- 5 - – Գրադարան – Mashtoz.org

- 5 -

Եվ Իմաստունը խոսեց:
Ես ունկնդրում էի նրան: Խոսքերիցս ազատվելով, սրտումս արդեն բավական տեղ ունեի իր խոսքերն ամբարելու համար:
 
«Հիմա հասկացար, բարեկամս, որ սերը մարդու սրտում գրավում է առաջին տեղն ամեն ինչից առաջ, և որ մարդն ընդունակ է զոհելու իր սեփական կյանքը, որպեսզի սերն ապրի: Իսկ երբ, ինքդ քո մեջ փակված, տառապելով, ենթարկվում ես փոթորիկների խռովքին, պատճառն այն է, որ ՄԵՆԱԿ ես, խոսելու անընդունակ և սիրուց դաժանորեն զուրկ:
Անցյալ երեկո, երբ շատ էիր տանջվում, եթե մի ընկեր, մի իրակա՛ն ընկեր, գար քո մոտ, եթե դեպի քեզ պարզեր իր ձեռքը և քեզ նվիրեր իր ժպիտը, եթե քեզ ասեր. “Ե՛կ, քո կարիքն ունեմ, իմ և ուրիշների համար”, քանի՜ մութ ամպեր, ասա՛ ինձ, քանի՜ մութ ամպեր ակնթարթորեն կվերանային վերագտնված երկնակամարիցդ:
Սակայն, ոչ մի ընկեր չեկավ:
Իրենք իրենց մեջ փակված անձանց միայնությունը քայքայող հիվանդություն է, սրտի քաղցկեղի նման, որ անողոքաբար տարածվում է մեր ցավատանջ աշխարհում:
Տե՛ս.
 
Հրեշային քաղաքներում որոշ մարդիկ իրար գլխի են լցրել ուրիշ մարդկանց, որպեսզի միասին ապրեն, ինչպես մեղուները փեթակներում:
Բայց դեպի երկինք դիզված իրենց տուփերում սեղմված,
տառապում են ինչպես բանտում և շարունակ ու միայն խաչաձևում են իրենց քայլքի ճանապարհները գիշերապահ գնդի զինվորների նման:
Բեկված ընտանիքներ, որոնք այլևս կենդանի մարմիններ չեն,
նրանց բաժանված անդամներն արյունոտվում են, բայց վերքերը չեն սպիանում.
իսկ զույգերը, որոնք կարծում էին, թե իրար շա՜տ էին սիրում ...
ուրիշ բան չեն այլևս, եթե ոչ՝ սոսկ երկու տժգույն միայնություններ,
նույն անկողնում պառկած, բայց կողք կողքի, ո՛չ թե միասին:
 
Անթիվ միայնակ նավորդներ չեն կարողացել գտնել մի նավահանգիստ, ուր կարող լինեին մթերք պաշարելու,
և ինչ որ մեկի հետ կիսելու իրենց սրտի գանձատուփից հանված մաքուր ոսկին:
Շեղվում են, գիշերվա դատարկության մեջ քամուց տատանվելով արձակում են իրենց հուսալքման ազդանշանները:
Բայց ո՞վ է նկատում նրանց ազդանշանները, ո՞վ է տնից դուրս գալիս:
Դրսում շատ ցուրտ է, նրանց համար, ովքեր սիրում են տաքը:
Ազատ մարդիկ – ասում են – ազատ՝ հնաոճ բոլոր արգելքներից,
իրենց մատներով, իրենց շուրթերով հուսով էին ի վերջո հաղորդակցվել եղբայրների հետ:
Բայց մարմինները սահում են մարմինների վրայով, երբ ագահ մարդիկ չեն գտնում սրտերի ո՛չ բանալին, ո՛չ էլ դուռը:
 
