- 31 - – Գրադարան – Mashtoz.org

- 31 -

Սովորականի նման, նստած էի Բարեկամիս դիմաց: Գիտեի, որ նա կարիքն ուներ ինձ նայելու, իսկ ես էլ իր հայացքի կարիքն ունեի:
Արդեն բերանս բացում էի խոսելու, ներս մտավ Մանուկը: Փաթաթվեց Իմաստունին և նրան պինդ գրկեց, ապա սկսեց սենյակում այս ու այն կողմ պտտվել, մի քանի առարկաների հպվեց, հերթով բացեց պահարանի երկու դարակները, ուր կային մատիտներ, ռետիններ և հազար ու մի մանր-մունր առարկաներ, որոնք ի վերջո այդ դարակներն ենք նետում, քանի որ չգիտենք, թե ուրիշ ո՛ւր դնենք: Լուռ ու մունջ զննում էր այն, ինչն իր համար գանձերի մի իրական անձավ էր. դա ակնհայտորեն երևում էր իր հայացքից: Իմաստունը հայացքով հետևում էր նրան, երջանիկ ու զվարճադեմ: Ակնհայտ երևում էր, որ Մանուկն իրեն զգում էր ինչպես իր տանը, և հաճույքով էր այդտեղ մնում:
Գրպանումս մրգահամ շաքարահատեր ունեի, որոնցից մեկը Մանկանն առաջարկեցի: Անակնկալի եկած հայացքով ինձ նայեց, ապա շաքարահատը շտապ վերցրեց, շնորհակալություն հայտնեց և ավարը բերանը նետելով դուրս վազեց:
 
 
Այժմ Իմաստունն ինձ նայում էր մի տեսակ մտածկոտ և – ինձ այդպես էր թվում – մի քիչ տխուր հայացքով:
«Երեխան ավելի քո ուշադրության և քո գորովի կարիքն ուներ», ասաց, «ո՛չ այնքան՝ շաքարահատի»:
«Բայց դա իրեն հաճելի եղավ», պատասխանեցի: «Նրա դեմքին այդ արտահայտությունը նկատեցի»:
«Հաճելի էր, այո՛, բայց արդյոք հարկավո՞ր էր: Հազիվ թե գոհացում կգտնի, մի ակնթարթ հետո ցանկությունը կրկին կհայտնվի, և Երեխան կվերադառնա ստանալու քեզնից քաղցրավենիքները, որ ակնկալում է քեզնից: Ճիշտ այսպես է պատահում, որ բազմաթիվ մեծահասակներ երեխաներին տալիս են երկրորդական բաներ, մինչ նրանց զրկում են էականից»:
«Որովհետև սիրում են նրանց և ուզում են նրանց հաճույք պատճառել»:
«Հաճախ, ավա՜ղ, որովհետև փորձում են իրենց կողմը քաշել երեխաների սերը, ... երբեմն էլ, թերևս, որպեսզի ներում գտնեն կամ գոնե իրենց խղճի ձայնը լռեցնեն ... :
Քաղցրավենիքները չէ, որ աճեցնում ու հասունացնում են երեխաներին, այլ՝ սերը: Երեխաներից շատերը թերի են զարգանում, կամ նույնիսկ սխալ են զարգանում, որովհետև – ա՛յս կամ ա՛յն կերպ – բավականին չեն սիրվում: ...
 
 
Ինչպես խաղալիքների կույտերում թաղված, խեղդված երեխան, որն այլևս ոչ մի ցանկություն չունի, քանի որ իր բոլոր ցանկություններն արդեն իսկ գոհացված են, դրանց ի հայտ գալուց առաջ անգամ:
Միակ զավակը, որին ծնողները մերժում են պարգևել եղբայրներ ու քույրեր, որոնց նա շա՜տ կուզենար ունենալ, որովհետև նախընտրում են շքեղ տուն գնել, ձմեռային մարզաձևերով զբաղվել, կամ ճոխ ինքնաշարժ վարել:
 
Երեխան, որ դատապարտված է մեծահասակների խնջույքներին մասնակցելու, և իր աթոռին նստած նեղվում է, իր առաջ դրված չափազանց լի ափսեի դիմաց, մինչ ծնողներն անդադար ուտում են, խմում կամ խոսում ... , մինչև որ իրենք էլ են սկսում ձանձրանալ:
Ինքնաշարժում բանտարկված երեխան, կիլոմետրերից զզված, որ նյարդայնանում է թիթեղյա այդ տուփի մեջ, որ շարժվող տունն է դարձել մարդկանց, որոնք քայլել այլևս չգիտեն:
 
