- 20 - – Գրադարան – Mashtoz.org

- 20 -

Այդպե՛ս, ուրեմն: Գեղեցիկ էր, իսկ ես դա չգիտեի:
Ամոթալի չէ, հետևաբար, քաղցի զգացումը և գիշերվա մեջ սեփական կերակուրը փնտրելը: Բայց թողնել, – հիմա արդեն հասկանում էի դա – , որ ցանկությունը սանձարձակ կերպով սնվի, կարևոր չէ ե՛րբ կամ ինչպե՛ս, նշանակում է կործանել մարդուն:
Անշուշտ, երբեմն պատահել էր, որ ինքս էլ հասկացել էի – ո՛չ միայն որովհետև Իմաստունն էր օգնել ինձ, այլ՝ որովհետև ես ինքս էլ ունեցել էի այդ փորձառությունը – , որ մարմնիս քաղցից, նաև սրտիս քաղցից անդին, ես ենթագիտակցաբար փնտրում էի մի ավելի սննդարար կերակուր, քան այն, որն ինձ տալիս էին վաղանցուկ հաճույքները: Այդպիսով, օրեր էին լինում, երբ մի աղջկա ջինջ ու վճիտ հայացքի դիմաց, ցանկությանս բուռն հրամաններին և ընկերներիս ծաղր ու ծանակին հակառակ, մատներս ու շուրթերս հանկարծակի դառնում էին երկչոտ ու խելոք: Բանն այն է, որ սիրտս մեղմորեն շշնջում էր. «Նրա հետ ո՛չ»:
Ինչո՞ւ ո՛չ:
Ինչպե՞ս էի կարողանում կռահել – քանի որ ոչ ոք ինձ դա չէր ասել – , որ որոշ վճիտ աչքերի եզերքին վտանգավոր կերպով կքված, աչքեր, որ նման են դեպի անծայրածիր հորիզոններ բացվող պատուհանների, արտասովոր լույսը, որն այդ պահերին նշմարում էի, ուրիշ բան չէր, այլ՝ Աստծո ժպիտը, որն ինձ հրավիրում էր փշրելու իմ բանտի շղթաները, մեկնելու համար Ճամփորդության, հեռո՜ւ, շա՜տ հեռու, ճանապարհներով, որոնք բոլորովին տարբերվում էին իմ փակ ու ելք չունեցող ճանապարհներից:
Այլևս գիտեի – կամ կարծում էի, թե գիտեի – և որոշում էի ճանապարհ ընկնել:
Իմ հարուստ բացահայտումների բազմաթիվ արահետների եզրին կանգ առնել այլևս չէի կամենում:
Իմաստունն ինձ ճանաչում էր: Գիտեր, որ ինձնում մի մասնիկ կար այն կրակոտ նժույգից, որը չափազանց երկար ժամանակ կապված էր մնացել, ախոռում բանտարկված: Ինձ վերջապես ազատված տեսնելով, Ընկերս վախենում էր, որ կարող էի հավասարակշռությունս կորցնել:
«Երազների գիրկը չնետվես, սիրելիս», ասաց: «Անշուշտ, կրկնում եմ և տակավին կրկնելու եմ, որ ոչինչ չկա ավելի գեղեցիկ, քան երիտասարդը, որ մեկիկ մեկիկ կտրում է իր բոժոժի թելերը և փորձում է ճախրել, առանց իմանալու, թե ո՛ւր: Չգիտի, որ փնտրում է նրան, ով վերջապես մի ԴԵՄՔ կպարգևի սիրույն: Բայց երկա՜ր է ճանապարհը, որ նրան հասցնելու է Հանդիպմանը: Է՛լ ավելի երկար և է՛լ ավելի դժվարին, բայց է՛լ ավելի գեղեցիկ է այն մյուս ճանապարհը, որը սիրահարներին միասին – եթե հավատարիմ են – հասցնում է անսահման ՍԻՐՈ գիրկը, որը մարդիկ անվանում են Երկինք:
Սերը երբեք չի սպառվում: Հարկավոր է սովորել ամեն օր»:
«Սովորեցրեք ինձ ճանապարհը», ասացի, «և ես ինքս կքայլեմ այդ ճանապարհով, նախքան երեխաներիս սովորեցնելս, որ ընթանան այդ նույն ուղիով»:
«Նախևառաջ հարկավոր է, որ մարդ դառնաս, սիրելիս»:
«Բայց արդեն իսկ մարդ եմ», հակադարձեցի մի քիչ վիրավորված ձայներանգով:
«Դեռևս ո՛չ: Քեզնում ծնվում է մարդը, բայց դեռ ամբողջացած չէ»:
«Ի՞նչ պետք է անեմ նրան ամբողջացնելու համար»:
«Կյանքը, որ ստանում ես ուրիշներից, աշխարհից, Աստծուց, պետք է դառնա “քո” կյանքը: Կենդանին էլ է ստանում կյանքը, բայց ի տարբերություն մարդու՝ ոչ մի կերպ չի մասնակցում իր արարմանն ու կերտմանը: Նրանում ամեն բան ծրագրավորված է և բնազդն է նրան առաջնորդում:
Ծնողներդ քեզ լույս աշխարհ են բերել որպես մանուկ, բայց դու ինքդ ես, որ կամաց կամաց մարդ ես դառնալու, ամբողջացնելով քո բոլոր կենսական ուժերը, զարգացնելով, միավորելով ու կողմնորոշելով դրանք: Նմանապես, գետը պետք է սնվի և՛ ակունքից, և՛ վտակներից: Նրա ընթացքը շուտով սպառվում է, եթե նա կորցնում է իր մեջ հավաքված կամ հնարավոր հավաքվելիք ջրերը: Որքան ավելի հարուստ լինես քո կյանքով և որքան քո կյանքի տերը լինես, այնքան ավելի մարդ կլինես և կկարողանաս ասել. “Ես” մտածում եմ, “ես” խոսում եմ, “ես” անում եմ և, ազատորեն, “ես” գալիս եմ դեպի քեզ, իմ սեր, որին “ես” սիրում եմ:
Բայց քչերն են, դժբախտաբար, որ հարուստ են իրենց կյանքով»:
«Ինչո՞ւ»:
«Որովհետև ոմանք այն արգելափակված պահում են իրենց մեջ: Կյանքը նրանց վախեցնում է: Երբեմն էլ արհամարհում են այն: Այդպիսի դեպքերում կյանքը նրանց ներսում ճահճանում է, նեխում ու մեռնում է լքված ջրհորների խորքում:
Ոմանք էլ թողնում են, որ այն հոսի ու հեռանա իրենցից: Նրանցից ավելի զորեղ է և հոսում է նրանց մատների արանքով և նրանք չեն կարողանում բռնել այն: Ջուրն անհետանում է ավազի մեջ և այնտեղից ոչինչ չի ծլարձակում:
Ոմանք էլ, ի վերջո, կարծում են, թե կյանքը, որ ստացել են իրենց մեջ, պետք է ազատ արձակվի: Մարմնի, սրտի, մտքի առաջ ամբողջովին բացում են տան դռներն ու ասում. “Ազատ եք, գնացեք, ապրեք և քաղեք հաճույքի բոլոր պտուղները, այնպես՝ ինչպես ակնկալում եք, երբ ցանկանում եք, ինչպես ցանկանում եք”: Բայց նրանց գետը, որն առանց հունի է, առանց ափերի, ու մանավանդ թե՝ առանց ամբարտակների, առանց ջրանցքների, առանց պատվարների, շա՜տ շուտով ցամաքում է և իր անցած ուղուց միայն չոր քարերն են որպես հուշ մնում:
Խե՜ղճ մարդիկ, որ կարծում են, թե ազատ են, մինչդեռ կախումնավոր են: Վազում են կյանքի ետևից, բայց կյանքն ամեն կողմից խույս է տալիս նրանցից: Ուժասպառ են լինում, գրեթե անզգայանում, իսկ երբեմն էլ՝ մեռնում:
 
