված էի և հուսախաբ:
 
Մի տեսակ ոխ էի տածում Իմաստունի նկատմամբ, և ինքս ինձ խոստանում էի, որ դա նրան ասելու էի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։