Երեխան, որին առավոտյան լքում են, որովհետև ծնողները “գնում են նրա համար աշխատելու”, և որին լքում են նաև երեկոյան, որովհետև ծնողներն այնքա՜ն “մեծահոգի” են, որ ամբողջ աշխարհով են զբաղվում և ուրիշների զավակներով:
Երեխան, որ կուլ է տալիս ժխոր ու աղմուկներ, կերակրվում է պատկերներով, մինչև ուշ գիշեր նետված հեռուստացույցի առաջ, հրապուրված, գիշերային թիթեռնիկների նման, որոնք անվերջ խփվում են լուսավորված ապակուն:
Երեխան, որի հետ վարվում են որպես գիտուն կենդանու, որն ամենօրյա դպրոցից պետք է վազի երաժշտական կամ մարմնամարզական դպրոց, և որն, հետևաբար, այլևս ժամանակ չունի խաղալու, զբոսանքի, երազելու ... :
Երեխան, որին ոմանք կամենում են արդեն իսկ ներքաշել մեծ գաղափարների համար մղվող պայքարի մեջ. խաղերն անգամ, որ նրան տրվում են, հատուկ կողմնորոշում ունեցող խաղեր են,
և երեխան, որ միշտ մենակ է խաղում, ստիպված ինքն իրեն ընկերներ է հորինում, որպեսզի իրեն գեթ մտովին միայնակ չզգա:
 
Երեխան, որն իրավունք չունի կեղտոտվելու, շարժվելու, խոսելու: Կամ էլ ընդհակառակն. երեխան, որն իրավունք ունի ամե՛ն ինչ անելու, որովհետև ընտանիքի միակ գանձն է, որին հարկավոր է միշտ գոհացնել, որպեսզի նրան ամեն մեկն իր կողմը քաշի:
Երեխան, որի ծնողները բարձի նման փափուկ են և նա նրանց կարող է խփել խոսքերով ու բռունցքներով. կամ էլ՝ երկաթբետոնե ծնողներ են, որոնց բախվելով վիրավորվում է ու մնում անպատասխան:
 
Երեխան, որ չգիտի, թե ինչո՛ւ գոյություն ունի, ինչո՛ւ է ապրում, ... քանի որ ծնողներն իրենք իսկ չգիտեն, թե ինչո՛ւ.
կա՛մ որովհետև նրան “պատահաբար” են ունեցել և, վարանումներից հետո, ի վերջո որոշել են չսպանել, թողնել, որ ապրի.
կա՛մ էլ, որովհետև մի օր “երեխա են ուզել”,
չէ՞ որ ամուսնանում են երեխա ունենալու համար,
չէ՞ որ բոլորն են այդպես անում,
որովհետև երեխան այնքա՜ն անուշիկ է,
որովհետև զբաղեցնում է և կոտրում միայնության ձանձրույթը,
որովհետև կարող է ամրացնել ճգնաժամ ապրող զույգերի կապը,
որովհետև երաշխիք է՝ միայնակ չծերանալու և միայնության մեջ չմեռնելու համար ... »:
 
 
Մինչ մեկիկ մեկիկ արտասանում էր այս խոսքերը, Իմաստունը բորբոքվում էր ավելի ու ավելի: Ոտքերի վրա ուղիղ կանգնած, բառերը նետում էր ուժգին, կարծես դրանց սլացքով ուզում էր հեռավոր հակառակորդների հասնել: Մի բոց էր վառվել նրա հայացքում: Զայրույթի հուրն էր:
«Դուք շատ խիստ եք», ասացի:
«Ներիր, սիրելիս», շշնջաց մի տեսակ վշտաձայն, բայց իսկույն հանդարտվելով: «Ճիշտ է, խիստ եմ, բայց չեմ կարողանում անհոգաբար տեսնել, թե ինչպես են երեխաներին փչացնում: Երեխան այնքա՜ն մեծ, այնքա՜ն գեղեցիկ իրողություն է:
 
Երեխա,
միավորված արյուն,
միավորված կյանքեր,
միավորված սրտեր:
Այր ու կին միմյանց միացած,
ամրակցված, միահյուսված ընդմիշտ,
իրենց սիրո մեջ, որն անձնավորվել է ու առել մարմին:
 
Երեխա,
անկրկնելի գլուխգործոց,
անգնահատելի գանձ,
երկրի երկնակամարում վառված նոր աստղ,
բյուրավոր ու բյուրավոր անհրաժեշտ աստղերի շարքին,
«Դու», որպես անձ միակ ու անկրկնելի,
որ անցյալում երբեք չես շողացել և քո նմանը չի շողալու երբեք:
 