Ո՞վ կարող է ապրել առանց կյանքի, սիրելիս, և ո՞վ կարող է սիրել, եթե տալու ոչինչ չունի:
Ո՞վ կարող է իր սեփական նվագախմբի նվագակցությամբ ինչ որ մեկին երգել տալ սիրո երգը, եթե գործիքներից յուրաքանչյուրն ուզում է նվագել ըստ իր քմահաճույքի, առանց ձայնաշարի, և բնականաբար՝ առանց խմբավարի:
Ասում եմ քեզ, որ հարկավոր է իսկական մարդ լինել, կյանքովդ հարուստ և ինքդ քո տերը, որպեսզի կարողանաս փորձել սիրել»:
«Բայց», ասացի, «սիրելը պատվերով չէ: Սերը մի ուժ է, որ մեզ մղում է, կամ էլ՝ առինքնում, և մենք ոչինչ չենք կարող անել»:
«Սխալվում ես, սիրելիս:
 
 
Սերը գեղեցկության փայլատակումը չէ
մի դեմքի դիմաց, որն հանկարծակի լուսավորվում է քո համար,
քանի որ ճշմարիտ գեղեցկությունը հոգու արտացոլանքն է,
բայց հոգին անդին է, և այն փնտրում ես դողալով:
 
Սերը կենսալի ու արձակ խելացիության հմայքը չէ,
որն իր զեղուն խոսքերով ու գաղափարներով քեզ գերում է,
քանի որ միտքը կարող է հազարավոր երանգներով ցոլալ՝ առանց իրական ադամանդ լինելու, որ թաքնված է սիրեցյալի ներաշխարհում:
 
Սերն այն զգացմունքը չէ, որն ունենում ես այն սրտի նկատմամբ, որը բաբախում է քո համար ավելի, քան բաբախում է ուրիշների համար,
ո՛չ էլ այն զմայլանքն է, որ ծնվում է ընտրված լինելու զգացումից. ընտրություն, որի համար, ըստ քեզ, պատճառներ չկան, որոնց համար կարժեր տրվել այդ խենթությանը,
քանի որ սիրտը մի օր կարող է հուզվել մի ուրիշ սրտի համար
և քեզ արյունածոր վերքերով թողնել, արցունքներն այտերիդ, մինչ մահացած չի լինի քո սերը:
 
Սերը ցանկությանդ առարկան որսալու, բռնելու բաղձանքը չէ,
– լինի դա սիրտ, մարմին, միտք, կամ էլ՝ երեքը միասին –
քանի որ մյուսը “առարկա” չէ, և եթե նրան վերցնում ես քո համար, խժռում ես նրան ու կործանում, քե՛զ ես ուրեմն սիրում, կարծելով, թե նրան ես սիրում:
 
Փայլատակում և հմայք, քաղց և դող, զգացմունք և ցանկությունների տեղատարափ.
այս ամենը գեղեցիկ է և անհրաժեշտ, ինչպես տղամարդու՝ այնպես էլ կնոջ համար,
բայց միմիայն որպես օգնություն, նրան, ով հանձն է առնում սիրել:
Կիսով չափ փակ դուռն է և ամբողջովին բաց պատուհանները,
քամին է, որ հանկարծակի խուժում է ներս,
ընդարձակ տարածությունների կանչն է և Աստծո շշունջը,
որ հրավիրում են դուրս գալու պարսպապատ փակ տնից,
գնալու համար դեպի մյուսը, որին ընտրել ես՝ լիացնելու համար կյանքդ,
որովհետև նրան սիրում ես և կամենում ես սիրել:
 
 
Արդարև, սիրելիս, սիրել նշանակում է.
 
 
Կամենալ մյուսի ազատությունը, այլ ո՛չ թե նրան հրապուրել,
և ազատել նրան իր կապանքներից, եթե տակավին մնացել է դրանց գերին,
որպեսզի նա էլ կարողանա ասել. “Սիրում եմ քեզ”,
առանց մղված լինելու իր անսանձ ցանկություններից:
 
Սիրել՝ նշանակում է մտնել մյուսի տուն, եթե նա քո առաջ բացում է իր գաղտնի պարտեզի դռները,
գիշերային պահակակետերից, մարգերում հավաքված ծաղիկներից ու պտուղներից անդին,
այնտեղ, ուր զմայլված կարող ես շշնջալ. “Դու” ես իմ սերը, միակն ու անկրկնելին:
 
Սիրել՝ նշանակում է քո բոլոր ուժերով կամենալ մյուսի բարիքը,
նաև քո սեփական բարիքից առաջ,
և ամեն ինչ անել, որպեսզի սիրեցյալդ աճի, ապա նաև ծլարձակի ու ծաղկի,
ամեն օր մի քայլ ավելի դառնալով այն մարդը, որ պետք է լինի,
և ո՛չ թե՝ ինչպես դու ես ցանկանում կաղապարել նրան քո երազների նմանությամբ:
 
Սիրել՝ նշանակում է պարգևել սեփական մարմինը, և չվերցնել մյուսինը,
այլ՝ ընդունել այն, երբ ազատորեն նվիրվում է՝ քեզ իր կյանքին մասնակից դարձնելու համար.
նշանակում է ցրվածությունից հավաքվել, ամփոփվել, հարստանալ ամբողջ էությամբդ, որպեսզի կարող լինես սիրեցյալիդ նվիրել ավելին, քան հազարավոր գգվանքներն ու խելահեղ գրկախառնումները,
նվիրել քո ամբողջ կյանքը՝ քո “ես”ի ձեռքերում ամփոփված:
 