Ոմանք լռում են, իրենք իրենց ներսում ցավագին կերպով փակ, մինչ ուրիշներ խոսում են բառերն իրենց դիմացինների երեսին շպրտելով,
բայց միևնույն պահին դիմացիններն էլ են շպրտում իրենց խոսքերը ... և խոսքերն իրար բախվելով ընկնում են գետին ու փշրվում ... :
 
Հանդիպումներ էին երազում, բայց երկուսն էլ ասում էին. «Ես ուզում էի առաջնորդել նրան դեպի ինձ, բայց նա էլ ուզում էր ինձ առաջնորդել դեպի ինքը» ...
... և այդպես, թե՛ մեկը և թե՛ մյուսն իրենց տեղում կանգնած մնացին, իրենց երազների հետ միայն զուգավորվելով:
 
Եվ մինչ այդ,
երեխաներ լալիս են, փնտրելով մեկին, որին կարողանան “հայր” անվանել,
հիվանդներ, որ գոռում են ցավերից չարչարված,
ծերեր, որ մահվան անկողնում սպասում են իրենց կյանքի վերջին վայրկյաններին.
վճարում ենք՝ նրանց հանգստացնելու համար, հանգստացնելու համար նաև մեր խիղճը,
սակայն ո՛չ մի դեղ, նույնիսկ ամենազորեղը, երբեք չի կարողանալու փոխարինել մի համբույրի զովությանը:
 
Այսպես է, սիրելի բարեկամս, որ անթիվ մարդիկ,
իրենց մահացու միայնության մեջ պատնեշավորված,
չնայած ամբոխին,
չնայած աղմուկներին ու երգերին,
չնայած տարածված ձեռքերին ու նվիրվող մարմիններին,
չնայած գեղեցիկ մտքերին ու բարի զգացումներին,
չնայած արդարության համար մղված պայքարներին ու հաղթանակներին,
չնայած օրենքներին ու բոլոր սահմանադրություններին,
չնայած գիտությանն ու գիտարվեստին,
չնայած ... ԱՄԵՆ ԻՆՉԻ ...
մարդիկ երբեք դուրս չեն գա իրենց բանտից,
եթե սիրված չեն և չգիտեն սիրել:
 
Սիրելի բարեկամս, քանի որ հիմա արդեն սկսում ես հասկանալ, եթե ուզում ես, ճիգ գործադրիր սիրելու համար: Բազմաթիվ եղբայրներ կփրկես, նաև քո սեփական անձը»:
 
Չէի պատասխանում: Վախենում էի «այո՛» ասել:
Քաղցրությամբ պնդում էր.
«Փորձի՛ր:
Դուռդ բա՛ց ուրիշների առաջ: Դու չես լսում նրանց կանչը, և սակայն շատերն են սպասում, որ դու իրենց առաջ բացես քո դուռը:
Դո՛ւրս եկ տնիցդ: Դու մյուսներից աղքատ ու խեղճ ես, քանի դեռ չես հարստացել՝ հարստացնելով նրանց կյանքը:
Փորձի՛ր, և երբ վերջապես կբացես դուռդ, երաշխավորում եմ, որ կիսաբաց դռնիցդ իսկ արդեն ներս կթափանցեն արևի ճառագայթները:
Դուռդ փակ պահելու պատճառով է, որ մթության մեջ ես»:
Այդ պահին, խոստովանում եմ՝ առանց շատ մտածելու, ինչպես մարզիկն է օդանավից նետվում դատարկության մեջ, տեսնելով իր մարզիչին, որն իրեն է նայում, նույնը պատահեց նաև ինձ, և պատճառն Իմաստունի ՀԱՅԱՑՔՆ էր, որն ինձ մղեց ասելու. «Կփորձեմ»:
 
Եվ Իմաստունն ասաց. «Շնորհակալություն ...
Շնորհակալություն քո համար և աշխարհի»:
...
 
Չհասկացա, թե ի՛նչ էին նշանակում այդ «շնորհակալությունները»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։