Երեխա,
մարդուց սիրված,
Աստծուց օրհնված.
Հոր հավիտենական փափաք,
որ մարմին է առնում,
երբ սիրո մեջ հանդիպում է – ո՜վ հրաշալիք –
մարդու ազատ փափաքին:
 
Երեխա,
մարդու որդի,
Աստծո որդի,
դեռ չամբողջացած Մարմնի անդամ,
Մարմին, որն հաշմանդամ կլիներ առանց ՔԵԶ.
Մարմին-Մարդկություն,
Քրիստոսի Մարմին,
որ ժամանակների արշալույսից սկսած աճում է երկրի վրա
բարձրանալու համար մինչև երկինք:
 
Աստված ինչպե՞ս է կարողացել
– սիրո անհասկանալի խենթությամբ –
վստահել մարդուն նման կարողություն.
ավիշն իր մարմնում,
փափաքն իր սրտում,
Նրա հետ ստեղծելու քեզ, նոր կյանք,
մարդկանց երկրի վրա ցայտող աղբյուր,
արշալույս մի անծայրածիր գետի,
որ կանչված է հոսելու մինչև հավերժություն:
 
Ծնողներ, դուք դա գիտեի՞ք.
 
Երբ դուք, հարստացած այն ամբողջ կյանքով, որ ստացել եք,
կյանք, որ դարձել է ՁԵՐԸ, որովհետև ՊԱՐԳԵՎՎԵԼ է,
դուք չկամեցաք, անիմաստ ապրող մակաբույծների նման,
ձեզ ձրիորեն ընծայված այդ գանձը վայելել
առանց կամենալու, ձեր հերթին, այն ձրիորեն փոխանցել.
 
Երբ, սիրո մեջ աճելով, մարմնով ու հոգով, մի ուրիշի եք նվիրել ձեր անձը,
այդ “ուրիշից” ընդունելով իր Միակ նվերը,
երբ այդ նվիրված կյանքից մեծ կումերով խմում էիք,
չուզենալով, որ այն եսասիրաբար խնայված մնար ձեր մեջ.
 
Երբ արյունը ձեր երակներում – եռո՜ւն, տա՛ք –
փնտրում էր իր ճանապարհը, փափաքելով ծաղիկը և պահանջելով պտուղը,
երբ ձեր մարմինները տոնակատարության մեջ,
կյանքի անկողնում հաճույքի բաբախումներով,
և ձեր սրտերը, արյան այդ խուժմամբ բացել էին երեխայի ճանապարհը.
 
Ծնողներ, դուք դա գիտեի՞ք.
 
Ձեր երկնային Հոր սիրալիր Սպասումն այնժամ գոհացնելով,
դուք պատված էիք Նրա անսահման ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ:
 
Բայց երբեք չմոռանաք, ծնողներ,
որ այդ կյանքը, եթե իսկապես պարգևել եք,
այլևս երբեք չեք կարող ետ պահանջել ձեր երեխայից:
Դա նրա համար է, իրենն է:
Ձեր կյանքը դարձել է մի Ուրիշ կյանք,
«ՆԱ» ընդմիշտ:
 
Երբ վերջացնեք օգնել նրան, որ ծնվի ու աճի,
մի օր դուրս է ճախրելու ընտանիքի գրկից,
ինչպես այն օրը, երբ դուրս եկավ իր մոր արգանդից,
... և ձեր սրտերից արյուն է կաթալու,
ինչպես իր սրտից է արյուն կաթացել,
բայց փոխարենը հայտնվելու է ԲԵՐԿՐԱՆՔԸ,
միակը, որ ձեզ հասնում է.
– սիրո հրաշալի՜ հաջողություն –
բերկրանք, որ այդ պարգևված կյանքը
նա էլ իր հերթին պարգևելու է»:
 
 
«Տե՛ս, սիրելիս», ասաց Իմաստունն ինձ դեպի դուռն ուղեկցելով, «միմյանց իսկապես և անկեղծորեն սիրող ամուսինների համար՝ զավակներ ունենալը անսահման երջանկություն է, որ շողում է հավերժության գույներով, որովհետև սերն Աստծունն է և Աստված ակնկալում է տեսնել նրա պտուղը: Բայց որպեսզի պտուղը ծնվի, նա պետք է ճեղքի սերմը, իսկ ապա թափել տա ծաղկի թերթիկները: Կյանքը պարգևել՝ նշանակում է նաև հանձն առնել տառապել, ընդունելով ԲԵՐԿՐԱՆՔԸ»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։