Սիրել՝ նշանակում է նվիրվել մյուսին, նույնիսկ եթե նա որոշակի պահերի մերժում է փոխադարձ նվիրումով պատասխանել քեզ, կամ ուշացնում է իր այդ պատասխանը.
նշանակում է տալ՝ առանց հաշվելու մյուսի տվածները,
վճարել թանկ գինը՝ առանց երբևէ պահանջելու մնացորդը.
և նշանակում է – ո՜վ գերագույն սեր – ներել, երբ սիրեցյալը ցավոք սրտի սխալվում է,
փորձելով ուրիշների կամ ինքն իրեն տալ այն, ինչը քեզ էր միայն խոստացել:
 
Սիրել՝ նշանակում է սեղան գցել և ընթրիք պատրաստել հյուրիդ համար,
բայց առանց երբևէ կարծելու, թե այնքան ինքնաբավ ես, որ առանց նրա էլ կկարողանաս,
քանի որ եթե զրկվես այն սննդից, որը նա է քեզ տալիս,
տոնական ընթրիքիդ սեղանին դնելու ուրիշ բան չես ունենա,
քան աղքատների սև հացը միայն, արքայական խնջույքի փոխարեն:
 
Սիրել՝ նշանակում է հավատալ մյուսին և վստահել նրան,
հավատալ նրա ծածուկ ուժերին, կյանքին, որ կրում է իր մեջ.
և ինչպիսին էլ որ լինեն քարերը, որոնք հարկավոր է մաքրել ճանապարհից՝ ուղին հարթեցնելու համար,
նշանակում է բանական մարդու կարողությամբ որոշել քաջաբար ճանապարհ ընկնել՝ ճամփորդելու ժամանակի մեջ,
ո՛չ թե հարյուր, ո՛չ թե հազար, և ո՛չ էլ տասը հազար օր,
այլ՝ մի ուխտագնացության, որ վախճան չունի, քանի որ ուխտագնացություն է, որ տևելու է ՄԻՇՏ:
 
Սիրել – պարտավոր եմ ասել սա, որպեսզի մաքրվեն քո երազները – նշանակում է հանձն առնել տառապել, մեռնել սեփական անձի համար, որպեսզի ապրես և կյանք պարգևես,
քանի որ ո՞վ կարող է մյուսի համար մոռանալ սեփական անձը առանց տառապելու,
և ո՞վ կարող է հրաժարվել սեփական անձի համար ապրելուց
առանց իր մեջ ինչ որ մի բան մահացնելու:
 
Սիրել, ի վերջո, այս ամենն է և դեռ ուրիշ շա՜տ բաներ,
քանի որ սիրել՝ նշանակում է բացվել անսահման ՍԻՐՈ առաջ և թույլ տալ, որ Նա սիրի քեզ,
և թույլատրելով, որ ամբողջ էությանդ մեջ ներթափանցի այդ ՍԵՐԸ, որ գալիս է առանց երբևէ սպառվելու,
նշանակում է – ո՜վ վսեմ Ձեռնարկ – թույլատրել Աստծուն, որ Նա Իր հայրական Սրտով սիրի նրան, ում դու, ազատորեն, որոշել ես սիրել»:
 
 
«Եթե սիրելը սա է», մտածեցի, «ինչպե՞ս կկարողանամ սիրել»:
Վհատված էի: Եվ լեռան ստորոտին կանգնած սկսնակ լեռնագնացի նման, որ դիտում է գագաթներն ու դրանցով հիանում, կարծելով, որ անկարող է դրանց հասնելու, փորձության ձայնն ինձ թելադրում էր վրանս ցածրադիր հովտում տեղավորել:
Դեռ չէի հասկացել, հակառակ այն ամեն ինչի, որ ինձ բացատրել ու կրկնել էր Իմաստունը, որ այն ամենը, ինչ նա ինձ ուսուցանում էր սիրո մասին, նպատակակետն էր, որին հարկավոր է հասնել, այլ ո՛չ թե մեկնակետը, և որպեսզի կարողանայի վերջում հաղթանակ տոնել, պետք է պայքարեի կյանքիս ամբողջ տևողության ընթացքում:
Ես ուզում էի ամեն ինչ և իսկույն: Դա՛ էր իմ սխալը: Մինչդեռ պետք է որդեգրեի դանդաղ ու կանոնավոր քայլքը, այնպես՝ ինչպես իսկական լեռնցիներն են քայլում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։